ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ
Խորհրդարանում Սեյրան Օհանյանի ելույթից և դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի հիստերիայից հետո վերջնականապես պարզ դարձավ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն ստեղծվել է ոչ թե ինչ-որ բան պարզելու, այլ հնարավորինս հուսալի կերպով թաղելու այն, ինչը մահացու վտանգավոր կլիներ պարզել։
Եվ թաղեցին։ Բոլոր բյուրոկրատական ծիսակարգերի պահպանմամբ՝ թղթապանակներով, գաղտնիության դրոշմագրերով, գաղտնի բաժիններով և այն մարդկանց վշտահար դեմքերով, ովքեր ձևացնում են, թե պաշտպանում են պետական շահերը: Թեև իրականում նրանք բոլորովին այլ բան են պաշտպանում՝ սեփական աթոռը, սեփական կենսագրությունը և ազգային աղետից հետո անպատիժ ապրելու իրենց իրավունքը:
Եվ այս տխուր պատկերի ֆոնին առանձնակի «հուզիչ» է թվում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիրքորոշումը, ով նույնպես հանկարծ համակվեց քննարկումների փակ ձևաչափերի հանդեպ սիրով:
Չափազանց պատեհաժամ սեր…
Հատկապես, երբ երկիրն արդեն վեց տարի է՝ ապրում է գերեզմանների, կորսված տարածքների և բազմաթիվ անպատասխան հարցերի առջև կանգնած:
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Գործող իշխանությունը կատարելության է հասցրել մի պարզունակ, բայց չափազանց հարմար բյուրոկրատական հնարք. ամեն անգամ, երբ պետք է չպատասխանել որևէ սկզբունքային հարցի, խորդանոցից դուրս է բերվում «պետական գաղտնիք» կոչվող փոշոտ խրտվիլակը:
Չհետաքննեցին դավաճանությունը՝ գաղտնիություն։
Չնշեցին մեղավորների անունները՝ գաղտնիություն։
Ցույց չտվեցին փաստաթղթերը՝ կրկին գաղտնիություն։
Նույն հաջողությամբ կարելի էր պետական գաղտնիք հռչակել սեփական մասնագիտական անկարողունկությունը, վարչական ոչնչությունն ու քաղաքական վախկոտությունը:
Թվում է՝ հենց դա էլ տեղի է ունեցել։
Որովհետև, երբ գաղտնիության դրոշմագրի ներքո թաքցվում են ոչ թե պաշտպանական պլանները, ոչ թե սպառազինության տեխնիկական բնութագրերը կամ հետախուզության գործակալական հնարավորությունները, այլ այն հարցի պատասխանները, թե ինչու պետությունը չպաշտպանեց իր զինվորներին, դա այլևս տեղեկատվության պաշտպանության ռեժիմ չէ, այլ՝ մեղավորներին պաշտպանելու ռեժիմ:
Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել. երկիրը կորցրեց հազարավոր կյանքեր, Արցախը, անվտանգությունը, ռազմավարական կայունությունը, ինստիտուտների հանդեպ ազգային վստահության մնացորդները, իսկ որդեկորույս ծնողներին ու տնազուրկ արցախցիներին ի պատասխան ասում են՝ «եկեք դա քննարկենք լռելյայն, ցանկալի է՝ փակ դռների հետևում», որպեսզի, Աստված մի արասցե, ժողովուրդը չլսի, թե ով և ինչպես իրեն կործանեց:
Այսինքն՝ մարդկանց կարելի էր բացահայտ մահվան ուղարկել ։ Նրանց կարելի էր հրապարակավ թաղել։ Տեսախցիկի առջև կարելի էր շուրջօրյա լաց լինելը:
Իսկ ահա խոսել այն մասին, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ՝ չի կարելի։ Գաղտնի է:
Սա կոլեկտիվ պարտակման ռեժիմ է։ Եվ պատերազմը կուլիսների հետևում քննարկելու Օնիկ Գասպարյանի առաջարկը նույն շարքից է։ Կենցաղային լեզվով ասած՝ հայ ժողովրդին կրկին առաջարկում են դուրս գալ «միջանցք» և չխանգարել «մեծ ձյաձյաներին»՝ մաքրել սեփական հետքերը։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՂԵԼ Է. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐ
Այս ողջ պատմության առանձնակի ցինիզմն այն է, որ այսօր արդեն գրեթե ոչ ոք չի կասկածում. պատերազմի մեծ հավանականության մասին ազդանշանը ստացվել էր նախապես։ Արցախի ԱԱԾ-ի 2020 թ. սեպտեմբերի 13-ի զեկույցը պարունակում էր շատ հստակ տեղեկատվություն։
Այսինքն՝ պատերազմը լուսնից չէր ընկել։ Գետնի տակից չէր բուսնել: Տարերային աղետ չէր։ Դրա մասին զգուշացրել էին։
Եվ ահա այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, ավելի ճիշտ՝ ամենազազրելին։ Ի՞նչ արեց պետությունը՝ ստանալով նման զգուշացում։
Բանակը բերե՞ց լիակատար մարտական պատրաստվածության։ Ո՛չ:
Սկսե՞ց անձնակազմի արագացված տարակենտրոնացումը։ Ո՛չ:
Ամրապնդե՞ց առավել խոցելի ուղղությունները: Ո՛չ:
Իրականացրե՞ց զորահավաքային միջոցառումներ: Կրկին՝ ո՛չ:
Այսինքն՝ չարվեց ոչինչ այն ամենից, ինչ պարտավոր է անել անգամ միջակ իշխանությունը՝ էլ չխոսելով այնպիսի իշխանության մասին, որն ամեն օր ամբիոններից վաճառում էր «անպարտելի բանակի» կերպարը:
Արդյունքում՝ պատերազմի սկսվելու օրը, մեր զինվորները զոհվում էին զորանոցներում՝ որպես անպաշտպան մարդիկ, որոնց սեփական պետությունը չէր բարեհաճել անգամ ժամանակին արթնացնել։ Դա դեռ պետք է կարողանալ՝ տարիներ շարունակ թմբկահարել «նոր Հայաստանի», «նոր բանակի», «նոր դարաշրջանի» մասին և պատերազմին դիմավորել թմբիրի մեջ։ Սակայն, ինչպես պարզվեց, աղմկոտ քաղաքական բալագանն ու պետական կառավարումը միանգամայն տարբեր բաներ են։
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ ԱՂԵՏԻ ՄԻՋԵՎ՝ ԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ
Հատկապես պետք է հիշեցնել նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ պատերազմի անխուսափելիության մասին տեղեկատվությունը հավաստի էր արդեն սեպտեմբերի 25-ին։ Հիանալի է։ Այսինքն՝ ազդանշանը ստանալու և առաջին կրակոցի միջև գրեթե երկու շաբաթ կար։
Երկու շաբաթը մի ժամանակահատված է, որի ընթացքում նորմալ պետությունը հասցնում է.
- բանակը բերել մարտական պատրաստականության բարձր աստիճանի,
- մոբիլիզացնել պահեստազորը,
- տեղակայել ՀՕՊ համակարգեր,
- նախապատրաստել ամրաշինական շրջանները,
- տարհանել խոցելի օբյեկտները,
- վերստուգել հրամանատարական շղթաները։
Իսկ մեր պետությունը, դատելով հետևանքներից, հասցրել է միայն մի բան՝ ոչինչ։
Եվ այսօր քաղաքական այս ողջ ծառայախումբը, որ մտահոգ պետական այր է ձևացնում, զարմացած դեմք է ընդունում. «Ա՜խ, պարզվում է՝ պատերազմը ծանր էր»։ Ծա՞նր: Ո՛չ, պարոնայք, ծանր էր ոչ միայն պատերազմը։ Ծանր էր ձեր անգործությունը, որի դիմաց վճարեցինք հազարավոր կյանքերով։
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՈՐՊԵՍ ՎԱԽԻ ԱԽՏԱՆԻՇ
Հատկանշական է նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը Սեյրան Օհանյանի մեղադրանքներին։ Բովանդակային քաղաքական բանավեճի փոխարեն հանրությունը տեսավ արդեն ծանոթ պատկեր՝ գրգռվածություն, գոռգոռոցներ, վիրավորական հռետորաբանություն և քննարկումը փաստերի հարթությունից գիտակցաբար սկանդալի հարթություն տեղափոխելու փորձ։
Այդպես է իրեն պահում է այն իշխանությունը, որը վստահ չէ իր ճշմարտացիության մեջ։ Այսպես է իրեն պահում իշխանությունը, որի համար խոսակցության առարկան ինքնին վտանգ է ներկայացնում։ Երբ իշխանությունը փաստարկներ ունի, փաստաթղթերով է գործում ։ Երբ փաստաթղթերին ավելի լավ է ձեռք չտալ, գործի է դրվում հիստերիան։
Եվ որքան ավելի բարձր է հնչում այդ հիստերիան, այնքան ավելի հստակ է ուրվագծվում գլխավորը՝ իշխանությունը վախենում է։ Որովհետև հենց այդտեղ է ավարտվում քաղաքական դեմագոգիան և սկսվում քրեական ու պատմական պատասխանատվության տիրույթը։
ԳԵՆԵՐԱԼ, ՈՐԻՆ ԱՐԳԵԼԵ՞Լ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ ԼԻՆԵԼ:
Եվ ահա այստեղ է, որ առաջ է գալիս իշխանության համար չափազանց տհաճ ևս մեկ սյուժե ՝ Արամ Գաբրիելյանովի վկայությունները Մոսկվայի «Ararat Park Hyatt» հյուրանոցում Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումների մասին։
Եթե հավատանք այս պատմություններին, ուրվագծվող պատկերը ոչ միայն ընկճող է, այլև նվաստացուցիչ պետության համար։ Զրուցակցի առջև ոչ թե պատերազմող երկրի Գլխավոր շտաբի պետն է, այլ սեփական վարչապետի հանդեպ ունեցած վախից կաթվածահար մի մարդ։
Բանակը մարտի չի՞ ներգրավվում՝ արգելել են։
«Իսկանդեր» համալիրները չե՞ն օգտագործվում՝ արգելել են։
Փորձառու գեներալները չե՞ն ներգրավվում (Խաչատուրով)՝ արգելել են։
Արտաքին ռազմական համակարգում չի՞ կազմակերպվում՝ արգելել են։
Այդ դեպքում բնական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր, ըստ էության, անում այդ օրերին Գլխավոր շտաբի պետը։ Կատարո՞ւմ էր ռազմական ղեկավարի գործառույթները, թե՞ ստանձնել էր սգավոր արձանագրողի դեր քաղաքական «սամոդուրի» կողքին։
Եթե գեներալը պատերազմի պահին գիտի, որ որոշումները կործանարար են, և շարունակում է լռել, դա դժբախտություն է։ Իսկ եթե գիտի, համաձայնում է և մնում իր տեղում, դա արդեն պարզապես աղետ չէ։ Դա ամբողջ ռազմական կառավարման համակարգի ախտորոշումն է։
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Ամենազարմանալին այն է, որ Արամ Գաբրիելյանովի այս բոլոր հայտարարություններն այդպես էլ հստակորեն չհերքվեցին հենց Օնիկ Գասպարյանի կողմից։ Չեղավ ո՛չ կոշտ հրապարակային հայտարարություն, ո՛չ էլ կեղծ տեղեկության տարածումը դադարեցնելու տարրական պահանջ։ Ոչի՛նչ։ Պարզապես՝ գեներալական լռություն։
Սակայն այս ամենը միայն սաստկացնում է գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է լռում Օնիկ Գասպարյանը։
Պետական գաղտնիքին հղում անելն այս պարագայում անհամոզիչ է թվում նաև այն պատճառով, որ վերջին տարիներին հանրությունը բազմիցս ականատես է եղել ընտրողական տեղեկատվական արտահոսքերի, պատերազմի այնպիսի հարմար հատվածների, որոնք արխիվներից հանվում էին հենց այն ժամանակ, երբ դա պահանջում էր քաղաքական կոնյունկտուրան։
Այսօր անիմաստ է խոսել տեղեկատվության պակասի մասին։ Տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար. պատերազմից հետո Հայաստանում կառուցվել է ոչ թե ճշմարտության բացահայտման, այլ դրա սանիտարական մեկուսացման համակարգ։
Փակ հանձնաժողովներ, գաղտնի զեկույցներ, կուլուարային զրույցներ, անորոշ ձևակերպումներ, հղումներ անտեղի գաղտնիությանը. սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են։ Մի շղթայի, որն արդեն քանի տարի է՝ կապել է պատերազմի մասին ճշմարտության ձեռք ու ոտքը:
Այս շղթան բազմաթիվ դարբիններ ունի։ Բայց այն կարող է կոտրել միայն նա, ով եղել է որոշումների ընդունման համակարգի ներսում։
Երկիրն իրավունք ունի իմանալու՝ բանակը պարտվել է պատերազմում, թե՞ նրան թույլ չեն տվել կռվել այնպես, ինչպես հարկն էր։ Սրանք, համաձայնեք, միանգամայն տարբեր բաներ են։
Եվ հենց այդ պատճառով այսօր Օնիկ Գասպարյանին ուղղված հարցը չափազանց հստակ է. նա դեռևս պատերազմում պարտված, բայց ճշմարտությանն արժանի բանակի գեներա՞լ է, թե՞ վերջնականապես վերածվել է ազգային ամոթի լուռ փաստագրողի։
Որովհետև նման պարտությունից հետո լռությունը ոչ թե զգուշավորություն է, այլ ազգային աղետի հանգեցրած հանցագործությունների կոծկմանը մասնակցելու ձև։


