ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ «ԹՈՒՆԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԵԽԱՆԻԿԱՆ
Սերժ Սարգսյանը, եթե չլիներ Արևմուտքից ուղղորդվող գործիչ, չորս քայլ պետք է աներ՝ ինչ-որ չափով ընդդիմությանը օգտակար լինելու համար։
Առաջին՝ պետք է հայտարարեր, որ ինքն է Նիկոլին բերել իշխանության։
Երկրորդ՝ պետք է դադարեր իր հետ ասոցացվող մարդկանց շուրթերով աջակցել Սամվել Կարապետյանին՝ վերջինիս «արջի ծառայություն» մատուցելով։
Երրորդ՝ իր դեմքով պետք է քննադատեր Ռոբերտ Քոչարյանին՝ այդ կերպ բարձրացնելով նրա վարկանիշը։
Չորրորդ՝ իր դեմքով պետք է աջակցեր Նիկոլ Փաշինյանին՝ այդ կերպ հարվածելով նրա վարկանիշին։
Բայց, քանի որ Սերժ Սարգսյանը ուղղորդվում է մեր թշնամիների կողմից, նա անում է ճիշտ հակառակը։
Պատմության մեջ վաղուց հայտնի է մի հին մեթոդ․ որևէ անձի, կառույցի կամ գաղափարի վնասում են ոչ թե ուղիղ հարձակումներով, այլ՝ նրա կողքին կանգնելով, նրան գովելով ու պաշտպանելով։
Այս մեխանիզմը կիրառվել է դարեր շարունակ՝ կայսերական պալատներից մինչև քաղաքական համակարգեր։ Անգամ քրիստոնեական պատմության մեջ կարելի է տեսնել դեպքեր, երբ բացահայտ թշնամանքից ավելի արդյունավետ է աշխատել կեղծ աջակցությունը։
Մեթոդը պարզ է․ եթե ուզում ես որևէ մեկին վարկաբեկել, նրա կողքին կանգնեցրու հասարակության կողմից մերժված, բարոյապես սպառված կամ անվստահելի դեմքերի։ Այդ պահին աջակցությունն ինքնին վերածվում է հարվածի։
Այս տրամաբանության մեջ է, որ պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի քաղաքական վարքագիծը՝ հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Սերժ Սարգսյանը, իր աշխարհայացքով և համակարգային շահերով, Սամվել Կարապետյանին դիտարկում է որպես պոտենցիալ վտանգ։ Պատճառը պարզ է․ Սամվել Կարապետյանը, իր հնարավոր ազդեցությամբ ու հավաքելիք ձայներով, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին կարող է խափանել այն քաղաքական նախագծերը, որոնց առանցքում Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի համակարգի վերադարձի գաղափարն է։
Այդ պատճառով Սերժ Սարգսյանը ընդդիմադիր դաշտի նկատմամբ պայքարը տանում է միաժամանակ երկու ուղղությամբ։
Առաջին ճակատ. մի կողմից ՝ Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի մեդիաները շարունակաբար հարվածում են Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը։ Մյուս կողմից՝ նույն համակարգի հետ փոխկապակցված մարդիկ ներթափանցում են Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող դաշտ և սկսում հրապարակային գովեստներ հնչեցնել նրա հասցեին։
Սա պատահական չէ։
Հասարակության մեջ բարձր հակավարկանիշ ունեցող մարդկանց միջոցով Սամվել Կարապետյանին «աջակցելը» իրականում նպատակ ունի նրան վնասելու։ Քանի որ այդ շրջանակների կողմից հնչող ցանկացած դրական խոսք շատերի մոտ առաջացնում է ոչ թե վստահություն, այլ հակառակ ազդեցություն։
Այստեղ գործում է «թունավոր աջակցություն» կոչվող մեխանիզմը։
Առավել վնասակար է ընդդիմության համար երկրորդ մեխանիզմը՝ սեփական բացասական հեղինակությունը ուրիշի վրա տեղափոխելը։ Տարիներով ձևավորված հանրային հակակրանքը փորձում են փոխանցել Սամվել Կարապետյանին՝ նրան անընդհատ կապելով հանրապետական դեմքերի և նույն համակարգի հետ։ Եվ սա, ըստ էության, ավելի արդյունավետ հարված է ընդդիմությանը, քան ուղիղ հակաքարոզչությունը։
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ եթե անձամբ և բացահայտ սկսի պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապա հասարակության զգալի հատվածի մոտ դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ և բարձրացնել Քոչարյանի վարկանիշը։
Հենց այդ պատճառով պայքարը հիմնականում տարվում է երրորդ դեմքերի միջոցով։ Սերժ Սարգսյանը խուսափում է իր շուրթերով արտաբերել Ռոբերտ Քոչարյանի անունը կամ բացահայտ հակադրվել նրան՝ հասկանալով ,որ եթե մարդիկ տարանջատեն իրեն Ռոբերտ Քոչարյանից վերջինիս վարկանիշը կբարձրանա:
Սա նոր երևույթ չէ։
Նույն մեխանիզմը տարիներ շարունակ կիրառվել է նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։
2008–2018 թվականներին իշխանությունը հետևողականորեն եկեղեցին կապում էր սեփական քաղաքական համակարգի հետ․ ցուցադրական այցելություններ, կաթողիկոսի հետ անընդհատ հրապարակային հանդիպումներ, եկեղեցական տոների քաղաքականացում, աղոթքներով ուղեկցվող քարոզչական միջոցառումներ։
Արտաքուստ սա թվում էր որպես պաշտպանություն և հավատարմություն եկեղեցուն, բայց իրական հետևանքը լրիվ այլ էր։ Եկեղեցին հանրության մի զգալի հատվածի աչքում սկսեց ասոցացվել կոռումպացված իշխանության, քաղաքական շահերի և կուսակցական համակարգի հետ։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ կուտակվող հակակրանքը ավտոմատ կերպով փոխանցվում էր նաև եկեղեցուն։
Այսինքն՝ կրկին նույն մեխանիզմը․ ոչ թե ուղիղ հարված, այլ քայքայում՝ «աջակցության» անվան տակ։
Այս համատեքստում պատահական չէ նաև, որ Սամվել Կարապետյանին ամենաակտիվ ձևով գովաբանում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Աշոտյանն ու Շարմազանովը։ Հասարակության մեջ այդ զույգը վաղուց ասոցացվում է քծնանքի, շողոքորթության, մեծախոսության, դեմագոգիայի և կոռումպացված համակարգի հետ։ Եվ բնական է, որ հասարակության այն հատվածը, որն արդեն տարիներ շարունակ բացասաբար է վերաբերվում այդ կերպարներին, նրանց կողմից հնչող գովեստը ուղղված Սամվել Կարապետյանին հասարակության այդ շերտի մոտ գցում է վերջինիս վարկանիշը։
Բայց խնդիրը հենց այն է, որ շատերը չեն հասկանում՝ իրական նպատակը ոչ թե աջակցելն է, այլ վնասելը։
Այստեղ «թունավոր աջակցությունը» դառնում է ամբողջությամբ գործող քաղաքական տեխնոլոգիա։
Եթե նախկինում կարելի էր ենթադրել, թե հանրապետական համակարգի ներկայացուցիչները պարզապես կտրված են իրականությունից և չեն հասկանում, թե ինչպիսի բացասական վերաբերմունք կա իրենց նկատմամբ, ապա այսօր նման ենթադրության տեղ այլևս չկա։ Նրանք շատ լավ գիտեն հասարակական տրամադրությունները։ Գիտեն, որ միայն իրենց անուններն արդեն բացասական արձագանք են առաջացնում։
Եվ հենց այդ գիտակցումով են փորձում Արման Թաթոյանին իրենցից տարանջատելով մի կերպ անցկացնեն ԱԺ կամ գոնե ձայն փոշիացնեն ,ինչին հասնելու համար Արման Թաթոյանին կանաչ լույս են տվել անհրաժեշտության դեպքում խիստ քննադատել Սերժ Սարգսյանին, միայն թե հասարակության մի հատված հավատա, թե Թաթոյան Արմանը Սերժ Սարգսյանի խամաճիկը չէ:
Փաստացի սեփական դեմքով ընտրության չեն գնում, բայց իրենց հետ նույնացվող դեմքերով շարունակում են «աջակցել» ուրիշներին՝ նրանց վրա փոխանցելով տարիներով կուտակված հակակրանքը։
Նույն տրամաբանությամբ էր օրինակ՝2021 թվականի ընտրություններից առաջ Սաշիկ Սարգսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքին:
Սամվել Կարապետյանը պետք է Սերժ Սարգսյանին հորդորի դադարել իրեն աջակցել, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է այնպիսի սուր քննադատություն հնչեցնի ուղղված Սերժ Սարգսյանին ,որ վերջինս ուղղակի չկարողանա լռել եւ իր դեմքով հակադրվի Ռոբետ Քոչարյանին .այս երկու քայլը զգալի ձայներ է ավելացնելու ընդդիմությանը:


