«ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ», ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ
Գիտե՞ք, երբ բարձր ամբիոնից հնչում են բառեր, որոնցից միաժամանակ փչում է և՛ գլամուրային երազանքի, և՛ վառոդի հոտը, դա արդեն մտահոգիչ է։ Իսկ երբ այդ բառերն արտասանում է վարչապետը, դա պարզապես մտահոգիչ չէ, այլ ստիպում է ավելի լայն բացել աչքերն ու միացնել ուղեղը։ Որովհետև այն, ինչ մեզ մատուցեցին որպես նոր քաղաքական մանիֆեստ, իրականում ավելի շատ պետության փուլային կազմաքանդման ծրագրի է նման։ Եվ ես հիմա չեմ չափազանցնում․ պարզապես կարդում եմ ասվածի տողերի արանքում թաքնված ենթատեքստը։
Այսպիսով, առաջին կետը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը։
Սկսենք անվտանգությունից։ Այնտեղ, որտեղ նորմալ պետությունն ունի զրահ, մենք ունենք ծակ զամբյուղ։
«Կարող եմ վստահությամբ ասել՝ մենք չենք ակտիվացնելու մեր աշխատանքը ՀԱՊԿ-ում»։
Նա գնում է ավելի հեռու․
«Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ, ամեն դեպքում, կազատեն երկընտրանքից՝ դուրս գալ կազմակերպությունից, թե՞ չգալ»։
Թույլ տվեք հարցնել․ ո՞վ կարող է առողջ բանականությամբ ուրախ լինել, որ մնա հավաքական ապահովագրությունից դուրս, երբ հարևանը նոր տանկեր է գնում և ամեն տարի ավելացնում ռազմական բյուջեն։ Սա քաղաքականություն չէ, սա առաջին կրակոցից առաջ կամավոր կապիտուլյացիա է։ Այո՛, մենք ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհություններ ունեինք։ Բայց այդ դժգոհությունները դատարկ տեղից չէին ծնվել․ դրանք ծնվել էին հենց պարոն Փաշինյանի քաղաքականությունից, ով միտումնավոր տապալեց ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Արդյունքում մենք մնացինք ձեռնունայն։ Որովհետև եվրոպական խոստումները, կներեք, չեն դիմանա նույնիսկ առաջին ձյունառատ ձմռանը, ուր մնաց՝ թշնամու հարձակմանը։
Երկրորդը՝ Եվրամիությանն անդամակցության հայտը։
Եվ միանգամից՝ դաշնակիցների փոխարինումը միրաժներով։
«Այս հարցերին պատասխանելու համար Հայաստանը, նախևառաջ, պետք է պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ անդամակցության համար։ Սա մեծածավալ աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք կսկսենք այդ գործընթացը»։
Եվ սա այն դեպքում, երբ ինքը՝ Փաշինյանը, ընդունում է, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Այսինքն՝ նա երկիրը տանում է գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ խզման՝ հանուն ինչի՞։ Հանուն մի հեռանկարի, որը մեզ նույնիսկ խոստացված չէ։
«Մենք պետք է հանրաքվե անցկացնենք Եվրամիությանը դիմելուց, պատասխանը ստանալուց և ճանապարհային քարտեզ կազմելուց հետո»։
Հնչում է հպարտ, գեղեցիկ ու տպավորիչ։ Բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին։ Այսօր Եվրոպան ավետյաց երկիրը չէ, այլ մի տարածք, որն ինքն էլ չգիտի՝ ինչպես կարկատի իր ֆինանսական ու քաղաքական ճեղքերը։ Ուկրաինայի պատերազմը նրանցից խլել է և՛ փողը, և՛ ուշադրությունը, և՛ համբերությունը։ Հիմա նրանք մեզ համար ժամանակ չունեն։ Մեզ առաջարկում են «սպասել և հուսալ» ծրագիրը։ Բայց հույսը անվտանգության երաշխիք չէ։ Իսկ անվտանգություն մեզ ընդհանրապես չեն առաջարկում։
Հիմա՝ երկաթուղու մասին։
Փաշինյանն ասում է․ «Քանի որ Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո, մենք այժմ կանգնած ենք միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս պատմական հնարավորությունը»։
Եվ հետո՝ ուղիղ խնդրանք․
«Մենք խնդրում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին ցուցաբերել ճկունություն և կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»։
Բայց ի՞նչ ենք տեսնում գործնականում։ Հենց նա սկսեց քաշքշել այդ թելը, Ռուսաստանը պատասխանեց ոչ թե խոսքերով, այլ գործով։ Կոնյակի, գինու, հանքային ջրի, ձկան, մրգերի արգելքը դեռ միայն ծաղիկներն են։ Հիմա արդեն գազը, նավթն ու ադամանդներն էլ են սպառնալիքի տակ։ Այս խեղկատակությունը «պատմական հնարավորություն» չէ, այլ թանկարժեք փորձարկում՝ անկանխատեսելի ավարտով։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ TRIPP նախագիծն ընդհանրապես մեռյալ կետից կշարժվի։ Չկան։ ԵՄ-ն դժգոհ է, Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն, Իրանը մատ է թափ տալիս։ Հայաստանը կրկին հայտնվում է երեք կրակի արանքում։ Իսկ ո՞վ մեզ այս դրության մեջ բերեց։ Նույն այդ ամբիոնից հանդես եկող «բարեփոխիչը»։
Բայց ամենացնցողը Ցեղասպանության մասին թեզն է։
«Վերջ պետք է տանք Հայոց ցեղասպանnւթյան զենքայնացմանը, այդ կրակnցից մենք ենք զnհվել ու զnհվելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Եվ պարզաբանումը․
«Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի «բամփում» են, բայց մեր գլուխն է ցավում, մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»։.
Եվ վերջաբանը․
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգում չի լինելու»։.
Անկեղծ ասած, երբ սա լսեցի, մտածեցի․ կամ նա չի հասկանում, թե ինչ է ասում, կամ հասկանում է չափազանց լավ։ Ամեն դեպքում նրա խոսքերից հետևող գլխավոր եզրակացությունը սա է․ կա՛մ մարդը հոգեկան առումով անադեկվատ է և պետք է անհապաղ հեռացվի պետության կառավարման ղեկից ու մեկուսացվի հասարակությունից հոգեբուժական հաստատությունում, կա՛մ էլ նա ուրացող է ու հայրենիքի դավաճան, և պետք է ձերբակալվի ու նետվի ԱԱԾ-ի նկուղը։ Ցեղասպանությունը զենք չէ։ Դա ճշմարտություն է։ Դա հիշողություն է։ Դա պատմության մեջ մեր ստորագրությունն է։ Այդ ստորագրությունից հրաժարվել՝ նշանակում է որպես ժողովուրդ ջնջել ինքներս մեզ։ Եվ սա առաջարկվում է հանուն ինչ-որ ընթացիկ պայմանավորվածությունների նրանց հետ, ովքեր երբեք մեզ չեն սիրել։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա Անկարայում ինչպես են ծափահարում։ Ես պատկերացնում եմ։ Եվ դրանից ինձ անհարմար է։
Գնանք առաջ։ Արցախ։
«Ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց բացել ենք վարագույրը, տեսել՝ ինչ կա այդ շարժման հետևում»,- հայտարարեց վարջապետը։
Ի՞նչ վարագույր։ Սա վարագույր չէ, սա 150 հազար հայություն է, որը մնաց առանց Հայրենիքի։ Սա դարավոր պատմություն է, որը շպրտեցին աղբանոց՝ հանուն վերացական «խաղաղության»։ Սա, ի վերջո, մեր ազգային ինքնության մի մասն է։ Իսկ Փաշինյանի խոսքերը քաղաքական ժեստ չէ, այլ ազգային դավաճանություն, որը «վարագույրի բացահայտում» անվանելը նշանակում է մեզ միամիտ երեխաների տեղ դնել, որոնք պատրաստ են հավատալ ցանկացած հեքիաթի։ Մենք երեխաներ չենք։ Եվ մենք չենք ների նրանց, ովքեր մեր պատմությունը վաճառեցին աթոռի դիմաց։ Էժան արդարացումներն ու սեփական պատասխանատվությունը թաքցնելու փորձերը չեն աշխատի։
Եվ, իհարկե, սահմանադրական բարեփոխումը։
«Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»,- հայտարարել է նա։
Գրիչի մեկ հարվածով ջնջվում է հիմքերի հիմքը։ Հռչակագիրը միակ իրավական կամուրջն է, որը մեզ կապում է Արցախի հետ։ Այն վերացնել՝ նշանակում է մեզ թողնել առանց ձայնի իրավունքի, առանց պատմական հենարանի, առանց իրավական հիմքի։ Եվ սա մատուցվում է որպես «զուտ հայկական օրակարգ»։ Բայց, կներեք, երբ Բաքուն տարիներ շարունակ մեզանից պահանջում է այդ քայլը, իսկ մենք ուրախությամբ կատարում ենք այն, սա «ներքին գործ» չէ։ Սա կապիտուլյացիա է՝ ազգային ընտրության սոուսով մատուցված։
Իսկ հիմա՝ «Չորրորդ Հանրապետության» մասին։
Այն հայտարարվել է, բայց ոչ ոք այն չի ընտրել։ Ոչ մի հանրաքվե չի եղել, համաժողովրդական քվեարկություն չի եղել՝ բացի ամբիոնից հնչող բարձրագոչ խոսքերից։ Իսկ երբ ասում են, թե քաղաքացիները, քվեարկելով կուսակցության օգտին, քվեարկել են նաև սահմանադրական հեղաշրջման օգտին, դա լկտի սուտ է։ Պատգամավորների ընտրությունը հանրաքվե չէ։ Եվ նույնիսկ պաշտոնական թվերով իշխող կուսակցությունը չունի խորհրդարանական ձայների երկու երրորդը, որպեսզի փոխի Մայր օրենքը։ Իսկ խախտումներով, կեղծիքներով ու «Բարգավաճ Հայաստան»-ի ձայների գողությամբ անցկացված ընտրություններն ընդհանրապես բարոյական իրավունք չեն տալիս խոսելու որևէ մանդատի մասին։
Ի՞նչ ունենք արդյունքում։
«Չորրորդ Հանրապետությունը» նախագիծ է, որը ջնջում է Ցեղասպանության հիշողությունը, հանձնում է Արցախը, կտոր-կտոր է անում անվտանգության գործող համակարգը, փոխում է վեկտորը և մեզ թողնում առանց իրավական հիմքի։ Այս ամենը գեղեցիկ փաթեթավորված է «պատմական հնարավորություններ» և «խաղաղության օրակարգ» կեղծ պնդումներով։ Բայց ներսում՝ դատարկություն է։ Եվ վտանգ։ Որովհետև, ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, եթե չգիտեք, թե ուր եք նավարկում, ոչ մի քամի ձեզ համար համընթաց չի լինի։
Արկածախնդիրներին պատմությունը չի ներում։ Եվ մենք արդեն սկսում ենք վճարել Փաշինյանի քաղաքականության գինը՝ դաշնակիցների կորուստ, տարածքների կորուստ, վստահության կորուստ։ Եթե այս ուղին չվերանայվի, «Չորրորդ Հանրապետության» փոխարեն մեզ սպասում է պետականության կորուստ։
Եվ սա պաթոս չէ։ Սրանք փաստեր են։ Իսկ փաստերը, ինչպես հայտնի է, ցանկացած հռետորաբանությունից ավելի համառ են։


