ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ․ ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Հայաստան ժամանած եվրոպական երկրների առաջնորդներին, Ուկրաինայի նախագահին ու Թուրքիայի փոխնախագահին ջերմ դիմավորող ՀՀ ղեկավարությունը և փողոցում նրանց ջերմ ընդունող հասարակությունը նման է այն կնոջը, ով ապրում է իր ամուսնու բնակարանում, ուտում և հագնվում նրա հաշվին, բայց ժամանակ է անցկացնում սիրեկանի հետ։
Մենք գիտենք՝ նման կանայք սովորաբար ինչ վախճան են ունենում, բայց մենք կարիք չունենք այդ փոքր օրինակի վրա հասկանալու, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե հունիսի 8-ին Փաշինյանը շարունակի իշխել Հայաստանում։
Հայ ժողովուրդը նման դառը փորձ ունի։ Դրա ամենավառ օրինակներից է 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Այդ պայմանագիրը ստեղծում էր բարենպաստ պայմաններ հայ ժողովրդի համար, սակայն շուտով այն վերանայվեց Բեռլինի վեհաժողովում՝ եվրոպական տերությունների ճնշման ներքո՝ հենց այն երկրների կողմից, որոնց առաջնորդներին վերջին օրերին գրկաբաց ընդունում են Երևանի փողոցներում։
Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Ռուսաստանը պետք է նախաձեռներ բարեփոխումներ Արևմտյան Հայաստանում և իր զորքերը դուրս բերեր միայն այն դեպքում, երբ երաշխավորված լիներ հայ բնակչության անվտանգությունը։ Սակայն Բեռլինում այս դրույթը փոխարինվեց 61-րդ հոդվածով, որտեղ բացակայում էր կոնկրետ երաշխիքների մեխանիզմը։ Փոխարենը՝ Օսմանյան կայսրությունը պարզապես պարտավորվում էր իրականացնել բարեփոխումներ՝ առանց հստակ վերահսկողության։
Բացի այդ, Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանին անցած որոշ հայկական տարածքներ, այդ թվում՝ Բայազետը և Ալաշկերտը, վերադարձվեցին Օսմանյան կայսրությանը։ Սա հանգեցրեց տեղի հայ բնակչության վիճակի վատթարացման և հետագա հալածանքների, իսկ ավելի ուշ՝ հայոց ջարդերի և ցեղասպանության։
Սա տեղի ունեցավ նույն արևմտյան երկրների վարած քաղաքականության արդյունքում, որը, կարծես թե, մոռացվել է կամ դուրս է մնացել քննարկումներից։
Պատմական օրինակների հիշեցումը կարևոր է՝ ցույց տալու համար, որ արևմտյան տերությունների շահերը չեն համընկնում հայ ժողովրդի գոյության իրավունքի հետ։
Հետևաբար, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական որոշումները պահանջում են զգուշություն, իրատեսություն և պատմական փորձի խորքային ըմբռնում։
Այսօր, ինչպես և ավելի քան մեկ դար առաջ, Հայաստանը կանգնած է կարևոր ընտրության առաջ՝ հավատա՞լ գեղեցիկ խոստումներին՝ մոռանալով անցյալի դառը փորձը, թե՞ հաշվի նստել իրականության հետ՝ այն դիտարկելով պատմական փորձի լույսի ներքո։
Ինչպես 1878 թվականի Սան Ստեֆանոյի հայանպաստ պայմանագիրը չէր բխում արևմտյան երկրների շահերից՝ խորքային պատճառներով, այնպես էլ Հայաստանի ներկայիս սահմանների պահպանումը, ըստ այս մոտեցման, չի բխում նրանց շահերից՝ անկախ գեղեցիկ ձևակերպված հայտարարություններից։
Մեր աչքի առաջ ոչ վաղ անցյալում Արցախը, փաստացի, հանձնվեց Ադրբեջանին՝ արևմտյան հարթակներում ընդունված որոշումների և դիրքորոշումների արդյունքում։ Սակայն Արցախով խնդիրը ամբողջությամբ չի լուծվել, ինչը երևում է ինչպես արևմտյան, այնպես էլ ադրբեջանական կողմից եկող ազդակներից։
Որպեսզի հասկանանք, թե ինչու խնդիրը չի փակվում, պետք է հասկանալ՝ ինչու է Արևմուտքը Հայաստանը դիտարկում որպես թուրքական ազդեցության գոտի, ինչ շահ էր հետապնդում մեկ դար առաջ և ինչ շահ է հետապնդում այսօր։
Սան Ստեֆանոյի պայմանագրով կատարված փոփոխությունները չհամապատասխանեցին արևմտյան տերությունների ռազմավարական շահերին, և այդ պատճառով այն վերանայվեց Բեռլինի վեհաժողովում։
Արևմտյան երկրները, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, ձգտում էին կանխել Ռուսաստանի ազդեցության կտրուկ աճը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով ստեղծվում էր Մեծ Բուլղարիան, որը հասնում էր մինչև Էգեյան ծով և փաստացի դառնում էր Ռուսաստանի ազդեցության գոտի՝ նրան մոտեցնելով Կոստանդնուպոլսին և նեղուցներին։ Սա լուրջ անհանգստություն էր առաջացնում Լոնդոնում։
Միևնույն ժամանակ, Կովկասյան ուղղությամբ Ռուսաստանը զգալի առավելություններ էր ստանում։ Մասնավորապես՝ Բաթումի նավահանգստի ձեռքբերումը հնարավորություն էր տալիս ամրապնդվել Սև ծովի արևելյան հատվածում և մեծացնել ճնշումը Օսմանյան կայսրության վրա։
Այս զարգացումները փոխում էին տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը՝ հօգուտ Ռուսաստանի։
Ամենազգայուն հարցը մնում էր նեղուցների վերահսկողությունը։ Եթե Ռուսաստանը կարողանար ամրապնդվել Բալկաններում, ապա Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ ազդեցության մեծացումը ժամանակի հարց կդառնար։ Դա ուղղակի սպառնալիք էր Մեծ Բրիտանիայի համար, որի համար կենսական նշանակություն ուներ կապը Հնդկաստանի հետ։
Սև և Միջերկրական ծովերում Ռուսաստանի ազդեցության աճը նույնպես սպառնալիք էր Բրիտանիայի համար՝ վտանգելով նրա հնարավորությունները Սուեզի ջրանցքից ազատորեն օգտվելու հարցում։
Ուստի Բրիտանիայի շահերից բխում էր տարածաշրջանում Օսմանյան կայսրության (Թուրքիայի) դիրքերի պահպանումը։
Հետևաբար, Բեռլինի վեհաժողովը ոչ միայն դիվանագիտական քննարկումների հարթակ էր, այլև մեծ տերությունների միջև ազդեցության վերաբաշխման միջոց։ Այն ցույց տվեց, որ միջազգային քաղաքականությունում որոշիչը ոչ թե փոքր ժողովուրդների ակնկալիքներն են, այլ մեծ տերությունների շահերը։
Այսօր նույնպես տարածաշրջանը հայտնվել է խոշոր աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում։
Այսօր արևմտյան երկրների գեղեցիկ փաթեթավորված հայտարարությունները հաճախ չեն արտացոլում իրական նպատակները․ դրանց նպատակը կարող է լինել Հայաստանը դարձնել գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի և հանուն Թուրքիայի դերի աճի տարածաշրջանում։
Վերջին տարիներին ակտիվ քննարկվում է India–Middle East–Europe Economic Corridor նախագիծը, որի նպատակն է կապել Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ շրջանցելով որոշ ավանդական երթուղիներ։ Այն ներառում է նավահանգիստներ, երկաթուղիներ և էներգետիկ ենթակառուցվածքներ։
Մյուս կարևոր նախագիծը International North–South Transport Corridor-ն է, որը նպատակ ունի կապել Հնդկաստանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ՝ անցնելով Իրանի և Կովկասի տարածքով։
Այս միջանցքը համեմատաբար կարճ է,տնտեսապես շահավետ,թույլ է տալիս շրջանցել որոշ աշխարհաքաղաքական խոցելի կետեր,մեծացնում է տարածաշրջանային երկրների տարանցիկ դերը։
Հենց այս նախագծի համատեքստում Հայաստանը կարող է դիտվել որպես կարևոր հանգույց։
Ավելի կարճ ասած՝ եթե կյանքի կոչվի Ռուսաստանում նախագծված «Հյուսիս–Հարավ» նախագիծը, Հայաստանը կարող է դառնալ առանցքային և տնտեսական մեծ օգուտներ ստացող հանգույց։ Եթե կյանքի կոչվի արևմտյան տարբերակը, ապա էականորեն կաճի Թուրքիայի դերը, իսկ Հայաստանը կարող է հայտնվել ավելի բարդ իրավիճակում՝ որպես տարածք, որը ենթարկվում է թուրքական ազդեցությանը՝ խոչընդոտելով «Հյուսիս–Հարավ» նախագծի իրականացմանը։
Ահա պարզ պատճառը, թե ինչու են արտաքին դերակատարների նախագծերը հաճախ ներկայացվում գեղեցիկ փաթեթավորմամբ՝ ունենալով խորքային աշխարհաքաղաքական նպատակներ։
Այս ամենը հիշեցնում է պատմական այն իրողությունը, որ մեծ տերությունների համար տարածաշրջանը միշտ եղել է ոչ միայն տարածք, այլև միջանցք՝ տնտեսական, էներգետիկ և ռազմական հաղորդակցությունների համար։
Այսօր այդ մրցակցությունը պարզապես ստացել է նոր անուններ և նախագծեր, սակայն էությունը մնացել է նույնը՝ վերահսկել կապուղիները, որոնք միացնում են Արևելքը Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։
Այդ համատեքստում, ճիշտ կողմնորոշվելու դեպքում, Հայաստանը կարող է դառնալ կարևոր գործոն։ Սակայն եթե հայ ժողովուրդը որոշի առաջնորդվել միայն հուզական կամ արտաքին ազդեցություններով, ապա կա վտանգ կրկնելու պատմության ողբերգական դասերը, որոնք հաջորդեցին Բեռլինի վեհաժողովին։ Ինչպես մի առիթով դիպուկ նկատել է պատմաբան Վ.Օ. Կլյուչևսկին, «Պատմությունը ոչնչի չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերը չսովորելու համար»:


