ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԱՎՇՅԱ» ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԵՐՈՍԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Կան բաներ, որոնք անհնար է կարդալ առանց գարշանքի: Ոչ թե որովհետև զարմացնում են: Նիկոլական Հայաստանում այլևս զարմանալու ոչինչ չկա: Այլ որովհետև յուրաքանչյուր նման դեպք ևս մեկ ապացույց է իշխանության վերջնական բարոյալքման, որը պետությունը վերածել է վրեժխնդրության, նվաստացման և հաշվեհարդարի գործիքի այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին իսկապես ծառայել են այս երկրին:
Ֆելիքս Գաբրիելյանին՝ մարդ, ում անունը տասնամյակներ շարունակ կապված է եղել հայկական բանակի, Արցախի, պատերազմի, պետականաշինության հետ, այսօր փաստացի փողոց են նետում։ Նույն Ֆելիքս Գաբրիելյանին, ով եղել է Արցախի զինվորական կոմիսար, Պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի պետ, ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի բնապահպանության նախարար, նախագահի խորհրդական, ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր, ով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Մի մարդու, ով պատերազմում կորցրել է եղբորն ու հորը։

Հիմա նրան ասում են. ազատեք 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը՝ «հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։
Ինչպիսի զարմանալի պետական ջանասիրություն։ Ինչպիսի սկզբունքայնություն։ Ինչպիսի հանկարծահաս սեր դեպի օրինականությունը:
Եվ այս ամենը մի մարդու նկատմամբ, ով տասնամյակների ծառայության ընթացքում իր համար պալատներ չի կառուցել, Դուբայում առանձնատներ ձեռք չի բերել, հարազատների անուններով հյուրանոցներ, բենզալցակայաններ ու շինարարական ընկերություններ չի գրանցել։ Պետական պաշտոնը չի վերածել ընտանեկան բիզնեսի։ Միլիոնատեր չի դարձել։ Երևանի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր չի դարձել:
Ըստ երևույթին, հենց սա է նրա գլխավոր մեղքը:
Նա չէր պատկանում քաղաքական դիակապուտների այն նիկոլյան տեսակին, որոնց համար իշխանությունը բացառապես հարստանալու միջոց է։ Նա մաս չէր կազմում այդ մարդկանց ոհմակի, ովքեր երկրի կառավարմանը հասան առանց կենսագրության, առանց վաստակի, առանց զոհողությունների, բայց փողի, բնակարանների, դրամաշնորհների, պաշտոնների և սեփական հարմարավետության սպասարկման անհագ ախորժակով։

Ներկայիս Հայաստանի պարադոքսն այն է, որ որքան շատ բան է մարդ արել երկրի համար, այնքան ավելի քիչ է պաշտպանված։ Եվ հակառակը՝ որքան բարձր է գոռացել հրապարակներում, որքան ակտիվորեն է քանդել պետությունը, որքան փութաջանորեն է սպասարկել կապիտուլյացիան, այնքան ավելի հարմարավետ ու հարուստ է այսօր նրա կյանքը:
Ֆելիքս Գաբրիելյանը չի սեփականաշնորհել բնակարանը։ Ինչպես իր սերնդի շատ մարդիկ, նա, հավանաբար, պարզապես հարկ չի համարել ծառայողական բնակարանը վերածել անձնական հարստացման միջոցի։ Նա ծառայել է։ Կռվել է։ Աշխատել է։ Կատարել է պարտքը։ Մինչդեռ մյուսներն այդ ընթացքում զբաղված էին անխտիր ամեն ինչ սեփականաշնորհելով՝ գործարաններ, հողեր, պաշտոններ, պետություն:
Արցախի դավաճանական հանձնումից հետո Ֆելիքս Գաբրիելյանը բառացիորեն մնաց կոտրած տաշտակի առաջ։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Արցախին, նրա բանակին, նրա պետականությանը, կորցրեց ամեն ինչ։ Կորցրեց Հայրենիքը, որի համար մարտնչել էր, որին ծառայել էր տասնամյակներ շարունակ, որի համար վճարել էր սեփական առողջությամբ և իր ընտանիքի արյամբ՝ հոր կյանքով, եղբոր կյանքով։ Կորցրեց տունը, ունեցվածքը, իր կյանքի ամբողջ հենարանը:
Եվ հիմա իշխանությունը, որը չկարողացավ պաշտպանել ո՛չ Արցախը, ո՛չ ժողովրդին, բյուրոկրատական սառնասիրտ ցինիզմով փորձում է նրանից խլել վերջինը՝ գլխավերևի տանիքը։
Հատկապես նողկալի է ոչ թե ինքնին որոշումը, այլ դրա խորհրդանշական լինելը: Սա ցուցադրական հաշվեհարդար է մարդկանց մի ամբողջ սերնդի նկատմամբ, որոնց համար «պատիվ», «ծառայություն», «Արցախ», «բանակ» բառերը դատարկ հնչյուն չէին։ Իշխանությունը կարծես վրեժխնդրության բերկրանքով ցույց է տալիս՝ ձեր դարաշրջանն ավարտվել է։ Ձեր զոհողություններն այլևս ոչինչ չեն նշանակում։ Ձեր վաստակը գրոշի արժեք չունի:
Ֆելիքս Գաբրիելյանն ապրել է սպայի և պետական ծառայողի կյանքով ու մնացել է մի մարդ, ում միակ գույքը 60 քառակուսի մետր մակերեսով համեստ ծառայողական բնակարանն է։ Նա հարուստ չի դարձել ոչ թե այն պատճառով, որ մյուսներից հիմար էր, այլ այն պատճառով, որ ազնվորեն ծառայել է երկրին, այլ ոչ թե ինքն իրեն։ Եվ հենց այսպիսի մարդիկ են այսօր առանձնապես ատելի «թավշյա հեղափոխականների» համար։
Նիկոլական իշխանության համար վտանգավոր չեն կոռուպցիոներներն ու սրիկաները։ Վտանգավոր են այն մարդիկ, որոնց կողքին սեփական ոչնչությունը առանձբապես ակնհայտ է դառնում։
Կարևոր տեղեկություն։
Հասարակական Տրիբունալի կայքում բացվել է Արցախի բնակիչների նյութական կորուստների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաթուղթը։
Խնդրում ենք այն Արցախի բնակիչներին, ովքեր 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի զավթման հետևանքով կորցրել են իրենց գույքը՝ անշարժ կամ շարժական ունեցվածք, կամ այլ նյութական արժեքներ, լրացնել տվյալ ձևաթուղթը և տրամադրել համապատասխան տեղեկատվություն։
Ձևաթուղթը տեղադրված է կայքի գլխավոր էջում։ Այն գտնելու համար անհրաժեշտ է էջը պտտել դեպի ներքև։
Սա անհրաժեշտ է կրած կորուստների վերաբերյալ տվյալների համակարգման, ընդհանուր պատկերի ձևավորման և հետագա վնասների փաստագրման համար։
Խնդրում ենք տեղեկատվությունը ներկայացնել հնարավորինս մանրամասն և հավաստի՝
— կորսված գույքի տեսակը,
— գտնվելու վայրը,
— մոտավոր արժեքը (եթե հնարավոր է),
— կորստի լրացուցիչ հանգամանքները,
Յուրաքանչյուր դիմում կարևոր է։


