Հիշողության իրավունք և ուրացման վտանգը. Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքական վտանգավոր միտումները

Հայոց ցեղասպանությունը հանկարծակի բռնկված կատաղություն չէր, այլ պետական մակարդակով մշակված գործողություն։ Այն սկսվեց մտավորականության՝ ազգի «ուղեղի» ոչնչացմամբ, որպեսզի ժողովուրդը մնա անպաշտպան ու անառաջնորդ։ Դրան զուգահեռ զինաթափվեցին տղամարդիկ, որպեսզի բացառվի դիմադրությունը։

Ամենաահավոր դրվագներից մեկը «մահվան երթերն» էին դեպի անհայտություն՝ Սիրիական անապատներ (Դեր Զոր)։ Կանանց, երեխաներին և ծերերին ստիպում էին քայլել հարյուրավոր կիլոմետրեր՝ առանց սննդի և ջրի, արևի կիզիչ ճառագայթների տակ։ Ճանապարհները ողողված էին դիակներով, իսկ Եփրատ գետը երկար ժամանակ լցված էր մարդկային մնացորդներով։

Ցեղասպանության ընթացքում կիրառվող դաժանությունները դուրս էին մարդկային երևակայության սահմաններից։ Ողջ-ողջ այրելը, երեխաներին ծնողների աչքի առաջ սպանելը, մարդկանց վրա փորձարկումները, զանգվածային բռնաբարությունները և սպանությունները սարսափ տարածելու համակարգված միջոցներ էին։

Ֆիզիկական բնաջնջմանը զուգահեռ տեղի էր ունենում նաև մշակութային ջարդ։ Ոչնչացվում էին հազարամյա վանքերը, եկեղեցիները, ձեռագրերը և դպրոցները՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ներկայության հետքը այն հողերից, որտեղ հայերը ապրել էին հազարավոր տարիներ։

Հատկապես ողբերգական էր մանկահասակ երեխաների ճակատագիրը։ Հազարավոր երեխաներ խլվեցին իրենց ընտանիքներից, բռնի կերպով օտարացվեցին իրենց արմատներից կամ սպանվեցին։ Շատերին ստիպում էին մոռանալ իրենց լեզուն, կրոնը և ինքնությունը։

Սարսափը կրկնապատկվում է այն փաստով, որ այս ոճիրը մինչ օրս չի դատապարտվել քաղաքակիրթ կոչված աշխարհի կողմից։ Դա չապաքինվող վերք է, որը շարունակում է ապրել հայրենիքի զգացում ունեցող մարդկանց հիշողության մեջ։

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիր է, որը չպետք է մոռացվի որևէ մեկի կողմից, առավելապես՝ որևէ հայի կողմից։

Հայոց ցեղասպանության ահասարսուռ իրողությունների մասին վկայել են բազմաթիվ օտարերկրացի դիվանագետներ, միսիոներներ, լրագրողներ և զինվորականներ։ Նրանց վկայությունները դարձել են պատմական անհերքելի փաստարկներ։

Բայց այս ամենով հանդերձ, որքան էլ սարսափելի է մեր նախնիների կոտորածը, առաջինը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, կասկածի տակ դրեց այն՝ համաձայնություն տալով պատմական հանձնաժողով ստեղծել՝ քննելու համար՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ։ Նա նաև ավելի հեռու գնաց՝ հանգցնելով զոհերի հիշատակը վառ պահող ցեղասպանության հուշահամալիրի լույսերը՝ Թուրքիայի նախագահին հաճոյանալու համար։ Իսկ գործող վարչապետը արդեն ավելի բացահայտ է փորձում ցեղասպանությունը կասկածի տակ դնել։

Այստեղ մեր բոլորի թերացումը կա, քանի որ մենք Սերժ Սարգսյանին նախկինում բավականաչափ չենք դատապարտել, ինչը Նիկոլ Փաշինյանին վստահություն է տվել այդքան ցինիկ վերաբերմունք դրսևորել մեր նախնիների արյան հանդեպ։