ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԸ. «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»-Ի ՏԵՍԱԿԵՏԸ

Հայ-ռուսական հարաբերությունների հարցը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Տարածաշրջանային ցնցումների, Արցախի կորստի և Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության ֆոնին՝ ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ գործող իշխանություններն ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման համար։ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակել է հոդված, որտեղ մանրամասն ներկայացված է հենց այս տեսակետը։

Ինչպես գրում է «Գոլոս Արմենիի»-ն.

«Մեզ մեղադրում են չափազանցելու մեջ, երբ ասում ենք, որ Փաշինյանը մարդ-խնդիր է։ Բայց, համաձայնեք, պետք է օժտված լինել Փաշինյանի հազվագյուտ «տաղանդներով», որպեսզի այսպես փչացնես հայ-ռուսական հարաբերությունները…

Անկախ հայկական պետությունը ձևավորվեց դժվարին պայմաններում՝ ԽՍՀՄ փլուզում, երկրաշարժ, Արցախյան պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, փախստականներ։ Մոսկվայի աջակցությամբ հաջողվեց ամեն բան հաղթահարել։ 1994 թվականին Արցախում խաղաղություն հաստատվեց, վերագործարկվեց ՀԱԷԿ-ը, տնտեսությունը սկսեց վերականգնվել, միջազգային կապերն ընդլայնվեցին: 2018-ին եկավ Փաշինյանը։ Ընդամենը երկու տարի պահանջվեց Արցախյան հակամարտությունը պատերազմի հասցնելու համար։ Այո՛, Ալիևն ագրեսոր է, նա խախտեց խաղաղ կարգավորման պարտավորությունը, բայց Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի հեշտացնի Ալիևի ագրեսիան՝ սկսելով «սեփական կետից»…

Փորձո՞ւմ էր Մոսկվան կանխել պատերազմը։ Միջնորդների անունից կողմերին առաջարկվել էր կարգավորման ծրագիր. Փաշինյանն ինչ-որ տեղ կորցրեց այն և երկար ժամանակ չէր գտնում։

Սկսվեցին ռազմական գործողությունները։ Ջանո՞ւմ էր Մոսկվան կանգնեցնել պատերազմը: Հոկտեմբերի կեսին կար իրական հնարավորություն, սակայն Փաշինյանը հրաժարվեց։ Ասում է՝ վախենում էր, որ իրեն դավաճան կանվանեն: Ավելի շուտ՝ պարզապես սպասում էր, թե երբ ադրբեջանցիները կվերցնեն Շուշին, չէ՞ որ Պուտինի առաջարկած ծրագրով քաղաքը պետք է մնար հայկական վերահսկողության ներքո։

Լավ, թե վատ, Արցախում, այնուամենայնիվ, խաղաղություն է հաստատվում, որն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ի՞նչ է անում Փաշինյանը։ Չէ՞ որ պետք է ինչ-որ կերպ խոչընդոտել, բարդացնել խնդրի լուծումը, նոր խնդիր ստեղծել… Եվ նա Մոսկվայի թիկունքում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ կասկածի տակ դնելով ռուսական խաղաղապահ զորակազմի՝ առանց այն էլ չհստակեցված կարգավիճակը, իրավունքներն ու ֆունկցիոնալ պարտականությունները: Օգտվելով Փաշինյանի հայտարարությունից՝ Ալիևը սկսում է Լաչինի միջանցքի շրջափակումը. չէ՞ որ դա իր տարածքն է, Փաշինյանն է ճանաչել… Արցախում սկսվում են սովի օրեր։

Փորձո՞ւմ է Մոսկվան որևէ բան փոխել։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար առաջարկվում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնման ծրագիր. Արցախը հայկական պահելու վերջին փորձը: Փաշինյանը հրաժարվում է:

Այդ ժամանակից ի վեր պաշտոնական Երևանն իր բոլոր ձախողումների մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Ընդ որում, հանուն Ալիևի լուծարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հրաժարվում է ճանաչել արցախցի փախստականների վերադարձի իրավունքը, սառեցնում է Երևանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, «ԿԳԲ-ի գործակալների» ու հոգևորականների որս է սկսում…

Այնուհետև ամերիկացիներին իրավունք է տալիս վերահսկել Հայաստանով անցնող ՙադրբեջանական միջանցքը՚ և հանրապետության հանքային պաշարները: Հայաստանում լայն թափ է ստանում իշխանությունների կողմից հրահրվող և խրախուսվող ռուսատյացությունը, պետական քարոզչամիջոցները միայն դրանով են զբաղված, ինչն իր գագաթնակետին է հասնում ընտրական փուլում:

Զարմանալի՞ է արդյոք, որ ի վերջո Մոսկվան հոգնեց հետևել, թե ինչպես է Հայաստանը քայլ առ քայլ վերածվում Ռուսաստանի դեմ Արևմուտքի մեծ խաղի գործիքի։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճում է ԵԱՏՄ-ին անդամակցության և հայկական արտահանման համար ռուսական շուկայի հասանելիության հաշվին։ Ապրիլի 1-ին Պուտինը քաղաքավարի կերպով զգուշացրեց, բայց Փաշինյանը ձևացրեց, թե ոչինչ չի հասկացել… Եվ ահա Լավրովն արդեն հայտարարում է, որ շուտով Հայաստանին դուրս կշպրտեն ՀԱՊԿ-ից, իսկ հաջորդը հերթում ԵԱՏՄ-ն է։ Ադրբեջանի հետ պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանը փաստացի ներքաշեց Մոսկվայի հետ հակադրության մեջ։ Հակադրության, որի պայմաններում տնտեսական վնասն անխուսափելի է։ Առաջին փուլում՝ տնտեսական, իսկ հնարավոր այլ հետևանքների մասին ավելի լավ է լռել…

Արդյո՞ք այսքանով կանգ կառնի մարդ-խնդիրը։ Հազիվ թե։ Դեռ շատ բան կա, որ կարելի է անել Հայաստանը թուլացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու Փաշինյանի հաջորդ թիրախը կդառնա Իրանը»։

Հանրային տրիբունալի եզրակացությունը

Հանրային տրիբունալը համարում է, որ ներկայացված փաստերը և Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումների հաջորդականությունը վկայում են Հայաստանի Հանրապետության ազգային շահերին համակարգված վնաս հասցնելու մասին։ Խոսքը վերաբերում է ոչ թե առանձին սխալներին կամ վրիպումներին, այլ գործողությունների մի ամբողջ շղթայի, որոնց հետևանքը դարձան Արցախի կորուստը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների քայքայումը, պետության արտաքին քաղաքական դիրքերի թուլացումն ու երկրի անվտանգության սպառնալիքների աճը։

Հանրային տրիբունալի գնահատմամբ՝ հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է նպաստել տարածշրջանային ճգնաժամի խորացմանը, դաշնակցային մեխանիզմների թուլացմանը, որոնց վրա տասնամյակներ շարունակ հենվել է հայկական պետականությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության ու ինքնիշխանության համար նոր ռիսկերի ստեղծմանը։ Ազգային անվտանգության ամրապնդման փոխարեն երկրի ղեկավարությունը հետևողականորեն Հայաստանը տարել է դեպի միջազգային մեկուսացում և սեփական շահերի պաշտպանության կարևոր լծակների կորուստ։

Հանրային տրիբունալը հանգում է եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը կրում է ուղղակի քաղաքական և քրեական պատասխանատվություն որոշումների համար, որոնք ծանրագույն հետևանքներ ունեցան հայ ժողովրդի և պետության համար։ Այդ որոշումները պետք է արժանանան ոչ միայն հանրային, այլև իրավական գնահատականի՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակներում։