ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԴՈՒՆԴԸ
Ծանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի հանգամանք․ կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենա՞լու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Այսպիսով, իշխանությունն ու մարդիկ հաճախ ապրում են երկու բոլորովին տարբեր իրականություններում։
Եվ որքան ավելի տպավորիչ են դառնում իշխանական հաշվետվությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ երկու իրականությունների միջև բացված անդունդը։
ՄԱՐԴԸ՝ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Ութսունամյա Էլեոնորան, որը Ստեփանակերտում շուրջ կես դար աշխատել է որպես դեղագործ, այսօր Հայաստանի իշխանություններից ընդամենը մեկ սենյակ է խնդրում, որպեսզի կարողանա իր թոշակով ապրել։ Նա տասներկու օր գիշերել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի միջանցքի նստարաններին՝ ծանր հիվանդ որդու կողքին։ Այժմ ընտանիքը զրկվելու վտանգի տակ է հայտնվել նաև ժամանակավոր կացարանից։ Կնոջ պատմությունը 2026 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակել է «5-րդ ալիքը»։
Ստեփանակերտում Էլեոնորան շուրջ հիսուն տարի աշխատել է դեղատանը։ Ժամանակին, երբ քաղաքում շուրջօրյա գործող այլ դեղատուն չկար, իր դեղատունը բաց էր գիշեր ու ցերեկ։ Սակայն բռնի տեղահանումից հետո մասնագիտական այդ ամբողջ փորձը գրեթե ոչ մեկին պետք չեկավ։ Կինը աշխատանք էր փնտրում, պատրաստ էր նույնիսկ հավաքարար աշխատել, բայց տարիքի պատճառով մերժում էին։ Հիսուն տարի աշխատանքին նվիրած մարդը նոր կյանքում իր տեղը չգտավ անգամ ամենահամեստ աշխատանքը կատարելու համար։
Սկզբում ընտանիքը բնակարան էր վարձակալում՝ ամսական 150 հազար դրամով։ Հետո տանտերը վարձավճարը բարձրացրեց՝ հասցնելով 200 հազարի, և այդ գումարն արդեն անհնար էր վճարել։ Էլեոնորայի հիսունամյա որդին մասնակցել է երեք պատերազմի։ Ծանր թոքաբորբով և սրտային անբավարարությամբ հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա տասներկու օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ ամբողջ ընթացքում մայրը գիշերել է հիվանդանոցի նստարաններին։ Այժմ որդին չի կարողանում ինքնուրույն քայլել, վերականգնողական բուժման կարիք ունի, սակայն ընտանիքը բուժման ծախսերը հոգալու միջոցներ չունի։ Օգնության ձեռք է մեկնել մի երիտասարդ կին։
Էլեոնորան դիմել է Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովին՝ խնդրելով հանրակացարանում գոնե մեկ սենյակ հատկացնել, որտեղ կկարողանա ապրել իր թոշակով։ Նրա խոսքով՝ կամ պատասխան չի ստացել, կամ մերժում է ստացել։ Քաղաքացիություն ստանալու գործընթացն էլ հարթ չի ընթացել․ կնոջը մի գերատեսչությունից մյուսն են ուղարկել՝ բյուրոկրատական քաշքշուկի մեջ գցելով։
Այս պատմության մեջ կա այն ամենը, ինչ սովորաբար տեղ չի գտնում կառավարության հաշվետվություններում՝ անօթևան մնացած տարեց կին, ծանր հիվանդ որդի, վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գումարի բացակայություն, աշխատանք գտնելու անհնարինություն և պետական մարմիններին ուղղված անպատասխան դիմումներ։ Իսկ պաշտոնական հաշվետվության մեջ Էլեոնորան, ամենայն հավանականությամբ, կհայտնվի որպես բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներից մեկը, որի վրա տարածվում են աջակցության այս կամ այն ծրագրերը։ Բայց այդպիսի ձևակերպումների տակ կորչում է ամենակարևորը՝ կոնկրետ մարդու ճակատագիրը։
ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԲՆԱԿԱՐԱՆ ՉԷ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բնակարանային ծրագիրը ներկայացնում է որպես արցախցիների ինտեգրման հիմնական միջոցներից մեկը։ Սակայն հենց այս ծրագիրն է առավել ցայտուն բացահայտում պետական հաշվետվությունների թվերի և մարդկանց ակնկալած իրական արդյունքների միջև եղած անդունդը։
2026 թվականի սեպտեմբերի 24-ին «Ազատությունը» հրապարակել է Օքսանա Շահամիրյանի և Սևակ Հարությունյանի պատմությունները։ Օքսանայի ընտանիքը Արցախից հեռանալիս թողել է տունը, այգիները, ավտոմեքենաներն ու աշխատանքը։ Դիլիջանում երեք տարի վարձով ապրելուց հետո նա բնակարան ձեռք բերելու համար պետությունից ստացել է 20 միլիոն դրամի հավաստագիր։ Սակայն երեք ամիս շարունակ ընտանիքին չի հաջողվել ավարտին հասցնել գործարքը․ հիվանդ սկեսրոջ անունից փաստաթղթերը ստորագրելու համար անհրաժեշտ է եղել դատարանի թույլտվությունը։ Այդ ամբողջ ընթացքում ընտանիքը ստիպված է եղել շարունակել վարձավճար վճարել, իսկ եկամուտը հազիվ էր բավականացնում առօրյա ծախսերին։ Օքսանան պատմել է նաև, որ Արցախում հացի արտադրամասում աշխատելու դիմաց ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, քան Հայաստանում։
Սևակ Հարությունյանը Արցախից հեռացել է 25 տարեկանում։ Հայաստանում երիտասարդ ընտանիքում երեխա է ծնվել, սակայն քաղաքացիության ձևակերպման գործընթացը դեռ չավարտված լինելու պատճառով ծնողները չէին կարողանում օգտվել բնակարանային ծրագրից։ Փաստաթղթերը ստանալուց հետո ընտանիքին հասանելի էր դառնալու 12 միլիոն դրամի հավաստագիր։ Բայց, Սևակի խոսքով, այդ գումարը բավարար չէ երեք հոգանոց ընտանիքի համար բնակարան գնելու համար՝ առանց վարկի դիմելու։ Նա Հայաստանում նոր հացի արտադրամաս է հիմնել՝ Արցախում թողած ձեռնարկության փոխարեն։ Արտադրության ծավալների տարբերությունը զգալի է․ նախկինում օրական օգտագործում էին ալյուրի քսան պարկ, այժմ՝ ընդամենը մեկ-երկուսը։
Մեկ այլ օրինակ է ներկայացրել «Ազատությունը» 2026 թվականի փետրվարի 4-ին։ Արթուր Բաբայանից մեկուկես տարի է պահանջվել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պետական մարմինները նրանից պահանջել են ծնողների ամուսնության վկայականը, թեև հայրը 1988 թվականին սպանվել էր Սումգայիթում, իսկ մայրն արդեն 75 տարեկան էր։ Ամուսնության փաստը ստիպված են եղել հաստատել դատական կարգով։ Քաղաքացիություն ստանալուց հետո նոր խնդիր է առաջացել․ բնակարանի վաճառողը պահանջել է 17 միլիոն դրամ, մինչդեռ բանկի գնահատողը դրա արժեքը գնահատել է ընդամենը 11,5 միլիոն։ Ի վերջո բնակարանը վաճառվել է 18 միլիոն դրամով։ Մյուս տարբերակն ուսումնասիրելիս էլ բանկի գնահատած արժեքը վաճառողի պահանջած գնից 5,5 միլիոն դրամով պակաս է եղել։ Բաբայանի խոսքով՝ իրեն առաջարկել են վարկ վերցնել կամ ոսկին գրավ դնել։
Ծրագրի այս օրինակներն ի ցույց են դնում դրա էական առանձնահատկությունը։ Պետությունը հավաստագիր է տրամադրում, բայց դրա շահառուն ինքնուրույն պետք է հաղթահարի պետական աջակցության չափի և բնակարանների շուկայական գների միջև եղած տարբերությունը։ Եթե գործարքը կանգ է առնում փաստաթղթային խնդիրների պատճառով, դիմիր դատարան։ Եթե բանկի գնահատած արժեքը ցածր է վաճառողի պահանջած գնից, գտիր պակասող գումարը։ Եթե ընտանիքի անդամները Հայաստանի քաղաքացիություն չունեն, բնակարանային ծրագրից օգտվելը հետաձգվում է։ Այսպիսով, թղթի վրա օգնությունը տրամադրված է, բայց բնակարան ձեռք բերելու խնդիրը շարունակում է մնալ ընտանիքի ուսերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել 8643 ընտանիք, սակայն դրանցից օգտվել է ընդամենը 4911-ը։ Այսինքն՝ այդ օրվա դրությամբ տրամադրված 3732 հավաստագիր դեռևս իրացվել չէր։ 2023 թվականից ի վեր Արցախի բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիարդ դրամ։ Բնակարանային ծրագրին մասնակցելու պարտադիր պայման է ընտանիքի բոլոր անդամների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը։
Իշխանությունները կարող են որպես կատարված աշխատանքի ցուցանիշ վկայակոչել տրամադրված հավաստագրերի թիվը։ Բայց հավաստագիրը բնակարան չէ, իսկ հատկացված գումարները դեռ չեն նշանակում, որ մարդկանց բնակարանային խնդիրը լուծված է։ Քանի դեռ ընտանիքը չի գնել բնակարան և հնարավորություն չի ստացել այնտեղ ապրելու, նրա համար ծրագիրը մնում է անկատար։ Ահա այսպես է դրսևորվում տարբերությունը գերատեսչական հաշվետվության և իրական կյանքում հայտնված մարդու դրության միջև։
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՑ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Արցախցիների վիճակը աշխատաշուկայում պակաս խոսուն չէ։ Բռնի տեղահանումը մարդկանց զրկեց ոչ միայն տներից ու ունեցվածքից։ Շատերը կորցրին աշխատանքը, սեփական ձեռնարկությունները, մասնագիտական կապերն ու տարիներով ձևավորված տնտեսական միջավայրը։ Հայաստանում նրանք ստիպված եղան եկամտի նոր աղբյուրներ փնտրել՝ հաճախ համաձայնելով այնպիսի աշխատանքի, որը ոչ մի կապ չուներ իրենց նախկին մասնագիտության հետ։
2025 թվականի փետրվարի 4-ին CivilNet-ը հրապարակել է Մարգարիտա Աբրահամյանի, Ռուզաննա Ասրյանի և Մարինե Խաչատրյանի պատմությունները։ Մարգարիտան տասնվեց տարի հայոց լեզու և գրականություն է դասավանդել, այնուհետև երեք տարի աշխատել բանկային համակարգում՝ որպես հաշվապահ։ Տեղահանությունից հետո դիմել է գործատուների, մասնակցել դասընթացների և վերապատրաստման ծրագրերի, սակայն այդպես էլ աշխատանք չի գտել։
Ռուզաննա Ասրյանը Արցախում ռուսաց լեզու և գրականություն էր դասավանդում։ Հայաստանում ստիպված է եղել նախ աշխատել հացի արտադրամասում, ապա՝ մթերային խանութում։ Մանկավարժությանը վերադառնալու համար նրանից պահանջվում էր հայոց լեզվի քննություն հանձնել, ինչպես նաև թեստավորում անցնել Սահմանադրության և Աշխատանքային օրենսգրքի իմացության վերաբերյալ։ Նա հրաժարվել է այդ հնարավորությունից, այդ թվում՝ ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով։ Մարինե Խաչատրյանը 58 տարեկան է։ Երեսուն տարի նա աշխատել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում՝ որպես գործավար։ Հայաստանում սկզբում ռեստորանում սպասք է լվացել, հետո աշխատանքի անցել հրուշակեղենի արտադրամասում։ Սակայն օրական տասնչորսժամյա աշխատանքը նրա ուժերից վեր է եղել։
Պետական եկամուտների կոմիտեի՝ պարբերականին տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2025 թվականի հունվարի 21-ը Հայաստանում վարձու աշխատող կամ պայմանագրային եկամուտ ստացող է գրանցվել Արցախից տեղահանված 28 737 մարդ։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերին նրանցից աշխատել է 21 824-ը։ Այսինքն՝ նախկինում գրանցված աշխատողների 6913-ն այդ ժամանակ արդեն դադարեցրել էր աշխատանքային գործունեությունը։ Պետական կառավարման հիմնարկներում աշխատել է 3032 տեղահանված, իսկ 2025 թվականի հունվարի 21-ի դրությամբ անհատ ձեռնարկատեր է գրանցված եղել 1415 արցախցի։
Այս թվերը ցույց են տալիս, որ աշխատանքի սկզբնական տեղավորումը դեռևս կայուն զբաղվածություն չի նշանակում։ Առավել ևս այն չի երաշխավորում նախկին եկամուտների վերականգնումը։
Վերլուծելով տեղահանվածների զբաղվածության վիճակը՝ Հայկ Խանումյանը ներկայիս ցուցանիշները համեմատել է նախապատերազմյան Արցախի տվյալների հետ։ Հանրապետության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Արցախի տնտեսապես ակտիվ բնակչությունը շուրջ 72 հազար մարդ էր։ Խանումյանի գնահատմամբ՝ 2026 թվականի մարտին Հայաստանում աշխատում էր մոտ 25 հազար արցախցի։ Նա մատնանշում է, որ գործող զբաղվածության ծրագրերն ընդգրկում են սահմանափակ թվով մարդկանց և միշտ չէ, որ երկարաժամկետ արդյունք են ապահովում։
HCAV-ի և Advanced Public Research Group-ի 2024 թվականին իրականացրած հետազոտությունը լրացնում է այս պատկերը։ Հարցմանը մասնակցած արցախցիների 42,9 տոկոսը հայտնել է, որ Հայաստանում աշխատանք ունի։ Միևնույն ժամանակ, 68,5 տոկոսը նշել է, որ այստեղ ավելի քիչ է վաստակում, քան Արցախում։ Հարցվածների 79,4 տոկոսը բնակարան էր վարձակալում։ Այս տվյալները պատկերացում են տալիս հարցմանը մասնակցած մարդկանց զգալի մասի առջև ծառացած դժվարությունների մասին։
Փաստորեն, աշխատանք ունենալը դեռևս նախկին ինքնուրույն կյանքը վերականգնել չի նշանակում։ Մարդը կարող է գրանցված աշխատող լինել, աշխատավարձ ստանալ, բայց միաժամանակ ի վիճակի չլինել բնակարան ձեռք բերել կամ ընտանիքը նախկին մակարդակով պահել։ Պետության համար սա կարող է աշխատաշուկայում ընդգրկվածության ցուցանիշ լինել։ Մարդու համար՝ հարկադրված հարմարում մի իրականության, որտեղ իր նախկին մասնագիտությունն ու տարիների աշխատանքային փորձն այլևս նախկին հնարավորությունները չեն տալիս։
ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԽՈՉԸՆԴՈՏ
Բնակարանի և աշխատանքի խնդիրներին գումարվում են փաստաթղթերը վերականգնելու և Հայաստանի քաղաքացիություն ստանալու դժվարությունները։ Որոշ դեպքերում մի ընթացակարգ, որը կոչված է ընդամենը հաստատելու մարդու արդեն իսկ գոյություն ունեցող իրավական կարգավիճակը, վերածվում է ամիսներ տևող փորձության։
2026 թվականի փետրվարի 20-ին CivilNet-ը պատմել է Անուշ Աբրահամյանի մասին, որը երեք ամսից ավելի փորձում էր վերականգնել ծննդյան վկայականը։ Ռուսերենով կազմված խորհրդային փաստաթղթում նրա ազգանունը սխալմամբ գրված էր «Աբրամյան»՝ «Աբրահամյան»-ի փոխարեն։ Սխալն ուղղելն այդքան էլ հեշտ չէր․ անհրաժեշտ էր վերականգնել ոչ միայն իր ծննդյան վկայականը, այլև ծնողների ծննդյան վկայականներն ու նրանց ամուսնության վկայականը։
Նույն հրապարակման մեջ ներկայացված է նաև 101-ամյա կնոջ պատմությունը։ Նրա ծննդյան վկայականը մնացել էր 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղում։ Փաստաթղթերը վերականգնելու համար նրանից պահանջել էին ծնողների ամուսնության վկայականը, որոնք ամուսնացել էին 1918 թվականին, ինչպես նաև նրանց ծննդյան կամ մահվան վկայականները։ Այդ փաստաթղթերն էլ էին մնացել գյուղում։ Անուշի մոր՝ քաղաքացիություն ստանալու դիմումի քննությունը ձգձգվել էր օրենքով սահմանված 90 աշխատանքային օրվանից ավելի։ Այդ ընթացքում ընտանիքը շարունակում էր վարձավճար վճարել այն տան համար, որը մտադիր էր գնել։
Միգրացիոն ծառայության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հնարավոր է վերականգնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջոցով։ Ծառայության կայքում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար գործում է պարզեցված ընթացակարգ, իսկ դիմումների քննության՝ օրենքով սահմանված ժամկետը 90 աշխատանքային օր է։ Միաժամանակ խոստացվում է հնարավորինս սեղմ ժամկետում քննել այն անձանց դիմումները, որոնք հարկադիր տեղահանությունից հետո ստացել են ժամանակավոր պաշտպանություն։
Սակայն պետական հիմնարկի միջոցով փաստաթուղթը վերականգնելու հնարավորությունն ինքնին դեռ չի լուծում բոլոր խնդիրները։ Ի՞նչ պետք է անի մարդը, եթե անհրաժեշտ փաստաթղթերը մնացել են մի գյուղում, ուր նա այլևս չի կարող հասնել։ Ինչպե՞ս կարող է 101-ամյա կինը ձեռք բերել ավելի քան մեկ դար առաջ ամուսնացած ծնողների ամուսնության վկայականը, եթե այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Օրենքը սահմանում է ընթացակարգը, բայց չի վերացնում այն հանգամանքները, որոնք այդ ընթացակարգի կատարումը դարձնում են անհնարին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ
2025 թվականի հունիսի 20-ին արցախցիների մի խումբ հավաքվել էր կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերականգնել սոցիալական աջակցության ծրագիրը։ Ցույցի մասնակից Անահիտը «Ազատությանը» պատմել էր, որ զրկվել է ամսական 40 հազար դրամ աջակցությունից, աշխատանք չունի և թոշակ էլ չի ստանում։ Նրա դուստրը միաժամանակ սովորում ու աշխատում էր, սակայն ընտանիքի եկամուտը միևնույն է չէր բավարարում բնակարանի վարձն ու առօրյա ծախսերը հոգալու համար։ Ցույցի մասնակիցները կառավարությանը փոխանցել էին բաց նամակ՝ պահանջելով շարունակել բնակվարձի աջակցության ծրագիրը՝ առանց տեղահանվածների տարբեր խմբերի միջև խտրականություն դնելու, և սկսել սոցիալական բնակարանների շինարարությունը։
2026 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարությունը երկարաձգել է սոցիալական աջակցության երկու ծրագիր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ տեղահանվածների որոշ խմբերի շահառուները վճարումները կշարունակեն ստանալ մինչև 2027 թվականի հունիսը։ Հունվարից մարտ ամիսներին ամսական աջակցությունը կկազմի 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս՝ 15 հազար դրամ։ Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին ծրագրից օգտվել է շուրջ 46 հազար մարդ։
Առանձին երկարաձգվել է նաև կարիքավոր ընտանիքներին տրամադրվող հրատապ աջակցության ծրագիրը․ բռնի տեղահանված ընտանիքի առաջին անդամին՝ 40 հազար դրամ, յուրաքանչյուր հաջորդ անդամին՝ 10 հազար դրամ։ Հոկտեմբերին այդ աջակցությունից օգտվել է 8600 ընտանիք։ Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով միջին ամսական եկամուտը չի գերազանցում 55 հազար դրամը։ Ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերը։
Օգնության երկարաձգումն, անշուշտ, անհրաժեշտ է նրանց համար, ովքեր այդ գումարով են գոյատևում։ Բայց այդ վճարումները ժամանակավոր են և նախատեսված են քաղաքացիների որոշակի խմբերի համար։ Դրանք չեն լուծում բնակարանային խնդիրը, մշտական աշխատանք չեն ապահովում և չեն հոգում վերականգնողական բուժման կարիք ունեցող մարդկանց ծախսերը։ Իսկ 2027 թվականի գարնանը ամսական աջակցության 30 հազարից 15 հազար դրամի կրճատումը նշանակում է, որ սեփական եկամուտը վերականգնել չկարողացած ընտանիքները հերթական անգամ զրկվելու են իրենց գոյատևման համար անհրաժեշտ գումարի մի մասից։
Հենց այստեղ է բացահայտվում Փաշինյանի կառավարության սոցիալական քաղաքականության հակասությունը։ Իշխանությունը խոսում է ինտեգրման, ինքնուրույնության և երկրի տնտեսական կյանքում արցախցիների ներգրավման մասին։ Բայց ինտեգրումը չի կարող կայանալ բյուրոկրատական քաշքշուկների և ժամանակ առ ժամանակ տրամադրվող չնչին նպաստների միջոցով։ Այն ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնցում մարդն ի վիճակի է սեփական աշխատանքով հոգալ իր կարիքները և կախված չէ ժամանակավոր աջակցության հերթական երկարաձգման մասին կառավարության որոշումից։ Եթե Հայաստանում արդեն մի քանի տարի ապրող ընտանիքը շարունակում է ի վիճակի չլինել վճարելու բնակարանի վարձը, իսկ տարեց մարդն իր տարիքի պատճառով աշխատանք չի գտնում, ապա ավարտված ինտեգրման մասին խոսելը պարզապես իրականության հետ կապ չունի։
Ո՞Վ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Արցախցիների և Հայաստանի իշխանությունների միջև օտարացման պատճառը միայն նյութական դժվարությունները չեն։ Գոյություն ունի նաև քաղաքական ներկայացվածության խնդիր, որն առնչվում է արցախցիների՝ սեփական ընդհանուր շահերը պաշտպանող և պետության հետ երկխոսություն վարող ներկայացուցիչներին ինքնուրույն ընտրելու իրավունքին։
2026 թվականի փետրվարի 3-ին CivilNet-ի հրապարակման մեջ նշվում է, որ զանգվածային տեղահանումից հետո Երևանի և Արցախի նախկին պետական կառույցների միջև պաշտոնական շփումները շարունակվել են ևս վեց-յոթ ամիս, ապա դադարել։ Այս մասին պատմել է բռնի տեղահանումից հետո Արցախի վտարանդի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ արցախյան կողմի դիմումներին ի պատասխան՝ ասել են, որ սոցիալական փաթեթը Հայաստանի իշխանությունների իրավասության ներքո է, և որոշումներն ընդունվելու են նրանց հայեցողությամբ։
Հայկ Խանումյանի կարծիքով՝ քաղաքական տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն շուրջ 150 հազար տեղահանված մարդկանց հետ երկխոսությանը։ Նա առաջարկել է կապ պահպանել համայնքների և գյուղերի ղեկավարների հետ, որոնք տեղյակ են բնակիչների վիճակին և կարող են իշխանություններին փոխանցել նրանց առջև ծառացած կոնկրետ խնդիրները։ Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ով կարող է իրենց ներկայացնել․ ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող ինքնաբերաբար ստանձնել այդ լիազորությունը։
Այս բանավեճում ակնհայտ է մոտեցումների էական տարբերությունը։ Հայաստանի իշխանությունները պնդում են պետական ինստիտուտների միասնականության սկզբունքը և չեն ընդունում Հայաստանի տարածքում իշխանության զուգահեռ համակարգի գոյության հնարավորությունը։ Սակայն Արցախի նախկին պետական կառույցների ճանաչումից հրաժարվելը դեռ չի պատասխանում այն հարցին, թե ինչպե՞ս պետք է կազմակերպվեն տեղահանված բնակչության հետ մշտական շփումները, և ո՞վ է ներկայացնելու նրանց հավաքական շահերը։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
2026 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակիչներից Հայաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 40 հազարը։ Արցախի 115 հազար բնակիչների բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց քաղաքացիություն է ստացել նրանցից մոտավորապես յուրաքանչյուր երրորդը։ Իսկ եթե այդ թիվը համադրենք տեղահանվածների ընդհանուր՝ 140 հազար գնահատականի հետ, ապա խոսքը նույնիսկ մեկ երրորդի մասին չէ։ Նման արդյունքը պետական քաղաքականության ձեռքբերում ներկայացնելը դժվար է։
Սակայն այս թվերի հետևում նաև այն փորձություններն են, որոնց միջով մարդիկ ստիպված են անցնել քաղաքացիություն ստանալու համար։ Ծննդյան վկայականում սխալն ուղղել, մահացած ծնողների փաստաթղթերը փնտրել, 1918 թվականին կնքված ամուսնության վկայական պահանջել, մի գերատեսչությունից մյուսը վազել։ Նույնիսկ 101-ամյա կինը ստիպված է ապացուցել իր ծնողների կյանքի հանգամանքները, թեև անհրաժեշտ փաստաթղթերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղում։ Ահա այսպիսին է, այսպես կոչված, պարզեցված ընթացակարգի իրական գինը․ օրենքով այն պետք է տեղավորվի 90 աշխատանքային օրվա մեջ, իսկ գործնականում վերածվում է ամիսների սպասման և նվաստացուցիչ բյուրոկրատական քաշքշուկի։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդիկ Հայաստան են եկել հայկական անձնագրերով։
Առավել անհամոզիչ է առաջիկա տասը տարիների համար նախատեսվող 800 միլիարդ դրամի հեռանկարը։ Փաշինյանը ապագա ֆինանսավորման մասին խոսում է այնպես, կարծես ծրագրի տևողությունն ինքնին դրա հաջողության երաշխիքն է։ Բայց այսօր բնակարանի վարձը վճարելու հնարավորություն չունեցող մարդուն ի՞նչ օգուտ այն խոստումից, որը հաշվարկված է մինչև 2036 թվականը։ Առանց բնակարանի մնացած տարեց կնոջը մի քանի տարի անց բյուջեից հերթական հատկացումների հեռանկարը չի օգնի։ Նրան սենյակ է պետք այսօր։ Ծանր հիվանդ որդի ունեցող ընտանիքին վերականգնողական բուժման ծախսերը հոգալու հնարավորություն է պետք այսօր։ Աշխատանք չունեցող ուսուցչին աշխատանք է պետք այսօր։
Քանի դեռ Փաշինյանը կատարված աշխատանքը չափում է չոր թվերով, իսկ արցախցին՝ գլխավերևում տանիք չունենալու դաժան իրականությամբ, կառավարության հաշվետվությունների և մարդկանց կյանքի միջև բացված անդունդը չի վերանալու։


