ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԷՐ՝ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

,

Պատմության մեջ լինում են պարտություններ։ Լինում են սխալներ, կարճատեսություն, քաղաքական անճարակություն, պետական մտածողության բացակայություն։ Բայց լինում են նաև գործընթացներ, որոնք այնքան հետևողական, այնքան համակարգային և այնքան կործանարար են պետականության հիմնասյուների նկատմամբ, որ դրանք այլևս հնարավոր չէ բացատրել լոկ ապաշնորհությամբ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ութ տարին հենց այդպիսի գործընթաց էր՝ հայկական պետականության կազմաքանդման, ազգային դիմադրողականության ջլատման և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ողնաշարի կոտրման գործընթաց։

2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցածը սովորական իշխանափոխություն չէր։ Դա պետության հիմնարար ինստիտուտների՝ բանակի, անվտանգության համակարգի, դատական իշխանության, դիվանագիտական կառույցների, ազգային համերաշխության ու պետական մտածողության հետևողական ապամոնտաժում էր՝ «ժողովրդավարության», «ժողովրդի իշխանության», «նոր Հայաստանի» և «սիրո ու համերաշխության» քողածածկույթի ներքո։ Իշխանության եկած քաղաքական ուժը չեկավ պետություն բարեփոխելու։ Եկավ՝ նախկինի հանդեպ ատելությունը պետական քաղաքականության վերածելու, հանրային գիտակցության մեջ վրեժի մթնոլորտ սերմանելու և պետության բնական դիմադրողականությունը ոչնչացնելու։

Հայաստանը բաժանվեց «սևերի» ու «սպիտակների», «հների» ու «նորերի», «ժողովրդի» ու «ժողովրդի թշնամիների»։ Հանրային կյանքում սկսվեց ոչ թե քաղաքական մրցակցություն, այլ ներազգային թշնամանքի համակարգված խորացում։ Ցանկացած այլախոհություն ներկայացվեց որպես դավադրություն, յուրաքանչյուր քննադատություն՝ որպես հակահեղափոխություն։ Պետական ինստիտուտները աստիճանաբար դադարեցին լինել ազգային ինստիտուտներ և վերածվեցին քաղաքական հաշվեհարդարի գործիքակազմի։

Առանձնապես ծանր հարված հասցվեց հայկական բանակին և անվտանգության համակարգին։ Բոլոր հասուն պետություններում իշխանափոխությունից հետո զինված ուժերը դուրս են պահվում քաղաքական պայքարից։ Հայաստանում տեղի ունեցավ հակառակը։ Գեներալներին հրապարակային նվաստացնում էին, սպաներին դարձնում ցուցադրական քրեական հետապնդումների թիրախ, իսկ բանակի ամբողջ նախկին համակարգը ներկայացվում էր որպես պետության գլխավոր չարիք։ Այդ ընթացքում քայքայվում էր ամենակարևորը՝ բանակի և պետության միջև վստահությունը։

Զուգահեռաբար՝ հետևողականորեն վատթարանում էին հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Հայաստանի միակ իրական ռազմաքաղաքական դաշնակցի։ Եվ այս ամենը ներկայացվում էր որպես «ինքնիշխանացում», «բազմավեկտոր քաղաքականություն», «անկախության ամրապնդում»։ Սակայն պետության ինքնիշխանությունը չափվում է ոչ թե բարձրագոչ կարգախոսներով, այլ սեփական անվտանգությունն ապահովելու կարողությամբ։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, պարզվեց, որ «նոր դարաշրջանի» մասին ճառերի հետևում թաքնված էին դիվանագիտական մեկուսացումը, ռազմավարական դատարկությունն ու պատերազմի նոր իրականություններին չպատրաստված բանակը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո արդեն ակնհայտ էր, թե ինչ բնույթ է ունենալու հաջորդ պատերազմը։ Ադրբեջանը արագ տեմպերով զինվում էր, Թուրքիան խորացնում էր ներգրավվածությունը, անօդաչու տեխնոլոգիաները դառնում էին ապագա պատերազմի առանցքային գործոնը։ Սակայն բանակի համակարգային վերազինման և ռազմաքաղաքական պատրաստության փոխարեն Հայաստանը դիտում էր Facebook-յան ուղիղ եթերներ, ներքաղաքական շոուներ, դատական իշխանության դեմ արշավներ և պետական կառավարման ապամոնտաժման գործընթաց։ Ստեղծվում էր տպավորություն, թե իշխանությունը շարունակում է ապրել հեղափոխական էյֆորիայի արհեստական միջավայրում՝ չնկատելով մոտեցող աղետը։

Ավելին՝ հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունն ու արկածախնդիր հայտարարություններն էին պատերազմի մոտեցումն արագացնող կարևոր գործոններից մեկը։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը պետական դիվանագիտություն չէր, ռազմավարական հաշվարկ չէր, ազգային շահի իրատեսական պաշտպանություն չէր։ Դա քաղաքական էմոցիա էր, որը վերջնականապես պայթեցնում էր բանակցային փխրուն միջավայրը՝ այն պայմաններում, երբ Հայաստանը փաստացի պատրաստ չէր լայնածավալ պատերազմի։

Արդյունքը հայտնի է։ Հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ ու խեղված ճակատագրեր, կործանված բանակ, անհետ կորածներ, Շուշիի կորուստ, կապիտուլյացիա և շուրջ 150 հազար արցախահայության հայրենազրկում։ Բայց ամենասարսափելին նույնիսկ պարտությունը չէր։ Ամենասարսափելին այն էր, որ պետությունը պատերազմ մտավ արդեն ներսից թուլացած, պառակտված և բարոյալքված վիճակում։

Շուշին այս ամբողջ ողբերգության մեջ ունի առանձնահատուկ տեղ։ Մինչ օրս հանրությունը հստակ պատասխան չի ստացել, թե ինչպե՞ս ռազմավարական այդ քաղաքը փաստացի մնաց առանց լիարժեք պաշտպանության։ Ինչո՞ւ մինչև վերջին ժամերը հասարակությանը վստահեցնում էին, թե իրավիճակը վերահսկելի է։ Ինչո՞ւ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվեց Շուշիի անկումից անմիջապես հետո։ Ինչո՞ւ պետությունն ու ժողովուրդը գիշերվա կեսին կանգնեցին ազգային նվաստացման փաստի առաջ։

Եվ հենց այստեղ է առավել հստակ առաջանում ոչ թե քաոսի, այլ հետևողականության զգացողությունը։ Որովհետև մի բան է սխալը, մեկ այլ բան՝ իրար հաջորդող որոշումների ամբողջ շղթան, երբ բանակը բարոյալքվում է, դաշնակիցները հեռացվում, պետական ինստիտուտները թուլացվում, հասարակությունը պառակտվում, իսկ դիվանագիտությունը փոխարինվում քաղաքական թատրոնով։ Այդ պարագայում «պատահականության» մասին խոսակցությունները դադարում են համոզիչ լինել։

Սակայն ազգային դավաճանությունը միայն պատերազմի դաշտում չի արտահայտվում։ 2018-ից հետո Հայաստանում սկսեց վերանալ իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը։ Դատական համակարգը քայլ առ քայլ ենթարկվեց քաղաքական վերահսկողության՝ «վեթինգի» և «մաքրման» կարգախոսների ներքո։ Սահմանադրական դատարանը դարձավ ճնշումների թիրախ։ Խորհրդարանական մեծամասնությունը վերածվեց ոչ թե ինքնուրույն քաղաքական մարմնի, այլ գործադիր իշխանության որոշումները հաստատող մեխանիզմի։

Սահմանադրությունը ձևականորեն շարունակում էր գոյություն ունենալ, սակայն դրա հիմնական ոգին՝ իշխանությունների փոխզսպման և անկախության սկզբունքը, փաստացի կազմաքանդվում էր։ Սահմանադրական կարգը միշտ չէ, որ տապալվում է տանկերով։ Երբեմն այն ոչնչացվում է «ժողովրդի կամքի» մասին բարձրագոչ հայտարարությունների և խորհրդարանական մեծամասնության ծափահարությունների ներքո։

Առանձնապես ցինիկ է, որ այս ամենը ուղեկցվում էր ժողովրդավարության, ազատության և «նոր Հայաստանի» մասին անվերջ խոսույթով։ Մինչդեռ իրականում երկիրը քայլ առ քայլ սուզվում էր հանրային դեպրեսիայի, քաղաքական ատելության, բարոյական ապականման ու ազգային հենասյուների թուլացման միջավայր։ Թուլանում էին բանակը, եկեղեցին, ավանդական արժեքային համակարգերը, ազգային համերաշխությունը։ Իսկ պետության ներքին իմունիտետի թուլացման պայմաններում սկսեցին խորանալ նաև հասարակության սոցիալական և բարոյահոգեբանական քայքայման գործընթացները՝ հանցավորության աճ, թմրամոլության տարածում, ապատիա, արտագաղթ, ազգային նպատակների նկատմամբ անտարբերություն։ Բարոյալքված հասարակությունը միշտ էլ դառնում է արտաքին ճնշումների համար առավել խոցելի թիրախ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության պատմությունն արդեն տվել է իր քաղաքական և բարոյական դատավճիռը։ Հայ ժողովրդին խաբեցին ազգային վերածնունդի և պատմական աննախադեպ զարգացման մասին կեղծ խոստումներով, սակայն արդյունքում երկիրը ստացավ պարտություն, Արցախի կորուստ, պառակտված հասարակություն և կայունությունը կորցրած պետականություն։ Այսօր հարցն այլևս այն չէ, թե որքան ծանր էր 2018 թվականի սխալը։ Պատմությունն այդ հարցին արդեն պատասխանել է։ Հարցն այսօր այլ է՝ արդյո՞ք հայկական պետականությունը կունենա բավարար դիմադրողականություն՝ նույն սխալի կրկնությունը ևս մեկ անգամ վերապրելու համար։