ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏԵՎՈՒՄ

Пашинян с макетом карты Армении

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել պատմական նշանակության հավակնող բազմաթիվ պոպուլիստական ելույթներով։ Սակայն, թերևս, ոչ մի քաղաքական բանաձև այնքան հստակ չի արտացոլում Հայաստանի հետ կատարվողի էությունը, որքան նրա կողմից շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստան» հասկացությունը։

Այս բառերն առաջին հայացքից միանգամայն անվնաս են հնչում: Ավելին՝ անփորձ մարդուն դրանք կարող են նույնիսկ ողջամիտ թվալ: Իրոք, ի՞նչ վատ բան կա «իրականության» մեջ: Մի՞թե վատ է ապրել ոչ թե առասպելներով, այլ պետական շահերով: Մի՞թե վատ է հրաժարվել պատրանքներից և կառուցել պրագմատիկ քաղաքականություն։

Մոտավորապես այսպես էլ հանրությանը մատուցվում է նոր գաղափարախոսությունը: Սակայն, ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, սատանան մանրուքների մեջ է։

Որովհետև հարցն ամենևին այն չէ, թե արդյոք Հայաստանին պետք է իրականությունը։ Հարցն այլ է․ ո՞վ է որոշում, թե ինչն է Հայաստանի համար «իրականություն», և ինչն է ենթակա քաղաքական լիկվիդացման՝ որպես վտանգավոր պատմական անոմալիա։

Եվ այստեղ հանկարծ ի հայտ է գալիս մի ուշագրավ օրինաչափություն։ Այն ամենը, ինչը տասնամյակներ շարունակ կազմել է հայկական ազգային և պետական ինքնության հիմքը, հայտարարվում է կամ «կեղծ», կամ «հնացած», կամ էլ «պետականությանը սպառնացող»։ Արցախը՝ պատմական սխալ։ Ազգային հիշողությունը՝ հակամարտությունների աղբյուր։ Պատմական Հայաստանը՝ վտանգավոր արխաիկա։ Դաշնակցային անվտանգության համակարգը՝ պատրանք։ Ազգային մոբիլիզացիան՝ աղետի տանող ուղի։

Փոխարենը՝ «իրականություն» է հայտարարվում հենց այն, ինչ դեռ բոլորովին վերջերս ձևակերպվում էր որպես Բաքվի պահանջ։

Նման համընկնումները, անշուշտ, կարելի էր պատահականություն համարել, եթե խոսքը վերաբերեր մեկ կամ երկու դրվագի։ Սակայն, երբ համընկնումները ձեռք են բերում համակարգային բնույթ, դրանք այլևս համընկնումներ չեն։

Ադրբեջանը երկար տարիներ պահանջում էր ղարաբաղյան հարցի վերջնական փակում։ Այսօր Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն համաձայնում է դրան, այլև փորձում է Արցախից հրաժարվելը ներկայացնել որպես քաղաքական հասունության բարձրագույն դրսևորում։ Փաշինյանը մի առիթով նույնիսկ հայտարարեց. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ Ադրբեջանը պահանջում էր հայկական կողմից տարածքային պահանջների ցանկացած ակնարկի բացառում։ Այսօր Հայաստանում արդեն քննարկվում է Սահմանադրությունը վերաշարադրելու և ազգային գաղափարախոսությունը վերաիմաստավորելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանը պահանջում էր արմատախիլ անել «ռևանշիստական խոսույթը»։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանն արդեն հայ հանրությանը բացատրում է, որ հենց պատմական հիշողությունն է խաղաղության ու կայունության համարյա թե գլխավոր սպառնալիքը։

Սակայն հարցն այստեղ նույնիսկ Ադրբեջանի մեջ չէ։ Բաքուն պարզապես օգտվում է այն գործընթացից, որի ներքին տրամաբանությունը ձևավորվում է հենց Երևանում։

Ամենավտանգավորն էլ հենց այս հանգամանքն է։

Քանի որ ժամանակակից հայոց պատմության մեջ առաջին անգամ պետական իշխանությունը փորձում է իրականացնել ոչ թե պարզապես քաղաքական մանևր կամ դիվանագիտական նահանջ, այլ հայկական պետության գոյության բուն սկզբունքի լիամասշտաբ վերանայում։

Մեզ, ըստ էության, առաջարկում են հրաժարվել պատմականորեն ձևավորված հայկական ինքնությունից և անցում կատարել դրա վարչական տարբերակին։

Ըստ նոր դոկտրինի՝ հայը պետք է դադարի իրեն ընկալել որպես բազմադարյա հիշողություն, ողբերգություն և քաղաքական սուբյեկտություն ունեցող պատմական ժողովրդի մաս։ Նրան առաջարկվում է դառնալ ընդամենը մի որոշակի տարածքի բնակիչ՝ սահմանափակված 29 743 քառակուսի կիլոմետր կադաստրային թվով։ Այն ամենը, ինչ դուրս է գալիս այդ թվի սահմաններից, հայտարարվում է կամ վտանգավոր ռոմանտիզմ, կամ քաղաքական պաթոլոգիա։

Զարմանալի չէ, որ իշխանության հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ այսպիսի սուր բնույթ է ստացել։ Շատերը փորձում են դա ներկայացնել որպես սովորական քաղաքական բանավեճ կամ ազդեցության համար պայքար։ Իրականում խոսքը շատ ավելի խորքային հակասության մասին է։

Ներկայիս իշխանության համար եկեղեցու խնդիրը կրոնի մեջ չէ։ Խնդիրն այն է, որ եկեղեցին մնում է այն վերջին ինստիտուտներից մեկը, որը պահպանում է հայկական գիտակցության պատմական շարունակականությունը։

Եկեղեցին հիշեցնում է, որ հայկական ինքնությունը չի սահմանափակվում ընթացիկ քաղաքական իրողությունների շրջանակով։ Այն մնում է այն վերջին ինստիտուտներից մեկը, որի միջոցով հայ հասարակությունը պահպանում է կապը սեփական պատմության, ազգային ողբերգությունների հիշողության և սեփական քաղաքակրթական շարունակականության գիտակցման հետ։ Իսկ դա ուղղակիորեն հակասում է «Իրական Հայաստանի» հայեցակարգին, որի համար անցյալն ընդունելի է միայն այնքանով, որքանով չի խանգարում ներկայիս աշխարհաքաղաքական պայմանավորվածություններին։

Հենց նույն պատճառով էլ Փաշինյանի իշխանությունն այդքան համառորեն խոսում է պատմության դպրոցական դասագրքերի վերանայման մասին և շատ հստակ քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։ Իհարկե, հայ հասարակությանն այս ամենը մատուցվում է արդիականացման, ապաքաղաքականացման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցման սովորական կարգախոսների ներքո։ Սակայն գործընթացի էությունը դրանից չի փոխվում։

Կայուն տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ձևավորել հայի նոր մարդաբանական տեսակ։ Պատմական խորությունից զուրկ հայի տեսակ։

Այս ֆոնին օրինաչափ է թվում նաև հայ-ռուսական հարաբերությունների նախկին մոդելի արագընթաց փլուզումը։ Այստեղ ևս խնդիրը հույզերի կամ անձերի մեջ չէ։ Խոսքը ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված հայկական պետականության ամբողջ կառուցվածքի կազմաքանդման մասին է։

Տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգությունը հիմնված է եղել միանգամայն հստակ տրամաբանության վրա․ տարածաշրջանային թշնամական միջավայրի պայմաններում Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսները փոխհատուցում է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքով։ Կարելի է վիճել այդ մոդելի իրագործման որակի շուրջ, կարելի է Մոսկվային լուրջ դժգոհություններ ներկայացնել, հատկապես 2020 թվականի աղետից հետո, սակայն անհնար է հերքել նման համակարգի գոյության փաստը։

Այսօր այդ համակարգն ապամոնտաժվում է արագացված տեմպերով։ Ընդ որում, անվտանգության նոր ճարտարապետությունը բացակայում է նույնիսկ նախագծի տեսքով։ Հայաստանը դուրս են բերում նախկին մոդելից՝ փոխարենը չստեղծելով ոչ մի կայուն բան։

Ամիսներ շարունակ հայ հասարակությանը ներշնչում էին, որ արտաքին քաղաքական շրջադարձը լուրջ հետևանքներ չի ունենա։ Մեզ համոզում էին, թե կարելի է միաժամանակ շարժվել դեպի Եվրոպական միություն, պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները, օգտվել ռուսական շուկայից ու ռուսական էներգակիրներից և միաժամանակ հետևողականորեն ապամոնտաժել դաշնակցային հարաբերությունների նախկին համակարգը։

Սակայն քաղաքականությունը, ինչպես հայտնի է, չի հանդուրժում նման թվաբանություն։

Այս առումով հատկանշական է Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, ով, մեկնաբանելով Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները, նշել էր․ «Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց այնպես, ինչպես հիմա անում են Հայաստանում: Թող իրենք որոշեն, հայ ժողովրդի ցանկացած որոշում ընդունելի կլինի մեզ համար»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը ինքնիշխան ընտրության հանդեպ հարգանքի չեզոք ձևակերպման մասին է։ Սակայն հետխորհրդային տարածքի փորձը հուշում է, որ նման հայտարարություններն երբեք պատահական չեն հայտնվում և երբեք չեն սահմանափակվում ասված խոսքերի ուղիղ իմաստով։

Փաստացի, Մոսկվան բացահայտորեն դիտարկում է հայկական ուղղությունը ուկրաինական նախադեպի համատեքստում։ Եվ ինքնին այս հանգամանքն արդեն իսկ լուրջ, տագնապալի ազդանշան է։

Ոչ պակաս խոսուն էր նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ դիրքորոշումը, որում ուղղակիորեն խոսվում է Միության տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերի մասին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման ուղեգծի հետ։ Ավելին, առաջին անգամ նման բարձր մակարդակով հարց բարձրացվեց Հայաստանի նկատմամբ Միության մեխանիզմների գործողության հնարավոր կասեցման, ինչպես նաև համազգային հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին, որը պետք է որոշի երկրի հետագա աշխարհաքաղաքական ընտրությունը։

Արդյունքում երկիրը հայտնվում է աշխարհաքաղաքական վակուումի ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Հին մեխանիզմները քանդվում են։ Նորերը գոյություն ունեն միայն հռչակագրերի, դիվանագիտական ժեստերի և «դիվերսիֆիկացման» մասին անվերջ խոսակցությունների տեսքով։

Այստեղ հարկ է նշել ևս մեկ կարևոր հանգամանք։ Իշխանությունը մշտապես փորձում է իր քննադատներին ներկայացնել որպես թշնամիներ, «նախկինների» կամակատարներ, Կրեմլի գործակալներ։

Սակայն առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. եթե «Իրական Հայաստանը» հիրավի ազգային փրկության այդպիսի փայլուն նախագիծ է, ապա ինչո՞ւ է դրա իրագործումն ուղեկցվում տարածքների կորստով, անվտանգության համակարգի քայքայմամբ, հասարակության գաղափարական պառակտմամբ, եկեղեցու հետ հակամարտությամբ, պատմական ինքնության ճգնաժամով և երկրի միջազգային դիրքերի աստիճանական թուլացմամբ։ Ինչի՞ համար է այն պետք, եթե վաղն այնտեղ հայկական ոչինչ չի մնալու։

Մի՞թե չափազանց բարձր չէ նման «իրականության» գինը։

Թերևս հենց սրանում է տեղի ունեցողի իսկական էությունը։

Մեզ առաջարկում են հաշտվել ոչ թե պարզապես պարտության, այլ գոյության մի նոր փիլիսոփայության հետ, համաձայն որի՝ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական սուբյեկտայնությունից՝ հանուն սահմանափակ և քաղաքականապես չեզոքացված գոյության իրավունքի։

Այլ կերպ ասած՝ Հայաստանին առաջարկվում է ոչ թե խաղաղություն, այլ կառավարվող ազգային ինքնասպանություն։

Մնում է միայն հասկանալ՝ արդյո՞ք հայ հասարակությունը գիտակցում է տեղի ունեցողի մասշտաբը, թե՞ Հայաստանի ապամոնտաժման գործընթացն արդեն հատել է անդառնալիության կետը։

Ուստի 2026 թ․ հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է պատասխանի մի հիմնարար հարցի՝ արդյո՞ք տեղի ունեցողը Հայաստանի անխուսափելի ապագան է, թե՞ երկիրը դեռևս չի սպառել սեփական ճակատագիրը փոխելու հնարավորությունները։