Գագաթնաժողով, թե՞ քաղաքական բուտաֆորիա

Երևանն այսօր ապրում է մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սպասումով։ Իշխանությունն ակտիվորեն պատրաստվում է՝ այն մատուցելով որպես խոշոր դիվանագիտական հաջողություն և հաստատում այն բանի, որ Հայաստանը դառնում է Եվրոպայի համար կարևոր հարթակ: Երկիր կժամանեն եվրոպական պետությունների առաջնորդներ, կհնչեն հայտարարություններ գործընկերության, արժեքների, ժողովրդավարության և անվտանգության մասին։ Պատկերը լինելու է խնամքով մշակված և գեղեցիկ։

Սակայն այդ պատկերի հետևում թաքնված է մի հարց, որն իշխանությունը համառորեն չի բարձրացնում՝ ո՛չ կոշտ, ո՛չ հետևողականորեն և ո՛չ էլ հրապարակայնորեն:

Եթե Եվրոպական միությունն իսկապես արժեքների կրող է, եթե այն խոսում է մարդու իրավունքների, ժողովուրդների պաշտպանության, բռնության անթույլատրելիության մասին, ապա որտե՞ղ է նրա հստակ՝ իրավականորեն և քաղաքականապես ձևակերպված գնահատականն այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ինչո՞ւ մինչ օրս չկա ուղղակի սահմանում, չկա քաղաքական որակում, չկա հստակ դիրքորոշում:

Չէ՞ որ խոսքն իրադարձությունների վիճահարույց մեկնաբանության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ կարճ ժամանակահատվածում այն տարածքը, որտեղ հայեր էին ապրում, փաստացի դատարկվեց։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները։ Սա պարզապես «ճգնաժամ» չէ, ոչ էլ «լարվածություն»։ Միջազգային պրակտիկայում նման գործընթացներն ունեն հստակ սահմանումներ։ Եվ եթե ԵՄ-ն խուսափում է այդ սահմանումներից, նշանակում է՝ դա գիտակցված քաղաքական ընտրություն է:

Եվ այստեղ է ի հայտ գալիս գլխավոր հակասությունը:

Մի կողմից Եվրոպան խոսում է Հայաստանին աջակցելու մասին, մյուս կողմից՝ հետևողականորեն ուժեղացնում ռազմավարական և էներգետիկ համագործակցությունը Բաքվի հետ։ Գնում է գազ, ընդլայնում պայմանագրերը, խորացնում գործընկերությունը։ Այսինքն՝ փաստացի ֆինանսավորում և հզորացնում է այն դերակատարին, որի գործողություններին պատրաստ չէ անգամ քաղաքական գնահատական տալ։

Սա էլ հենց քաղաքականության մեջ երկակի ստանդարտների դասական օրինակ է․ երբ արժեքները գոյություն ունեն հայտարարություններում, իսկ իրական որոշումները կայացվում են՝ ելնելով շահերից։

Բայց այդ դեպքում պետք է դա ազնվորեն խոստովանել։ Չթաքնվել մարդու իրավունքների մասին հռետորաբանության հետևում, այլ ուղղակի ասել՝ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են։ Որովհետև ներկայիս կառուցվածքը ոչ թե հավասարակշռություն է, այլ՝ փոխարինում:

Առանձին ուշադրության է արժանի ադրբեջանական ղեկավարության հռետորաբանությունը։ Երբ պաշտոնական մակարդակով հնչում են հայտարարություններ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը փաստացի ներկայացվում է որպես օտար, դրանք սոսկ խոսքեր չեն, այլ հետագա ճնշման համար գաղափարական հիմքի ձևավորում, սա հող նախապատրաստել է:

Եվ դարձյալ՝ որտե՞ղ է Եվրոպայի արձագանքը։ Որտե՞ղ է նման հայտարարությունների քաղաքական կոշտ գնահատականը։ Որտե՞ղ է այն սահմանագիծը, որը պետք է գծվի, եթե իրոք խոսքը միջազգային իրավունքի պաշտպանության մասին է։

Պատասխանն ակնհայտ է՝ այն չկա:

Եվ ահա այս ֆոնին Երևանում անցկացվում է գագաթնաժողով, որտեղ խոսելու են արժեքների, անվտանգության և գործընկերության մասին:

Բայց եթե այս հարթակում չբարձրացվի Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը, եթե չհնչի տեղի ունեցածին գնահատական տալու պահանջ, եթե չլինի արձագանք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հռետորաբանությանը, ապա այս ողջ գագաթնաժողովը վերածվում է անբովանդակ ձևականության:

Եվ այստեղ պատասխանատվության բաժինը միայն Եվրոպայինը չէ:

Առանցքային հարցը հայաստանյան իշխանության դիրքորոշումն է։ Արդյո՞ք այն պատրաստ է խոսել ուղիղ։ Պատրա՞ստ է տալ անհարմար հարցեր։ Պատրաստ է՞ պահանջել, ոչ թե՝ խնդրել։

Որովհետև այսօր մենք տեսնում ենք հակառակը։ Իշխանությունն ակտիվորեն ցուցադրում է Եվրոպայի հետ, հարաբերությունները խորացնելու և ինտեգրման ճանապարհով ընթանալու պատրաստակամություն։ Բայց դրա հետ մեկտեղ խուսափում է հայամետ օրակարգից, որը կարող էր եվրոպացի գործընկերներին կանգնեցնել կոնկրետ պատասխաններ տալու անհրաժեշտության առջև:

Սա հենց դիրքորոշման թուլություն է:

Որովհետև միջազգային քաղաքականության մեջ հարգում են ոչ թե նրանց, ովքեր գեղեցիկ հյուրընկալում են, այլ նրանց, ովքեր ձևակերպում են պայմաններ և պաշտպանում սեփական շահերը:

Եթե Հայաստանն ուզում է, որ իր հետ հաշվի նստեն, պետք է դադարի լինել հարթակ և դառնա սուբյեկտ։ Ոչ թե պարզապես հյուրընկալի գագաթնաժողովներ, այլ դրանք օգտագործի որպես գործիք՝ հայկական շահերի առաջմղման և օրակարգ ձևավորելու համար:

Հակառակ դեպքում իրավիճակը կզարգանա իներցիայով:

Եվրոպան կխոսի արժեքների մասին և զուգահեռաբար կխորացնի համագործակցությունը Բաքվի հետ։ Կշարունակեն հնչել «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ:

Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների թեման ամբողջությամբ դուրս կմղվի միջազգային օրակարգից՝ ոչ թե այն պատճառով, որ կորցրել է իր նշանակությունը, այլ որովհետև դրա համար դադարել են պայքարել:

Եվ այդժամ Երևանի գագաթնաժողովը կդառնա ոչ թե քաղաքական ուժի դրսևորման պահ, այլ բաց թողնված հնարավորության խորհրդանիշ։

Որովհետև քաղաքականության մեջ կարևորը միջոցառումները չեն։ Կարևոր են որոշումները, դիրքորոշումները և պահանջները:

Մնացած ամեն ինչը դեկորացիա է։

Արտակ Սարգսյան, քաղաքագետ