ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ․ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ Է ԴԱ ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Արման Աբովյանն իր տելեգրամյան ալիքում գրում է, որ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն, անշուշտ, արժանի են ուշադրության, բայց պետք չէ ցնծությամբ ընդունել այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները բռնություններ են գործադրում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Այլախոհների հետապնդումը, մարդկանց ծեծն ու նվաստացումը Բաքվի քաղաքական գործելակերպի վաղուց ի վեր անբաժանելի մասն են։ Նման մեթոդների են դիմում նաև Փաշինյանի իշխանությունները՝ այս անգամ սեփական քաղաքացիների՝ հայերի դեմ։

Սակայն, Հայաստանի համար գլխավոր վտանգն այն է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը չի վերացել։ Բաքուն շարունակում է առաջ մղել այն գաղափարը, թե Հայաստանի տարածքներն ադրբեջանցիների պատմական հայրենիքն են, իսկ նրանց բնակեցումը Հայաստանում՝ վերադարձ իրենց, իբր, նախնյաց հողերին։ Այս ամենը շարունակվում է խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ, մինչդեռ Ադրբեջանի քաղաքականության հիմքում ընկած տարածքային հավակնությունները չեն վերացել։

Արման Աբովյանի հետ դժվար է չհամաձայնել։ Մեզ մնում է հավելել, որ այս քաղաքականության հիմքում մի գաղափարախոսություն է, որի առանցքը հայերի նկատմամբ թշնամանքն ու տարածաշրջանում նրանց պատմական ներկայության ժխտումն են։

Ադրբեջանական ազգային ինքնությունը ձևավորվել է 20-րդ դարում։ Այդուհանդերձ, այդ երկրի պաշտոնական պատմաքաղաքական քարոզչությունը շարունակում է շրջանառել հայերին եկվոր ներկայացնելու և «հին ադրբեջանցիներին» տարածաշրջանի բնիկներ հռչակելու կեղծ թեզերը։ Դրանց միջոցով փորձ է արվում պատմականորեն հիմնավորել Ադրբեջանի հավակնությունները Հարավային Կովկասի տարածքների նկատմամբ։ Այս գաղափարախոսության շրջանակում հայերը ներկայացվում են որպես պատմական հակառակորդ, որի գոյությունն իբր խոչընդոտում է ադրբեջանական ժողովրդի «պատմական իրավունքների» իրացմանը։

Հայատյացությունը ադրբեջանական ազգային ինքնության շուրջ հասարակությանը համախմբելու գլխավոր գործիքն է։ Հայերի թշնամու կերպարը Բաքվին թույլ է տալիս հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից և շահարկել արտաքին սպառնալիքի թեման՝ սեփական իշխանության ու քաղաքականության համար հանրային աջակցություն ապահովելու նպատակով։ Եթե այդ գաղափարախոսությունից հանվի հայերի՝ որպես հակառակորդի կերպարը, ադրբեջանական հասարակությունը միավորող քարոզչական հիմնական հենասյունը կփլուզվի։ Փաստացի, ադրբեջանական պետականության հիմքում հայատյացությունն է։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ է պարունակում։

Եթե բողոքի ցույցերն ու հասարակական դժգոհությունը լրջորեն սպառնան Իլհամ Ալիևի իշխանությանը, չի կարելի բացառել, որ Բաքուն փորձի ներքին լարվածությունը մեղմել՝ հասարակության ուշադրությունը արտաքին թշնամու վրա սևեռելով։ Այդ նպատակով կարող է սրվել Հայաստանի հետ հակամարտությունը՝ ընդհուպ մինչև նոր զինված բախում։ Այս սցենարի իրագործման պայմաններում գլխավոր սպառնալիքը ձևավորվում է Տիգրանաշենի շուրջ

Իսկ ինչպիսի՞ վիճակում էգտնվում Հայաստան և պատրա՞ստ է դիմակայել նման սպառնալիքներին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը, որը վերջին տարիներին ուղեկցվել է պարտվողականությամբ, ազգային շահերի հաշվին զիջումներով և ազգային անվտանգության ոլորտում անպատասխանատու որոշումներով, հիմք չի տալիս վստահելու, որ երկիրը պատրաստ է դիմագրավելու նոր լուրջ փորձություն։ Եթե հակամարտությունը կրկին սրվի, իսկ Հայաստանը դրան պատրաստ չլինի, իշխանությունների սխալների հետևանքները կարող են աղետալի լինել երկրի համար։

Հայաստանի համար իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում Տիգրանաշենի և խորհրդային տարիներից մնացած անկլավների վերաբերյալ արած հայտարարությունների ֆոնին։ 2026 թվականի օգոստոսի 27-ին նա հայտարարել էր, որ Տիգրանաշենը Քյարքի անվանելուց հրաժարվելը կնշանակի հրաժարվել նաև Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից։ Փաշինյանի խոսքով՝ «Ստացվում է մի սկզբունք՝ ով ինչ զավթել է, նրան էլ պատկանում է»։ Նա հավելել էր, որ անկլավների ու էքսկլավների հարցն այն վերջին թեման էր, որի շուրջ կարելի էր խաղաղ գործընթացը տապալելու ծրագիր կառուցել։

Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը կրկին անդրադարձել էր հարցին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդրի լուծման վերաբերյալ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Միաժամանակ նա պնդել էր, որ Ադրբեջանի նախկին անկլավները ներառված չեն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը ներառված է։ «Այդ հարցի լուծման ձևը մեկ այլ հարց է։ Փաստի արձանագրումը մի բան է, տեղում լուծումներ գտնելը՝ մեկ այլ բան»,— ասել էր վարչապետը։

Սեպտեմբերի 16-ին Փաշինյանը խորհրդարանում ավելի հեռուն էր գնացել՝ հայտարարելով. «Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ էսկալացիայի վերջին հնարավոր առիթը»։ Այսպիսով, վարչապետն իր իսկ ձևակերպմամբ՝ հայկական բնակավայրի ադրբեջանական անվանումն օգտագործելը ներկայացրել էր որպես հնարավոր սրացումը կանխելու միջոց։

Իսկ հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը չբացառեց Ադրբեջանի հետ նախկին անկլավների ու էքսկլավների փոխանակման տարբերակը՝ այն ներկայացնելով որպես հնարավոր լուծումներից մեկը։ «Մեկը կարող է մնալ մի կողմի մոտ, մյուսը՝ մյուսի, կարող են փոխանակվել, կարող են լինել նաև այլ տարբերակներ»,— ասել էր նա։ Միրզոյանը միաժամանակ նշել էր, որ եթե Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի որևէ հատված պետք է փոխանցվի այլ պետության, ապա հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի։

Ինչպես 2022 թվականին Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին մեղադրեցին ռազմավարական դաշնակցի պարտավորությունները չկատարելու մեջ, այնպես էլ այժմ փորձելու են Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա՝ միաժամանակ անտեսելով այն փաստը, որ հենց Հայաստանի ղեկավարությունն է Տիգրանաշենը պաշտոնապես ճանաչում Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ քաղաքական և իրավական հիմք ստեղծելով ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար։