«ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ ինչ վտանգների մասին է ակնարկում Մոսկվան»
Վերջին շրջանում ՌԴ ամենաբարձր մակարդակից եկող ազդակներն ուղղված են հայ ժողովրդին՝ որպես նախազգուշացում, թե ինչ է սպասվելու Հայաստանին, եթե հայ ժողովուրդը որոշի վերընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այս անգամ Ռուսաստանը հաշվի չի առնելու դարավոր բարեկամությունը, որը կառուցվել է փոխադարձ հարգանքի վրա։
Պետք է չմոռանալ ,երբ վտանգված էր ՌԴ ռազմավարական շահերը Ռուսաստանը անգամ հաշվի չառավ այն հանգամանքը ,որ Ուկրաինայում էթնիկ եղբայրական ժողովուրդ է ապրում:
Եթե նախկինում Ռուսաստանն այսքան ակնհայտ չէր արտահայտել իր անհամաձայնությունը գործող վարչակարգի վերաբերյալ և ստիպված էր գործել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ընդդեմ Ռուսաստանի չեն արտացոլում հայ ժողովրդի մեծամասնության մոտեցումը, ապա այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ ժողովուրդը նաև իր վերաբերմունքն է արտահայտելու ուղղված Ռուսաստանին։
Առավել մատչելի ասած խոսքն այլևս պարզապես դիվանագիտական հայտարարությունների մասին չէ․ ձևավորվում է այն ընկալումը, որ Հայաստանի քաղաքական ընտրությունը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական կողմնորոշման ցուցիչ։
Երբ գերտերության ղեկավարի մակարդակով հնչում է նախազգուշացում, իրավիճակը պետք է գնահատել առավելագույն սթափությամբ։ ՌԴ նախագահը այն քաղաքական գործիչը չէ, ով պատահական բառեր է արտաբերում կամ առանց հաշվարկի համեմատություններ անցկացնում։
Վլադիմիր Պուտինը, խոսելով տարածաշրջանային զարգացումների և հնարավոր բաժանարար գծերի մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է հանրաքվեի միջոցով որոշի իր ապագան և , թե որտեղ է տեսնում իրեն։ Առավել ուշագրավը նրա հաջորդ միտքն էր, երբ որպես օրինակ հիշատակվեց Ուկրաինան։
Սա սովորական քաղաքական հայտարարություն չէր։ Այն ավելի շատ զգուշացում էր։ Զգուշացում այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում իր պատմական ազդեցության գոտիները, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում և արյան գնով, հանձնել իր դեմ պատերազմող Արևմուտքին։
Հատկանշական է նաև, որ այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Ռուսաստանում կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ՌԴ-ն կարող է զինված ուժեր կիրառել այլ երկրներում իր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով՝ մի շարք հիմքերով։
Այն երկրների ցանկը, որտեղ նման սցենար կարող է դիտարկվել, մեծ չէ։ Նման սցենարի զարգացում տեսանելի ապագայում հնարավոր է Ղազախստանում, Տաջիկստանում եւ որքան էլ ցավալի է նաեւ Հայաստանում. չի կարելի բացառել նման սցենարի զարգացումը:
Ղազախստանի արևելյան շրջաններում բնակչությունը պարբերաբար բախվում է ճնշումների՝ անգամ ռուսերեն խոսելու համար։ Իսկ Տաջիկստանում, ինչպես նաև Հայաստանում, Արևմուտքից ուղղորդվող որոշ ուժեր ակտիվ հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ թիրախավորելով ռուսական ռազմաբազաներն ու զինվորական ներկայությունը։
Տարածաշրջանում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը մտնում է նոր փուլ, որտեղ հայտարարություններն այլևս պարզապես խոսքեր չեն, այլ ապագա գործողությունների քաղաքական ազդակներ։
Մեկ անգամ չէ, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դեմ պրովոկացիոն գործողություն է արվել։ Տեսականորեն, նման սցենարի և ռուսական կողմի արձագանքը ոչ միայն չի կարելի բացառել, այլ բոլորովին իրատեսական է, եթե հայ ժողովուրդը, կրկին արկածախնդրության գնալով, իր ձայնը տա գործող վարչախմբին, իսկ վերջիններն ակնհայտորեն Արևմուտքից աջակցություն ստանալու համար սպասվող ընտրություններին համապատասխան խոստումներ են տվել։
Պատահական չէ, որ Մակրոնը Երևանում հայտարարեց Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։
Բայց, եթե անգամ մի կողմ դնենք ՌԴ ղեկավարի համեմատությունը Ուկրաինայի հետ կապված և պատկերացնենք, որ Ռուսաստանում ջենտլմեններ են իշխում, ովքեր, մոռանալով հազարավոր ռուս զինվորների արյան մասին, որոնք զոհվեցին Հայաստանը ազատագրելու համար, կարող են իսկապես թույլ տալ, որ հայ ժողովուրդը, դեմ գնալով իր իսկ շահին, Հայաստանը դարձնի գործիք ընդդեմ Ռուսաստանի։
Անգամ այդ «նուրբ» սցենարի դեպքում, եթե Ռուսաստանը ոչինչ չձեռնարկի, այլ իսկապես տեղի ունենա «նուրբ բաժանում», Հայաստանը միևնույն է չի կարող գոյատևել և դիմակայել այն տնտեսական խնդիրներին, որոնք կառաջանան այդ բաժանումից։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նման կարևոր որոշումը ցանկալի է իրականացնել հանրաքվեի միջոցով, հայկական հասարակության համար իսկապես մտածելու լուրջ թեմա է։ Նման հարցերը միայն արտաքին քաղաքական որոշումներ չեն․ դրանք անմիջական ազդեցություն ունեն տնտեսության, աշխատաշուկայի, սոցիալական կայունության և նույնիսկ անվտանգության վրա։
Ենթադրենք, որ Ռուսաստանը չի դիմում պատժամիջոցների, չի արտաքսում հայ աշխատողներին, չի դադարեցնում գազի մատակարարումը և չի ստեղծում քաղաքական ճնշումներ։ Նույնիսկ այդ դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքնին ստեղծում է տնտեսական նոր իրականություն։
Իրականությունը, որը այսօր արդեն Երեւանի փողոցներում որոշ չափով մատնանշվում է .օրինակ՝ վարդի գինը իջել է մինչեւ 50 դրամ ,չնայած որ դեռ արտահանման վրա ամբողջական արգելք չկա, ընդամենը մի քանի ֆուր հետ է վերադարձել Լարսից .նույն պատկերը կլինի մնացած գյուղմթերքի դեպքում ,իսկ Եվրոպա գնալ ցանկացող զանգվածը ստիպված կլինի եվրոպական սակագին վճարել գազի համար :
Այսինքն միայն գազի գնի բարձրացումը ,ոչ թե արտահանման արգելքը եւ միայն գյուղմթերքի հարկումը ,ոչ թե արտահանման արգելքը բավական է ,որ Հայաստանի տնտեսությունը հայտնվի կոլապսի մեջ:
Եթե պատկերացնենք Ռուսաստանը գործի է դնում իր ամբողջ գործիքակազմը ,ապա դժվար չէ կռահել ,ինչ աղետալի վիճակում է հայտնվելու Հայաստանը:
Եւ այո ,այդ սցենարի զարգացումը բացառելը միամտություն կլինի ՝հաշվի առնելով այն հանգամանքը ,որ ՌԴ ամենաբարձր մակարդակից է նախազգուշացում արվել:


