«Գորշ կարդինալ» Միքայել Մինասյանը և քաղաքական կոմբինացիաները
Նախընտրական շրջանում քաղաքական կյանքն անփոփոխ կերպով ողողվում է աղմուկով, որն ըստ էության բավական հեռու է գաղափարների իրական պայքարից։ Այդ աղմուկը կատարում է առավելապես պրոզաիկ գործառույթներ՝ շեղել, պղտորել, աղավաղել և փոխարինել: Ուստի ամեն անգամ, երբ այն հասնում է առավելագույն բարձր խտության, արժե ուշադրություն դարձնել ոչ թե դրա բարձրությանը, այլ ուղղվածությանն ու հնարավոր արտաքին աղբյուրներին: Այս առումով վերջին շաբաթներին Միքայել Մինասյանի անձի շուրջ նկատվող ակտիվացումն ուշադրության է արժանի ոչ այնքան իր այսրոպեական բովանդակության, որքան իր ներքին տրամաբանության և հեռավոր, սակայն հստակ տարբերակվող ռազմավարական ուղղվածության տեսանկյունից:
Այս ուղղվածությունը դուրս է գալիս ներքաղաքական պայքարի շրջանակներից և իր արմատներով կապված է մեկ կոնկրետ արտաքին ուժային կենտրոնի՝ Սուրբ Աթոռի պատմական շահերի հետ: Վատիկանը դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) դիտարկում է որպես բացառիկ և ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ։ Դրա պատճառներն են՝ ՀԱԵ հնագույն ծագումը և նրա հոգևոր հեղինակությունը, պահպանված եզակի ժառանգությունը և, ի վերջո, կաթոլիկ աշխարհին նրա ինտեգրման ռազմավարական նպատակը, որը հստակորեն մատնանշվել էր Ֆրանցիսկոս Պապի կողմից դեռևս 2016 թվականին։ Այս նպատակի իրագործման համար Երևանում անհրաժեշտ է ազդեցիկ և գործուն միջնորդ:
Հենց այս համատեքստում է, որ Միքայել Մինասյանի կերպարը և նրա՝ հանկարծակի սինքրոնիզացված մեդիա շրջապատը նոր՝ տագնապալի երանգավորում է ստանում: Նրանց ակտիվությունը պարզապես նախընտրական մանևր չէ, այլ պոտենցիալ առանցքային տարր երկարատև խաղում, որտեղ խաղադրույքը ոչ միայն իշխանությունն է, այլև երկրի քաղաքակրթական ընտրությունը և նրա գլխավոր հոգևոր ինստիտուտի ճակատագիրը:
Մեր առջև են Միքայել Մինասյանը և նրա մեդիա-քաղաքական շրջապատը՝ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նրանք, անշուշտ, հայտնի դեմքեր են, բայց վերջին տարիներին քաղաքական օրակարգ ձևավորող չեն եղել։ Եվ հանկարծ՝ միաժամանակյա, գրեթե շարային ելք հանրային տիրույթ՝ մեկ միասնական առաջադրանքով. համակարգված գրոհ Ռոբերտ Քոչարյանի, նրա շրջապատի և «Հայաստան» դաշինքի վրա…
Քաղաքական բանավեճի փաստն ինքնին առանձնահատուկ ուշադրության արժանի չէ։ Սակայն տվյալ դեպքում ուշագրավ է ոչ թե քննադատության փաստը, այլ դրա բնույթը։ Նիկոլ Փաշինյանի հետ Ռոբերտ Քոչարյանի իբր «պայմանավորված խաղի» մասին պնդումները և վերջին տարիների քաղաքական գործընթացները հետադարձ կերպով վերաշարադրելու փորձերը՝ դրանց վերագրելով գաղտնի համաձայնություններ, չեն դիմանում նույնիսկ նվազագույն քննությանը: Նրանց խնդիրն է՝ ստեղծել աղմուկ, հակազդեցություն հրահրել, ներքաշել պարտադրված կոնֆլիկտի մեջ:
Հենց այստեղ է սկսվում այն, ինչն ընդունված է անվանել «բովանդակային մաս»: Որովհետև, եթե հիմնվենք 2025 թվականի սկզբին Մոսկվայում Միքայել Մինասյանի, գործարար Կամո Ավագումյանի և հայկական ուղղությունը համակարգող ռուս պաշտոնյայի միջև զրույցի մասին տեղեկատվության վրա, ակնհայտ է դառնում՝ մեր առջև ոչ թե տարերային ակտիվություն է, այլ միանգամայն որոշակի սխեմայի տարր: Զրույցի ընթացքում Մինասյանը, տեղեկությունների համաձայն, աջակցություն է խնդրել Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի ազդեցության թուլացման հարցում՝ մասնավորապես առաջարկելով սահմանափակել նրա շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բայց իրական իմաստը բացահայտվում է մտահղացման մեկ այլ հատվածում: Մինասյանն առաջարկել է Քոչարյանին՝ որպես հայկական օրակարգի շուրջ հաղորդակցության խողովակ, փոխարինել այնպիսի կերպարներով, որոնք իրենց բնույթով քաղաքական կոմբինացիաների համար նախատեսված չեն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ով և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ով։ Այլ կերպ ասած՝ առաջարկվում էր դուրս բերել Հայ Առաքելական Եկեղեցին իր ավանդական դերի շրջանակներից և այն վերածել քաղաքական հաղորդակցության գործիքի։
Կարիք չկա մանրամասն բացատրելու, թե ինչու էր նման գաղափարն ի սկզբանե դատապարտված։ Այն չստացավ ո՛չ արտաքին աջակցություն, ո՛չ էլ ներքին արձագանք։ Ոչ ռուսական կողմը, ոչ էլ բարձրաստիճան հոգևորականները նմանօրինակ փորձարկումների մասնակցելու պատրաստակամություն չցուցաբերեցին: Այդպիսով՝ Եկեղեցուն «հրավերով» քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձն ակնհայտորեն ձախողվեց:
Ուշագրավ է նաև հարձակման հասցեատերերի պահվածքը։ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ներառյալ Վիկտոր Սողոմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը, առավելապես նախընտրեց անտեսել տեղի ունեցողը։ Այս լռությունը դժվար է մեկնաբանել որպես թուլություն. շատ ավելի տրամաբանական է այն դիտարկել որպես գիտակցված հրաժարում՝ մասնակցելու արհեստականորեն պարտադրված կոնֆլիկտին՝ դրանով իսկ զրկելով այն իր գլխավոր ռեսուրսից՝ փոխադարձությունից:
Եվ ահա այս համատեքստում է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել զուգահեռ գծին՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Հենց այստեղ է, որքան էլ պարադոքսալ թվա, պատկերը սկսում է ամբողջանալ։ Փաշինյանը հետևողականորեն ուժեղացնում է ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ 2025 թ. գարնանն սկիզբ առած կոնֆլիկտի նոր փուլն արդեն ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ է կրում:
2025 թ. մայիսի 29-ին վարչապետը հայտարարեց, թե երկրի եկեղեցիների մեծ մասն օգտագործվում է որպես «չուլան»: Հաջորդ օրը նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, իրեն թույլ տվեց ավելի կոշտ արտահայտություններ՝ Գարեգին II-ին անվանելով «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ», իսկ հոգևորականության ներկայացուցիչներին՝ «սև սքեմ հագնող մոլագարներ»։ Նման հռետորաբանությունը դուրս է բերում իրավիճակը սովորական քննադատության շրջանակներից և այն տեղափոխում բացահայտ ճնշման հարթություն:
Եթե այժմ ի մի բերենք այս՝ առաջին հայացքից իրար հետ չկապված տարրերը, տրամաբանությունը դառնում է առավել քան թափանցիկ։ Մինասյանը փորձում է Եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացի մեջ՝ առաջարկելով որոշակի դերակատարում, որը թեև կասկածելի է, բայց ֆորմալ առումով՝ կամավոր։ Եկեղեցին հրաժարվում է։ Եվ հենց այդ պահին իշխանությունը սկսում է գործել այլ կերպ՝ ոչ թե առաջարկելով, այլ ստիպելով։ Ճնշումները, հանրային հարձակումները և ինստիտուցիոնալ սահմանափակումները ստեղծում են իրավիճակ, երբ Եկեղեցին այլևս չի կարող մնալ քաղաքականությունից դուրս, քանի որ ստիպված է պաշտպանվել:
Արդյո՞ք սա պատահականություն է։ Տեսականորեն՝ հնարավոր է։ Սակայն քաղաքականության մեջ նման զուգադիպությունները, որոնք հանգեցնում են միևնույն արդյունքին, որպես կանոն, պատահական չեն լինում՝ հատկապես եթե հաշվի առնենք Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» միջև եղած կապը։ Մի դեպքում՝ ներքաշելու փորձ է, մյուսում՝ քաղաքական դաշտ մղելու: Բայց վերջնական տրամաբանությունը մեկն է՝ քայքայել Եկեղեցու կարգավիճակը որպես վերքաղաքական ինստիտուտի:
Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված տեղեկատվական արշավն այլ իմաստ է ձեռք է բերում։ Այն առանձին նպատակ չէ, այլ առավել լայն գործընթացի տարր՝ ուղղված համընդհանուր անվստահության մթնոլորտի ստեղծմանը և ազդեցության ցանկացած այլընտրանքային կենտրոնի չեզոքացմանը:
Այսպիսով՝ մեր առջև պարզապես դրվագների հավաքածու կամ նույնիսկ «սխեմա» չէ՝ բառի ավանդական, տեխնոլոգիական իմաստով։ Մենք ականատես ենք լինում քաղտեխնոլոգիաների այն նույն փորձարարական մոդելի վերարտադրմանը, որի հետևանքները երկիրն արդեն մեկ անգամ ապրել է՝ 2018 թվականին: Այն ժամանակ, «թավշյա հեղափոխության» քողի ներքո, «Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագրի միջոցով, ում թերթի չվաճառված տպաքանակները գնում էր Միքայել Մինասյանը, խաղարկվեց լավ բեմադրված մի արար՝ այն նույն տխրահռչակ «Մարլեզոնյան բալետը», որն ավարտվեց ոչ այնքան իշխանության փոփոխմամբ, որքան դրա՝ Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին կառավարելի փոխանցմամբ:
Թե ինչով այս ամենն ավարտվեց, քաջածանոթ է բոլորիս: Հիշեցնելն այնուամենայնիվ անհրաժեշտ է. հետևանքը ոչ միայն պետականության քայքայումն էր, այլև Արցախի կորուստը՝ այն գինը, որը երկիրը վճարեց այդ քաղաքական ներկայացմանը մասնակցելու համար:
Հենց այդ պատճառով էլ իրականությունը նորից վերաձևելու ներկայիս փորձերը՝ տեղեկատվական ճնշման, մանիպուլյացիաների և ՀԱԵ-ին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու միջոցով, պետք է դիտարկվեն ոչ թե որպես հերթական նախընտրական դրվագ, այլ որպես արդեն մեկ անգամ իրականացված սցենարը կրկնելու մտահոգիչ ազդանշան՝ անխուսափելիորեն նույնքան կործանարար հետևանքներով:
Վերը շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Միքայել Մինասյանի և նրա շրջապատի ակտիվությունը, որը համաժամանակեցված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ճնշումների հետ, հետապնդում է ոչ թե առանձին, այլ փոխկապակցված նպատակներ՝ որպես բազմամակարդակ ռազմավարության մաս:
Պատկերն իր վերջնական և տագնապալի ամբողջականությունն է ձեռք բերում՝ միայն արտաքին, աշխարհաքաղաքական գործոնը հաշվի առնելիս։ Այս խմբի գործողությունները, որոնք առաջին հայացքից կենտրոնացած են ներքին պայքարի և ազդեցության այլընտրանքային կենտրոնների վարկաբեկման վրա, իրականում ավելի մասշտաբային ու երկարաժամկետ նպատակի են ծառայում: Մինասյանը հանդես է գալիս որպես Վատիկանի շահերի սպասարկող, որը պատմականորեն ձգտել է կլանել հնամենի Հայ Առաքելական Եկեղեցին՝ ոչ միայն նրա հոգևոր հեղինակության և եզակի ժառանգության, այլև ռազմավարական աշխարհաքաղաքական նպատակների համար:
Միջանկյալ նպատակ 1. Եկեղեցու քաղաքականացում։ Առաջին քայլը ՀԱԵ-ի բռնի ներքաշումն է քաղաքական գործընթացների մեջ՝ թե՛ նրան ոչ բնորոշ քաղաքական միջնորդի դեր առաջարկելու միջոցով (Մինասյանի սցենարը), թե՛ ինքնապաշտպանության հարկադրող ագրեսիվ ճնշման միջոցով (Փաշինյանի սցենարը): Արդյունքը պետք է լինի Եկեղեցու կայացումը՝ որպես գլխավոր քաղաքական գործոններից մեկը:
Միջանկյալ նպատակ 2. Եկեղեցու ղեկավարության փոփոխություն։ Գործող Կաթողիկոս Գարեգին II-ին որպես «Կրեմլի գործակալ» անվանարկելը և հոգևորականության վրա համակարգային հարձակումները նպատակ ունեն թուլացնել և հետագայում փոխարինել Եկեղեցու ղեկավարությունն ավելի զիջող և վերահսկելի անձանցով։
Առանցքային և վերջնական նպատակն արտաքին վերահսկողության հաստատումն է։ Գլխավոր ռազմավարական նպատակն է թուլացած և քաղաքականացված եկեղեցին վերածել ներքին քաղաքական գործոնի՝ նրա միջոցով հաստատելով Վատիկանի լիակատար քաղաքական և գաղափարական վերահսկողությունը Հայաստանի վրա։ Սա ճանապարհ կհարթի երկրի քաղաքակրթական կողմնորոշման փոփոխության, ավանդական դաշնակիցներից նրա հեռացման և այլ աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում հայտնվելու համար:
Հետևաբար՝ դիտարկվող իրադարձությունները պարզապես նախընտրական մանևրներ կամ իշխանության ու հոգևորականության տեղային կոնֆլիկտ չեն։ Սրանք խորը բազմաշերտ պլանի տարրեր են՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության և պետական ինքնիշխանության հիմքերի խարխլմանը՝ նրա կարևորագույն հոգևոր ինստիտուտի մանիպուլյացիայի միջոցով։ Այս սպառնալիքի անտեսումը կամ դրա վերագրումը կենցաղային քաղաքական պայքարին կարող է հանգեցնել 2018 թվականի աղետալի սցենարի կրկնությանը, որի գինն այս անգամ անհամեմատ ավելի բարձր կլինի:


