ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻ «ՕՐՎԱ ԹԵՄԱՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄԱՍԻՆ

,
Акоп Бадалян

Հակոբ Բադալյանի «Օրվա թեման» հաղորդման վերջին թողարկման քննարկման առանցքում Փաշինյանի այն հայտարարությունն էր, ըստ որի Հայաստանը այժմ ինքնիշխան է, անկախ և բարեկեցիկ, քան երբևէ։ Բադալյանը, փորձել էր հասկանալ՝ արդյո՞ք իրականությունն իսկապես համապատասխանում է այդ պատկերին, թե գործ ունենք քաղաքական քարոզչության և հասկացությունների նենգափոխման հետ։

Փաշինյանը խոսել է «մեքենայից»։ Ասել է՝ 2018-ին ինքը նստել է մի մեքենայի ղեկին, որը սլանում էր դեպի անդունդ, բայց կարողացել է ոչ միայն փրկել մեքենան, այլև հասցնել «բարեկեցիկ հանգրվանի»։ Ու հիմա, ըստ նրա, Հայաստանը «ինքնիշխան է, քան երբևէ», «անկախ է, քան երբևէ» և «բարեկեցիկ է, քան երբևէ»։

Բադալյանի տեսակետը կառուցված է մեկ հարցի շուրջ․ եթե սա է ինքնիշխանությունը, ապա կախվածությունն ինչպիսի՞ն է լինում։

Նա սկսում է Փաշինյանի հիմնական թեզի վերլուծությունից։ Եթե Հայաստանը մինչև 2018-ը ոչ ինքնիշխան երկիր էր, ապա ինչպե՞ս հենց այդ «ոչ ինքնիշխան համակարգը» Փաշինյանին բերեց իշխանության։ Ո՞վ տվեց ղեկը։ Ո՞ր ուժերը։ Ի՞նչ պայմաններում։ Այսինքն՝ Փաշինյանի պատմությունը, ըստ Բադալյանի, հենց իր ներսում հակասություն ունի։

Բայց հիմնական հարվածը վերաբերում է ներկային։ Բադալյանն ասում է՝ Փաշինյանի «ինքնիշխան Հայաստանը» իրականում մի պետություն է, որը քայլ առ քայլ կատարում է Ադրբեջանի բոլոր հիմնական պահանջները։ Սահմանադրության փոփոխությո՞ւն՝ այո։ Անկախության հռչակագրի չեզոքացո՞ւմ՝ այո։ ԵԱՀԿ Մինսկի խմբի թեմայի փակո՞ւմ՝ այո։ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությանը համապատասխանող ռեժիմնե՞ր՝ այո։ Եվ այս ամենը ներկայացվում է որպես խաղաղություն ու ինքնիշխանություն։

Հաղորդման ամենակոշտ հատվածներից մեկն այն է, որտեղ Բադալյանը փաստացի ասում է․ Հայաստանի իշխանությունը հասել է նրան, որ նույնիսկ բանակի մասին է վախենում խոսել։ «Մարտունակ բանակ» արտահայտությունն արդեն փոխարինվում է «պաշտպանունակ բանակով», որպեսզի հանկարծ Ադրբեջանը «սխալ չհասկանա»։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն զիջում է, այլ նաև հոգեբանորեն է հարմարվում զիջման տրամաբանությանը։

Եվ հետո գալիս է ամենացավոտ շերտը՝ Արցախի թեման։ Բադալյանը նշում է, որ Երևանը հրաժարվում է խոսել արցախցիների վերադարձի իրավունքից, բայց միաժամանակ չի համարձակվում կոշտ մերժել «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգը։ Ըստ նրա՝ սա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական կամքի կորուստ։

Տնտեսական մասում էլ Բադալյանը փաստացի հերքում է «աննախադեպ տնտեսական աճի» քարոզչությունը։ Նա ասում է՝ այո, թվերը մեծ են, բայց դրա պատճառը Փաշինյանի կառավարումը չէ, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած արտաքին տնտեսական հոսքերը։ Հայաստանը պարզապես դարձել է միջանկյալ հարթակ, որի վրա նստել են պատժամիջոցների էֆեկտները։ Իսկ եթե կառավարությունը իսկապես արդյունավետ լիներ, այդ փողերը կվերածվեին երկարաժամկետ արդյունաբերական, ներդրումային ու տեխնոլոգիական աճի։

Փոխարենը՝ ըստ Բադալյանի, Հայաստանը շարունակում է մեծացնել պետական պարտքը, իսկ խոշոր ներդրողները հեռանում են։ Նա օրինակ է բերում Ամուլսարը, Fly Arna-ն, Air Arabia-ի հետ ծրագիրը, ավիացիոն «սև ցուցակը»։ Ասում է՝ եթե երկիրը իսկապես դառնում էր «բարեկեցիկ հանգրվան», ապա ինչո՞ւ որևէ լուրջ միջազգային կապիտալ չի շտապում մտնել Հայաստան։

Բադալյանի ամբողջ հաղորդման առանցքային գաղափարը թերևս սա է․ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե պետական վերածնունդ, այլ հասկացությունների նենգափոխում։ Հաղթանակը ներկայացվում է որպես սխալ, պարտությունը՝ որպես խաղաղություն, զիջումը՝ որպես ինքնիշխանություն, իսկ կախվածությունը՝ որպես անկախություն։

Եվ վերջում նա վերադառնում է Փաշինյանի մեքենայի օրինակին ու տալիս իր եզրակացությունը։ Ասում է՝ նույնիսկ եթե ընդունենք, որ մեքենան իսկապես գնում էր դեպի անդունդ, ապա Փաշինյանը ոչ թե փրկեց մեքենան, այլ ճանապարհի կեսին այն պատին խփեց։ Ու այդ վթարի գինը եղան հազարավոր կյանքեր, կորուստներ և պետության դիմադրողականության անկում։