2018-ի շխանության փոխանցման քաղաքական առասպելներն ու փաստերի իրական պատկերը
2018 թվականի բեմադրված հեղափոխությունից տարիներ անց Հայաստանի ներքաղաքական դաշտում հանրապետականները շարունակում են շրջանառել տարբեր մեկնաբանություններ այն մասին, թե իրականում ինչպես տեղի ունեցավ իշխանության փոխանցումը։ Այսօր թեման կրկին ակտիվացել է՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի հրապարակմամբ և դրան հաջորդած մեկնաբանություններով։
Սարգսյանի գրառումը, ըստ էության, ինքնարդարացման փորձ է, որտեղ նկատվում են թե՛ հասարակությանն ուղղված մեղադրանքներ՝ իրեն «չհասկանալու» համար, թե՛ տողատակերով մեղադրանքներ՝ նախկին ընկերների հասցեին։
Բայց առավել ուշագրավ է այն, որ այդ թեզերը ակտիվորեն վերարտադրվում են նրա քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից՝ փորձելով ձևավորել այլընտրանքային ընկալում՝ բոլորիս աչքի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ։
Մասնավորապես, կրկին առաջ է քաշվում այն պնդումը, թե իբր Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին, այլ՝ Կարեն Կարապետյանին։
Այս ձևակերպումը դժվար է համադրել թե՛ իրավական, թե՛ քաղաքական փաստերի հետ։
Իրականում, Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետի պաշտոնակատար՝ սահմանադրությամբ նախատեսված կարգով։
Այստեղ է խնդրի առանցքային հանգույցը, բայց Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը Կարեն Կարապետյանին այդպես էլ չառաջադրեց որպես վարչապետի թեկնածու։
Մինչդեռ հենց այդ քայլը կարող էր հանդիսանալ իշխանությունը նրան փոխանցելու միակ գործնական մեխանիզմը։
Փոխարենը՝ խորհրդարանը երկու փուլով ընտրեց վարչապետ, և երկու դեպքում էլ Կարեն Կարապետյանի թեկնածությունը չներկայացվեց։ Ավելին, Հանրապետական կուսակցությունը հրապարակայնորեն հայտարարեց, որ պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձայները՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու համար։
Այս հանգամանքը էական է․ առանց Հանրապետականի ձայների Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում պարզապես հնարավոր չէր լինի։ Հետևաբար, անկախ քաղաքական մեկնաբանություններից, առկա է հստակ իրողություն՝ իշխանության փոխանցումը տեղի է ունեցել այն քաղաքական որոշման արդյունքում, որը կայացրել է խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետականը։
Այդ տեսանկյունից պնդումները, թե իշխանությունը փոխանցվել է Կարեն Կարապետյանին, առավելապես քաղաքական նարատիվի ձևավորման փորձ են, քան փաստերի արտացոլում։ Իրավական և քաղաքական գործընթացների համադրումը ցույց է տալիս, որ իշխանությունը Հանրապետականի ապահոված ձայների միջոցով փոխանցվել է հենց Նիկոլ Փաշինյանին։
Այսօր, տարիներ անց, տեղի ունեցածը վերաիմաստավորելու փորձերը հասկանալի են բարոյական պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ։ Բայց հանրային քննարկման որակը մեծապես կախված է այն բանից, թե որքանով են այդ մեկնաբանությունները հիմնված փաստերի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական նպատակահարմարության։
Սերժ Սարգսյանը վերջապես պետք է գիտակցի իր կարգավիճակը և ամոթի զգացում ձեռք բերի՝ իր սխալները ուրիշների վրա բարդելու և ստելու ժամանակ։


