ՈՉ ԹԵ ՄԱՆԴԱՏՆԵՐ, ԱՅԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Վեճերը, թե արդյոք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե հրաժարվի դրանցից, գնալով ավելի են թեժանում։ Մինչդեռ տպավորություն է ստեղծվում, թե հարցադրումն ինքնին որոշ չափով կեղծ է։ Որովհետև այսօր խոսքը բնավ մանդատների մասին չէ։

Մանդատները սոսկ մի դրվագ են ծավալվող քաղաքական գործընթացում։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ տեղ է վերապահված ընդդիմությանն այդ գործընթացում։

ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ԴՐԱՆԻՑ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԴՈՒՐՍՄՂՄԱՆԸ:

Առաջին հայացքից նման պնդումը կարող է չափազանցված թվալ: Սակայն փորձենք համադրել փաստերը.

Մի կողմից՝ ընդդիմությանը համոզում են վերցնել մանդատները: Մյուս կողմից՝ զուգահեռաբար արշավ է ծավալվում այն ուժերի քաղաքական լեգիտիմությունը վիճարկելու ուղղությամբ, որոնք ստացել են բողոքական ընտրազանգվածի զգալի մասի աջակցությունը:

Այս առումով հատկանշական է «Հանուն Հանրապետության» կուսակցության և դրա առաջնորդ Արման Բաբաջանյանի դիրքորոշումը, որն ակնհայտորեն գործում է՝ Նիկոլ Փաշինյանի շահերից ելնելով: Ֆորմալ առումով խոսքը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման մասին է: Սակայն հայտարարությունների բովանդակությունը շատ ավելի լայն է. կասկածի տակ են դրվում ոչ թե առանձին խախտումները, այլև այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է:

Օրինաչափ հարց է առաջանում. եթե խնդիրը ոչ միայն ձայների հաշվարկի, այլ արդյունքի ձևավորման ողջ համակարգի մեջ է, ապա ի՞նչ եզրակացությունների պետք է հանգեցնի նման տրամաբանությունը:

Պատասխանն ակնհայտ է՝ առհասարակ ներկայիս խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն:

Բայց այդ դեպքում ծագում է հաջորդ հարցը. հատկապես ո՞ւմ ձեռնտու չէ Ազգային ժողովի ներկայիս դասավորվածությունը:

Նախևառաջ նրանց, ում համար ուժեղ ընդդիմության առկայությունը խոչընդոտ է երկարաժամկետ քաղաքական խնդիրների իրականացման ճանապարհին:

Խոսքը միայն իշխանության մասին չէ:

Գործող խորհրդարանն օբյեկտիվորեն բարդացնում է Սահմանադրության փոփոխության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի պահանջների կատարման, սահմանազատման և տարածաշրջանի հետագա աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի հետ կապված որոշումների ընդունումը: Նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» դառնում են ոչ թե պարզապես խորհրդարանական խմբակցություններ, այլ գործոն, որն անհրաժեշտ է չեզոքացնել։

Եվ այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Հունիսի 16-ին Ազգային ժողովում իր ելույթում վարչապետը հայտարարեց, որ պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ուժերը չունենան որևէ շանս՝ Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու: Սակայն սա դեռ ամենը չէր:

Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ ներկային ընդդիմությունը ձևավորվել է ՙապօրինի գործունեության արդյունքում՚, և պետության լեգիտիմ իրավունքն է համապատասխան շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից:

Պետք է խոստովանել՝ նման հայտարարությունները հնարավոր չէ դիտարկել որպես սովորական քաղաքական բանավեճ։

Փաստացի ուրվագծվեց մի ամբողջ քաղաքական հայեցակարգ։

Տպավորություն է ստեղծվում, թե հասարակությանն աստիճանաբար պատրաստում են շատ ավելի մասշտաբային սցենարի: Սկզբում կհայտարարվի, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում իրական քաղաքական տրամադրությունները: Այնուհետև ընդդիմությունը կհռչակվի ապօրինի գործունեության արդյունք: Հաջորդիվ այն կկապեն քրեաօլիգարխիկ համակարգի և արտաքին ազդեցության հետ։ Դրանից հետո հարց կբարձրացվի խորհրդարանի վերաֆորմատավորման անհրաժեշտության մասին: Ի վերջո, կհայտնվի արտահերթ ընտրությունների գաղափարը: Իսկ դրանից առաջ՝ կսահմանվեն նոր օրենսդրական սահմանափակումներ, որոնք թույլ կտան որոշել, թե որ քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, և որոնք՝ ոչ:

Այս ամենից հետո արդեն հնարավոր կլինի հայտարարել նոր ընտրություններ։

Բայց արդեն առանց ներկայիս ընդդիմության։

Եթե այս տրամաբանությունը չափազանցված է թվում, արժե անդրադառնալ վերջին շրջանի փորձին։

Բավական է հիշել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը։ Օրը ցերեկով ողջ հասարակության աչքի առջև ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչվեց երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Արդյունքում կուսակցությունը զրկվեց ճիշտ այնքան ձայներից, որքան նրան չէին հերիքում անցողիկ շեմը հաղթահարելու և Ազգային ժողով անցնելու համար։

Կարելի է տարբեր կերպ գնահատել հարցի իրավական կողմը։ Սակայն քաղաքական արդյունքն ակնհայտ է. ընտրողների զգալի մասը մնաց առանց խորհրդարանական ներկայացվածության:

Ուստի հարց է առաջանում. եթե մեկ մեխանիզմ արդեն իսկ թույլ է տվել խորհրդարանից դուրս մղել մի ընդդիմադիր ուժի, ապա ինչո՞ւ չի կարելի ենթադրել այլ մեխանիզմների կիրառումը մնացածների դեմ։

Մանավանդ որ նոր քաղաքական փուլի նախապատրաստության նշաններն ավելի ու ավելի նկատելի են դառնում։

ՊԱԿԱՍ ՀԵՏԱՔՐՔՐԻՐ ՉԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՆԵՐՍՈՒՄ:

Անհնար է չնկատել, որ առանձին քաղաքական դեմքեր արդեն սկսում են զբաղեցնել այնպիսի դիրքորոշումներ, որոնք դժվար է բացատրել բացառապես ընթացիկ քաղաքական իրավիճակով։

Այսպես՝ ուշադրություն է գրավում այն ցուցադրական հակասերժական գիծը, որը վերջին շրջանում որդեգրել է Էդմոն Մարուքյանը։

Եթե իրավիճակը դիտարկենք հնարավոր արտահերթ ընտրությունների և ընտրազանգվածի ապագա վերաբաշխման համատեքստում, ապա շատ բան ավելի հասկանալի է դառնում:

Բացառված չէ, որ խոսքը նոր քաղաքական նախագծի նախապատրաստման մասին է՝ հաշվարկված ընդդիմադիր ընտրողների մի մասի համար: Խոսքը նախևառաջ այն հատվածի մասին է, որը կողմնորոշված է դեպի Ռոբերտ Քոչարյանը, բայց միևնույն ժամանակ բացասական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի հանդեպ:

Այս առումով Էդմոն Մարուքյանի և Էդուարդ Շարմազանովի միջև հրապարակային «փոխհրաձգությունները» սկսում են փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Հանրությանը ցուցադրվում է կոնֆլիկտ։ Հանրությանը ցույց են տալիս անհաշտ հակառակորդների։ Հանրությանն առաջարկում են հավատալ խորը հակասությունների գոյությանը։

Սակայն քաղաքականությունը թատրոնից հենց նրանով է տարբերվում, որ արտաքին դեկորացիաների հետևում հաճախ թաքնված են լինում բոլորովին այլ գործընթացներ:

Ի դեպ, կասկածներ առաջանում են ոչ միայն Մարուքյանի շուրջ։ Ընդդիմադիր ճամբարի ներսում կան այլ գործընթացներ ևս, որոնք առանձին ուշադրության են արժանի։

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոսքը ոչ միայն իշխանություն-ընդդիմություն դիմակայության մասին է, այլև հենց ընդդիմադիր միջավայրի ներսում տարբեր ռազմավարությունների պայքարի։

Այսպես՝ ուշադրություն է գրավում Սամվել Կարապետյանի թիմի մի շարք ներկայացուցիչների դիրքորոշումը։ Մասնավորապես՝ a href="https://armtribunal.com/2026/06/10/krasnye-linii-melojan-i-politicheskaja-realnost/" target="_self">Գոհար Մելոյանն ու Էդգար Ղազարյանը, որոնք փոխկապակցված են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իրենց հանրային ելույթներում հետևողականորեն առաջ են մղում մանդատներ ընդունելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով լայնածավալ փողոցային դիմադրության պոտենցիալի բացակայության փաստը:

Նման մոտեցումն ինքնին կարող է դիտարկվել որպես հնարավոր քաղաքական մարտավարություններից մեկը։ Սակայն այն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում տեղի ունեցող գործընթացների ընդհանուր տրամաբանության համատեքստում։

Եթե ելնենք այն բանից, որ իշխանությունը հետևողականորեն շարժվում է դեպի հիմնական ընդդիմադիր ուժերի ապալեգիտիմացում և քաղաքական դաշտից հետագա դուրսմղում, ապա ողջ պայքարը բացառապես խորհրդարանական գործունեությանը հանգեցնելու ռազմավարությունը մեղմ ասած վիճելի է թվում։ Մանավանդ որ իշխանությունն ինքն արդեն բացահայտորեն կասկածի տակ է դնում ներկայիս ընդդիմության հետագա քաղաքական գոյության իրավունքը։

Այս առումով ծագում է հարց, որը վաղ թե ուշ հարկավոր է բացահայտ հնչեցնել.

Սամվել Կարապետյանը գիտակցաբա՞ր է իր թիմում ներառել քաղաքական գործիչների, որոնք կողմնորոշված են դեպի Սերժ Սարգսյանի ռազմավարական մոտեցումները, թե՞ «Ուժեղ Հայաստանը» աստիճանաբար դառնում է երրորդ նախագահի քաղաքական խաղի պատանդը, ում համար ընդդիմադիր դաշտի հնարավոր վերաֆորմատավորումը հեռանկարներ է բացում ակտիվ քաղաքական դերակատարության վերադառնալու համար։

Անշուշտ, այս հարցի միանշանակ պատասխանն այսօր չկա։ Սակայն դրա առաջացման փաստն արդեն իսկ հատկանշական է։ Հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմության ապագան որոշվում է ոչ թե ստացած մանդատների քանակով, այլ իր առջև ծառացած սպառնալիքների բնույթն ու մասշտաբը ճիշտ գնահատելու կարողությամբ:

ՈՒՍՏԻ ԱՅՍՕՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑՆ ԱՅՆ ՉԷ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ:

Գլխավոր հարցն այն է, թե արդյոք այն գիտակցում է սպառնալիքի մասշտաբը:

Եթե ներկայիս սցենարն իսկապես ենթադրում է «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» և այլ ինքնուրույն ընդդիմադիր կենտրոնների դուրսմղում քաղաքական համակարգից, ապա պատրանքների համար ժամանակը գնալով սպառվում է։

Նման դեպքում խորհրդարանական աշխատանքն ինքնին ի զորու չէ լուծել խնդիրը:

Խոսքն արդեն ոչ թե մանդատների բաշխման, այլ Հայաստանում իրական ընդդիմության՝ գոյություն ունենալու իրավունքի համար մղվող պայքարի մասին է:

Ստեղծված հանգամանքները կիսատ-պռատ լուծումների տեղ չեն թողնում։ Նման պայմաններում ընդդիմությանը մնում է միայն մեկ ճանապարհ՝ վճռական ու հետևողական գործողությունների, քանի դեռ նրա քաղաքական գոյության հարցը վերջնականապես չեն լուծել առանց իր մասնակցության: