ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Նիկոլ Վովայի Փաշինյանը՝ հայաստանյան քաղաքական բեմի այս տխրահռչակ դերասանը, հերթական անգամ ապացուցեց, որ իր ռազմավարական մտահորիզոնն անսահման է։ Նոյեմբերի 5-ին այս պետական այրը հայտնեց, թե Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ «սպառված է», իսկ 2027–2028 թվականներին, հնարավոր է, Երևանն արդեն Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնի</a։ Ահա ձեզ՝ աշխարհաքաղաքական Կոպեռնիկոս։ Միայն թե մի էական տարբերությամբ. Կոպեռնիկոսը գոնե գիտեր, թե ինչն ինչի շուրջ է պտտվում։ Փաշինյանի պատկերացմամբ՝ աշխարհն է պտտվում իր շուրջը, իսկ պետության անվտանգությունը մի ավելորդ գործառույթ է, որը կարելի է անջատել հեռախոսի կարգավորումներում՝ ըստ տրամադրության։

Բայց պարզվում է՝ ռազմական դաշինքը սպասարկման ընկերություն չէ, որի ծառայություններից կարելի է հրաժարվել մեկ հեռախոսազանգով։ Պետության անվտանգությունն էլ մասնավոր գրասենյակ չէ, որի դռները փակում են սեփականատիրոջ քմահաճույքով։ Սակայն այս տարրական ճշմարտությունները, կարծես, դեռ հասու չեն Հայաստանի վարչապետին։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար բավարար չէ հայտարարել, թե այդ կառույցի նկատմամբ հետաքրքրությունն այլևս սպառված է։ Կան ուժերի տարածաշրջանային հարաբերակցություն, հակառակորդի ռազմական ներուժ, սեփական բանակի մարտունակություն և, ի վերջո, պետության գոյության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ։ Ո՞վ պետք է այս ամենը բացատրի մի մարդու, որի աշխարհաքաղաքական պատկերացումները, դատելով նրա հայտարարություններից, տեղավորվում են LinkedIn-ի կարգավիճակի փոփոխության տրամաբանության մեջ. այսօր՝ «ՀԱՊԿ անդամ», վաղը՝ «ԵՄ-ի ակտիվ որոնման մեջ»։

Իսկ ո՞վ է Հայաստանի հակառակորդը։ Հեռուն գնալու կարիք չկա. Թուրքիան է՝ Հայաստանի սահմանը տասնամյակներ շարունակ փակ պահող, Ադրբեջանին քաղաքական, ռազմական ու դիվանագիտական անվերապահ աջակցություն ցուցաբերող և Հարավային Կովկասում սեփական ազդեցության ընդլայնման հետևողական քաղաքականություն վարող պետությունը։ Անկարան երբեք չի թաքցրել իր տարածաշրջանային հավակնությունները, իսկ Բաքվի հետ ձևավորած ռազմաքաղաքական դաշինքը դրա ամենախոսուն վկայությունն է։ Փաշինյանը, սակայն, որոշել է թուրքական սպառնալիքը տեղափոխել քաղաքական օրակարգի հետին պլան։ Կարելի է, իհարկե, աչք փակել վտանգի առաջ։ Բայց վտանգն այդպես չի անհետանում։ Այն պարզապես դուրս է մնում տեսադաշտից՝ շարունակելով մնալ այնտեղ, որտեղ եղել է։

Թուրքիան կարող է անվերջ խոսել հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, տնտեսական համագործակցության ու բարիդրացիության հեռանկարների մասին։ Անկարան դիվանագիտական բառապաշարի պակաս երբեք չի ունեցել։ Էրդողանն էլ, պետք է խոստովանել, գեղեցիկ խոսելու վարպետ է։ Բայց պետությունների իրական քաղաքականությունը չափվում է ոչ թե հնչեցրած հավաստիացումներով, այլ ռազմավարական նպատակներով, ռազմական կարողություններով և այդ նպատակներին հասնելու համար գործադրվող միջոցներով։ Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Անկարան ունի իր աշխարհաքաղաքական օրակարգը, Ադրբեջանի հետ սերտ ռազմական դաշինք և Հարավային Կովկասում գերիշխող դիրքեր հաստատելու հավակնություն։ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցել այն ենթադրության վրա, թե այս ամենը հանկարծ կորցրել է իր նշանակությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է հայացքն ուղղել դեպի Բրյուսել, նշանակում է սեփական ցանկությունը շփոթել իրականության հետ։

Հայաստանի հակառակորդները, ի տարբերություն այսօրվա իշխանության, ուժի լեզվին տիրապետում են գերազանց։ Նրանք գիտեն՝ երբ պետք է սպառնալ, երբ՝ լռել, երբ ցուցադրել ռազմական հզորությունը, իսկ երբ հանդես գալ խաղաղասիրական հայտարարություններով։ Հռետորաբանության մեղմացումը ռազմավարական հավակնություններից հրաժարվելու մասին դեռ ոչինչ չի ասում։ Շատ հաճախ դա ընդամենը մարտավարական դադար է՝ դիմացինի զգոնությունը թուլացնելու և սեփական նպատակներին առավել նպաստավոր պայմաններում հասնելու համար։ Քաղաքականության մեջ այս հնարքը նորություն չէ. քանի դեռ դիմացինը հավատում է խաղաղության մասին հավաստիացումներին, նրա անվտանգության հենասյուներն արդեն կարող են մեկը մյուսի հետևից փլուզվել։

Ալեն Սիմոնյանն էլ՝ անվտանգության հարցերի այս արտասովոր «մասնագետը», 2026 թվականի սեպտեմբերին հայտարարեց, թե 2025 թվականի օգոստոսից ի վեր Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ չի տեսնում։ Ահա թե ինչպես։ Հավանաբար այդ ընթացքում թուրքական ռազմական ներուժը գոլորշիացել է, Բաքվի հետ ռազմաքաղաքական դաշինքը լուծարվել, Անկարայի տարածաշրջանային հավակնություններն էլ՝ առոչինչ դարձել։ Կամ, ավելի հավանական է, Երևանում պարզապես որոշել են այլևս չնկատել այն, ինչ տարիներ շարունակ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է եղել։ Չէ՞ որ թուրքական վտանգի մասին խոսելը նշանակում է նաև ընդունել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան դեռևս որոշակի ռազմավարական նշանակություն ունի։ Իսկ նման խոստովանությունը Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքական գծի հետ այնքան էլ համատեղելի չէ։ Չէ՞ որ հայտարարված ուղղությունը եվրոպական է։

Ռազմաբազայի հարցն առանձին քննարկման կարիք ունի։ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության բացարձակ երաշխիք չէ։ Հայաստանի բանակի մարտունակության բարձրացումը, սեփական պաշտպանական կարողությունների վերականգնումն ու երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունն առաջին հերթին հայկական պետության պարտականությունն են։ Սակայն սեփական բանակն ուժեղացնելու անհրաժեշտությունից բնավ չի բխում ռուսական ռազմաբազայի հեռացման անվերապահ նպատակահարմարությունը։ Եկեք պատկերացնենք, որ ռուսական զորքերը հեռացան Հայաստանից։ Ի՞նչ է հաջորդելու դրան։ Ո՞ր ուժն է հակակշռելու թուրքական հավակնություններին։ Ո՞ր պետության հետ է Երևանը ձևավորելու այնպիսի ռազմավարական հարաբերություններ, որոնք կզսպեն Անկարային և Բաքվին։ Արևմտյան ո՞ր մայրաքաղաքն է պատրաստ իր զինվորներին ուղարկել Հայաստան, եթե Թուրքիան կամ Ադրբեջանը որոշեն ուժի հերթական ցուցադրությամբ պարտադրել իրենց կամքը։ Փարիզը՞։ Վաշինգտո՞նը։ Բրյուսե՞լը։ Դե, իհարկե։ Մակրոնը հումանիտար օգնություն կուղարկի, Թրամփը մի գրառում կանի սոցիալական ցանցում, Բրյուսելն էլ հերթական մտահոգիչ բանաձևը կընդունի։ Եվ այս ամենը, անշուշտ, կկանգնեցնի թուրքական բանակին։ Ո՞վ կարող է կասկածել։

Ահա այն հարցը, որիтՆիկոլ Փաշինյանը պարտավոր է պատասխանել. որքա՞ն կտևի Թուրքիայի խաղաղասիրությունը Հայաստանից ռուսական զորքերի հեռանալուց հետո։ Խոսքը հերթական քաղաքական ճառի կամ ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարության մասին չէ։ Պահանջվում է կոնկրետ պատասխան՝ ռազմական հաշվարկ, ուժերի հարաբերակցության գնահատում, անվտանգության իրական երաշխիքներ։ Թեև, դատելով վերջին տարիների քաղաքական վարքագծից, նման հաշվարկ ակնկալելն արդեն իսկ չափազանց լավատեսական է։ Պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը դեռ չի նշանակում պետական մտածողություն ունենալ։

Թուրքիան, առաջնորդվելով իր տարածաշրջանային հավակնություններով և Մեծ Թուրանի գաղափարախոսությամբ, ոչ մի պահ չի վարանի վերացնելու այդ ծրագրի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտը՝ հայկական պետականությունը։ Այստեղ անձնական թշնամանքի կամ զգացմունքների խնդիր չկա։ Գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ։ Անկարան Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենալու կարիք չունի. հայկական պետության գոյությունն ինքնին հակասում է այն տարածաշրջանային դասավորությանը, որին ձգտում է Թուրքիան։

Աշխարհաքաղաքականության մեջ խաղաղությունը չեն պահպանում հակառակորդի ժպիտները, դիվանագիտական ժեստերն ու բարեկամության մասին հավաստիացումները։ Խաղաղությունը պահպանում է ուժերի այնպիսի հարաբերակցությունը, որը հակառակորդին զրկում է ագրեսիայի դիմելու գայթակղությունից։ Այն ապահովում են ռազմական կարողությունը, զսպման մեխանիզմներն ու ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կամքը։ Մնացածը քաղաքական ինքնախաբեություն է։ Փաշինյանը, սակայն, այդ ինքնախաբեությունը վերածել է արտաքին քաղաքականության ուղենիշի։ Հայ ժողովրդին փորձում են համոզել, թե Թուրքիան այլևս վտանգ չի ներկայացնում, ռուսական ռազմաբազան ավելորդ բեռ է, իսկ Եվրամիությունը միայն սպասում է Հայաստանի անդամակցությանը։

Այս քաղաքականության գինը կարող է դառնալ հայկական պետականությունը։ Եվ սա հերթական սխալ հաշվարկը չէ, որը հնարավոր կլինի ուղղել հաջորդ ընտրություններով կամ իշխանության ներսում հերթական կադրային փոփոխությամբ։ Խոսքը Հայաստանի անվտանգության համակարգի հիմքերի հետևողական քանդման մասին է։ Դրա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետականության կորստի վտանգի առաջ կանգնած երկիրը հետագայում կարող է այլևս քաղաքական սխալներն ուղղելու հնարավորություն չունենալ։ Որովհետև կարող է չմնալ ո՛չ ընտրություն անցկացնելու հնարավորություն, ո՛չ էլ այն պետությունը, որի անունից այդ ընտրություններն անցկացվում են։

Փաշինյանի հեռացումն այլևս իշխանության կամ ընդդիմության միջև քաղաքական մրցակցության հարց չէ։ Այն հայկական պետականության պահպանման հրամայականն է։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի, Հայաստանից կարող է մնալ ընդամենը թուրքական վիլայեթ՝ եվրոպական ցուցանակով։ Արտաքուստ՝ ժամանակակից, բարեկարգ, եվրոպական։ Իսկ ներսում՝ առանց ինքնիշխանության, առանց ազգային ապագայի և, ի վերջո, առանց հայերի։