ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԵՐ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՎԵՃԻ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ
Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճերը հերթական անգամ հիշեցրին հին ճշմարտությունը. որքան քիչ են իշխանության պատասխաններն անհարմար հարցերին, այնքան շատ են նրա զինանոցում մեղադրանքները, պիտակավորումներն ու քաղաքական սարսափ պատմությունները։ Հենց այս ժանրում էլ անցավ հեռուստաբանավեճը, որը պետք է դառնար երկրի ապագայի քննարկում, սակայն վերածվեց մեղավորների փնտրտուքի հերթական ներկայացման:
Իրականում անսպասելի ոչինչ չկար։ Կառավարման ութ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այնքան է սովորել ցանկացած խնդիր բացատրել «նախկինների», «դավաճանների», «օլիգարխների», «գործակալների» և սեփական քաղաքական բանահյուսության այլ կերպարների դավադրություններերով, որ լսարանի հետ շփման այլ ոճ, թվում է, արդեն պարզապես չի էլ դիտարկվում։
Բանավեճի առանցքային դրվագներից մեկն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումն էր։ Էդմոն Մարուքյանը պնդում էր, որ անկախ իշխանությունների առաջարկած պաշտոնական ձևակերպումներից՝ նախագիծը պարունակում է հենց միջանցքային տրամաբանություն։ Իր դիրքորոշումը մանրամասն պարզաբանելու և կասկածները փարատելու փոխարեն՝ վարչապետը նախընտրեց ծանոթ հնարքը՝ ընդդիմախոսներին մեղադրել օտար շահերը սպասարկելու մեջ։
Ընդհանրապես, պետք է խոստովանել, որ գործող իշխանությունն իրապես տպավորիչ բարձունքների է հասել քաղաքական տրանսֆորմացիայի արվեստում։ Անհարմար հարց տվող յուրաքանչյուր ոք անմիջապես վերածվում է գործակալի, դավադրի կամ արտաքին ազդեցության կրողի։ Նման մոտեցումը, անշուշտ, ազատում է ըստ էության պատասխանելու անհրաժեշտությունից։
Ոչ պակաս հատկանշական էր քննարկումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների շուրջ, որոնք շրջանառվում էին դեռևս մինչև 2020 թ. պատերազմը։ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ գոյություն է ունեցել տարբերակ, որը կարող էր կանխել պատերազմը, հազարավոր մարդկանց զոհվելը և Արցախի հետագա կորուստը։ Նրա փաստարկները հստակ էին և վերաբերում էին իրական դիվանագիտական գործընթացներին:
Ի պատասխան՝ մենք կրկին ականատես եղանք իշխանության կողմից կատեգորիկ ժխտման։
Հատկապես հատկանշական էր Սամվել Կարապետյանի հետ կապված դրվագը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գործարարը իբր բանակին չի փոխանցել «գողացվածի անգամ զրոյական տոկոսը»:
Նման հայտարարությունները տպավորիչ են հնչում և, ըստ երևույթին, դուր են գալիս իշխանության ամենահավատարիմ լսարանին: Սակայն, կա մի խնդիր՝ օրենքը։
Իրավական պետությունում չի կարելի մարդուն հեռուստացույցով գող հայտարարել միայն այն պատճառով, որ այդպես է որոշել երկրի քաղաքական ղեկավարը։ Դրա համար գոյություն ունի դատարան։ Եթե կա հանցագործություն, պետք է լինի դատական որոշում։ Եթե դատական որոշում չկա, նման հայտարարությունները ոչ թե իրավական դիրքորոշում են, այլ՝ մեղադրանքների վրա հիմնված քաղաքական քարոզչություն:
Տպավորություն է ստեղծվում, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մեր առջև միաժամանակ ներկայանում է թե քննիչը, թե դատախազը, թե դատավորը և թե քաղաքական թոք-շոուների մեկնաբանը։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Արման Բաբաջանյանի ելույթը։ Նրան լսելիս կարելի էր հանգել այն եզրակացության, որ Հայաստանի գլխավոր և թերևս միակ խնդիրը Ռուսաստանն է, իսկ մնացած բոլոր հարցերը՝ ադրբեջանական ագրեսիայից մինչև Արցախի կորուստ, գոյություն ունեն քաղաքական իրականության լուսանցքում:
Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ եթե Բաբաջանյանին հանձնարարեին մեկնաբանել երկրաշարժը, երաշտը կամ էլեկտրաէներգիայի անջատումները, ապա այս դեպքում ևս Կրեմլը կլիներ տեղի ունեցածի վերջնական մեղավորը: Ստացվում է, որ միևնույն քաղաքական շրջանակները, որոնք անվերջ խոսում են Ռուսաստանի (ի դեպ՝ միջուկային տերության) դեմ կոշտ քայլերի, առճակատման և նրա հետ հարաբերությունների խզման անհրաժեշտության մասին, միևնույն ժամանակ առանձնահատուկ մտահոգություն չեն ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ գործող իշխանության կողմից վարվող զիջումների հետևողական քաղաքականության առնչությամբ:
Ընդ որում, ամենևին հասկանալի չէ թե ինչպես է առաջարկվում խզել հարաբերությունները մի պետության հետ, որից դեռևս կախված են հայկական տնտեսության, էներգետիկայի և անվտանգության զգալի տարրեր։ Այդուհանդերձ, նման ելույթներում կոնկրետ պատասխաններ սովորաբար չկան։ Փոխարենը՝ հուզական պաթոսը միշտ ավելի քան բավարար է:
Ոչ պակաս խոսուն էին նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, այսպես կոչված, «Ղարաբաղի փախած պսևդոէլիտայի» մասին։ Նման հռետորաբանությունը հատկապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ ավելի քան հարյուր հազար արցախահայեր ստիպված եղան լքել իրենց տները 2023 թ. ողբերգական իրադարձություններից հետո։
Նման ձևակերպումները, գիտակցաբար թե ոչ, բացասական վերաբերմունք են ձևավորում ոչ միայն արցախյան էլիտայի կոնկրետ ներկայացուցիչների, այլև ընդհանուր առմամբ արցախցիների նկատմամբ։ Հատկապես այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայեր դեռևս փորձում են նոր կյանք սկսել Հայաստանում, պետության ղեկավարի նման հռետորաբանությունը չի նպաստում հասարակության համախմբմանը, այլ միայն խորացնում է գոյություն ունեցող բաժանարար գծերը։
Այդուհանդերձ, բանավեճերի գլխավոր եզրակացությունը նույնիսկ դա չէ։
2018 թ. իշխանափոխությունից հետո տարիներ են անցել։ Այս ընթացքում երկիրը պատերազմներում պարտություններ է կրել, կորցրել տարածքներ, փոխվել են աշխարհաքաղաքական իրողությունները, իսկ պետութունը բախվել է իր նորագույն պատմության ամենալուրջ մարտահրավերներին։
Սակայն տարիներն անցնում են, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձեռագիրը մնում է նույնը. միևնույն թշնամիները, միևնույն մեղավորները և տեղի ունեցողն ուրիշների սխալներով բացատրելու միևնույն փորձերը։
Տպավորություն է ստեղծվում, որ իշխող թիմի մի մասը մինչ օրս ապրում է 2018 թվականի հեղափոխական հանրահավաքի մթնոլորտում՝ անկեղծորեն կարծելով, թե մեղավորների անվերջ թվարկումը կարող է փոխարինել պետական կառավարման արդյունքներին:
Իշխանության ղեկին գտնվելու տարիներին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել դրսևորելու ազգային մասշտաբի ղեկավարի հատկանիշներ։ Նրա ձեռքում էր գործադիր ողջ իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, վայելում էր աննախադեպ հանրային վստահություն և ուներ գրեթե անսահմանափակ քաղաքական հնարավորություններ։ Սակայն այդ կառավարման արդյունքներն այսօր հայտնի են երկրի յուրաքանչյուր բանական քաղաքացու, և լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունեն:
Մինչդեռ Հայաստանն այսօր կանգնած է այնպիսի մասշտաբի մարտահրավերների առջև, որոնք պետության ղեկավարությունից պահանջում են ոչ թե հեղափոխական կոչեր և թշնամիների անվերջ փնտրտուք, այլ պրոֆեսիոնալիզմ, ռազմավարական մտածողություն, քաղաքական հասունություն և ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակություն։
Փաշինյանն ակնհայտորեն զուրկ է այդ ամենից:
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ կառուցողական ծրագիր և սեփական հայեցակարգային տեսլական ներկայացնելու փոխարեն, ընդդիմադիր ճամբարի զգալի մասը հայտնվել է քաղաքական խաղի մեջ, որի կանոնները սահմանել է Նիկոլ Փաշինյանը: Այս խաղում առանցքային գործիք են դառնում ոչ թե փաստարկներն ու զարգացման ռազմավարությունները, այլ հիստերիան, գոռգոռոցներն ու անառարկելի մեղադրանքները:
Արդյունքում երկրի ապագայի շուրջ քննարկման փոխարեն, հայ հասարակությունը ստացավ քաղաքական պինգ-պոնգ՝ «դու ես հիմարը» ժանրի «հաճոյախոսությունների» փոխանակմամբ։ Մինչդեռ շատ ավելի բախտորոշ հարցեր՝ պետության ճակատագիրը, դրա դիմակայունությունն ու համակարգային ճգնաժամից դուրս գալու ուղիները, առանց ձայնի իրավունքի, մղվել են ետնաբեմ: Տպավորություն է, թե ստեղծված խառնաշփոթում որոշել են չանհանգստացնել ներկայացման մասնակիցներին:


