ՁԵՌՆԱԾՈՒՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ․ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԿՈԾԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Սեյրան Օհանյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթից հետո, որում նա հանդես եկավ աղմկահարույց հայտարարություններով այն մասին, որ շփման գծի 283 կիլոմետրից 265-ը մեկ ամիս շարունակ անառիկ է մնացել, որ Աղդամի, Մարտակերտի, Քարվաճառի ուղղությունները մնացել են հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ ճեղքումը տեղի է ունեցել միայն հարավային հատվածում՝ Ջրականից մինչև Հորադիս, և որ հենց այդ հատվածն էր գտնվում ՀՀ Զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարության ներքո, Հանրային տրիբունալն ստիպված է հիշեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գոյության մասին՝ հաշվի առնելով, որ այս պնդումները պետք է ամենամանրակրկիտ քննության առարկա դառնային։ Հանձնաժողովի, որն ստեղծվել էր հենց պարտության պատճառները բացահայտելու և մեղավորներին մատնանշելու համար։ Հանձնաժողովի, որը, ինչպես պարզվում է, չորս տարի զբաղված էր բոլորովին այլ բանով։
Եվ եթե Օհանյանի խոսքերից հետո որևէ մեկի մոտ դեռ պահպանվել էին պատրանքներ, թե խորհրդարանական քննությունը կարող է տալ պատերազմի առանցքային հարցերի պատասխանները, ապա վերջինիս գործունեության պատմությունը վերջնականապես ցրում է այդ պատրանքները։
Բանն այն է, որ Հայաստանում կա մի մարդ, որը Նիկոլ Փաշինյանի զգոն վերահսկողության ներքո արդեն չորս տարի քթից բռնած ման է տալիս և՛ խորհրդարանին, և՛ երկրին, և՛ պատերազմում որդիներ կորցրածներին։ Նրա անունը Անդրանիկ Քոչարյան է։ Նա ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, նաև՝ հենց այն քննիչ հանձնաժողովի նախագահը, որն ստեղծվեց 2022 թվականի փետրվարին՝ պարզելու համար, թե ինչպես և ինչու հայկական բանակը պարտվեց 44-օրյա պատերազմում։
Եվ ահա հիմա՝ չորս տարի անց, ունենք այն, ինչ ունենք։
Զեկույցը կա։ Զեկույցը չկա։ Զեկույցը գրված է։ Զեկույցը թաքցված է։ Զեկույցը գոյություն ունի, բայց այն չեն տեսել հանձնաժողովի տասնմեկ անդամները, որոնք պետք է կազմեին այն։ Զեկույցը գոյություն ունի, բայց իշխող խմբակցության պատգամավորները, որոնք ընդգրկված են այդ հանձնաժողովում, դրան հասանելիություն չունեն։ Զեկույցը գոյություն ունի, բայց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է, թե դրա ներկայացման ժամկետները սպառվել են, և իրավական առումով փաստաթուղթը չի կարող ընդգրկվել օրակարգում։ Զեկույցը գոյություն ունի, և նույն Սիմոնյանի որոշմամբ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի եզրակացությունների հիման վրա, այն ուղարկվել է առաջին բաժին՝ գաղտնի բաժին, որտեղ պահվում են պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, և որտեղ սովորական մահկանացուների մուտքն արգելված է։
Իսկ հիմա եկեք հարց տանք ինքներս մեզ. ի՞նչ է սա, եթե ոչ պարտակում։
Չորս տարի հանձնաժողովն աշխատել է, նյութեր է հավաքել, լսել վկաներին, հարցաքննել նախկին նախարարներին ու գեներալներին։ 2024 թվականի նոյեմբերին Քոչարյանը խոստանում էր, որ զեկույցն ամբողջությամբ կներկայացվի խորհրդարանին։ Իսկ հիմա պարզվում է, որ փաստաթուղթը, որը նա գրել է ինչ-որ անհայտ մեկի հետ, չեն տեսել անգամ նրանք, ովքեր պետք է այն ստորագրեին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատմում է, որ բազմիցս խնդրել է տրամադրել իրեն զեկույցը։ Նրան պատասխանել են՝ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ 2025 թ․ գարնանը նրան ասել են՝ «հրապարակվի, սեպտեմբերին՝ կծանոթանաք»։ Սեպտեմբերին նրան փոխանցել են՝ «ստորագրեք, հետո կծանոթանաք»։ Եվ նա, ունենալով իրավագիտության տարրական գիտելիքներ, հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չէ։ Եվ ճիշտ է վարվել։
Պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնն է ասում. զեկույցը չի տեսել։ Նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատում է. «Ոչ ոք ինձ զեկույց չի ուղարկել, ծանոթանալու չի հրավիրել»։ Հանձնաժողովի տասնմեկ անդամից փաստաթղթի տակ առկա է ընդամենը չորսի ստորագրությունը։ Մնացած յոթը, այդ թվում՝ իշխող կուսակցության պատգամավորները, զեկույցը չեն կարդացել։
Սա նշանակում է միայն մեկ բան. Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգը, որը սահմանում է հանձնաժողովի բոլոր անդամների պարտադիր ծանոթացումն ամփոփիչ փաստաթղթին և նրանց հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքի ապահովումը։ Հոդվածը խախտված է։ Օրենքը խախտված է։ Պատգամավորների իրավունքները՝ ոտնահարված։ Եվ ոչ մի հետևանք։
Եվ հիմա մենք տեսնում ենք ամբողջական պատկերը՝ իր ողջ ծավալով։ Պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված հանձնաժողովը չի կատարել իր առջև դրված խնդիրը։ Զեկույցը, որը պետք է պատասխաներ հարցերին, պահված է գաղտնի բաժնում։ Պատգամավորները, որոնք պետք է հաստատեին այն, այն չեն տեսել։ Հանրությունը, որը չորս տարի սպասում էր ճշմարտությանը, այդպես էլ այն չի իմանա։ Իսկ նրանք, ում, այնուամենայնիվ, հաջողվել է ծանոթանալ փաստաթղթին, դրա մասին տարօրինակ բաներ են ասում։
Գեղամ Մանուկյանը,, որը պատգամավորներից առաջինն էր ծանոթացել գաղտնի բաժնում պահվող զեկույցին, երկու հազար տասնհինգերորդ էջից հետո հիշել է հայտնի խոսքը՝ «հանցագործության բացահայտման արդյունքում ամենակարևորը ինքդ քո վրա դուրս չգալն է»։ Եվ ավելացրել՝ «կարծես նույն վիճակն էր»։ Նա չի կարող բացահայտել բովանդակությունը, քանի որ դա արգելված է օրենքով, բայց ասում է, որ զեկույցը չի պատասխանում գլխավոր հարցերին՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը և ինչո՞ւ մենք պարտվեցինք։ Ըստ նրա՝ փաստաթուղթն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ ուղղված իշխանություններին և անձամբ Փաշինյանին։ Այն ի ցույց է դնում այն մարդու անկարողունակությունը, եթե ոչ նպատակաուղղված գործողությունները, ում որոշումները հանգեցրեցին ճակատագրական հետևանքների։ Եվ որ զեկույցի տակ բացակայում են «Քաղաքացիական պայմանագրի» մի քանի պատգամավորների ստորագրությունները։
«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը,, որը հրավիրվել էր հանձնաժողով, սակայն հեռացել էր այնտեղից, քանի որ իր կարգավիճակն այդպես էլ չէր հստակեցվել, ուղղակիորեն ասում է. հանձնաժողովը հավաքվել է ընդամենը մեկ անգամ, ոչ մի իրական աշխատանք չի տարվել, ոչ մի նյութ չի ուսումնասիրվել։ Նա հրավիրվել էր որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, սակայն նրան ասել են՝ կարող ես մասնակցել որպես փորձագետ։ Եվ նա հրաժարվել է, քանի որ փորձագետ չէ, այլ քաղաքական միավորի ղեկավար, ինչպես նաև հասկացել է՝ հանձնաժողովն անհրաժեշտ է ոչ թե քննության, այլ «շոուի» համար։
Նույն կարծիքին է նաև ընդդիմությունը, որը հենց սկզբից բոյկոտել էր հանձնաժողովի աշխատանքը։ Վերջինս պնդում էր՝ չի կարելի, որ պատերազմը քննեն նրանք, ովքեր վարել են այդ պատերազմը։ Չի կարելի, որ Քոչարյանը, որը 2020 թվականին կարևոր պաշտոն էր զբաղեցնում, քննի իր իսկ թիմի գործողությունները։ Չի կարելի, որ վարչապետ Փաշինյանը, որը գլխավոր հրամանատարն էր, ցուցմունք տա մի հանձնաժողովի, որը պետք է քններ իր իսկ հրամանները։ Սա նույնն է, թե կասկածյալն ինքն իրեն քննիչ նշանակի։
Ահա սա է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի չորսամյա աշխատանքի իրական պատկերը։ Հանձնաժողովը, որը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչու տասնամյակներ շարունակ տարածաշրջանի ամենահզորներից մեկը համարվող բանակը քառասունչորս օրում կազմաքանդվեց, ոչ մի պատասխան չտվեց։ Չպարզեց, թե ովքեր են տվել հանցավոր հրամանները, չմատնանշեց մեղավորներին։ Չբացատրեց, թե ինչու էին զինվորներն արթնանում զորանոցներում հնչող պայթյուններից, որտեղ թշնամու հրթիռները հասնում էին ավելի շուտ, քան «վեր կաց» հրահանգը։
Փոխարենն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը չորս տարի ձևացրեց, թե աշխատում է։ Իշխող կուսակցությունից պատգամավորները ձևացնում էին, թե մասնակցում են աշխատանքներին։ Քոչարյանը ձևացնում էր, թե հետաքննություն է իրականացնում։ Իսկ երբ եկավ արդյունքը ներկայացնելու ժամանակը, պարզվեց, որ այդ «արդյունքը» գաղտնի փաստաթուղթ է, որը ոչ ոք չի տեսել, որը ոչ ոք չի հաստատել, որը հնարավոր չէ քննարկել և որը, ըստ էության, թաղված է Ազգային ժողովի աշխատակազմի առաջին բաժնում։
Եվ ահա հիմա, երբ բոլոր ժամկետները սպառվել են, երբ խորհրդարանի խոսնակը պաշտոնապես հայտարարել է, որ զեկույցը չի կարող քննարկվել, երբ նույնիսկ հանձնաժողովի անդամներն են խոստովանում, որ չգիտեն դրա բովանդակությունը, Քոչարյանը շարունակում է պնդել. «Զեկույցը պատրաստ է, այն պետք է քննության դրվի»։ Բայց ո՞ւմ հետ և ի՞նչ քննարկես, երբ զեկույցը պահված է գաղտնի բաժնում, և դրան հասանելիություն ունեն միայն եզակիները։ Նրանք, ովքեր կարող էին անհարմար հարցեր տալ, այդ զեկույցը չեն տեսել։ Նրանք, ովքեր կարող էին պահանջել դրա հրապարակումը, լռում են։
Մենք չենք կարող, մենք իրավունք չունենք այս սուտը որպես ճշմարտություն ընդունել։ Որովհետև եթե մենք ընդունում ենք այս սուտը, դառնում ենք կոծկման հանցակից։ Մենք թույլ ենք տալիս նրանց, ովքեր տանուլ են տվել պատերազմը, մնալ իշխանության ղեկին։ Մենք թույլ ենք տալիս նրանց, ովքեր չպաշտպանեցին երկիրը, ղեկավարել դրա մնացորդները։ Մենք թույլ ենք տալիս Անդրանիկ Քոչարյանին և նրա հանձնաժողովին թաղել ճշմարտությունն այնպես, ինչպես թաղում էին զինվորներին՝ առանց անունների, առանց ամսաթվերի, առանց բացատրությունների։
Քոչարյանը, Սիմոնյանը, Փաշինյանը՝ նրանք բոլորն այսօր նույն գործն են անում։ Նրանք թաքցնում են պատերազմի մասին ճշմարտությունը։ Նրանք դա անում են գիտակցաբար, նպատակաուղղված՝ խախտելով օրենքը և ոտնահարելով ԱԺ կանոնակարգը։ Եվ եթե մենք չկանգնեցնենք նրանց հիմա, եթե մենք չպահանջենք զեկույցի հրապարակումը, եթե մենք չստիպենք նրանց պատասխան տալ արածի համար, հաջորդ պատերազմը կավարտվի նույն կերպ։
Քանի դեռ 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը չի բարձրաձայնվել, մնացածն ընդամենն իմիտացիա է: Հետաքննության իմիտացիա: Պատասխանատվության իմիտացիա: Պետության իմիտացիա: Իսկ իմիտացիայի վրա կառուցված համակարգում պարտությունը պատահականություն չի լինում: Այն դառնում է օրինաչափություն։
Հ.Գ․
Անդրանիկ Քոչարյանը, ով «գաղտնի» դրոշմագրի տակ թաքցրեց պատերազմի մասին ճշմարտությունը, հանկարծ Ցեղասպանության հանգամանքները «ճշտելու» եռանդ է ցուցաբերում։ «Անվանական ցուցակ» կազմելու պատրվակով նա իրեն թույլ է տալիս կասկածի տակ դնել ազգի համար սրբազան համարվող հաստատունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի թիվը։ «Կարո՞ղ է ցեղասպանության զոհերի թիվը 1,5 միլիոնից քիչ է կամ շատ» արտահայտությունը հնչում է սառը անտարբերությամբ՝ կարծես այն արտասանում է ոչ թե 20-րդ դարի սկզբի հրեշավոր հանցագործության զոհերի ժառանգը, այլ թուրքական իշխանությունների ներկայացուցիչ, ով ձգտում է սեփական երկրի վրայից հանել պատմական պատասխանատվությունը։
Սա այլ կերպ, քան սրբապղծություն, հնարավոր չէ անվանել։
Այսօր՝ «թվերի ճշտում», վաղը՝ իմաստների վերանայում, վաղը չէ մյուս օրն էլ՝ Ցեղասպանություն թեմայից հրաժարում՝ որպես «Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող» հանգամանք։


