Սերժ Սարգսյանի քաղաքական «մետաստազները»․ ընդդիմության պառակտումը՝ որպես գլխավոր ռազմավարություն
Սովորաբար քաղաքական համակարգերում ընդդիմության դերը առանցքային է։ Այն ծառայում է իշխանության վերահսկողությանը, ապահովում է հավասարակշռություն և նպաստում ժողովրդավարական գործընթացների կենսունակությանը։ Առողջ քաղաքական միջավայրում ընդդիմությունը ոչ միայն քննադատում է իշխանությանը, այլ նաև առաջարկում է այլընտրանքային լուծումներ՝ ձևավորելով մրցակցային և զարգացող պետական համակարգ։
Բայց իրավիճակը կտրուկ փոխվում է այն դեպքում, երբ իշխանությունը դադարում է առաջնորդվել ազգային շահերով և սկսում է ընկալվել որպես սպառնալիք պետության համար։ Այդպիսի պայմաններում ընդդիմության դասական գործառույթները վերափոխվում են։
Հավասարակշռություն ապահովելու փոխարեն առաջնային է դառնում մեկ նպատակ՝ հնարավորինս արագ, միասնական ջանքերով փոխել գործող իշխանությանը։
Հայաստանի քաղաքական զարգացումները վերջին տասնամյակներում հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել։
2008 թվականից սկսած՝ երկրի կառավարման համակարգը աստիճանաբար հեռացել է ազգային առաջնահերթություններից։ Թեև Սերժ Սարգսյանը իշխանության տարբեր ժամանակահատվածներում հանդես է եկել տարբեր քաղաքական «դիմակներով», համակարգային խնդիրները մնացել են անփոփոխ։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իշխանությանը հաջողվում էր իր հակապետական քաղաքականությունը ներկայացնել ազգային արժեքների, ինքնիշխանության և անվտանգության գաղափարների շրջանակում։ Այդ մոտեցումը որոշ չափով քողարկում էր առկա խնդիրները և թույլ էր տալիս պահպանել հասարակական հարաբերական կայունություն։
Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում այդ «քողարկման» անհրաժեշտությունը նվազել է։ Սա վկայում է ոչ միայն իշխանության գործելաոճի փոփոխության, այլ նաև հասարակության ներսում տեղի ունեցած խորքային վերափոխումների մասին, որոնք ձևավորվել են Սերժ Սարգսյանի կառավարման հետևանքով։
Սերժ Սարգսյանի 10 տարիները եղել են հասարակության «իմունիտետի» թուլացման տարիներ։ Նրա կառավարման ընթացքում սոցիալ-տնտեսական դժվարությունները, համակարգային կոռուպցիան և սահմանափակ հնարավորությունները շատերի համար փոխել են առաջնահերթությունները։
Ազգային և պետական մտածողությունը հաճախ երկրորդ պլան է մղվել՝ տեղը զիջելով առօրյա խնդիրներին՝ աշխատանք, եկամուտ և գոյատևում։
Երբ մարդիկ երկար ժամանակ զրկված են լինում արժանապատիվ ապրուստ ապահովելու հնարավորությունից, բնական է, որ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվում են ոչ թե ռազմավարական կամ գաղափարական հարցերը, այլ ամենօրյա գոյատևման խնդիրները։
Սա, իր հերթին, ազդում է քաղաքական գործընթացների վրա՝ թուլացնելով հանրային պահանջարկը խորքային և արժեքահեն փոփոխությունների նկատմամբ, ինչի պատճառով ընդդիմությանը չի հաջողվում փողոցային պայքարով տապալել իշխանությանը։
Այս պայմաններում ընդդիմության առաջ ծառացած խնդիրը դառնում է առավել բարդ։ Բավարար չէ միայն իշխանության փոփոխության պահանջը։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կվերականգնի հասարակության վստահությունը, կվերակենդանացնի արժեքային համակարգը և կառաջարկի իրատեսական լուծումներ երկրի առջև ծառացած մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանը լավագույնս տիրապետում է հասարակական տրամադրություններին և քաջ գիտակցում է, որ ինքը շանս չունի երբևէ իշխանության վերադառնալու, բայց ունի շանս անպատիժ մնալու, քանի դեռ կարող է թույլ չտալ, որ հասարակության վստահությունը վերականգնվի ընդդիմության հանդեպ։ Այդ պատճառով նա մինչև վերջ խանգարելու է ընդդիմությանը․ մեծ հաշվով այլընտրանք էլ չունի։
Ուստի ընդդիմության իրական արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը, իրենց առաջին դեմքերով, հասարակությանը կոչ անեն Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին դիտարկել նույն հարթության վրա։
Քանի դեռ ընդդիմադիր ուժերը չեն գիտակցում դա, Սերժ Սարգսյանին կհաջողվի զգալի վնաս հասցնել սպասվող ընտրություններին։
Թույլ տալ Սերժ Սարգսյանին հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ նշանակում է արտոնել պառակտել ընդդիմությունը և անվստահություն սերմանել ընդդիմության նկատմամբ։
Առաջին հերթին պետք է արձանագրել, որ ընդդիմության պառակտումը օբյեկտիվորեն թուլացնում է նրա ազդեցությունը։ Երբ քաղաքական դաշտում առկա է մեծ ընդդիմադիր ուժ, որը կարող է համախմբել հանրային դժգոհությունը և ձևավորել իշխանությանը մրցունակ այլընտրանք, դրա վարկաբեկումը բերում է ոչ միայն տվյալ ուժի թուլացման, այլ նաև ամբողջ ընդդիմադիր դաշտի հեղինակության անկմանը։
Երկրորդ կարևոր հետևանքը հասարակական ապատիայի աճն է։ Երբ ընդդիմադիր ուժերը զբաղված են միմյանց քննադատելով, հանրության մի հատված սկսում է ընկալել քաղաքական գործընթացները որպես անձնական պայքարների դաշտ, այլ ոչ թե գաղափարական մրցակցություն։ Արդյունքում նվազում է քաղաքական մասնակցությունը, ինչը ուղղակիորեն ձեռնտու է գործող իշխանությանը, քանի որ նվազ մասնակցության պայմաններում իշխանության պահպանումն ավելի հեշտ է։
Երրորդ՝ իշխանության համար ստեղծվում է նպաստավոր տեղեկատվական միջավայր։ Ընդդիմության ներսում հնչող փոխադարձ մեղադրանքները հաճախ օգտագործվում են իշխանության կողմից՝ ցույց տալու համար, թե այլընտրանք չկա, կամ ընդդիմությունը անկազմակերպ է։ Այսպիսով, նույնիսկ առանց ուղղակի միջամտության, ընդդիմադիրների գործողությունները կարող են ծառայել իշխանության դիրքերի ամրապնդմանը և այլն։
Որպեսզի Հայաստանը կարողանա պահպանել ներկայիս սահմանները, որքան անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, նույնքան անհրաժեշտ է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն իր «մետաստազներով» դիրքավորվի ընդդիմադիր դաշտում։


