ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱԼՈՒ ՄԵՂՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾ

Օրերս Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ որոշեց հանրությանը բացատրել, թե ով է «ճիշտ» հայը, ով՝ «սխալ», ով է արժանի հարգանքի, իսկ ով՝ հրապարակային նվաստացման։ Եվ, պետք է խոստովանել, այս հարցում իշխանությունն արդեն հասել է որոշակի «կայունության»․ եթե նախկինում մարդկանց բաժանում էին «սևերի» ու «սպիտակների», «նախկինների» և «ներկաների», ապա այժմ բաժանում են զոհվածների ու ողջ մնացածների։

Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քարոզարշավի ժամանակ վիճաբանելով արցախցի Արթուր Օսիպյանի հետ, ով ժամանակին իր մոտ հաստիքային սադրիչ էր աշխատում, հայտարարեց․ «Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը»։ Դրան նախորդել էին ավելի ավանդական մեղադրանքները՝ «ադրբեջանական նարատիվներ», «թալանչի անասուններ», «պսևդոէլիտաներ» և այլն։ Այս բառապաշարին հանրությունը, ցավոք, արդեն որոշ չափով սովորել է։ Իշխանության քաղաքական լեզուն վաղուց է հեռացել պետականությունից և ավելի շատ հիշեցնում է բակային վիճաբանություն, որտեղ փաստարկների պակասը լրացվում է ձայնի բարձրությամբ։

Սակայն այս պատմության մեջ հատկապես ուշագրավ էր ոչ այնքան վարչապետի հերթական նյարդային պոռթկումը, որքան այն, որ դրանից անմիջապես հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշեց զարգացնել թեման։ Եվ զարգացրեց այնքան «հաջող», որ ակամայից սկսում ես մտածել՝ արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ զբաղվո՞ւմ է երկրի պաշտպանությամբ, թե արդեն անցել է զոհվածների «քաղաքական հաշվառման» գործառույթին։

Պապիկյանը, դիմելով քաղաքական հակառակորդներից մեկին, հրապարակային հետաքրքրվում էր, թե ինչու նրա գերդաստանում պատերազմում զոհվածներ չկան։ Ընդ որում՝ այս ամենը հնչում էր այնպիսի թեթևությամբ ու ղժղժոցով, ասես խոսքը գնում էր ոչ թե պատերազմի ու մահվան, այլ ընտանեկան խնջույքի մասին։

Այստեղ, իհարկե, կարելի էր երկար խոսել քաղաքական բարոյականության մասին, պետական մտածողության, պաշտոնյայի պատասխանատվության և այլ բարձր թեմաների շուրջ։ Բայց խնդիրն այն է, որ նման խոսույթի պարագայում այդ ամենը սկսում է պարզապես անիմաստ թվալ։

Որովհետև Պապիկյանի տրամաբանությունը չափազանց հետաքրքիր է։

Այսինքն՝ եթե շարունակենք իշխանության մտքի ընթացքը, ապա շուտով քաղաքական վստահության չափանիշը, հավանաբար, կդառնա ընտանեկան գերեզմանների քանակը։ Չես զոհվել՝ արդեն կասկածելի ես։ Չունես զոհված հարազատ՝ հայրենասիրությունդ բավարար չէ։

Ի դեպ, բավական դիպուկ արձագանքեց Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով․ «Դու Հայաստանի պաշտպանության նախարարն ես, թե Ադրբեջանինը»։ Կոշտ ձևակերպում է, իհարկե։ Բայց դժվար է չհամաձայնել, երբ պաշտպանության նախարարը փաստացի դժգոհում է, որ այս կամ այն ընտանիքում պատերազմը բավարար թվով զոհեր չի տվել։

Սակայն ամենահետաքրքիրն այստեղ նույնիսկ ուրիշ բան է։

Իշխանությունը, որը տարիներ շարունակ հասարակությանը պատմում էր «սիրո և համերաշխության» մասին, այսօր հանրային դաշտ է ներմուծում մի խոսույթ, որտեղ մարդկանց արժանապատվությունը չափվում է նրանց ողբերգություններով։ Ողջ մնացած արցախցուն հարցնում են՝ ինչու դուրս եկար։ Ընդդիմախոսին ասում են՝ ինչու չզոհվեցիր։ Ազատ գյուղի կացարանում զոհված զինվորի պապիկին ներկայացնում են որպես «200 հազար դրամով ուղարկված մարդ»։

Եվ այս ամենից հետո նույն մարդիկ դեռ զարմանում են, թե ինչու է հասարակության մեջ աճում ագրեսիան, ինչու մարդիկ այլևս չեն վստահում ոչ իշխանությանը, ոչ պետական ինստիտուտներին, ոչ էլ միմյանց։

Թեպետ, եթե անկեղծ լինենք, զարմանալու առանձնապես բան չկա։ Այս իշխանությունից ամեն բան սպասելի է։ Եվ դա արդեն քաղաքական խնդիր չէ։

Դա ախտորոշում է։