ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ասում են՝ մարդը կարող է փոխել իր կարծիքը։ Իհարկե կարող է։ Բայց երբ պետական մարմնի ղեկավարը երեք օր առաջ հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում տեղի ունեցածի մեջ, իսկ երեք օր անց նույն երևույթը հանկարծ դառնում է ընտրությունների արդյունքների վրա ազդող ծանր խախտում, արդեն գործ ունենք ոչ թե կարծիքի փոփոխության, այլ մի շատ հետաքրքիր քաղաքական մետամորֆոզի հետ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ ընտրական մարմին չէ, այլ կրկես, որտեղ քաղաքական աճպարարներն ամեն օր նոր Նիկոլ Փաշինյանի սցենարով ներկայացումներ են ցուցադրում։
Ընտրությունների հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը փաստացի արդարացնում էր զինվորների՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու հանգամանքը՝ ընդգծելով, որ նրանց ընտրական իրավունքից զրկելն ավելի մեծ խնդիր կլիներ։ Սակայն անցնում է ընդամենը մի քանի օր, և նույն ԿԸՀ-ն որոշում է, որ այդ հանգամանքն այնքան լուրջ է, որ պետք է անվավեր ճանաչվեն երկու ընտրատեղամասերի արդյունքներ։
Հանրային Տրիբունալի փորձագետների գնահատմամբ՝ այստեղ առաջնային հարցը նույնիսկ որոշման բովանդակությունը չէ, այլ դրա հիմնավորումների բացակայությունը։ Որտե՞ղ են այն նոր փաստերը, որոնք ստիպեցին ԿԸՀ-ին հրաժարվել սեփական դիրքորոշումից։ Որտե՞ղ են այն իրավական գնահատականները, որոնք երեք օր առաջ չկային, բայց հետո հանկարծ հայտնվեցին։ Երբ պետական մարմինը նման կտրուկ շրջադարձ է կատարում, նա պարտավոր է հանրությանը ներկայացնել սպառիչ բացատրություն։ Հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ որոշումները ծնվում են ոչ թե իրավական վերլուծությունից, այլ քաղաքական անհրաժեշտությունից։
Առավել ուշագրավ է որոշման քաղաքական հետևանքը։ Այդ երկու տեղամասերի արդյունքների չեղարկումը ուղղակի ազդեցություն ունեցավ մանդատների բաշխման վրա։
Անվավեր ճանաչված երկու տեղամասերի արդյունքների հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց ավելի քան երկու հարյուր ձայն։ Ընդդիմության համոզմամբ՝ պատահական չէ նաև այն, որ ընտրվել էին հենց այն տեղամասերը, որտեղ ԲՀԿ-ն համեմատաբար բարձր արդյունքներ էր գրանցել։
Ընդ որում, հրապարակված տեղեկությունների համաձայն, զինվորների ուշացած քվեարկության դեպքեր արձանագրվել էին նաև այլ տեղամասերում։ Այդուհանդերձ, ԿԸՀ-ի խիստ մոտեցումը տարածվեց ոչ թե բոլոր նման դեպքերի, այլ բացառապես երկու կոնկրետ տեղամասերի վրա։
Եթե սա իսկապես իրավական գործընթաց էր, ապա ինչո՞ւ նույնատիպ իրավիճակներում հայտնված մյուս տեղամասերի նկատմամբ նույն մոտեցումը չկիրառվեց։ Ընտրովի արդարադատության տպավորությունն այս դեպքում դժվար է հերքել, որովհետև իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը համաչափությունն ու հավասար կիրառումն է։ Օրենքը չի կարող գործել ինչպես լուսարձակը թատրոնի բեմում՝ լուսավորելով միայն այն հատվածը, որը տվյալ պահին հետաքրքրում է բեմադրողին։
Ավելին, ընդդիմադիր ուժերը պնդում են, որ վերահաշվարկների արդյունքում արդեն իսկ վերականգնվել էին հարյուրավոր ձայներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ մանդատների բաշխման վրա։ Այդ պայմաններում ԿԸՀ-ի հապճեպ որոշումը ընտրական գործընթացին ուղիղ քաղաքական միջամտություն է։
Իրականությունը այն է, որ ԲՀԿ-ի խորհրդարան մուտք գործելու պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր կորցնել իր համար կենսական նշանակություն ունեցող սահմանադրական մեծամասնությունը։ Իսկ դա նշանակում է, որ այլևս չէր կարող միայնակ ընդունել մի շարք առանցքային որոշումներ կամ նշանակումներ։ Հենց այս հանգամանքն հիմք տալիս պնդելու, որ ԿԸՀ-ն գործում է ոչ թե օրենքի, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական շահերի տրամաբանությամբ։
Տպավորիչ էր նաև որոշման ընդունման եղանակը։ Ի՜նչ երկար քննարկումներ, ի՜նչ բաց հանրային բանավեճ, ի՜նչ մանրամասն հիմնավորումների ներկայացում։ Բավական էր արտահերթ նիստ՝ ուշ երեկոյան ժամերին։ Կարծես ինչ-որ մեկը շտապում էր փակել մի դուռ, նախքան հասարակությունը կհասցներ մոտենալ ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում ներսում։ Ահա «թավշյա հեղափոխության» բերած ժողովրդավարության իրական դեմքը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ իր քաղաքական լեգիտիմությունը կառուցել է մեկ հիմնարար թեզի վրա՝ նախկին մեխանիզմները վերացված են, իսկ պետական ինստիտուտները ծառայում են բացառապես օրենքին։ Սակայն պետական կառույցների նկատմամբ վստահությունը պահպանվում է ոչ թե կարգախոսներով, այլ վարքագծով։
Եվ Փաշինյանի ներկա վարքագիծը ապացուցում է մեկ պարզ ճշմարտություն՝ 2018-ին նա նենգաբար խաբել էր հայ ժողոցրդին։


