ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱ՞Ր. ՊՈՒՏԻՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը լրագրողների հետ ուշագրավ էր այն բանով, որ Ռուսաստանի առաջնորդը փաստացի առաջին անգամ այսքան բացահայտ և հրապարակայնորեն Հայաստանի եվրոպական ուղեգիծը կապեց ուկրաինական նախադեպի հետ:
Ընդ որում, հնչեց դա առանց սպառնալիքների և հուզական հռետորաբանության։ Ընդհակառակը՝ ընդգծված հանգիստ։ Բայց հենց այդ սառը քաղաքական տոնայնութան մեջ էր գլխավոր ազդակը:
Թերևս երկու մեջբերում առանցքային էին.
Առաջինը.
«Միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որը կլինի նրանց ընտրությունը։ Ըստ այդմ, մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»:
Եվ երկրորդը՝ շատ ավելի կարևոր և մտահոգիչ.
«Չէ՞ որ մենք հիմա ականատես ենք լինում այն ամենին, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու փորձից... Այս ամենը հետո հանգեցրեց պետական հեղաշրջմանը, Ղրիմի պատմությանը, Ուկրաինայի հարավ-արևելքի դիրքորոշմանը և մարտական գործողություններին»:
Փաստացի Պուտինն առաջին անգամ ուղիղ տեքստով մատնանշեց, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը դիտարկում է որպես շարժում դեպի Հայաստանի «ուկրաինացում»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդ որում, կարևոր է հասկանալ մի սկզբունքային մանրուք. խոսքը Եվրամիությանը պաշտոնական անդամակցության մասին չէ: Բոլորը քաջ գիտակցում են՝ ո՛չ Բրյուսելն է պատրաստվում Հայաստանին ընդունել ԵՄ, ո՛չ էլ Հայաստանն է պատրաստ է նման քայլի՝ տնտեսապես, ինստիտուցիոնալ և քաղաքական առումով։ Խոսքը երկիրը հետևողականորեն հակառուսական աշխարհաքաղաքական ուղեգծի մեջ ներքաշելու մասին է:
Հենց դա էլ մատնանշեց Պուտինը:
Ընդ որում, նա դա արեց ոչ թե վերջնագրի տեսքով, այլ՝ որպես նախազգուշացում. կողմնորոշվեք նախապես, հաշվարկեք հետևանքները, իրավիճակը մի հասցրեք անդառնալիության կետի:
Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, կարծես թե, ապրում է քաղաքական PR-ի, այլ ոչ թե՝ ռազմավարական հաշվարկի տրամաբանությամբ:
Սկզբում հասարակությանը հեքիաթներ էին պատմում, թե կարելի է միաժամանակ մնալ ԵԱՏՄ-ում, ստանալ ռուսական տնտեսական արտոնություններ, օգտվել ռուսական շուկայից, ռուսական էներգետիկայից, միգրացիոն հնարավորություններից և զուգահեռաբար ընթանալ եվրոպական ինտեգրման ճանապարհով՝ առանց որևէ հետևանքի:
Այժմ ակնհայտ է դառնում. Մոսկվան սկսում է ուղղակիորեն խոսել այն մասին, որ նման իրավիճակը երկար չի կարող շարունակվել:
Պուտինը միևնույն ժամանակ նշեց կոնկրետ թվեր։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմում է շուրջ 7 մլրդ դոլար։ Մոտ 29 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող տնտեսության համար սա հսկայական ցուցանիշ է։ Ռուսական շուկան սնուցում է հայկական տնտեսության ամբողջական ճյուղեր։ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ կախված են Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունից, դրամական փոխանցումներից, առևտրից և ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներից։
Ռուսաստանի նախագահը փաստացի զգուշացրեց. Ռուսաստանը պատրաստ է ընդունել Հայաստանի ցանկացած ընտրություն, սակայն դրան կհաջորդեն «համապատասխան հետևություններ»։
Եվ սա արդեն ազդակ է հարաբերությունների ողջ համակարգի՝ առևտրային, տնտեսական, միգրացիոն, էներգետիկ և ռազմաքաղաքական, հնարավոր վերանայման մասին։
Հենց այստեղ է սկսվում ամենավտանգավորը։ Որովհետև Ուկրաինան, որի հետ այսօր զուգահեռներ են անցկացվում, տիրապետում էր բոլորովին այլ ռեսուրսների՝ հսկայական տարածք, բազմամիլիոնանոց բնակչություն, ահռելի արդյունաբերական ներուժ, ելք դեպի ծով, խորհրդային մասշտաբի ռազմական ենթակառուցվածք: Եվ ամենակարևորը՝ Արևմուտքի աննախադեպ ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցությունը:
Նույնիսկ այս ամենի պարագայում Ուկրաինան հայտնվեց ծանրագույն պատերազմի և տնտեսական ահռելի ավերածությունների վիճակում:
Հայաստանը չունի ո՛չ ուկրաինական ռեսուրսները, ո՛չ ուկրաինական ժողովրդագրական ներուժը, ո՛չ ուկրաինական տնտեսությունը, ո՛չ ուկրաինական պաշտպանական խորությունը և առավել ևս՝ արտաքին աջակցության համադրելի մակարդ:
Ավելին, Հայաստանը գտնվում է շատ ավելի խոցելի աշխարհագրական դիրքում և ունի անհամեմատ ավելի փոքր դիմացկունության պաշար։ Ահա թե ինչու ցանկացած աշխարհաքաղաքական փորձարկում Հայաստանի համար պոտենցիալ առումով շատ ավելի վտանգավոր է։
Մինչդեռ Երևանում արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է հասարակությանը մոլորեցնելու միանգամայն գիտակցված քաղաքականություն։ Իշխանամետ «փորձագետները», դրամաշնորհային քարոզիչները, իշխանությանը սպասարկող սոցիալական ցանցերի էջերը և հենց Փաշինյանի թիմն առավոտից երեկո բնակչությանը հեքիաթներ են պատմում «եվրոպական ընտրության» մասին՝ այդ ամենն ուղեկցելով հիստերիկ հակառուսական արշավով։ Հասարակությանը ներշնչում են այն միտքը, թե իբր բավական է երես թեքել Ռուսաստանից, և Հայաստանն ինքնաբերաբար կհայտնվի անվտանգության, ներդրումների, բարձր կենսամակարդակի և քաղաքական հարմարավետության աշխարհում։
Ընդ որում, բնակչությանը համառորեն չեն բացատրում տարրական բաներ. ո՞վ է փոխհատուցելու հնարավոր տնտեսական կորուստները, ո՞վ է փոխարինելու ռուսական շուկան, ո՞վ է ապահովելու էներգետիկ կայունությունը, ո՞վ է բացելու իր սահմանները հայ աշխատանքային միգրանտների համար, և ո՞վ է ապահովելու տարածաշրջանում անվտանգության իրական երաշխիքները։
Հասարակության հետ լուրջ խոսակցության փոխարեն իշխանությունը զբաղված է քաղաքական դեմագոգիայով և էմոցիոնալ հակառուսական մոբիլիզացմամբ՝ փորձելով առողջ բանականությունը փոխարինել գաղափարական կարգախոսներով։
Պուտինը, ըստ էության, հրապարակավ հնչեցրեց մի պարզ միտք. Մոսկվան չի պատրաստվում հիստերիա բարձրացնել Հայաստանի եվրոպական ձգտումների պատճառով, բայց և ձևացնել, թե իբր ոչինչ տեղի չի ունենում, նույնպես մտադիր չէ:
Հատկանշական է «մեղմ և փոխշահավետ ապահարզան» ձևակերպումը։ Դիվանագիտական լեզվով սա նշանակում է հստակ մի բան. եթե Հայաստանը վերջնականապես ընտրի այլ աշխարհաքաղաքական ուղղություն, Ռուսաստանը կսկսի աստիճանաբար վերանայել ներկայիս հարաբերությունների ողջ համակարգը՝ տնտեսական, առևտրային, միգրացիոն և, հնարավոր է, ռազմաքաղաքական։
Եվ այստեղ հարցն այլևս այն չէ՝ ուզո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը դուր գալ Բրյուսելին կամ Փարիզին։
Հարցն այն է, թե արդյոք հայ հասարակությունը հասկանում է նման փորձարկումների գինը:
Որովհետև ուկրաինացումը գեղեցիկ դրոշները, դրամաշնորհները և «եվրոպական ապագայի» մասին անվերջանալի խոսակցությունները չեն։
Ուկրաինացումը նախևառաջ երկրի վերածումն է աշխարհաքաղաքական բախման գծի և դրանից բխող կործանարար հետևանքները։
Եվ եթե Ուկրաինան ուներ ռեսուրսներ նման հարվածի դիմակայելու համար, ապա Հայաստանը դիմացկունության այդպիսի պաշար չունի։


