ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԱՎԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳևՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

«Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար»։

Վահան Տերյանի այս տողերի հիշատակումը պատահական չէ։ Ընդհակառակը՝ տերյանական «Հոգևոր Հայաստանի» պահանջը մեր օրերում առավել սուր է, քան երբևէ։ Այն, ինչ Տերյանը զգում էր իր ժամանակի խավարի, ազգային տատանումների, հոգևոր քայքայման և կիսամեռ հայրենիքի պայմաններում, այսօր նորից կանգնել է մեր առջև՝ ավելի ահավոր, ավելի մերկ և ավելի նվաստացուցիչ կերպարանքով։

Հայաստանը կրկին հայտնվել է ոչ միայն քաղաքական, այլև բարոյական ճգնաժամի մեջ։ Եվ եթե անցյալ դարասկզբի հայ մտավորականը ցավում էր ազգային հոգու տկարության համար, ապա այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ պետական իշխանությունն ինքն է դարձել այդ հոգևոր անկման հեղինակը։

Այսօր մեր երկիրը կարծես կորցրել է իր ներքին ձայնը։ Պետական խոսքը դարձել է կոպիտ, վրեժխնդիր և գռեհիկ։ Քաղաքական բանավեճը վերածվել է անձնական վիրավորանքների, պիտակավորումների և հանրային նվաստացման ցուցադրության։ Իշխանությունը ազգային արժեքները ենթարկում է անխնա ոչնչացման։ Այն, ինչ ժամանակին համարվում էր ամոթալի, այսօր ներկայացվում է որպես «ժողովրդավարություն» և «ինքնիշխանություն»։ Իսկ այն, ինչ պիտի լիներ պետական մտածողության հիմքը՝ արժանապատվությունը, հարգանքը, ներհանրային համերաշխությունը, խոհեմությունը, դարձել է, Պարույր Սևակի ձևակերպմամբ՝ «հին-հին գրքերի, մատյանների մեջ, բառարաններո՛ւմ մնացած խոսքեր»։ Եվ ամենազարհուրելին այն է, որ այդ ամենը կատարվում է «սիրում եմ բոլորիդ» կարգախոսի ներքո։

Առավել ողբերգականն այն է, որ մենք ունեցել ենք բոլորովին այլ Հայաստան։ Մենք ունեցել ենք մի ժամանակաշրջան, երբ, հակառակ քաղաքական սահմանափակումներին, կառուցվում էր այն, ինչ Տերյանը կոչում էր Հոգևոր Հայաստան։

Սովետական Հայաստանը, իր բոլոր հակասություններով հանդերձ, կարողացավ ստեղծել ազգային վերելքի այնպիսի միջավայր, որի նմանը հայ ժողովուրդը վերջին հազարամյակում չէր տեսել։ Հենց այդ ժամանակաշրջանում Հայաստանը կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության և քաղաքաշինության այնպիսի բարձունքներ նվաճեց, որոնք դարեր շարունակ անհասանելի էին թվացել մեր ժողովրդին։ Հայկական դպրոցը հեղինակություն ուներ, համալսարանը՝ արժանապատվություն, գիտնականը՝ հանրային հարգանք, մշակույթը՝ ազգային առաքելություն։ Երևանը ոչ միայն վարչական կենտրոն էր, այլև մտքի, արվեստի և ստեղծարար ուժի քաղաք։

Այդ տարիներին Հայաստանը կառուցում էր ոչ միայն գործարաններ ու ճանապարհներ, այլև մարդ։ Կերտվում էր այն հայը, որն իր լեզվով չէր ամաչում խոսել, իր գրականությունը չէր արհամարհում, իր մշակույթը չէր փոխարինում օտար շղարշներով։ Եվ որքան էլ փորձեն այսօրվա «նորաձև» եվրոպամետները այդ ամբողջ շրջանը ներկայացնել միայն սառը գաղափարախոսական, ծաղրական և նվաստացուցիչ գույներով, փաստը մնում է փաստ․ այդ Հայաստանը ստեղծում էր ազգային արժանապատվություն և հոգևոր հենարան։

Բայց ահա եկավ անկախությունը, և մենք, հարբած ազատության և անկախության պատրանքով, հավատալով քաղաքական աճպարարներին, սկսեցինք անխնա քանդել այն ամենը, ինչ տասնամյակներով կառուցվել էր։ Մեր գործարանները լռեցին, գիտությունը դարձավ աղքատ ազգականի պես մոռացված, կրթությունը՝ ձևականություն, մշակույթը՝ շուկայական աղմուկի հավելում։ «Ազատությունը» մեր շուրթերին հրաժարվեցինք պատասխանատվությունից, իսկ անկախության դրոշի ներքո՝ ազգային կարգապահությունից ու պետական մտածողությունից։

Եվ երբ ժողովուրդը տարիներով ապրում է այդպիսի հոգևոր քայքայման մեջ, երբ պետությունը կորցնում է իր ներքին իմաստը, երբ հասարակությունը վարժվում է ցածր ճաշակին, անպատասխանատվությանը և քաղաքական մակերեսայնությանը, անխուսափելիորեն ծնվում են այնպիսի երևույթներ, որոնք այլ ժամանակներում պարզապես անհնար էին թվում։ Այդպես իրականություն դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ որպես երկարատև ազգային և հոգևոր անկման տրամաբանական հետևանք։

Նիկոլ Փաշինյանի կառավարումը ոչ միայն չկառուցեց այն Հայաստանը, որի մասին խոսվում էր 2018-ի «թավշյա հեղափոխության» օրերին, այլ ընդհակառակը՝ արագացրեց հասարակության ներքին քայքայումը։ Մարդիկ հոգնել են ոչ միայն սոցիալական դժվարություններից, այլ առաջին հերթին՝ մշտական թշնամանքի, բաժանման, ատելության և անվստահության մթնոլորտից։ Մի ամբողջ ժողովուրդ աստիճանաբար վարժեցվեց այն մտքին, թե ազգային պարտությունը կարելի է ներկայացնել որպես քաղաքական իրատեսություն, պետական նվաստացումը՝ որպես խաղաղություն, իսկ ազգային հիշողությունից հրաժարումը՝ որպես առաջադիմություն։

Երբ երկրի ղեկավարն այլևս չի խոսում ուժեղ Հայաստանի, մրցունակ պետության, ազգային արժանապատվության մասին, այլ անընդհատ հասարակությանը բաժանում է «նախկինների» և «ներկաների», «ղարաբաղցիների» և «հայաստանցիների», այդ ժամանակ պետությունը դադարում է լինել համազգային տուն։

Ամենասարսափելին, սակայն, նույնիսկ քաղաքական սխալները չեն։ Պատմությունը լի է անհաջող կառավարություններով, պատերազմներով ու կորուստներով։ Բայց ժողովուրդները կարողանում են վերականգնվել, երբ պահպանված է նրանց ներքին հավատը, ազգային ինքնագիտակցությունը, հոգևոր կորիզը։ Մեր ողբերգությունն այսօր այն է, որ հարվածի տակ է հենց այդ հոգևոր հիմքը։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է աստիճանաբար արժեզրկվում լեզուն, ինչպես է մշակույթը վերածվում ձևականության, ինչպես է հետապնդվում ոչնչացման միտումով Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես է կրթությունը կորցնում իր առաքելությունը, իսկ հանրային կյանքը՝ իր բարոյական չափանիշները։ Հասարակությանը սովորեցնում են ապրել կարճ պատմական հիշողությամբ, առանց պատասխանատվության, առանց ազգային նպատակների, առանց մեծ երազանքի։

Եվ հենց այստեղ է, որ Տերյանի «Հոգևոր Հայաստանի» գաղափարը դառնում է ազգային գոյատևման հրամայական։

Որովհետև Հայաստանը չի կարող փրկվել միայն արտաքին դաշինքներով, տնտեսական ծրագրերով կամ քաղաքական տեխնոլոգիաներով։ Ազգը չի ապրում միայն սահմաններով ու պետական ինստիտուտներով։ Ազգը ապրում է իր ներքին հոգևոր կամքով։ Եթե այդ կամքը մեռնում է, եթե ժողովուրդը կորցնում է իր հավատը սեփական արժեքների հանդեպ, ապա նույնիսկ ամենահզոր բանակն ու ամենահարուստ բյուջեն չեն կարող փրկել պետությունը։

Հոգևոր Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ հայ մարդը չի ամաչում իր լեզվից, իր պատմությունից, իր հավատից ու մշակույթից։ Այն Հայաստանը, որտեղ կրթական հաստատությունը ոչ թե դիպլոմ բաժանող կառույց է, այլ ազգային մտածողության դարբնոց։ Այն Հայաստանը, որտեղ իշխանությունը հասարակությանը չի ստորացնում, այլ բարձրացնում է նրա արժանապատվությունը։ Այն Հայաստանը, որտեղ ոստիկանը ոչ թե ընդդիմադիր ծեծող է, այլ օրենքի և հանրային համերաշխության պահապանն է։ Այն Հայաստանը, որտեղ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե վախի և ատելության, այլ ազգային նպատակների շուրջ։

Սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում նման Հայաստանը չի կարող իրականություն դառնալ։ Որովհետև անհնար է կառուցել Հոգևոր Հայաստան այն իշխանության օրոք, որը հասարակության մեջ սերմանում է բաժանում, անվստահություն, որը ոտնահարում է հայ մարդու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։ Անհնար է վերականգնել ժողովրդի ներքին ուժը, երբ պետական խոսքը մշտապես արդարացնում է թուլությունը, պարտությունը, հայ ժողովրդի պատմության մոռոցումը և Արցախի ուրացումը։

Տերյանը գրում էր, որ «նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է»։ Այս նախադասությունը այսօր հնչում է գրեթե մարգարեական ուժով։ Մենք կարող ենք վերականգնել ճանապարհներ, շենքեր, տնտեսություն։ Բայց եթե կորցնենք մեր ազգային հոգևոր արժեքների մնացորդները, եթե չկարողանանք վերականգնել այս անկախության տարիներին կորցրածը, եթե չկարողանանք կերտել Հոգևոր Հայաստանը, ապա շատ կարճ ժամանակահատվածում կկորցնենք նաև մեր պետականության մնացորդները։

Եվ ահա այսօր, այս խավար ժամանակներում, երբ Հայաստանը կրկին կանգնած է պատմական ընտրության առջև, մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային վերածնունդ։ Մեզ անհրաժեշտ է վերադարձ դեպի Հոգևոր Հայաստան՝ դեպի այն արժեքները, որոնք դարերով օգնել են մեր ժողովրդին անցնել պատմության ամենադաժան փորձությունների միջով։

Իսկ այդ վերածնունդը, այդ Հոգևոր Հայաստանի վերակենդանացումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը իր ամբողջ ներքին կամքով, իր պատմական հիշողության խորքից ելնող բնազդով մերժի այն արատավոր ու քայքայիչ երևույթը, որը այսօր մարմնավում է Նիկոլ Փաշինյանը։