ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄԻՋԱՆՑՔՆԵՐ ԵՎ ԱՌՅՈՒԾԸ
Քաղաքականությունն ունի մի հետաքրքիր հատկություն։ Երբեմն մի ամբողջ դարաշրջան տեղավորվում է մեկ խորհրդանիշի մեջ։ Ոչ սահմանադրության, ոչ կուսակցական ծրագրի, ոչ էլ խորհրդարանի ամբիոնից հնչած բազմաժամյա ելույթների, այլ ինչ-որ պատահական դրվագի, որն առաջին հայացքից ընդհանրապես կապ չունի պետական գործերի հետ։ 2026 թվականի Հայաստանի համար այդպիսի խորհրդանիշ կարող է դառնալ առյուծը։ Ոչ թե հայկական թագավորների զինանշանի առյուծը և ոչ էլ առյուծը՝ որպես ուժի, իշխանության կամ պետականության խորհրդանիշ։ Խոսքը Գագիկ Ծառուկյանի կենդանաբանական այգու այն նույն առյուծի մասին է, որը հանկարծ հայտնվեց «մեծ» հայկական քաղաքականության մասնակիցների շարքում և, հատկանշական է, այն ունեցավ նույն ճակատագիրը, որից չխուսափեցին այդ քաղաքականության բազմաթիվ մասնակիցներ։

