ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՐՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2018 թվականի քաղաքական փոփոխությունները հասարակության մեջ ձևավորեցին ոչ միայն իշխանափոխության, այլև ակնկալիքների մի ամբողջ համակարգ։ Այդ ակնկալիքների կենտրոնում, թերևս, կոռուպցիայի վերացումն էր՝ որպես պետական կառավարման արատավոր մեխանիզմների ապամոնտաժում և արտոնյալ խմբերի ազդեցության սահմանափակում։ Կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվեց նոր իշխանության ոչ միայն քաղաքական առաջնահերթություններից մեկը, այլև նրա բարոյական առավելության գլխավոր հիմնավորումներից մեկը։

