Երբ սուտը հռչակվում է իմաստություն. Սերժ Սարգսյանի «խոստովանությունը»՝ որպես քաղաքական ցինիզմի ակտ
Սերժ Սարգսյանը որոշել է հերթական անգամ ծաղրի ենթարկել առողջ բանականությունը: Կրկին փորձել ժողովրդի համբերությունը, հասարակության հիշողությունը և մարդկանց տարրական ունակությունը՝ տարբերելու ճշմարտությունը ցինիկաբար մատուցված քաղաքական ստից: Եվ եթե Հայաստանի երրորդ նախագահն իրեն թույլ է տալիս սեփական հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ դիմել հասարակությանն էժանագին ինքնարդարացման լեզվով՝ փորձելով իրեն ներկայացնել միաժամանակ և՛ որպես զոհ, և՛ որպես մարգարե, և՛ որպես փրկիչ, ապա Հանրային տրիբունալի պատասխանը կլինի նույն կերպ՝ առանց ավելորդ նրբանկատության նրանց հանդեպ, ովքեր վաղուց հրաժարվել են ճշմարտության հանդեպ հարգանքից։
Որովհետև Սերժ Սարգսյանի հայտարարությունը քաղաքական դիրքորոշում չէ, այլ՝ ծաղր։
Ծաղր՝ զոհվածների հիշատակի հհանդեպ: Ծաղր՝ 44-օրյա պատերազմում որդիներ կորցրած հազարավոր ընտանիքների հանդեպ: Ծաղր՝ Արցախից բռնի տեղահանված հայերի հանդեպ: Եվ, վերջապես, ծաղր՝ պատվի ու արժանապատվության հասկացությունների հանդեպ:
Երբ մարդը, ով անձամբ է կերտել Հայաստանն ազգային աղետի հասցրած քաղաքական համակարգը, տարիներ անց սկսում է խոսել իր «ճշմարտացիության» մասին, դա այլևս կեղծավորություն չէ, այլ՝ ստոր ցինիզմի բարձրակետ։
Սարգսյանը հայտարարում է․
«Ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել․․․»։
Այսինքն, ըստ նրա վարկածի, խնդիրը սոսկ այն էր, որ ինքը «չի կարողացել ժողովրդին բացատրել», թե ինչու էր իրեն անհրաժեշտ դրժել իր խոսքը և մնալ իշխանության ղեկին: Ի՜նչ վեհանձնություն: Ի՜նչ «հայրական» ափսոսանք:
Պարզվում է՝ խնդիրն ամենևին էլ այն չէր, որ նա ստեց ժողովրդին 2014 թվականին, երբ խոստանում էր սահմանադրական բարեփոխումներից հետո չհավակնել վարչապետի պաշտոնին: Ոչ էլ այն, որ հենց 2018-ի ապրիլին առաջադրվելու նրա որոշումը դարձավ զանգվածային քաղաքական ճգնաժամի խթան: Ոչ էլ այն, որ նրա այդ արկածախնդրությունը հանգեցրեց հեղափոխական ձևաչափով իշխանափոխության: Ո՛չ: Մեղավորը, ըստ նրա, ժողովուրդն է, որը «չցանկացավ լսել»: Ի՜նչ հարմար է․․․
Սարգսյանն իր հայտարարության մեջ հասնում է իր հանդգնությամբ ապշեցուցիչ ձևակերպման․
Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։
Սա, հավանաբար, պետք է ընկալել որպես քաղաքական անպատասխանատվության մի նոր փիլիսոփայական հայեցակարգ։ Երբ քաղաքական գործիչը խաթարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, հրահրում իշխանության մասշտաբային ճգնաժամ, երկիրը հանձնում նրանց ձեռքը, ում ինքն էր համարում պետության համար կործանարար, իսկ հետո հայտարարում է, թե ինքը ճիշտ էր, ուղղակի իրեն չհասկացան։
Բայց եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա Հայաստանի վերջին տարիների ողջ աղետն ընդամենը չհասկացված հանճարի ողբերգություն է: Այդ դեպքում, ըստ երևույթին, Հանրապետական կուսակցությունը ևս 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելիս էլի «ճիշտ էր»: Այդ դեպքում նաև այն հանրապետականները, ովքեր զգուշացնում էին Արցախի կործանման մասին, բայց իրենք իշխանությունը հանձնեցին Փաշինյանին, նույնպես թերագնահատված իմաստնության կրողներ են:
Բայց ճշմարտությունը շատ ավելի պարզ ու զազրելի է։
Հենց Սերժ Սարգսյանն էր, որ 2015 թվականին նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ, որով երկիրն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։ Հենց Սերժ Սարգսյանն էր, որ 2014 թվականին հանդիսավոր կերպով խոստացավ բարեփոխումներից հետո չհավակնել պետության ղեկավարի պաշտոնին։ Հենց Սերժ Սարգսյանն էր, որ 2018-ի ապրիլին դրժեց այդ խոստումը և համաձայնեց դառնալ վարչապետ։ Հենց այդ որոշումն էլ դարձավ «թավշյա հեղափոխության» խթանը։ Հենց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն էր, որ 2018-ի մայիսին ապահովեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում։
Սա արդեն պատահականությունների շղթա չէ, այլ՝ ծրագրի իրականացման հստակ ու նպատակաուղղված հաջորդականություն։
Իսկ հիմա նա, ով կանգնած էր այս ողջ շղթայի ակունքներում, փորձում է իրեն ներկայացնել որպես կողմնակի դիտորդ, որն իբր թե ընդամենը ցանկանում էր փրկել Հայաստանը։
Բայց եթե նա իսկապես ցանկանում էր փրկել այն, ապա մի պարզ հարց է առաջանում. ինչո՞ւ նա, տիրապետելով իշխանության ողջ լծակներին, երկիրը հանձնեց առանց դիմադրության։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչները 2018-ի մայիսի 1-ին խորհրդարանական ամբիոնից հայտարարում էին, թե Փաշինյանը երկիրը կհասցնի աղետի, ընդամենը մի քանի օր անց ապահովեց նրա ընտրությունը։
Արման Սագաթելյանն ուղղակիորեն զգուշացնում էր հակահայկական սցենարի վտանգի մասին։ Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, որ Փաշինյանին չի տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի դերում։ Արմեն Աշոտյանն ասում էր, որ նրա իշխանության գալը կլինի «Հայաստանի վերջի սկիզբը»։
Հրաշալի է։ Եթե այս ամենը նախապես հայտնի էր, ապա ի՞նչ արեց Սերժ Սարգսյանի կուսակցությունը։ Քվեարկեց նրա օգտին։ Ահա և Արցախի ճակատագրի մասին այսօրվա ողբասացությունների ողջ արժեքը։
Սարգսյանն այսօր փորձում է հասարակությանը ներշնչել, թե իբր ողբերգությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ «փոխվեց բանակցողը»։ Իբր թե բավական էր ինքը մնար, և չէին լինի ո՛չ պատերազմը, ո՛չ պարտությունը։ Սակայն այս առասպելը փշրվում է փաստերի հետ առաջին իսկ առերեսման ժամանակ։
Եթե Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ Փաշինյանի գալը սպառնալիք է Արցախի համար, ապա իշխանությունը հանձնելու նրա որոշումը կամ հրեշավոր անպատասխանատվություն էր, կամ գիտակցված քայլ։ Երրորդ տարբերակ չկա։ Կա՛մ նա չէր գիտակցում հետևանքները, և այդ դեպքում նա կոմպետենտ չէ, կա՛մ հասկանում էր, և այդ դեպքում նա հանցակից է։
Բայց այսօր նա փորձում է խուսափել թե՛ առաջին, թե՛ երկրորդ բնորոշումից։ Նա ուզում է լինել իմաստուն, հեռատես, ճիշտ և միևնույն ժամանակ՝ ոչ մի բանում չլինել մեղավոր։ Այդպես չի լինում։
Հատկապես հատկանշական է, որ «հեղափոխությունից» հետո Փաշինյանի կառավարությունում առանցքային պաշտոններ զբաղեցրեցին նախկին համակարգի կադրերը։
Արթուր Դավթյանը մնաց գլխավոր դատախազ, Դավիթ Տոնոյանը գլխավորեց Պաշտպանության նախարարությունը, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ն, Վալերի Օսիպյանը՝ Ոստիկանությունը, Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ-ն։ Ի՜նչ զարմանալի հեղափոխություն։ Հրապարակներում՝ ռեժիմի փոփոխության կարգախոսներ են, իսկ կաբինետներում՝ նախկին ռեժիմի կադրերը։ Եվ սրանից հետո Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, թե ինքը «հեռացել է՝ կատարելով ժողովրդի կա՞մքը»։
Ո՛չ, պարոն Սարգսյան։ Դուք չեք հեռացել։ Դուք կազմակերպել եք իշխանության այնպիսի փոխանցում, որի արդյունքում պահպանվել են ազդեցության լծակները, սակայն վերացել է անձնական պատասխանատվությունը։ Հենց այդ պատճառով ձեր այսօրվա հայտարարությունները ոչ թե հարգանք են առաջացնում, այլ հեգնական քմծիծաղ։
Դուք խոսում եք խղճի մասին։ Բայց խիղճը թույլ չի տալիս նախ խախտել խոստումը, հետո առաջացնել ճգնաժամ, ապա փոխանցել իշխանությունը, այնուհետ հետևել աղետին, իսկ տարիներ անց պատմել, թե իբր ամեն ինչ ճիշտ եք արել։
Դուք խոսում եք «մաքուր խղճի» մասին: Բայց մաքուր խիղճը զուգադիպությունների նման երկար շղթա չի ունենում։
Դուք ասում եք․
«Մենք բաց ճակատով ու մաքուր խղճով դուրս ենք գալիս մեր ժողովրդի մեջ»։
Բաց ճակատով՝ գուցե, բայց մաքուր խղճով՝ հազիվ թե։ Որովհետև չափազանց շատ արյուն թափվեց Ձեր «ճիշտ սխալներից» հետո։ Չափազանց շատ մարդիկ կորցրին հայրենիքը Ձեր «դժվար որոշումներից» հետո։ Չափազանց շատ բան կործանվեց Ձեր «իմաստուն ռազմավարությունից» հետո։
Եվ երբ այսօր Սերժ Սարգսյանն ասում է՝ «Արթնանալ է պետք», նրան իրոք կարելի է պատասխանել՝ արթնանալ պետք է: Բայց նախևառաջ՝ արթնանալ 2018 թվականի իրադարձություններում սեփական դերի վերաբերյալ պատրանքներից: Արթնանալ այն առասպելից, թե աղետը Հայաստանի գլխին դրսից է կոտրվել: Արթնանալ այն հեքիաթից, թե նրանք, ովքեր երկիրը հասցրեցին անդունդի եզրին, ընդամենը անօգնական վկաներ էին։
Ո՛չ, պարո՛ն Սարգսյան: Դուք վկա չե՛ք եղել: Դուք եղել եք այդ ամենի ճարտարապետներից մեկը։
Այդ պատճառով Ձեր այս ուղերձը խոստովանություն չէ, այլ՝ պատմությունը վերաշադրելու փորձ։
Բայց պատմությունն արդեն գրված է։
Եվ այդ պատմության մեջ Ձեզ կմնա ոչ թե «չհասկացված փրկչի» կերպարը, այլ դավաճանի դերը, ով նախ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ապա նրա ձեռքով կատարեց Արցախը հանձնելու արտաքին պատվերը, իսկ հետո սկսեց արդարանալ՝ իր սխալը «իմաստնություն» որակելով։
Ուստի պատասխանը կարող է լինել միայն մեկը. վաղ թե ուշ Սերժ Ազատի Սարգսյանը պետք է կանգնի ժողովրդական տրիբունալի առջև։


