Ստորացումից դեպի լռություն․ ինչպես ձևավորվեց հասարակության հանդուրժողականությունը իշխանության վիրավորանքների նկատմամբ

Հայ հասարակության վրա փորձարկվել է «եփվող գորտի» տեխնոլոգիան, երբ գորտին գցում ես սառը ջրով կաթսայի մեջ և դնում դանդաղ կրակի վրա․ գորտը հանգիստ եփվում է կաթսայի մեջ, բայց եթե գորտին գցես եռացող կաթսայի մեջ, նա արագ ցատկով կփորձի դուրս թռչել։

Որքան էլ տարօրինակ է, հայ հասարակության 70%-ը համարժեք չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի վիրավորական խոսքին, ով իրեն չընտրողներին անվանեց շուն։

Փորձեցի տեսնել՝ Եվրախորհրդի անդամ այլ որևէ երկրում նման դեպք եղել է, որ առաջին դեմքը շուն անվանի երկրի բնակչության 70%-ին։ Չգտա վերջին երեք տասնամյակների ընթացքում ԵԽ անդամ երկրներից որևէ մեկում նման միջադեպ, երբ որևէ երկրի առաջնորդը իրեն չընտրող քաղաքացիներին բնութագրել է բացահայտ նվաստացնող ձևակերպմամբ, և այդպիսի արտահայտությունը չի առաջացրել լուրջ հանրային կամ քաղաքական հետևանքներ։

Մի շարք երկրներում (օրինակ՝ Իսլանդիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) արձանագրվել են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տվել ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ ընդդիմախոսների հասցեին, բայց դա հանգեցրել է հանրային լուրջ դժգոհության, բողոքի ալիքների ձևավորման և, բոլոր դեպքերում, քաղաքական պատասխանատվության, այդ թվում՝ հրաժարականի։

Այս համատեքստում առաջանում է հետևյալ հարցադրումը․ ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական, ինստիտուցիոնալ և մշակութային գործոններով կարելի է բացատրել այն իրավիճակը, երբ քաղաքական առաջնորդի կողմից հանրության զգալի հատվածի հասցեին հնչող վիրավորական բնույթի արտահայտությունները չեն հանգեցնում համարժեք հանրային մոբիլիզացիայի կամ լայնածավալ բողոքի գործողությունների։ Այս խնդրի վերլուծությունը պահանջում է բազմագործոն մոտեցում՝ ներառելով քաղաքական մշակույթի, հանրային վստահության մակարդակի, ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետության և հասարակության բևեռացման աստիճանի ուսումնասիրություն։

Առաջին հայացքից թվում է, թե 8 տարում Նիկոլը կարողացել է այնպես թուլացնել ազգային դիմադրողականությունը, մարդկային արժանապատվությունը, և զարմանալի կլիներ իսկապես, եթե 8 տարում հնարավոր լիներ նման արդյունքի հասնել։

Իրականում Նիկոլի ձևակերպումը, եթե առաջին անգամ է, բայց հասարակությանը արհամարհելը, նրան անզոր զգալու մթնոլորտը ձևավորվել է շատ ավելի վաղ, և դա արվել է հատուկ՝ կեղծ հեղափոխություն հասունացնելու համար։

Շատերը արդեն չեն հիշում, թե ինչ մթնոլորտ էր տիրում երկրում 2018-ից առաջ։ Բացի համատարած անարդարությունից, կոռուպցիայից, թալանից, նաև հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունքը գնալով մեծանում էր։ Հանրապետական պատգամավորը քամահրանքով հայտարարում էր՝ «միսը թանկ է, կարտոֆիլ կերեք»։ Սյունիքի մարզպետը մարդ սպանեց, ինչը ակնհայտ երևում էր տեսանյութում, բայց շարունակեց պաշտոնավարել։ Սերժ Սարգսյանը, որպես նախագահ, փողոցային բառապաշարով լրագրողին պատասխանում էր՝ «ինչքան ուզես, էնքան խփեմ»։ Պատգամավորները հայհոյանքով էին խոսում։ Նեմեց Ռուբոն պարբերաբար խոսում էր պատժելու մասին՝ իր իշխանական դիրքից, ով այսօր ուղղակի փախել է երկրից։

Այս և տարբեր միջոցներով էին հասարակությանը պատրաստում կեղծ հեղափոխություն բեմադրելուն, բայց այս ամենը նպաստել է, որ հայ հասարակությունը համակերպվի, լռի կամ ուշադրություն չդարձնի իշխանության պահվածքին, ինչի պատճառով այսօր զարմանալի չէ, որ Նիկոլը բնակչության առնվազն 70%-ին «շունշանգալ» է անվանում և դիմադրության համարժեք պատասխանի չի արժանանում։

Ապագայում նոր իշխանությունները պարտավոր են հին մշակութային ժառանգություն ունեցող ազգին համարժեք մշակույթ ձևավորել, որ հասարակությունն այլևս թույլ չտա գործող իշխանությանը ամենակարողի դիրքերից հանդես գալ։

Այսօր մենք փակուղում ենք՝ որպես հին ժողովուրդ,ինչպես Երևանը՝ լինելով հինավուրց քաղաք, կամ, ինչպես ընդունված է ասել, Հռոմից ավելի հին, բայց ոչինչ չի պահպանվել, և չես կարող Երևան հյուր եկած քո այլազգի ծանոթին մեկ պատ անգամ ցույց տալ հին ժամանակների Երևանից։

Նույն կերպ մեր ազգային մշակույթն է ոչնչացվել․ այն մնացել է միայն թղթի վրա, և ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մենք չենք կարող անգամ առաջին դեմքին որպես օրինակ մատնացույց անելով ,փաստենք մեր մշակութային ազգ լինելու մասին։

Մեր թշնամիները ոչնչացրել են ոչ միայն մեր քաղաքները, այլև ներսի նկարագիրը, և քանի դեռ ներսի նկարագրի վերականգնումից չսկսենք, հնարավոր չի լինի քաղաքները վերականգնել: