ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Վերջին շաբաթների զարգացումները Հայաստանի շուրջ մեզ կրկին ստիպում են մտածել մի հարցի շուրջ, որը մեր ժողովուրդի առջև կանգնած է ոչ թե տասնամյակներ, այլ դարեր շարունակ․ կարո՞ղ ենք արդյոք դասեր քաղել մեր սեփական պատմությունից, թե՞ դատապարտված ենք անընդհատ կրկնել նույն սխալները։

ԵԱՏՄ-ի մայիսյան գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համատեղ հայտարարությունը, Հայաստանի մասնակցության ձևաչափը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում վերանայելու փաստացի սպառնալիքները, հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական շուկայում կիրառվող սահմանափակումները, ինչպես նաև Եվրամիության խոստումները՝ հնարավոր կորուստները փոխհատուցելու վերաբերյալ, շատերի կողմից ընկալվում են որպես ընթացիկ քաղաքական պայքարի հերթական դրվագ։ Սակայն իրականում խոսքը շատ ավելի խորքային և վտանգավոր գործընթացների մասին է։

Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական խոշոր ուժային կենտրոնների դիմակայության կիզակետում։ Եվ կրկին հայկական հասարակության առաջ փորձում են հարցը դնել ոչ թե ազգային շահերի, այլ օտարների ընտրության տրամաբանության շրջանակում՝ Ռուսաստան, թե Արևմուտք, Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն, Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։

Մինչդեռ պատմությունը բոլորովին այլ բան է սովորեցնում։ Այն ցույց է տալիս, որ մեծ տերությունների համար Հայաստանը երբեք ինքնանպատակ չի եղել։ Այն միշտ դիտարկվել է որպես սեփական ռազմավարական խնդիրների լուծման միջոց։ Փոխվել են դարաշրջանները, կայսրությունները, քաղաքական կարգախոսներն ու հռչակագրերը, սակայն անփոփոխ է մնացել մեկ բան․ հայկական հարցը մշտապես դիտարկվել է արտաքին ուժերի շահերի պրիզմայով։

Այսօր Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն առաջ է տանում եվրոպական ինտեգրման քաղաքականությունը։ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից։ Բրյուսելը բացահայտ քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին։ Ի պատասխան՝ ԵԱՏՄ անդամ երկրները բացեիբաց սկսել են խոսել Հայաստանի համար հնարավոր հետևանքների, նույնիսկ երկրի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

Գրեթե միաժամանակ սկսվեց նաև տնտեսական ճնշումը։ Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց հայկական մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Պաշտոնապես խոսվում է ֆիտոսանիտարական խախտումների մասին, սակայն նույնիսկ ամենաանփորձ դիտորդի համար ակնհայտ է, որ նման իրավիճակներում տնտեսությունը հազվադեպ է գոյություն ունենում քաղաքականությունից անկախ։

Հայաստանի իշխանությունները փորձում են հանգստացնել հասարակությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նոր շուկաներ որոնելու, եվրոպական ուղղությամբ առաջին արտահանումներն իրականացնելու և արտաքին առևտրի դիվերսիֆիկացման հեռանկարների մասին։ Սակայն նույնիսկ այս քաղաքական կուրսի կողմնակիցները չեն կարող չընդունել ակնհայտ փաստը․ մոտ ապագայում ռուսական շուկային համարժեք փոխարինող գտնել հնարավոր չէ։

Հենց այդ պատճառով առանձնահատուկ նշանակություն են ստանում Բրյուսելից հնչող հայտարարությունները։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն արդեն հայտարարել է Հայաստանին աջակցելու լայնածավալ ծրագրի մասին։ Խոսվում է ֆինանսական օգնության, խորհրդատվական առաքելությունների, անվտանգության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված աջակցության մասին։

Սակայն այս ամենը մենք արդեն լսել ենք։

Լսել ենք, երբ Երևան էր այցելել Նենսի Փելոսին։ Լսել ենք, երբ Ֆրանսիայի խորհրդարանը բանաձևեր էր ընդունում Արցախի վերաբերյալ։ Լսել ենք ամեն անգամ, երբ հայկական հասարակությանը համոզում էին, թե Արևմուտքը պատրաստ է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։

Իհարկե, ոչ ոք չի ժխտում միջազգային աջակցության կարևորությունը։ Սակայն բնական հարց է առաջանում․ ի՞նչ կոնկրետ արդյունքներ են տվել այդ բարձրագոչ հայտարարությունները։

Այսօր քչերն են հիշում այն քաղաքական էյֆորիան, որը տիրում էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։ Այդ ժամանակ տպավորություն էր ստեղծվել, թե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է։ Հայկական հասարակությանը համոզում էին, որ Արևմուտքը պատրաստ է ստանձնել Հայաստանի և Արցախի քաղաքական հովանավորի ու անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Սակայն շատ արագ պարզվեց, որ նման որոշումները հիմնականում խորհրդատվական բնույթ ունեն և որևէ պարտադիր ուժ չեն ներկայացնում գործադիր իշխանությունների համար։

Միաժամանակ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը սկսեց առաջ տանել Արցախի հարցում «նշաձողի իջեցման» թեզը։ Դա արվում էր նոր աշխարհաքաղաքական իրողությունների, եվրոպական միջնորդության և «անիրատեսական սպասումներից հրաժարվելու» անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին։ Հանրությանը հետևողականորեն ներշնչվում էր այն միտքը, թե նախկին մոտեցումները սպառել են իրենց և ենթակա են վերանայման։

Սակայն «նշաձողի իջեցումը» ոչ միայն չկանխեց նոր ցնցումները, այլ, ընդհակառակը, նախապատրաստեց դրանց հետագա քաղաքական լեգիտիմացման հողը։

2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը դարձավ այդ քաղաքականության վերջնական պարտադրման գործիքը։ Շուրջ ամիսներ շարունակվող զիջումների անհրաժեշտության մասին խոսակցություններից հետո հայ ժողովրդին փաստացի ցույց տվեցին առաջարկվող կուրսից հրաժարվելու գինը։ Արդյունքում սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունները օգտագործվեցին՝ հետագա զիջումները ներկայացնելու իբրև ստեղծված իրավիճակից բխող անխուսափելի անհրաժեշտություն։

Միաժամանակ զարգանում էր ևս մեկ գործընթաց, որի նշանակությունը շատերը թերագնահատեցին։ Ռազմական անհաջողություններն ու անվտանգության ճգնաժամը օգտագործեցին հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների հետևողական ձևավորման համար։ Ժողովրդական դժգոհությունն ավելի ու ավելի հաճախ ուղղվում էր բացառապես Մոսկվայի դեմ, մինչդեռ իշխանությունների պատասխանատվության, դիվանագիտական սխալների և հենց «նշաձողի իջեցման» քաղաքականության վերաբերյալ հարցերը աստիճանաբար երկրորդ պլան էին մղվում։

Այսպիսով, սեպտեմբերյան պատերազմը երկակի դեր խաղաց։ Մի կողմից՝ այն դարձավ հայ ժողովրդին Արցախի հարցում հետագա զիջումներին հարկադրելու միջոց, մյուս կողմից՝ հզոր խթան հակառուսականության տարածման համար, որն անհրաժեշտ էր Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք հիմնավորելու նպատակով։

Պատահական չէ, որ արդեն մեկ ամիս անց՝ 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում, եվրոպացի առաջնորդների ներկայությամբ և նրանց միջնորդությամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին։ Այն, ինչ դեռ վերջերս ներկայացվում էր որպես ժամանակավոր «նշաձողի իջեցում», վերածվեց պաշտոնական քաղաքական կուրսի, որի հետևանքները Հայաստանը զգում է մինչ օրս։

Այսօր նույն շրջանակները կրկին խոսում են եվրոպական աջակցության, տնտեսական օգնության և անվտանգության նոր երաշխիքների մասին։ Սակայն պատմությունը հուշում է, որ նման պահերին է հատկապես կարևոր տարբերակել իրական երաշխիքները քաղաքական պատրանքներից։

Եվ այստեղ անհնար է չհիշել գրեթե մեկուկես դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայ ժողովուրդը նույնպես ապրում էր մեծ հույսերի շրջան։ Սան Ստեֆանոյի պայմանագրի հայտնի 16-րդ հոդվածը նախատեսում էր բարեփոխումներ Օսմանյան կայսրության հայկական նահանգներում՝ Ռուսաստանի փաստացի վերահսկողության ներքո։ Առաջին անգամ միջազգային մակարդակով հնչեց «Հայաստան» անվանումը։ Թվում էր, թե Հայկական հարցը միջազգային ճանաչում է ստացել և մտնում է գործնական լուծման փուլ։

Սակայն շատ արագ պարզվեց, որ մեծ տերություններին հայ ժողովրդի շահերը հետաքրքրում են միայն այնքանով, որքանով համընկնում են իրենց ռազմավարական հաշվարկների հետ։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան հանդես եկան Ռուսաստանի ազդեցության ուժեղացման դեմ։ Նրանց նախաձեռնությամբ գումարվեց Բեռլինի կոնգրեսը, որտեղ վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները, իսկ հայ բնակչության իրական պաշտպանության մեխանիզմները փաստացի վերացվեցին։

Հայկական հարցը միջազգայնացվեց, սակայն զրկվեց գործնական բովանդակությունից։

Հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։

Սկզբում եղան Համիդյան ջարդերը։ Այնուհետև՝ Ադանայի կոտորածները։ Իսկ ամբողջ այդ քաղաքականության վերջնական արդյունքը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու Արևմտյան Հայաստանի վերջնական կորուստը։

Եվրոպան մտահոգություն էր հայտնում։ Եվրոպան բանաձևեր էր ընդունում։ Եվրոպան հայտարարություններ էր անում։

Բայց հայ ժողովուրդը մնաց մենակ։

Այսօր, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Փոխվել են միայն դերակատարներն ու պետությունների անվանումները։ Օսմանյան կայսրության փոխարեն՝ Թուրքիա, Բրիտանական կայսրության փոխարեն՝ հավաքական Արևմուտք, Ռուսական կայսրության փոխարեն՝ Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն մեծ քաղաքականության տրամաբանությունը մնացել է նույնը։

Արևմուտքին Հայաստանը անհրաժեշտ է առաջին հերթին որպես Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործիք։ Հենց դրանով է պայմանավորված եվրոպական կառույցների ներկայիս ակտիվությունը։ Սակայն ոչ ոք չի պատասխանում գլխավոր հարցին․ ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ այդ խնդիրը լուծված համարվի։ Ի՞նչ իրական անվտանգության երաշխիքներ կստանա Հայաստանը։ Եվ արդյոք կստանա՞։

Պատահական չէ, որ փորձագետ Վիգեն Հակոբյանը զգուշացնում է՝ Հայաստանը փորձում են վերածել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև ավելի լայն աշխարհաքաղաքական դիմակայության տարրի։ Նրա գնահատմամբ՝ այսօր ամենակարևորն ակնհայտ ճշմարտության գիտակցումն է.

«Հայաստանին հիմա փորձում են այն դնել Իրանի և Ռուսաստանի կոկորդին։ Սա շատ նման է սիրիական պատմության շարունակությանը։ Նույն խաղացողներն են, նույն խնդիրները՝ նավթ, գազ, լոգիստիկ ուղիներ։ Ակնհայտ է նաև, որ ելքը կարող է նույնը լինել՝ ազդեցության գոտիների բաժանում արդեն Հայաստանի տարածքի ներսում»։

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիները պատահական չէ, որ ձգտում են վերահսկողություն ստանալ ռազմավարական ուղղությունների նկատմամբ, քանի որ այդպես ապահովագրում են իրենց շահերը ցանկացած սցենարի դեպքում։

«Սցենարներից մեկը կարող է նույնիսկ պատերազմ լինել։ Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել, բայց չեմ հավատում, որ կողմերը կկարողանան խաղաղ ճանապարհով և փոխադարձ համաձայնությամբ լուծել բոլոր հակասությունները», — նշում է Հակոբյանը։

Նման նախազգուշացումներ հնչում են նաև Մոսկվայից։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ բացառապես արևմտյան աջակցության վրա հենվելու քաղաքականությունը կարող է Հայաստանի համար լուրջ տնտեսական և ներքաղաքական հետևանքներ ունենալ։

Այս հայտարարություններին կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Կարելի է համաձայնել կամ վիճել դրանց հետ։ Սակայն անհնար է հերքել մեկ փաստ․ Հայաստանը կրկին հայտնվել է խոշոր աշխարհաքաղաքական շահերի բախման գծում։

Հենց այդ պատճառով այսօր մեր առջև կանգնած է նույն հարցը, որը կանգնած էր հայ ժողովրդի առջև Սան Ստեֆանոյից և Բեռլինից հետո, մեծ տերությունների խոստումներից և դրանց հետևած ողբերգություններից հետո։ Կկարողանա՞նք արդյոք սթափ գնահատել իրավիճակը, դասեր քաղել մեր պատմությունից և առաջնորդվել բացառապես Հայաստանի շահերով, թե՞ կրկին կհավատանք Արևմուտքի կեղծ խոստումներին և կհայտնվենք մեծ տերությունների բախման կիզակետում՝ հերթական անգամ վճարելով դրա համար չափազանց բարձր գին։