Գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան. «Նիկոլ Փաշինյանը դեռ 1996-ին բնութագրվել է որպես գործակալ»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը 168 TV-ին տված հարցազրույցում կոշտ գնահատականներ է հնչեցրել ինչպես խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման վերաբերյալ՝ պնդելով, որ ընտրական գործընթացը չի արտացոլել ժողովրդի իրական կամքը, իսկ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի՝ իշխանությունը պահպանելու համար։
Պետրոսյանի համոզմամբ՝ ընտրությունները պետք է գնահատվեն ոչ միայն քվեարկության օրվա արդյունքներով, այլ նաև ամբողջ նախընտրական գործընթացով։ Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսների կիրառումը, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական հետապնդումները և քարոզարշավի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումները լուրջ կասկածի տակ են դնում ընտրությունների ազատ ու արդար լինելու հանգամանքը։
«Օբյեկտիվորեն ժողովուրդը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին»։ Իշխանության կորուստը նրանց համար կյանքի և մահվան հարց էր, ուստի նրանք պատրաստ էին գնալ ամենածանր խարդավանքների, բռնաճնշումների և կեղծիքների», — հայտարարել է գեներալ-մայորը։
Պետրոսյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ կուսակցությունից «գողացվել են» անհրաժեշտ ձայները՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելու հնարավորությունը բացառելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկու ընտրատեղամասերում արձանագրված խախտումները բավարար էին ԲՀԿ-ի արդյունքը փոխելու համար, սակայն ԿԸՀ-ն հրաժարվել է դրանք հաշվառել։
Հարցազրույցի ամենահնչեղ հատվածներից մեկը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի անձին։ Պետրոսյանը հիշեցրել է նախկինում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ դեռևս 1996 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կազմված փաստաթղթերում Փաշինյանը բնութագրվել է որպես «փառամոլ, սկզբունքներ չունեցող և ագահ անձ»։
«Վերջերս հրապարակվեց, որ դեռ 1996 թվականին Նիկոլ Փաշինյանը հատուկ ծառայությունների կողմից դիտարկվել է որպես գործակալ։ Նրան բնութագրել են որպես փառամոլ, սկզբունքներ չունեցող, ագահ անձնավորություն, որը յուրաքանչյուր հոդվածի դիմաց կարող էր ստանալ 300-500 դոլար։ Սա ես չեմ ասում, սա այն բնութագիրն է, որը հրապարակվել է այդ ժամանակաշրջանի վերաբերյալ», — նշել է Պետրոսյանը։
Գեներալ-մայորի գնահատմամբ՝ Փաշինյանը որևէ «փակուղու» առաջ կանգնած չէ և պատրաստ է կատարել ցանկացած քաղաքական պայմանավորվածություն, եթե դա նպաստի իր իշխանության պահպանմանը։
«Նիկոլ Փաշինյանը կարող է Երևանում էլ կառավարել, եթե պետք լինի։ Նա ամեն ինչի ընդունակ է իր իշխանությունը պահելու համար», — հայտարարել է նա։
Անդրադառնալով առաջիկա քաղաքական զարգացումներին՝ Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Սահմանադրական դատարանը կհաստատեն ընտրությունների արդյունքները։
«Ես համոզված եմ, որ ԿԸՀ-ն ընտրությունները վավեր է ճանաչելու, իսկ Սահմանադրական դատարանը կհաստատի այդ որոշումը։ Չկա որևէ հիմք ակնկալելու հակառակ որոշում, քանի որ այդ համակարգերն ամբողջությամբ վերահսկվում են գործող իշխանության կողմից», — ասել է նա։
Միաժամանակ, նա չի բացառել, որ եթե ընդդիմությունը կարողանա համատեղել խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարը, ապա քաղաքական իրավիճակը կարող է փոխվել ավելի արագ, քան այսօր թվում է։
«Եթե հասարակությունը նորից չակտիվանա և փողոցային պայքար չսկսվի, Փաշինյանը կարող է ղեկավարել ևս հինգ տարի։ Բայց ես հույս ունեմ, որ առավելագույնը մեկ տարի էլ չի ձգի», — եզրափակել է Թաթուլ Պետրոսյանը։


