ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ 2018-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP

, ,

2018 թվականի իշխանափոխության իրական շարժառիթներն ու դրա աշխարհաքաղաքական հետևանքները հասկանալու համար պետք է մի կողմ դնել «ժողովրդի հաղթանակի» մասին տարիներով մատուցվող հեքիաթը և վերադառնալ այն օրերի իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը պատահական քաղաքական վերադասավորում չէր։ «Հանրային Տրիբունալի» հրապարակումներում բազմիցս ներկայացրել ենք փաստեր, որոնք վկայում են՝ Արևմուտքի պատվերով Հայաստանը Ռուսաստանից պոկելու գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի կազմակերպած իշխանափոխությամբ։ Սարգսյանը հեռացավ՝ պահպանելով իշխանության փոխանցման վրա իր ազդեցությունը, Փաշինյանը ստացավ վարչապետի աթոռը, իսկ Արևմուտքը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական ներկայությանը հակազդելու նոր հնարավորություն։ Դրանից հետո իրադարձությունները զարգացան մի ուղղությամբ, որի հետևանքներն այսօր արդեն տեսանելի են՝ Արցախը կորցրել ենք, ռուսական անվտանգության համակարգից հեռանում ենք, իսկ Սյունիքում ամերիկյան գերակշռող մասնակցությամբ 49-ամյա ծրագիր է կյանքի կոչվում։

2018-ի մայիսի 1-ին Փաշինյանը չկարողացավ խորհրդարանում վարչապետ ընտրվել։ Մայիսի 8-ին արդեն 59 պատգամավոր քվեարկեց նրա օգտին։ Նրանցից 13-ը Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ խմբակցությունից էին։ Այսինքն՝ առանց նախկին իշխանության վճռորոշ մասնակցության՝ «հեղափոխության առաջնորդը» չէր հասնի իշխանության։

Մինչ այդ Փաշինյանի անվտանգությունն ապահովում էր Սերժ Սարգսյանի ենթակայությամբ գործող պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը։ 168.am-ը մայիսի 5-ին տեղեկացրել էր դրա մասին, իսկ Հարությունյանն ավելի ուշ անձամբ հաստատել էր, որ մոտ մեկուկես ամիս ապահովել է Փաշինյանի անվտանգությունը։ Հատկանշական է, որ նույն ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին մեղադրում էին Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Այդ նույն կուսակցության պատգամավորները, սակայն, իրենց ձայներով նրան վարչապետ դարձրին։

Պատկերը լրացնում է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի վկայությունը։ «Հանրային Տրիբունալի» հրապարակած նյութում ներկայացված է նրա պատմությունը Միքայել Մինասյանի հետ հանդիպման մասին։ Կոլերովի խոսքով՝ դեռևս այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խորհրդարանում մոտ 8 տոկոս ներկայացվածություն ուներ, Սերժ Սարգսյանի փեսան վստահեցրել էր, որ առաջիկա ընտրություններում այդ քաղաքական ուժը մեծամասնություն է ստանալու։ Այս դրվագը, Սարգսյանի հրաժարականի և ՀՀԿ-ի քվեարկության հետ միասին, բոլորովին այլ լույսի ներքո է ցույց տալիս 2018-ի իշխանափոխությունը։ Հեղափոխության հրապարակային ճակատում պայքարող Փաշինյանն էր, իսկ ետնաբեմում Սերժ Սարգսյանի համակարգը իշխանության փոխանցմումը ապահովող գործողություններն եր իրականացնում։

Հաջորդ փուլը պատերազմն էր։ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հռետորաբանությունը ռազմատենչ և ոգեշնչող էր, հավաստիացումները՝ անվերապահ։ Մեկ տարի անց երկիրը հայտնվեց պատերազմի մեջ, որի ավարտին կորցրեց Շուշին, Հադրութը և Արցախի մեծ մասը։

Հայկ Նահապետյանի ներկայացրած տասը փաստերի շարքում են պատերազմի նախաշեմին պահեստազորային հինգ գնդերի լուծարումը, պատերազմի ընթացքում ռազմական ղեկավարության նախազգուշացումները, ռուսական հրադադարի առաջարկների ճակատագիրը և 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկած պայմաններով ռազմական գործողությունները դադարեցնելու Փաշինյանի մերժումը։ Առանձին հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև բանակի սպառազինության վիճակին․ 2019-ին գնված Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան հասան առանց դրանց համար անհրաժեշտ կառավարվող հրթիռների։ Այս փաստերը ներկայացվել են «Հանրային Տրիբունալի» հետաքննական նյութերում՝ որպես պատերազմի աղետալի ելքին հանգեցրած որոշումների ամբողջություն։

Այս պատերազմի քաղաքական իմաստը միայն կորցրած տարածքներով չի սահմանափակվում։ «Հանրային Տրիբունալը» առաջադրում է ավելի ծանր մեղադրանք․ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցրեց այնպիսի պարտության, որի արդյունքները համընկնում էին Թուրքիայի և Ադրբեջանի երկարամյա ռազմավարական պահանջների հետ։ Արցախի կորստից հետո Հայաստանը զրկվեց իր պաշտպանական խորությունից, իսկ Սյունիքը հայտնվեց նոր ճնշումների կենտրոնում։

Պատերազմից հետո էլ Մոսկվան հայտարարվեց հայկական աղետի գլխավոր մեղավոր։ Հասարակական վրդովմունքն ուղղվեց Ռուսաստանի դեմ, իսկ Երևանի պատասխանատվությունը մղվեց ստվեր։ Հենց այդ ժամանակ սկսվեց նաև ՀԱՊԿ-ից հեռացման արագացումը։ Պարտության հեղինակները սկսեցին բացատրել, թե ինչու է մեղավոր պարտությունը կանխելու կոչված դաշնակիցը։

Այստեղ պատկերը լրացնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետը։ Այն նախատեսում էր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բացում։ Այդ հաղորդակցության անվտանգության նկատմամբ վերահսկողությունը վերապահվում էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը։

Պատերազմից հետո Ադրբեջանը տարիներ շարունակ նույն պահանջը ներկայացրել է «Զանգեզուրի միջանցք» անվամբ՝ փորձելով Հայաստանի հարավով ստանալ Նախիջևանի հետ ուղիղ կապ։ Իսկ այսօրվա TRIPP ծրագիրը նույն աշխարհագրական ուղղությունը նոր քաղաքական փաթեթավորմամբ առաջ տանելու հնարավորություն է։ Սկզբում՝ ռուսական վերահսկողության ներքո ապաշրջափակման դրույթ, այժմ՝ ամերիկյան գերակշռող մասնակցությամբ երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագիծ։

Հոկտեմբերի 28-ին ՔՊ-ի 63 պատգամավորների կողմ ձայներով համաձայնագիրը վավերացվեց։ Հայաստանը ստանձնեց երկարաժամկետ պարտավորություն՝ ամերիկյան կապիտալի գերակշռող մասնակցությամբ ճանապարհային ծրագրի իրականացման համար։

Սա հենց այն աշխարհաքաղաքական վերադասավորումն է, որի մասին բարձրաձայնում է «Հանրային Տրիբունալը» ։ Ադրբեջանը ստանում է Նախիջևանի հետ կապի հնարավորություն, Թուրքիան՝ դեպի արևելք հաղորդակցության և «Մեծ Թուրանի» կերտման նոր հեռանկար, ԱՄՆ-ը՝ երկարատև տնտեսական ներկայություն Սյունիքում։ Իրանի համար Հայաստանի հարավային սահմանի շուրջ ուժերի հարաբերակցության փոփոխությունը նույնպես զգայուն խնդիր է։ Արդյունքում Սյունիքը դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն։ Իսկ Հայաստանը ստիպված է լինելու ապահովել մի ծրագրի իրականացումը, որի ռազմավարական շահառուների ցանկում առաջին հերթին իր թուրք-ադրբեջանական տանդեմն ու արտատարածաշրջանային ուժերն են։

Փոլ Գոբլի՝ դեռևս 1992 թվականին առաջարկած տարածքային փոխանակման գաղափարից մինչև այսօրվա TRIPP՝ Զանգեզուրի ուղղությունը տասնամյակներ շարունակ եղել է տարածաշրջանային ծրագրերի առանցքում։

Հիմա նույն գործընթացն ընթանում է տնտեսական ճակատում։ 2025 թվականի ապրիլի 4-ին ուժի մեջ մտած օրենքով Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել էր, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։ 2026 թվականի փետրվարին Սերգեյ Լավրովը դա կրկին հիշեցրեց Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, իսկ ապրիլին Վլադիմիր Պուտինը Փաշինյանին բացատրեց երկու մաքսային համակարգերի անհամատեղելիությունը։ Ինքը՝ Փաշինյանը, նույնպես ընդունել է, որ վերջնական ընտրության պահը գալու է։ Այսինքն՝ Երևանը գիտակցաբար խորացնում է մի գործընթաց, որի տնտեսական և քաղաքական բախումը Մոսկվայի հետ կանխատեսելի է։

Ռուսաստանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ 2026 թվականի մայիս-հունիսին սահմանափակումներ մտցվեցին հայկական գյուղատնտեսական արտադրանքի, կոնյակի, գինու, հանքային ջրի և որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մոսկվան դրանց մի մասը հիմնավորեց բուսասանիտարական խախտումներով։ Եվրամիությունն այդ սահմանափակումներն իր պաշտոնական փաստաթղթերում բնորոշեց որպես Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշում և սեպտեմբերին հաստատեց հայկական ապրանքների համար առևտրային արտոնություններ՝ ԵՄ շուկա Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը ծածկելու նպատակով։

Ահա և քաղաքական հաշվարկի հաջորդ օղակը․ նախ սրվում է Մոսկվայի հետ հակասությունը, ապա դրա տնտեսական հետևանքների հիման վրա Բրյուսելը հանդես է գալիս որպես փրկարար՝ միաժամանակ Հայաստանը հեռացնելով ռուսական շուկայից։

Սակայն ռուսական շուկան մեկ օրում փոխարինել հնարավոր չէ։ Մինչև այսօր ԵՄ արտահանվող ապրանքների քանակը չնչին է։ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց բանկային ու դրամական փոխանցումները կազմել են 3,88 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից ստացված 734 միլիոն դոլարի դիմաց։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Հայաստանի արտահանումը Ռուսաստան արդեն նվազել էր 26,1 տոկոսով։

Հարվածը հասնում է գյուղացուն, արտադրողին, արտահանողին, փոքր բիզնեսին։ Իսկ այն ընտանիքները, որոնց եկամուտը կախված է Ռուսաստանում աշխատող հարազատներից, հայտնվում են տնտեսական նոր անորոշության առաջ։

Սրա մեջ կա նաև ներքաղաքական հաշվարկ։ Տնտեսապես և սոցիալապես հյուծված, քաղաքականապես պառակտված հասարակությունը դժվարությամբ է դիմադրում արտաքին թելադրանքին։ Այդ թուլությունը ձեռնտու է նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի տարածքով իրականացնել Արևմուտքի և Թուրքիայի տարածաշրջանային ծրագրերը։ Հետո տնտեսական դժգոհությունը բացատրիր Ռուսաստանի «պատժիչ քաղաքականությամբ»՝ սեփական իշխանության որոշումներն ու դրանց հետևանքները թողնելով կադրից դուրս։

Ահա թե ուր է հասցրել Փաշինյանի իշխանությունը երկիրը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ներկայացվում է որպես ինքնիշխանություն, եվրաինտեգրումը՝ որպես փրկություն։ Իսկ իրականում տեղի է ունենում հայկական պետականության կազմաքանդում։

Հայաստանի ողբերգությունը միայն կորցրած տարածքները և զոհված զավակները չեն։ Ողբերգությունն այն է, որ այդ ամենը կատարվել է ներքին թշնամու ձեռքերով։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ կռվել է արտաքին թշնամու դեմ, բայց ամենածանր կորուստները հաճախ կրել է այն ժամանակ, երբ իր իսկ ներսում գտնվել են մարդիկ, որոնք թշնամու համար ճանապարհ են հարթել։ Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ներքին թշնամին «զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու»։ Այսօր այդ խոսքերը սարսափելի արդիականություն են ստացել։

Շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդն ինքնուրույն ազատվի ներքին թշնամուց՝ բացահայտելով և պատժելով նրանց, ովքեր հանուն պաշտոնի և հարստության դավաճանել են ազգային շահը և օտար ուժերի ձեռքում դարձել խաղալիք։ Իսկ դրա համար դեռ ուշ չէ։

Հովհաննես Թումանյանը գրել է. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ Թումանյանի այս խոսքերի մեջ հուսահատություն չկա։ Դրանց մեջ փրկության ճանապարհն է՝ հավատը, որ ժողովուրդը կարող է ինքնամաքրվել, սթափվել, ուժ գտնել իր մեջ և սեփական ձեռքով կերտել իր ապագան։

Հայաստանի փրկությունը նույնպես սկսվելու է ներսից՝ ազգային արժանապատվության, միասնության և սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի վերականգնումից։