ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ «ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ–ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ»

,
Артур Амбарцумян и Серж Саргсян

Արթուր Համբարձումյանն իր տեսաբլոգում անդրադարձել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի քաղաքական համակարգում Սերժ Սարգսյանի հնարավոր ազդեցության, նախկին իշխանությունների հետ գործող համակարգի կապերի, իրավապահ համակարգի աշխատանքի և բանկային ոլորտի մի շարք հարցերի՝ միաժամանակ մի շարք հրապարակային հարցադրումներ ուղղելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Համբարձումյանը կասկածի տակ է դրել 2018 թվականի իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» անվանելու տարածված բնորոշումը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչպես է հնարավոր, որ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը, ըստ իր պնդման, տարիներ շարունակ պահպանած լինի ազդեցություն մեդիայի, քաղաքականության, իրավապահ և ուժային կառույցների վրա։

Նրա ներկայացմամբ՝ անհրաժեշտ է պարզել, թե ներկայում քանի պատգամավոր կարող է ուղղակիորեն կապված լինել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև ինչպիսի հարաբերություններ են պահպանվել նախկին իշխանության և գործող քաղաքական համակարգի միջև։ Համբարձումյանը հատկապես անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ հարցնելով, թե 2018-ից հետո արդյոք եղել է ԱԱԾ տնօրեն, որի նշանակման հարցում Սերժ Սարգսյանի համաձայնությունը կամ ազդեցությունը որևէ դեր չի ունեցել։

Այս համատեքստում նա հիշատակել է Արթուր Վանեցյանին՝ նշելով, որ վերջինս 2021 թվականի նախընտրական գործընթացում հանդես է եկել Սերժ Սարգսյանի հետ նույն դաշինքում։ Համբարձումյանը նաև խոսել է նախկին իշխանությունների հետ կապերի մասին՝ պնդելով, որ այդ ազդեցությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն քաղաքական, այլև ուժային կառույցների մակարդակում։

Առանձին անդրադարձ է կատարվել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Համբարձումյանը հիշեցրել է, որ 2019 թվականին իր հրապարակած «10 հարցերից» հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ այն անվանելով «դիզելի գործ», և հարցադրում արել, թե ինչպես է հնարավոր, որ նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումները տարբեր ընթացք ունենան։

Նա նաև հարց է բարձրացրել Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ունեցած հնարավոր տեղեկությունների մասին։ Համբարձումյանի խոսքով՝ նախկին նախագահը բազմիցս ակնարկել է Փաշինյանի վերաբերյալ կոմպրոմատների առկայության մասին, սակայն դրանք հրապարակային չեն դարձել։ Այս համատեքստում նա հարցրել է՝ եթե նման նյութեր կան, ինչո՞ւ դրանք չեն հրապարակվում։

Տեսաբլոգում առանձնահատուկ շեշտադրվել է Սերժ Սարգսյանի և Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հնարավոր կապերի թեման։ Համբարձումյանը պնդել է, որ Գասպարյանը նախկին նախագահի վստահելի մարդկանցից է եղել, և հարց է բարձրացրել, թե ինչու մինչ օրս չի հրապարակվել Սերժ Սարգսյան–Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցը, որի գոյության մասին, ըստ նրա, հանրային դաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվել։

«Ինչի՞ մասին եք խոսել, պարոն Սերժիկ Սարգսյան, Օնիկ Գասպարյանի հետ պատերազմի ընթացքում»,– հարցադրել է Համբարձումյանը՝ միաժամանակ քննադատելով այն հանգամանքը, որ հրապարակվում են ավելի ցածր մակարդակի անձանց հեռախոսազրույցներ, մինչդեռ, իր գնահատմամբ, առավել բարձր մակարդակի հնարավոր շփումները մնում են չհրապարակված։

Բանկային համակարգը՝ առանձին թեմա

Համբարձումյանը անդրադարձել է նաև Հայաստանի պետական պարտքի աճին և բանկային համակարգի դերակատարությանը։ Նրա ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան 8 մլրդ դոլարով, որի շուրջ 6,2–6,3 մլրդ դոլարը, ըստ նրա, ֆինանսավորվել է Հայաստանի բանկային համակարգի միջոցով։

Նա հայտարարել է, որ այս թեմային պատրաստվում է առանձին հաղորդմամբ անդրադառնալ՝ ուսումնասիրելով, թե ինչպես է բանկային համակարգը, մի կողմից, ներկայացվել որպես նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի դեմ պայքարի թիրախ, իսկ մյուս կողմից՝ ֆինանսավորել գործող իշխանության կողմից ներգրավված պետական պարտքի զգալի մասը։

Համբարձումյանը նաև անդրադարձել է Արցախում տրամադրված շուրջ 800 մլն դոլարի վարկային պարտավորություններին և 2023 թվականի դեկտեմբերին ընդունված կառավարության որոշմամբ դրանց մի մասի դուրսգրմանը։ Նրա պնդմամբ՝ այդ պարտավորությունների շուրջ 70 տոկոսը վերցրել է կառավարությունը, իսկ 30 տոկոսը դուրս են գրել առևտրային բանկերը։

Նա հարց է բարձրացրել նաև այն մասին, թե այդ 800 մլն դոլարի վարկային պորտֆելում որքան գումար է բաժին հասել Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս քաղաքական և իրավապահ համակարգը երկարաժամկետ պահպանվել չի կարող, և ժամանակի ընթացքում հանրությունը պետք է ստանա 2018 թվականի իրադարձությունների, պատերազմի և դրան հաջորդած գործընթացների վերաբերյալ փաստաթղթավորված ամբողջական պատասխաններ։