ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ «ԲԵՌ» Ե՞Ն. ԹՎԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ

Կա սուտ, կա մեծ սուտ, իսկ կա նաև քաղաքական տեխնոլոգիա, որը կրկնվում է այնքան երկար, մինչև հասարակությունը սկսում է այն ընկալել որպես ճշմարտություն։

Վերջին ամիսներին հենց այս մեխանիզմով է հայկական հասարակությանը համառորեն ներշնչվում այն միտքը, թե բռնի տեղահանված արցախցիները ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին։ Այդ թեզը կրկնվում է այնքան հետևողականորեն, որ կարծես այլևս ապացույցների կարիք էլ չունի։ Մինչդեռ բավական է մի քանի պարզ թվաբանական գործողություն կատարել, և ամբողջ այդ կառուցվածքը փլուզվում է։

Հենց այդպես է վարվել Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը։

Հատկանշական է, որ նա խոսքը չի սկսում մեղադրանքներով։ Ընդհակառակը, խոստովանում է. «Ստիպված եմ խոսել հենց թվերի լեզվով, որպեսզի ամեն ինչ բոլորի համար պարզ լինի»։

Սա խոստովանություն է, որը շատ բան է ասում։

Արցախցիների ողբերգության քննարկումը հաշվապահական հաշվեկշռի տրամաբանությամբ ստիպում է պատասխանել նույն լեզվով։ Երբ մարդկանց արժանապատվությունը չափվում է բյուջեի ծախսերի հոդվածներով, հարկ է բացել նաև եկամտային մասը։

Թվերն ինքնին խոսուն են։

Այսօր շուրջ 50 հազար արցախցի ամսական պետական աջակցություն է ստանում ։ Դրա համար պետությունը ծախսում է մոտ 1,5 միլիարդ դրամ։

Միաժամանակ շուրջ 30 հազար արցախցի աշխատում է Հայաստանում, բարեխղճորեն վճարում եկամտային հարկ, սոցիալական վճարներ և մյուս պարտադիր հարկերը։ Ամեն ամիս նրանց վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 2 միլիարդ 400 միլիոն դրամ։

Այսինքն՝ պետական բյուջեն գրեթե 900 միլիոն դրամով ավելի շատ եկամուտ է ստանում, քան ծախսում է այդ աջակցության վրա։

Ահա և ամբողջ թվաբանությունը։ Ահա և ամբողջ «բեռը»։ Ահա և ամբողջ քարոզչությունը։

Հենց այդ պատճառով էլ Բեգլարյանի գլխավոր եզրակացությունը որևէ քաղաքական հռետորաբանությամբ հնարավոր չէ հերքել. «Նույնիսկ ամենապարզ թվաբանությունը հստակ ցույց է տալիս, որ արցախցիները չեն ապրում որևէ մեկի հաշվին։ Ընդհակառակը՝ իրենց աշխատանքով, վճարած հարկերով և տնտեսական կյանքին մասնակցությամբ նրանք իրենց ներդրումն են բերում Հայաստանի տնտեսության զարգացման գործում»։

Դրանից հետո մինչ այժմ հնչած ամբողջ հռետորաբանությունը, մեղմ ասած, տարօրինակ է թվում։

Պետական մարմինները հրաշալի գիտեն սեփական վիճակագրությունը։ Գիտեն, թե քանի արցախցի է աշխատում։ Գիտեն, թե որքան հարկ է մուտքագրվում պետական բյուջե։ Գիտեն նաև, թե որքան գումար է ծախսվում պետական աջակցության համար։ Հետևաբար, «արցախցիները ապրում են ուրիշների հաշվին» թեզը իշխանության իրական թվերին չտիրապետելու պատճատով չէ, որ գոյություն ունի։ Այլ ավելի ճիշտ՝ այն պատճառով, որ կառավարությունը լռության է մատնում այդ թվերը

Արցախի կորստի հետևանքների մասին խոսելու փոխարեն հասարակությանը հրամցվում է բռնի տեղահանված մարդկանց «պահելու գնի» քննարկումը։ Ազգային աղետի պատճառները վերլուծելու փոխարեն հանրային ուշադրությունը շեղվում է դեպի այդ աղետի զոհերը։

Այս մեթոդը նոր չէ։

Պատմությունը բազմաթիվ օրինակներ է հիշում, երբ սեփական գործունեության արդյունքները ներկայացնելու անկարող իշխանությունը սկսում էր հասարակության դժգոհության համար հարմար թիրախ փնտրել։ Փոխվել են ժամանակները, գաղափարախոսությունները, քաղաքական կարգախոսները, բայց մեխանիզմը մնացել է նույնը։

Այսօր այդ դերն ամենայն համառությամբ փորձում են վերագրել արցախցիներին։

Եվ այստեղ ի հայտ է գալիս մի ուշագրավ հանգամանք։

Պետության տրամադրած գրեթե ամբողջ աջակցությունը անմիջապես վերադառնում է Հայաստանի տնտեսություն։ Այդ գումարները վճարվում են բնակարանների վարձակալության, կոմունալ ծառայությունների, սննդի, դեղորայքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների համար։ Ավելին, ընտանիքների մեծ մասը սեփական միջոցներից հավելյալ վճարում է այնպիսի գումարներ, որոնք հաճախ մի քանի անգամ գերազանցում են պետության տրամադրած աջակցությունը։

Ստացվում է բավական յուրօրինակ հաշվապահություն։

Պետությունը գումար է հատկացնում, իսկ հետո այդ գումարի զգալի մասը կրկին ստանում է ներքին շուկայի, հարկերի, տնտեսական շրջանառության և հենց տեղահանվածների ստեղծած տնտեսական ակտիվության միջոցով։

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։

Չնայած այն հանգամանքին, որ այդ ընտանիքները բռնի կերպով տեղահանվել են իրենց հայրենիքից, արցախցի մինչև վեց տարեկան երեխաները չեն ստանում օրենքով նախատեսված 50 հազար դրամ նպաստը միայն այն պատճառով, որ ունեն հատուկ իրավական կարգավիճակ։ Էրիկ Բեգլարյանի գնահատմամբ՝ նման մոտեցումը բացահայտ խտրական բնույթ ունի։

Բեգլարյանի ամենածանր արձանագրումը, սակայն, մեկ այլ դիտարկում է. «Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն աջակցություն է տրամադրում, այլև, առնվազն մասամբ, եկամուտ է ստանում հենց արցախցիների հաշվին»։

Եթե այս հաշվարկները համապատասխանում են իրականությանը, ապա ամբողջ պաշտոնական հռետորաբանությունը գլխիվայր շրջվում է։

Պետությունը, որը չկարողացավ կատարել իր գլխավոր պարտականությունը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, միաժամանակ թույլ է տալիս տարածել արցախցիների «պահվող լինելու» մասին առասպելը և այդ նույն մարդկանցից ավելի շատ հարկեր է ստանում, քան ծախսում է նրանց ուղղված անմիջական աջակցության վրա։

Պատկերը, մեղմ ասած, տհաճ է։

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, զարմանալին թվերը չեն։

Դրանք չափազանց հստակ են։

Զարմանալին բոլորովին այլ բան է։

Ազգային ողբերգությունը զարմանալի հեշտությամբ վերածվում է ներքաղաքական պայքարի գործիքի։ Երբ փաստարկները սպառվում են, հայտնվում են պիտակները։ Երբ բացատրություններն ավարտվում են, սկսվում է քավության նոխազի փնտրտուքը։ Իսկ պատասխանատվությունը կամաց-կամաց քողարկվում է տեղեկատվական աղմուկի հետևում, մինչդեռ հանրային դժգոհությունն ուղղորդվում է դեպի այն մարդկանց, որոնք կորցրել են տունը, ունեցվածքն ու հայրենիքը։

Թվաբանությունն ընդհանրապես գրեթե միշտ անհարմարություններ է ստեղծում քարոզչության համար։Այն քաղաքական համակրանքներ չի ճանաչում։

Չի մասնակցում տեղեկատվական արշավների։ Չի հարմարվում քաղաքական պահի պահանջներին։ Այն պարզապես գումարում և հանում է։

Եվ հենց դա էլ բավական է, որպեսզի «արցախցիները բեռ են Հայաստանի համար» բազմիցս կրկնված առասպելը փլուզվի մի քանի տարրական թվաբանական գործողություններից հետո։