ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական պետականության նորագույն շրջանի ամենաահավոր աղետներից մեկն այն չէ միայն, որ թշնամին անարգել խորտակում է մեր սրբավայրերը, պղծում մեր հիշողությունը, ոչնչացնում մեր պատմական ներկայության վկայությունները։ Աղետն ավելի խորն է, ավելի մահաբեր. Հայաստանի Հանրապետության իշխանությունը ոչ միայն դադարել է լինել այդ սրբությունների պաշտպանը, այլև վերածվել է դրանց պղծումը բարոյապես արդարացնող մեքենայի։
Իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունը, որով նա, փաստորեն, Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացնում է որպես մի բան, որ կատարվում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», պատահական լեզվի սայթաքում չէ, ոչ էլ դիվանագիտական զգուշություն։ Սա աշխարհահայացք է։ Սա քաղաքական դավանանք է։ Սա այն ներքին կապիտուլյացիայի մարմնավորումն է, որ վերջին տարիներին հետևողականորեն պարտադրվում է հայ հասարակությանը։
Երբ պետական պաշտոնյան, որը կոչված է ներկայացնելու հայկական պետության արժեքային դիմագիծը, հայտարարում է, թե հարևանի հետ խաղաղություն կառուցելու ճանապարհին «ճիշտ չէ» բարձրաձայնել նրա կողմից գործադրվող մշակութային վանդալիզմը, ապա նա իրականում ասում է հետևյալը՝ հայի սրբությունը կարող է զոհաբերվել, եթե դա հաճելի է թշնամուն։ Հայկական հիշողությունը կարող է լռեցվել, եթե դա տեղավորվում է այս իշխանության խաղաղասիրական բեմադրութեան մէջ։ Ազգային արժանապատվությունը կարող է մոռացվել, եթե դրա դիմաց հնարավոր է ևս մեկ օր երկարացնել սեփական իշխանությունը։
Դեռ տասը տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ Հայաստանի որևէ պաշտոնյա, առավել ևս՝ հայ ազգի որևէ ներկայացուցիչ, հրապարակավ կհամարձակի նման բառապաշարով խոսել հայկական սրբավայրի կործանման մասին։ Այսօր, սակայն, դա այլևս զարմանալի չէ։ Որովհետև զարհուրելին վաղուց դարձել է առօրյա, իսկ սրբապղծությունը՝ պետական վարքագծի նորմ։
Ժողովրդական իմաստությունը վաղուց է արձանագրել՝ «ձուկը գլխից է նեխում»։ Այն, ինչ այսօր արտաբերում են իշխանական երկրորդ եւ երրորդ էշելոնների ներկայացուցիչները, ընդամենը վերարտադրում է այն հիմնական քաղաքական տրամաբանությունը, որ ձևակերպվեց Նիկոլ Փաշինյանի կողմից դեռ այն օրերին, երբ Արցախը մատնվեց հայաթափման։
2023-ի ողբերգության օրերին նույն այդ իշխանությունը նույնքան անտարբեր, նույնքան ցինիկ հանդարտությամբ հետևում էր, թե ինչպես է Ադրբեջանը իրագործում էթնիկ զտում, որովհետև ներքուստ արդեն ընդունել էր մի սկզբունք՝ եթե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, ուրեմն Բաքուն իր «ինքնիշխան տարածքում» ազատ է գործելու ըստ սեփական բարբարոս բնազդի։ Այս աղետալի մտածողության քաղաքական հիմքը դրվել էր շատ ավելի վաղ՝ Պրահայում 2022 թ-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կամքով, Արցախը հանձնեց ադրբեջանական տարածքային ամբողջականության ներքո։
Այդ պահից սկսած Ալիևին տրվեց ոչ թե սովորական դիվանագիտական հնարավորություն, այլ իսկական «պողպատյա մանդատ»՝ հայ ժողովրդի նկատմամբ գործադրելու այն, ինչ մինչ այդ անգամ միջազգային հարթակներում դժվար էր բացահայտորեն լեգիտիմացնել։ Հետևաբար, այսօր Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումը, խաչերի տապալումը, հայկական հուշարձանների ջնջումը ոչ թէ առանձին դեպքեր են, այլ Փաշինյանի քաղաքական ժառանգութեան տրամաբանական շարունակութիւնը։
Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, ոչ էլ անգամ միայն անվտանգությունը։ Խնդիրը շատ ավելի հիմնարար է՝ արդյո՞ք հայ ժողովուրդը դեռ պահպանում է ազգային արժանապատվությունը որպէս բարոյական կատեգորիա։
Ազգը կարող է ժամանակավորապես պարտություն կրել, կարող է կորցնել տարածքներ, կարող է հայտնվել արտաքին ծանր ճնշումների տակ։ Բայց այն պահից, երբ նա համաձայնում է, որ իր սրբությունների պղծումը «քննարկման ենթակա» թեմա չէ, որովհետև դա կարող է խանգարել թշնամու հետ հարաբերությունների կարգավորմանը, նա սկսում է կորցնել ոչ թէ սահման, այլ ինքն իրեն։
Արժանապատվությունը վերացական բառ չէ։ Այն ազգի գոյութեան ողնաշարն է։ Առանց դրա պետութիւնը վերածվում է վարչական կցորդի, ժողովուրդը՝ վիճակագրական զանգվածի, պատմությունը՝ թանգարանային փոշու։ Առանց արժանապատվութեան ոչ մի խաղաղություն չի լինում, լինում է միայն երկարաձգված ստորացում։ Առանց արժանապատվության ոչ մի համակեցություն չի կառուցվում, կառուցվում է միայն պարտադրված հպատակություն։
Եվ ահա թե ինչու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական միջոցառում չեն լինելու։ Դրանք վերածվում են բարոյական հանրաքվեի, գոյաբանական քննության, ազգային ինքնաճանաչման վերջին փորձության։
Հայ մարդը այդ օրը պէտք է պատասխանի ոչ թե որ կուսակցությանն է նախընտրում, այլ՝
- ուզո՞ւմ է ապրել արժանապատիվ, թէ շարունակել լինել թշնամու ծաղրի առարկա,
- ուզո՞ւմ է լինել իր սրբությունների պահապանը, թէ սրբապիղծ իշխանության լուռ հպատակը,
- ուզո՞ւմ է իր զավակներին թողնել հայրենիք, թե պարտության հոգեբանությամբ թունավորված մի ունայն տարածք։
Պատմությունը երբեմն ազգերին դնում է դաժան, բայց անխուսափելի ընտրության առաջ։ Այսօր հայ ժողովուրդը կանգնած է այդպիսի մի եզրագծի վրա։ Մեկ կողմում՝ շարունակվող նվաստացումը, ազգային հիշողության ջնջումը, պետական կամազրկությունը։ Մեկ այլ կողմում՝ արժանապատվության վերադարձի, ինքնապաշտպանության և ազգային վերածննդի դժվար, բայց միակ կենսունակ ճանապարհը։
Ամեն ոք թող կատարի իր ընտրությունը։
Բայց թող ոչ ոք հետո չասի, թե չէր հասկանում այդ ընտրության գինը։
Որովհետև այս անգամ քվեարկվելու է ոչ թե հերթական իշխանության ճակատագիրը, այլ՝ հայ լինելու իրավունքը։
Ուստի, սիրելի հայ ժողովուրդ, ընտրությունը քոնն է։


