ՇՈՒՇԻԻ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԸ
Արցախյան 44-օրյա պատերազմից անցել են տարիներ, սակայն Շուշիի անկման պատմությունը շարունակում է մնալ բազմաթիվ հարցերի, կասկածների և չպարզաբանված հանգամանքների կիզակետում։ Այդ հարցերը ժամանակ առ ժամանակ կրկին բարձրաձայնվում են հասարակական և քաղաքական գործիչների կողմից՝ հիշեցնելով, որ պատերազմի ամենաճակատագրական դրվագներից մեկի վերաբերյալ հասարակությունը մինչ օրս ամբողջական պատկեր չունի։
Այս թեմային է անդրադարձել նաև Արթուր Համբարձումյանը՝ պնդելով, որ Շուշիի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին Հայաստանում շատ բան չի ասվել կամ ասվել է կիսատ։ Նրա համոզմամբ՝ պատերազմի վերջին օրերի իրական պատկերը դեռևս ամբողջությամբ չի բացահայտվել, իսկ որոշ դերակատարների գործունեությունը փաստացի դուրս է մնացել հանրային քննարկումներից։
Համբարձումյանը հիշեցնում է, որ Շուշին Արցախի խորհրդանիշներից էր, հայկական հաղթանակների ու ազգային արժանապատվության կարևոր հենասյուներից մեկը։ Հենց այդ պատճառով էլ քաղաքի անկման հանգամանքները չեն կարող մնալ պատմության մութ անկյուններում։ Որքան էլ ժամանակ անցնի, մարդիկ շարունակելու են հարցնել՝ ի՞նչ տեղի ունեցավ այդ օրերին, ո՞վ էր պատասխանատու քաղաքի պաշտպանության համար, և ինչո՞ւ Շուշին առեղծվածային պայմաններում հանձնվեց թշնամուն և բերդաքաղաքի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպվեց։
Նրա խոսքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սերգեյ Առստամյանի անունը, որը պատերազմի օրերին պատասխանատու է եղել Շուշիի պաշտպանական մարտերի կազմակերպման համար։ Համբարձումյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտում գրեթե չի քննարկվել, թե ինչ դեր է ունեցել նա պատերազմի վերջին օրերին և ինչ գործողություններ են իրականացվել նրա անմիջական մասնակցությամբ։
Ավելին, Համբարձումյանը պնդում է, որ այն ժամանակ, երբ Շուշիի համար կատաղի մարտեր էին ընթանում, Արցախում իրականացվել են նաև այլ գործընթացներ, մասնավորապես՝ խոշոր դրամական միջոցների տեղափոխման հետ կապված գործողություններ։ Համբարձումյանը հիշեցնում է, որ պատերազմի ամենածանր օրերին Արցախ էր մեկնել այն ժամանակ արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Ըստ նրա ներկայացրած տեղեկությունների՝ վերջինս Շուշիում համագործակցել է Սերգեյ Առստամյանի հետ՝ Հայաստանի կենտրոնական բանկին առնչվող բունկերներից խոշոր ֆինանսական միջոցների տեղափոխման հարցերում։ Այս տեղեկությունները երբևէ չեն դարձել հանրային լուրջ քննարկման առարկա, թեև վերաբերում են պատերազմի ամենակրիտիկական փուլին։
Հարցերը, սակայն, միայն անցյալի մասին չեն։ Համբարձումյանի ուշադրությունն է գրավել նաև այն հանգամանքը, որ պատերազմից հետո Սերգեյ Առստամյանը նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Հավանաբար, պատերազմի օրերին մատուցած ծառայությունների համար։ Նրա կարծիքով՝ հասարակությունն իրավունք ունի հասկանալու, թե ինչ գնահատական է տրվել պատերազմի ժամանակ այդ պաշտոնյայի գործունեությանը և ինչ հիմնավորումներով է նա շարունակել պետական համակարգում զբաղեցնել պատասխանատու պաշտոն։
Շուշին ազգային ցավ է, հազարավոր մարդկանց հիշողություն, չապաքինված վերք։ Եվ որքան էլ ժամանակ անցնի, այդ վերքը չի սպիանա այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը չի ստացել իրեն հուզող հիմնական հարցերի պատասխանները։ Պատմության ամենածանր էջերը լռությամբ չեն փակվում։ Դրանք փակվում են միայն ճշմարտությամբ՝ որքան էլ այդ ճշմարտությունը ծանր ու անհարմար լինի։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է անվանում ոչ թե նրանց, ովքեր իրականում լքել են Արցախը կամ ձախողել նրա պաշտպանությունը, այլ նրանց, ովքեր մինչև վերջ մնացել ու պայքարել են, նրանց, ովքեր հաղթանակ են կերտել առաջին Արցախյան պատերազմում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այսօր չեն ընդունում նրա՝ Ալիևի առաջ լիակատար զիջումների և Արցախի հանձնման քաղաքականությունը։ Մինչդեռ նրանք, ովքեր իրականում պատասխանատվություն են կրում պաշտպանական ձախողումների և նահանջի համար, իշխանության կողմից նշանակվում են բարձր պաշտոնների, ստանում արտոնություններ և միլիոնավոր դրամների աշխատավարձեր։


