...ԵՎ ՍԱ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Թվում էր, թե վերջին տարիներին ապրած ամեն ինչից հետո հայ հասարակությանն արդեն դժվար է որևէ բանով զարմացնել։ Պատերազմից, Արցախի կորստից, հազարավոր զոհերից, գերիներից, անհետ կորածներից հետո, ստի անվերջանալի հոսքից, փոխադարձ մեղադրանքներից, էժանագին քաղաքական թատրոնից և իշխանության բարոյական անկումից հետո էլ ի՞նչը կարող է ցնցել։

Բայց այն, ինչ տեղի ունեցավ Արաբկիրում, շատերին իսկապես ցնցեց:

Ոչ, ոչ ոք ոչ ոքի չհարվածեց։ Չեղան ո՛չ կրակոցներ, ո՛չ բախումներ, ո՛չ եկեղեցիների գրոհ, ո՛չ էլ զոհվածների ծնողների ձերբակալություն։ Պարզապես Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուն մոտեցավ մի կին։ Սովորական հայ կին։ 44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրը։ Մոտեցավ և նրա երեսին ասաց. «Դուք գողացել եք իմ Հայրենիքը»։

Այս խոսքերը իսկական դետոնատոր դարձան: Եվ պայթյունը հետևեց գրեթե ակնթարթորեն:

Մարդ, ով տարիներ շարունակ խոսում էր «ժողովրդի իշխանության», «սիրո», «թավշյա հեղափոխության» և «նոր Հայաստանի» մասին, բառացիորեն հաշված վայրկյանների ընթացքում հունից դուրս եկավ ու ընկավ հիստերիկ պոռթկման մեջ: Սկսվեցին գոռգոռոցներ, սպառնալիքներ, փողոցային խուժանի բառապաշար ու ագրեսիա, որն արդեն վաղուց դարձել է այս իշխանության իսկական քաղաքական լեզուն:

«Հանելու եմ ձեր դիմակները, կոխեմ համապատասխան տեղը». սա ասում է պետության ղեկավա՞րը: Սա քաղաքական ելույթ է՞: Սա ընդհանրապես ազգային աղետ վերապրած երկրի առջև սեփական պատասխանատվության չափը գիտակցող մարդու խո՞սք է:

Ինչևէ, զարմանալու ոչինչ չկա։

Չէ՞ որ հենց սա է դեմքն այն իշխանության, որը կորցրել է ներքին բարոյական հենարանը: Իշխանություն, որն այլևս ունակ չէ համոզելու իր քաղաքացուն, և այդ պատճառով ավելի ու ավելի հաճախ է անցնում սպառնալիքների, վիրավորանքների ու հիստերիկ պոռթկումների:

Հատկապես հատկանշական է մեկ այլ բան:

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս չեկավ քաղաքական ընդդիմախոսի, հանրահավաքի կազմակերպչի կամ զինված սադրիչի պատճառով։ Նրան հավասարակշռությունից հանեց մի կին, ով պատերազմում եղբայր էր կորցրել։ Մի կին, ում համար Արցախը քաղաքական մանիպուլյացիաների թեմա չէ, այլ սեփական կյանքի, սեփական ցավի ու սեփական ճակատագրի մի մասնիկը:

Եվ հենց այդ պատճառով էլ նա ավելի ուժեղ գտնվեց, քան նա:

Որովհետև այդ օրն ի դեմս նրա այն Հայաստանն էր, որը դեռ չի համակերպվել Արցախի կորստի ցավի և ազգային նվաստացման հետ։ Այն Հայաստանը, որը դեռ հիշում է, թե ինչ է արժանապատվությունը։ Այն Հայաստանը, որը չի ուզում ապրել մշտական պարտության, վախի ու քաղաքական անամոթության մթնոլորտում:

Նրա խոսքերում չկային ո՛չ քաղտեխնոլոգիաներ, ո՛չ էժանագին պաթոս, ո՛չ էլ անգիր արած լոզունգներ։ Կար միայն ճշմարտություն՝ պատերազմի արհավիրքներով անցած մարդու ճշմարտությունը:

Եվ հենց այս ճշմարտությունն էր, որ վարչապետի համար անտանելի դարձավ։

Որովհետև Հայաստանի այս հատվածն իր իսկ գոյությամբ հիշեցնում է այն սարսափելի հանցագործության մասին, որը գործել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնում է ազգային դավաճանության մասին, որն արդեն հնարավոր չէ թաքցնել ուղիղ եթերների, կարգախոսների, արդարացումների ու ստի անվերջանալի հոսքերի հետևում։

Եվ հենց այդ պատճառով էլ իշխանությունն ավելի ու ավելի հաճախ պատասխանում է ոչ թե բացատրություններով, այլ՝ գրգռվածությամբ, ատելությամբ ու ջղաձիգ ագրեսիայով։

Ընդդիմությանը կարելի է հռչակել թշնամի, վարկաբեկել, ճնշել։ Բայց անհնար է «ճնշել» մորը, քրոջը, անհետ կորածի ընտանիքին։ Անհնար է ջնջել նրանց ցավը։ Եվ անհնար է ստիպել նրանց լռել այնպես, որ դա համոզիչ թվա: Այդ պատճառով էլ Փաշինյանը փորձեց այս կնոջը ներկայացնել որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ սպառնալիքներ հնչեցնելով իր քաղաքական ընդդիմախոսներ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Մինչդեռ այս պատմության մեջ ամենասարսափելին նույնիսկ Փաշինյանի պահվածքը չէ։ Ի վերջո, նրա քաղաքական ու մարդկային տեսակի վերաբերյալ վաղուց արդեն ոչ մի պատրանք չկա։ Սարսափելին այլ բան է. հասարակությունն աստիճանաբար սկսում է սովորել նման երևույթներին:

Սովորել նրան, որ պետության ղեկավարը քաղաքացիների հետ խոսում է փողոցային բառապաշարով: Սովորել նրան, որ Հայրենիք և հարազատներ կորցրած մարդիկ ստիպված են լինում դեռ մի բան էլ հանդուրժել իշխանության լկտիությունը։ Սովորել նրան, որ ագրեսիան, հիստերիան և քաղաքական անամոթությունը դառնում են պետական կյանքի նորմա։

Այնինչ հենց սրանից էլ սկսվում է պետության կործանումը՝ ոչ թե ռազմաճակատում կրած պարտություններից, այլ իշխանության բարոյական քայքայումից և դրան հասարակության ընտելացումից:

Ժամանակին հայոց պետականությունն ընկալվում էր որպես ազգային արժանապատվության բարձրագույն ձև, որպես ժողովրդի, նրա հիշողության, մշակույթի և պատմական ապագայի պահպանման գործիք։ Իսկ այսօր ավելի ու ավելի հաճախ է առաջանում այն զգացողությունը, որ պետական իշխանությունը վերածվում է ինքնաոչնչացման մեխանիզմի։

Ահա թե ինչու Արաբկիրի դեպքից հետո անխուսափելիորեն ծագող հարցն այլևս Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում։ Նրա հետ ամեն ինչ վաղուց պարզ է։

Հարցը մեզ է վերաբերում:

Մի՞թե հայ ժողովուրդը կրկին պատրաստ է որպես ազգի առաջնորդ ընդունել մի մարդու, ում անունը վաղուց դարձել է դավաճանության հոմանիշ։ Նրան, ով սովոր է տեսախցիկների առաջ հագեցնել քաղցը՝ չնկատելով խղճի քաղցը, ում գոռգոռոցներն ու սպառնալիքները խլացնում են բանականության ձայնը, իսկ հիստերիաներն ու փողոցային խուժանի բառապաշարը դարձել են վարքագծի նորմա։ Մի՞թե Հայաստանը դատապարտված է երկրի ճակատագիրը հանձնել մի անհատի ձեռքը, ով զուրկ է տարրական քաղաքավարությունից ու մարդկային արժանապատվությունից։

Թե՞, այնուամենայնիվ, կա մի սահմանագիծ, որից այն կողմ ժողովուրդը պարտավոր է ասել՝ բավակա՛ն է:

Կարևոր տեղեկություն։

Հասարակական Տրիբունալի կայքում բացվել է Արցախի բնակիչների նյութական կորուստների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաթուղթը։

Խնդրում ենք այն Արցախի բնակիչներին, ովքեր 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի զավթման հետևանքով կորցրել են իրենց գույքը՝ անշարժ կամ շարժական ունեցվածք, կամ այլ նյութական արժեքներ, լրացնել տվյալ ձևաթուղթը և տրամադրել համապատասխան տեղեկատվություն։

Ձևաթուղթը տեղադրված է կայքի գլխավոր էջում։ Այն գտնելու համար անհրաժեշտ է էջը պտտել դեպի ներքև։

Սա անհրաժեշտ է կրած կորուստների վերաբերյալ տվյալների համակարգման, ընդհանուր պատկերի ձևավորման և հետագա վնասների փաստագրման համար։

Խնդրում ենք տեղեկատվությունը ներկայացնել հնարավորինս մանրամասն և հավաստի՝

— կորսված գույքի տեսակը,

— գտնվելու վայրը,

— մոտավոր արժեքը (եթե հնարավոր է),

— կորստի լրացուցիչ հանգամանքները,

Յուրաքանչյուր դիմում կարևոր է։