ՀԱՊԿ-Ի ՉՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ. ԻՆՉՊԵՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՔԱՅՔԱՅՈՒՄ ԴԱՇԻՆՔԸ
ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամավճարները չվճարելու պատճառով ձայնի իրավունքից զրկվելու հնարավորության և հետագայում կազմակերպությունից հեռացվելու սպառնալիքի ֆոնին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում կտրուկ գնահատական է տվել իշխանությունների քաղաքականությանը՝ պնդելով, որ Հայաստանը հայտնվել է «անհասկանալի իրավիճակում»՝ սեփական անհետևողական և հակասական քայլերի պատճառով։
Նրա խոսքով՝ ռիսկը միայն ձայնի կասեցումը չէ. վտանգված է Հայաստանի՝ որպես կազմակերպության հիմնադիր անդամի քաղաքական կշիռը, իսկ ներկայիս իրավիճակում պատասխանատվությունը կրում են բացառապես իշխանությունները, որոնք, ըստ Ղազարյանի, «տարօրինակ պահվածք» են ցուցաբերել դեռևս 2018 թվականից։
«Տարօրինակ պահվածք»՝ սկսած Խաչատուրովից
Ղազարյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ «տարօրինակ վարքագիծը» սկսվել է դեռևս 2018 թվականին՝ կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ձերբակալությամբ։ Նրա խոսքով՝ Խաչատուրովը ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների կողմից ընտրված պաշտոնյա էր և օգտվում էր դիվանագիտական անձեռնմխելիությունից, սակայն Հայաստանի իշխանությունները, առանց գործընկերներին տեղյակ պահելու, ձերբակալեցին նրան։ Դա, Ղազարյանի գնահատմամբ, «ծանր հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը և Հայաստանի այդ կազմակերպության դիրքավորմանը»։
Հաջորդ քայլը, ըստ պատգամավորի, եղել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության արգելափակումը՝ շուրջ ութ ամիս ժամկետով, ինչը զրկել է կազմակերպությանը լիարժեք կառավարման հնարավորությունից։ Զասն ի վերջո ընտրվել է, իսկ Փաշինյանն անձամբ է նրան մեդալով պարգևատրել առաքելության ավարտին։ «Սա ակնհայտորեն դեմարշ է կազմակերպության նկատմամբ»,- ընդգծել է Ղազարյանը։
Սեպտեմբերի 13-ի դիմումը և «գոհունակությունը»
Ղազարյանը անդրադարձել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի իրադարձություններին, երբ Հայաստանն առաջին անգամ դիմել է ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնության համար։ Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը հենց Հայաստանն էր, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նախագահում Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Հետաքրքրական է, որ Ղազարյանի վկայությամբ՝ նույն տարվա հունվարին Ղազախստանի դիմումի դեպքում Փաշինյանը «շատ արդյունավետ» կազմակերպել է ՀԱՊԿ զորքերի ուղարկումը։
Սեպտեմբերի 13-ի դիմումից հետո ՀԱՊԿ-ը մշակել է օգնության փաթեթ՝ երեք բաղադրիչով՝ դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն և դիտորդական առաքելություն Հայաստանի սահմաններին։ Ղազարյանը հիշեցրել է, որ քվեարկության ժամանակ բոլոր երկրները կողմ են քվեարկել Հայաստանին օգնություն տրամադրելուն, բացի մեկ երկրից՝ հենց Հայաստանից։
«Այսինքն՝ Հայաստանը դեմ քվեարկեց Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ դրանից հետո Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, ապա՝ ընդունել դրանք իր տարածքում։
«ՀԱՊԿ-ը նաև Հայաստանն է»
Անդրադառնալով իշխանությունների այն փաստարկին, թե ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Ղազարյանը հակադարձել է. «ՀԱՊԿ-ը ո՞նց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա իր սահմանը»։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության նախաբանը վերաբերում է անկախ պետություններին, որոնք գործում են իրենց հռչակագրերով, հետևաբար սահմանների ճանաչման հարցը պետք է սկսվի Հայաստանի կողմից հստակ դիրքորոշումից։
Ղազարյանը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերի 19-ին Հայաստան ժամանած գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին չեն ընդունել ո՛չ վարչապետը, ո՛չ արտաքին գործերի, ո՛չ պաշտպանության նախարարը։ Զասին ընդունել է միայն զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Ջերմուկի քաղաքապետը։
Երբ ՀԱՊԿ-ի նախազգուշացումը դարձավ իրողություն
Հարկ է հիշեցնել, որ «Հանրային տրիբունալ»-ը նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին, որոնք էապես նոր համատեքստ են ստեղծում ՀԱՊԿ-ի և Հայաստանի իշխանությունների փոխհարաբերությունների ընկալման համար: Մինասյանի փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գաղտնի նամակ է ուղարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` կից ներկայացնելով փաստաթղթերի փաթեթ:
Նշված նամակում, ըստ նախկին դեսպանի, ոչ միայն նախազգուշացում է արվել առաջիկա ռազմական գործողությունների վերաբերյալ, այլև մանրամասն նկարագրվել է դրանց հավանական սցենարը: Մասնավորապես, արձանագրվել է, որ 2019 թվականից ի վեր Հայաստանում գործում են գաղտնի գործակալական ցանցեր, ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև, որ Հայաստանը պարտություն է կրում տեղեկատվական և դիվանագիտական դաշտերում: Փաստաթղթում առաջարկվել է կանխարգելիչ կարգով դիմել ՀԱՊԿ աջակցությանը:
Մինասյանի պնդմամբ՝ նամակում նախանշված սցենարը հետագայում իրականացել է «99 տոկոսով», սակայն իշխանությունները պատշաճ արձագանք չեն ցուցաբերել: Վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմել է միայն պատերազմի ավարտին՝ այն ժամանակ, երբ ռազմական գործողություններն արդեն էապես ավարտված էին:
Այս տեղեկատվությունը էականորեն հակասում է իշխանությունների այն պնդմանը, թե ՀԱՊԿ-ը համարժեք արձագանք չի տրամադրել Հայաստանի կարիքներին: Ընդհակառակը, վկայում է, որ նախազգուշացումը եղել է, սակայն այն անտեսվել է հենց հայաստանյան կողմի կողմից, ինչը ենթադրում է պատասխանատվություն հետևանքների համար:
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի չօգնելու մասին թեզը հիմնավորում չունի. իրականում կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել նախաձեռնություններով, որոնք չեն իրացվել բացառապես հայաստանյան իշխանությունների կողմից արհեստականորեն ստեղծված խոչընդոտների պատճառով:


