ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍԻ ՍԿԱՆԴԱ՞Լ, ԹԵ՞ ՆՈՐ ԻՆՏՐԻԳ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋ

Վերջին շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնողի) հարցազրույցը, որտեղ նա «անկեղծորեն» խոսել է 2018-ի իրադարձությունների, ինչպես նաև ներկայիս իշխանության ներսում տիրող մթնոլորտի մասին։

2018-ի «զարմանքը» և դրա հետևանքները

Հայկ Սարգսյանը հարցազրույցում ուշագրավ խոստովանություն է արել 2018-ի իրադարձությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ երբ իրենք փողոցներ էին փակում, հետո նաև ռադիոտուն էին գրավում, իրենց մոտ էլ կար զարմանք, թե ինչու՞ չեն ձերբակալում ու ինչու՞ են իրենց թույլ տալիս ազատորեն նման գործողություններ իրականացնել։

Այս խոստովանությունը, ըստ էության, բացահայտում է այն հանգամանքը, որ 2018-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ իշխանությունների կողմից դիմադրության բացակայությունն իսկապես անսպասելի էր նաև հեղափոխության մասնակիցների համար։ Երբ այդ ամենին մասնակցած մարդն է խոստովանում, որ իր համար էլ էր զարմանալի, թե իրենց ինչու՞ չեն ձերբակալում, 2018-ի վերաբերյալ հարցերը միայն բազմապատկվում են։

Սարգսյանը նաև հայտնել է, որ «հեղափոխության» սկզբնական նպատակը ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրել ստիպելն էր, քանի որ նա դրժել էր երրորդ ժամկետ չգնալու սեփական խոստումը։

«Գեոպոլիտիկա» թելեգրամյան ալիքը զուգահեռ անցկացնելով ներկայի հետ՝ շատ դիպուկ նկատում է, որ եթե հիմա որևէ ընդդիմադիր մարդ կամ խումբ փորձի անել այն ամենի 10 տոկոսը, ինչ արվեց 2018-ին, անմիջապես կլինի ձերբակալություն ու կալանք։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստ է կիրառել իրավական բոլոր լծակները սեփական դիրքերը պահպանելու համար, մինչդեռ 2018-ին նման մեխանիզմներ չգործարկվեցին։

Ալեն Սիմոնյանի հետ կոնֆլիկտի պատմությունը

Հայկ Սարգսյանն անդրադարձել է նաև ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած կոնֆլիկտին։ Ըստ Սարգսյանի՝ կոնֆլիկտը սկսվել է 2019-ին, երբ Ալեն Սիմոնյանը օրենք էր բերել ԱԺ, որով փակվելու էին բոլոր բուքմեքերական գրասենյակները։

«Առաջին հայացքից շատ լավ նախաձեռնություն է, բոլորը գովում էին, ասում էին՝ ապրի Ալենը։ Իմ համար զարմանալի էր, որ Ալենն է բերել այդ նախագիծը՝ հաշվի առնելով «Վիվառոյի Վիգենի» իր ընկերական հարաբերությունները։ Մյուս ընկերությունները բուքմեքերական գալիս ու ասում էին, որ այս նախագիծն ուղղորդված է «Վիվառոյից», որովհետև ուզում էին, որ գրասենյակները փակվեն, որովհետև օնլայնում ամենաուժեղը հենց «Վիվառոն» է։ Օրենքի նախագիծը պատվիրվել էր «Վ-Բեթում»»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ հարցումներով պարզել է՝ դաշտի 86 տոկոսը խաղում է օնլայն տիրույթում։ «Ես այն ժամանակ ասացի, որ եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պիտի օնլայնն էլ փակել։ Ալենին ասում էի՝ ես հո գիտեմ դու ինչ ես անում, ասում էի՝ մի արա, որովհետև եթե խաղացողը քաշում է հավելվածը՝ սկսում է օնլայնում ավելի շատ խաղալ։ Սրանով խաղացողների թիվն աճելու է, իսկ հարկերը նվազելու են»։

Սարգսյանի խոսքով՝ դրանից հետո մի օր Սիմոնյանը իրեն կանչել ու ասել է, որ վարչապետին ասել է, թե ինքը դեմ է այս օրենքին, վարչապետն էլ ասել է՝ «Հայկին ասա, թող չխանգարի»։ «Ասեցի, որ վարչապետին սխալ է ներկայացրել, եթե ասում ենք չարիք է՝ օնլայնն էլ պիտի փակել, ինքն ասաց՝ անհնար է օնլայնը փակել, դա մնում է»։

Նա նշել է, որ 2020 թ-ի պատերազմից հետո կոնֆլիկտը սառեցվել է, ու վերսկսվել 2024-ին, երբ պարզել է, որ ոլորտի շրջանառությունը 20 անգամ աճել է, երբ նոր օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ ու առաջարկում էր բարձրացնել հարկերը։ Սարգսյանը նաև հայտնել է, որ ԱԺ-ից առաջարկել են հետ քաշել նախագիծը, սակայն գլխադասային հանձնաժողովում նախագիծը հավանության է արժանանում, փոխարենը Նիկոլ Փաշինյանն է առաջարկում նախագիծը հետ քաշել, որից հետո Ալեն Սիմոնյանը Սարգսյանին կուսակցությունից հեռացման հարց է բարձրացնում։

«Հրապարակի» վերլուծությունը և դրա հետևում թաքնված ինտրիգը

«Հրապարակ օրաթերթը» անդրադարձել է այս հարցազրույցին՝ նշելով, որ ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։

Ըստ «Հրապարակի»՝ թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։

Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա՝ մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը։ Այսինքն, եթե կառավարությունը որևէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում։ Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել։

Ինչու՞ է «Հրապարակը» ջուր լցնում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ջրաղացին

«Հրապարակը» կարծում է, որ հարցազրույցի ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն է է։ Սակայն եթե ուշադիր նայենք, Հայկ Սարգսյանի հարցազրույցի հետևում կտեսնենք նաև Սերժ Սարգսյանի ուրվականը։ Ի վերջո, մեծ հաշվով, Հայկ Սարգսյանը նաև նախկին նախագահի «թավշյա հեղափոխության» մեջ ունեցած դերն է կոծկում՝ հայտարարելով, թե իբր իշխանության կողմից դիմադրության բացակայությունն անսպասելի էր, և թե իբր «թավշյա հեղափոխության» սկզբնական նպատակը ՀՀԿ-ին ստիպելն էր մեկ այլ թեկնածու առաջադրել։ Այսինքն՝ իբրև իշխանությունների հետ պայմանավորվածություն չի եղել, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, «Մերժիր Սերժին»-ը և հեղափոխությունն իսկական են եղել։

Այս տեսանկյունից «Հրապարակը» ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի ջրաղացին՝ Հայկ Սարգսյանի հարցազրույցին հաղորդելով կեղծ ինտրիգ ուշադրությունը շեղելու նպատակով ։ Նպատակը՝ հերքել արդեն իսկ հասարակության մեջ լայն տարածում ստացած այն համոզմունքը, որ «թավշյա հեղափոխությունը» բեմադրություն էր, որի գլխավոր կազմակերպիչը Սերժ Սարգսյանն էր։

Փաստորեն, Հայկ Սարգսյանի հարցազրույցը դարձել է ոչ միայն ներկայիս իշխանության ներքին խնդիրների բացահայտման միջոց, այլ նաև 2018-ի իրադարձությունների շուրջ առկա կասկածները սնուցող գործոն։ Իսկ «Հրապարակի» մեկնաբանությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նույնիսկ ամենաբացահայտ խոստովանությունները շրջել ի շահ իշխանության՝ ստեղծելով նոր ինտրիգներ և շեղելով հանրության ուշադրությունը ավելի կարևոր հարցերից։