Սկզբում՝ սպառնալիք, հետո՝ «ապացույց». ինչպես կարող է պատերազմը պահպանել Փաշինյանի իշխանությունը ԵՎ Սերժ Սարգսյանին վերածել ընդդիմության առաջնորդի
Վերջին շաբաթներին տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջին հայացքից կարող են թվալ միմյանցից անկախ, նույնիսկ պատահական համընկնումների շարք։ Սակայն հայկական քաղաքական փորձը, հատկապես վերջին ութ տարիների, մեզ վաղուց սովորեցրել է, որ իշխանությունը պատահականությունների վրա չի հենվում, երբ խոսքը վերաբերում է սեփական վերարտադրությանը։ Իսկ երբ առանձին դրվագները սկսում են շարվել մեկ տրամաբանական առանցքի շուրջ, անտեսել դրանց ներքին կապը առնվազն միամտություն կլինի։
Խոսքը, նախ և առաջ, Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին է, ըստ որի՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժը չհաղթի և ինքը չվերադառնա վարչապետի պաշտոնին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա, ի դեպ, սովորական նախընտրական սպառնալիք չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել, այլ մեծ հաշվով նախապես կառուցվող քաղաքական ալիբի։
Երկրորդ ուշագրավ հանգամանքը՝ վերջին շրջանում տարբեր բեռների մատակարարումն է Հայաստան Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ ցորենի և վառելիքի։ Իշխանական քարոզչամեքենան դա փորձում է ներկայացնել որպես «խաղաղության դարաշրջանի» շոշափելի արդյունք։ Սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք այստեղ խոսքը միայն տնտեսական լոգիստիկայի մասին է։
Ավելին, երբ դրան գումարվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ փոխվարչապետ Մուստաֆաևի անսպասելի այցը Երևան, արդեն դժվար է հավատալ, թե քննարկման առարկան միայն դեմարկացիան էր կամ տրանսպորտային հաղորդուղիների աշխատանքը։
Երրորդ հանգամանքը՝ Սամվել Կարապետյանի վերջին մամուլի ասուլիսում հնչեցրած վստահ հայտարարությունն էր, թե սեպտեմբերին պատերազմ չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության։ Այս հայտարարությունը հետաքրքիր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև ենթատեքստով։ Ստացվում է, որ մի կողմից գործող իշխանությունն է պատերազմը կապում իր չվերարտադրվելու հետ, մյուս կողմից ընդդիմադիր դաշտից հնչում է հակառակ պնդումը՝ պատերազմի վտանգը կչեզոքանա իշխանափոխության դեպքում։ Այսինքն՝ սեպտեմբերյան պատերազմի թեման արդեն դարձել է ոչ թե արտաքին անվտանգության, այլ ներքաղաքական պայքարի առանցքային գործիք։
Հենց այստեղ է, որ թվացյալ կապ չունեցող իրադարձությունները սկսում են ստանալ մտահոգիչ տրամաբանական ամբողջություն։
Պատկերացնենք մի սցենար, որը, որքան էլ ծանր հնչի, քաղաքականապես բացարձակ անհնար չէ։ Ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններում համախառն ստանում են ձայների մեծամասնությունը։ Սակայն գործող վարչապետը, սահմանադրական ընթացակարգով, ևս որոշ ժամանակ շարունակում է պաշտոնավարել մինչև Ազգային ժողովում նոր վարչապետի ընտրությունը։ Այս անցումային մեկ ամիսը դառնում է վճռորոշ։
Եթե այդ ընթացքում սահմանին հրահրվում է Ալիևի հետ պայմանավորված վերահսկվող ռազմական էսկալացիա, թեկուզ սահմանափակ պատերազմ, վարչապետը ստանում է իր վաղօրոք հայտարարված թեզի նյութական ապացույցը՝ «Տեսա՞ք, ես զգուշացրել էի, որ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու»։
Այնուհետև գործի է դրվում 2018 թվականի փորձված մեխանիզմը՝ փողոցի մոբիլիզացիա, հուզական շանտաժ, պետականության փլուզման սպառնալիք, «այս պահին իշխանափոխությունը հավասար է դավաճանության» քարոզչություն, ինչը կարող է տեսականորեն Նիկոլ Փաշինյանի շուրջ ապահովել լայն հասարակական համախմբում։ Այս պարագայում գործող վարչխմբին կհաջողվի ժողովրդական ճնշման տակ փորձել պառակտել ընդդիմությանը, կամ հարկադրել նրան Ազգային ժողովում քվեարկել նույն Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես «պատերազմի պայմաններում անփոխարինելի» թեկնածուի։
Նիկոլ Փաշինյանը արդեն ապացուցել է, որ հասարուկությանը դժվար որոշումներ պարտադրելու նպատակով ընդունակ է Ալիևի հետ գնալ գործարքի՝ կազմակերպել պայմանավորված պատերազմ և պարտություն։ Եթե նույնիսկ չանդրադառնանք 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքներին, ապա 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմը բավական է դա հասկանալու համար։ Որպեսզի հայ ժողովուրդը Արցախի հարցում «նշաձող իջեցնի», պետք էր նրան պայմանավորված պատերազմով համոզել, որ հակառակ պարագայում հետևանքներն ավելի ծանր կլինեն։ Այս մասին Հանրային Տրիբունալը մանրամասնորեն անդրադաձել էր իր նյութերից մեկում.։
Սույն համատեքստում Ադրբեջանի տարածքով բեռների ակտիվ տեղափոխումը և ադրբեջանական պաշտոնյայի խորհրդավոր այցը կարող են ստանալ բոլորովին այլ իմաստ։ Այն կարող է դիտվել որպես հնարավոր արտակարգ սցենարի նյութատեխնիկական ու քաղաքական համակարգման տարր։ Չի կարելի բացառել, որ խոսքը գնում է ոչ միայն բեռնափոխադրումների, այլ նաև այնպիսի պայմանավորվածությունների մասին, որոնք պետք է գործարկվեն, եթե ընտրությունների արդյունքները Փաշինյանի և Ալիևի սրտով չլինեն։
Եվ այստեղ արդեն հարցը պետք է դրվի ուղիղ․
Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Դուք ամիսներ շարունակ հանրությանը ասում եք, որ պատերազմ չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Իսկ եթե պատերազմը կազմակերպվի նրա հեռանալը կանխելու համար՞։
Եթե Փաշինյանն ու Ալիևը հետընտրական այդ մի քանի շաբաթում գնան վերահսկվող էսկալացիայի, որպեսզի ձեզ կանգնեցնեն փաստի առաջ և պարտադրեն Ազգային ժողովում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ունե՞ք արդյոք նման սցենարը չեզոքացնելու կոնկրետ գործողությունների ծրագիր։
Ունե՞ք՝
- ուժային և պետական համակարգում հակազդման հաշվարկ,
- փողոցային ճնշմանը դիմակայելու կազմակերպված մեխանիզմ,
- Մոսկվայի հետ նախապես համաձայնեցված կանխարգելիչ աշխատանք,
- միջազգային արձագանքի արագ գործարկման ուղիներ,
- և ամենակարևորը՝ քաղաքական կամք մինչև վերջ չընկրկելու։
Որովհետև եթե նման ծրագիր չկա, ապա նույնիսկ ընտրություններում հաղթելը դեռ չի նշանակելու իշխանության վերցնել։
ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ՝ ՉԹՈՂՆԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ» ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ:
Եթե հետընտրական զարգացումները գնան նկարագրված տրամաբանությամբ, և Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերը որևէ ձևով հայտնվեն Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկելու ճնշման տակ, ապա ստեղծվելու է մի իրավիճակ, երբ ոչ միայն իշխանափոխություն տեղի չի ունենա, այլև ընդդիմադիր դաշտում նրանք կկորցնեն իրենց հեղինակությունը և դիրքերը։
Որովհետև այդ պահին Սերժ Սարգսյանը ստանալու է բացառիկ հզոր քաղաքական խաղաքարտ։
Հիշենք՝ 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Հանրապետական կուսակցության պատգամավորների մի զգալի հատված երկրորդ փուլում քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների, ինչպես նաև ներկայիս ընդդիմադիր շրջանակների մեծ մասը տարիներ շարունակ արդարացիորեն Սերժ Սարգսյանին մեղադրեց մեկ հիմնական մեղքով․
«Սերժը Նիկոլին բերեց իշխանության»,
«ՀՀԿ-ն հանձնեց իշխանությունը»։
Այժմ պատկերացնենք, որ 2026-ին ստեղծվում է պատերազմական կամ կիսապատերազմական արտակարգ մթնոլորտ, և այդ պայմաններում հենց Քոչարյանի դաշինքի պատգամավորները, թեկուզ պետականության շահերից ելնելով, պատերազմը կանգնեցնելու, քաոս չթույլատրելու կամ ժամանակ շահելու պատճառաբանությամբ, հայտնվում են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում պահելու քվեարկության կամ քաղաքական համաձայնության մեջ։
Պատկերացնում ե՞ք, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում։
Փաստորեն, եթե նման սցենարը գործարկվում է, Նիկոլ Փաշինյանը լուծում է ոչ միայն սեփական վերարտադրության խնդիրը, այլ նաև ընդդիմադիր դաշտի ներսում ստեղծում է փոխադարձ մեղադրանքի և բարոյական փլուզման մթնոլորտ։
Իսկ այդ մթնոլորտում Սերժ Սարգսյանը ստանում է պատմական ռևանշի հնարավորություն։
Նա այլևս չի լինի 2018-ի համար մշտապես արդարացող գործիչը։ Ընդհակառակը՝ նա կարող է ասել․ «Քոչարյանը պահեց Նիկոլի իշխանությունը, իսկ ես ձեզ առաջարկում էի իմպիչմենտով կանխարգելել այս զարգացումները: Բայց ժողովուրդը ինձ չլսեց, իսկ «Հայաստան» դաշինքը՝ բոյկոտեց»:
Եվ պետք է ընդունել՝ հասարակական ընկալման մակարդակում այս հարվածը չափազանց ցավոտ կլինի Քոչարյանի թիմի համար։
Այսինքն՝ եթե Քոչարյանի դաշինքը որևէ ձևով հայտնվում է Փաշինյանին պահելու պատասխանատվության տակ, ապա Սերժ Սարգսյանը ընդդիմադիր դաշտում ոչ միայն հաղթական դրոշ կբարձրացնի, այլ կարող է սկսել ընդդիմության լիդերության նվաճման գործընթաց։
Առանձին, բայց ոչ պակաս վտանգավոր հարց է առաջանում նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներսում առկա քաղաքական կազմավորման հետ կապված։
Արդյո՞ք Սամվել Կարապետյանը մինչև վերջ գիտակցում է այն ռիսկը, որը բխում է իր նախընտրական ցուցակում և թիմային ճարտարապետության մեջ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի ազդեցության շրջանակներին պատկանող կամ նրանց հետ սերտորեն ասոցացվող դեմքերի ներգրավումից։
Չէ՞ որ պետք եղած պահին այդ մարդիկ, ստանալով պատգամավորական մանդատ, անկախ Կարապետյանի կամքից, կարող են, պատճառաբանելով Հայաստանի առջև ծառացած գոյաբանական ռիսկերը, քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին։
Եվ այս անգամ դա կկատարեն ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դրոշի ներքո։
Պատկերը, համաձայնենք, ավելի քան խոսուն է։
Այսինքն՝ հանրությունից վերցնել հակաիշխանական ձայն, այդ ձայնով մանդատներ բերել խորհրդարան, բայց վճռորոշ պահին իր ցուցակի ներսում տեղ գտած սերժական կամ մինասյանական ազդեցության մարդկանց միջոցով ծառայել ոչ թե իշխանափոխությանը, այլ ուրիշի բազմաշերտ ներքաղաքական կոմբինացիային։
Դասական սխեմա, որտեղ ընտրողը քվեարկում է մեկ բանի օգտին, իսկ արդյունքում ստանում է բոլորովին այլ բան։
Եթե Սամվել Կարապետյանը սա չի հաշվարկել, ապա վտանգը վերաբերում է ոչ միայն իր քաղաքական ապագային, այլ նաև այն հազարավոր մարդկանց վստահությանը, որոնք նրան այսօր դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորություն։
Խոսքը վերաբերում է այն հազարավոր մարդկանց վստահությանը, ովքեր այսօր նրան ընկալում են որպես իրական այլընտրանք և որպես Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորություն։
Հենց այդ պատճառով նկարագրված հետընտրական սցենարը վտանգ է ներկայացնում ոչ միայն պետության՝ որպես այդպիսին, այլ նաև ողջ ընդդիմադիր համակարգի համար՝ ընդհանուր առմամբ։
Որովհետև այն ունակ է մեկ ճշգրիտ, հաշվարկված հարվածով միանգամից լուծել մի քանի խնդիր․
- պահել Նիկոլ Փաշինյանին,
- վարկաբեկել Քոչարյանին,
- վերակենդանացնել Սերժ Սարգսյանին,
- ներսից պայթեցնել ընդդիմադիր ճամբարը,
- իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը վերածել հետընտրական մանիպուլյացիայի տեխնիկական հարթակի։
Չափազանց արդյունավետ կոմբինացիա է՝ դրան թեթևամտորեն վերաբերվելու համար։
Որովհետև, եթե Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և մյուս հիմնական ընդդիմադիր դերակատարները մինչև վերջ չեն գիտակցում այս վտանգի ամբողջ խորությունը, եթե այսօր չեն մշակում հետընտրական հնարավոր սադրանքների դիմակայման հստակ մեխանիզմներ, եթե չեն վերահսկում սեփական թիմերի ներսում բոլոր ռիսկային օղակները և շարունակում են առաջնորդվել միայն ընտրական թվաբանության պարզունակ հաշվարկով, ապա վաղվա հնարավոր նոր աղետի դեպքում չեն կարողանալու ամբողջ պատասխանատվությունը թողնել միայն Նիկոլ Փաշինյանի վրա։
Այո՛, գլխավոր մեղավորները լինելու են նրանք, ովքեր կարող են ծրագրված կերպով երկիրը հերթական աղետի մեջ մղել։
Բայց պատասխանատվության իրենց բաժինն անխուսափելիորեն կրելու են նաև նրանք, ովքեր, ունենալով այդ սցենարը կանխատեսելու բոլոր հնարավորությունները, չարեցին բավարար քայլեր այն կանխելու համար։


