ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը պատահականություն չէ և դիվանագիտական հերթական շրջադարձը չէ։ Այն 2020 թվականի 44-օրյա պատերազմի տրամաբանական ավարտն է, որով ամրագրվեց Հայաստանի հրաժարումը Արցախից և ռազմավարական նշանակության ակտիվների հանձնումը արտաքին վերահսկողության տակ։ Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որում ամերիկյան կողմին պատկանում է բաժնեմասերի 74 տոկոսը, հայկական կողմին՝ 26 տոկոսը։ Ընկերությունը գործելու է 49 տարի։ Ազգային ժողովը փաստաթուղթը վավերացրեց հոկտեմբերի 28-ին՝ 63 կողմ, 32 դեմ ձայներով։ Բոլոր կողմ ձայներն ապահովեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Սակայն հենց իր մասնակցությամբ՝ քվեարկությանը մասնակցելով, նիստերի դահլիճում ներկա լինելով և խորհրդարանում աշխատելով, որը ձևավորվել էր վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ ընդդիմությունն ինքը դրանք ոչ լեգիտիմ էր հայտարարել, ընդդիմությունը պաշտոնական լեգիտիմություն ապահովեց թե՛ այս որոշմանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի վարած ամբողջ քաղաքականությանը։
Ահա սա է Հայաստանի վերջին տարիների քաղաքականության գլխավոր պատմությունը, այլ ոչ թե խորհրդարանում տեղի ունեցող ծեծկռտուքներն ու ամբիոնից հնչող ճառերը։
Հիշեցնենք իրադարձությունների ժամանակագրությունը։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին իշխանությունների կողմից թույլ տրված զանգվածային խախտումներով․ ընդդիմադիրների ձերբակալություններ, արդյունքների կեղծում, ԿԸՀ կայքի խափանումներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեռացում ընտրապայքարից այնպիսի հիմնավորումներով, որոնք այլ կերպ, քան բացահայտ կամայականություն, դժվար է բնութագրել։ ԵԽԽՎ դիտորդներն արձանագրեցին վարչական ռեսուրսի օգտագործումը, պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ճնշումները, բացառապես ընդդիմության դեմ հարուցված բազմաթիվ քրեական վարույթները։ ԿԸՀ-ն չեղարկեց երեք ընտրատեղամասերի արդյունքները՝ առանց կրկնակի քվեարկություն նշանակելու։ Այդ որոշումն անմիջականորեն ազդեց ընդդիմադիր ուժերից մեկի խորհրդարանական ներկայացվածության վրա։ Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց այդ որոշումը։
Վեց քաղաքական ուժ հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ ընտրություններն անցկացվել են համակարգային խախտումների պայմաններում, պաշտոնական արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը և չեն կարող հիմք ծառայել լեգիտիմ իշխանության ձևավորման համար։ Հնարավոր հետագա սրման պատասխանատվությունն անձամբ դրվեց Փաշինյանի և նրա վարչակազմի վրա։ Հայտարարությունները բարձրագոչ էին։ Քաղաքական իրավիճակը ուներ լուրջ մոբիլիզացիայի բոլոր նախադրյալները։ Բայց ընդդիմությունը նախընտրեց վերցնել պատգամավորական մանդատները։
Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է․ մանդատը նշանակում է աշխատասենյակ, աշխատավարձ, ամբիոն և մեծ քաղաքականության մասնակից լինելու հաճելի զգացողություն։ Հրապարակում ցուրտ է, վտանգավոր, իսկ ընտրողը հետո կարող է հարցնել՝ ի՞նչ արդյունքի հասաք։ Ընդդիմությունն ընտրեց խորհրդարանի տաքուկ ու հարմարավետ բազկաթոռները։
Ընտրությունների արդյունքում խորհրդարանի 105 տեղերը բաշխվեցին այսպես․ 64 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր», 29՝ «Ուժեղ Հայաստան», 12՝ «Հայաստան» դաշինք։ Միջազգային պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ է 53 ձայն։ Իշխանությունն ունի 64-ը։ Ընդդիմության ձայները պետք չեն ո՛չ բյուջեի, ո՛չ համաձայնագրերի, ո՛չ էլ որևէ այլ որոշման համար։ Փաշինյանը կարող է իր քաղաքականությունն իրականացնել՝ հենվելով բացառապես սեփական խմբակցության վրա։ Ընդդիմությունը կարող է դեմ քվեարկել, ելույթ ունենալ ամբիոնից, հետաքննություններ պահանջել․ դրանից արդյունքը չի փոխվում։ Ընդդիմադիր խմբակցությունների ներկայությունը ստեղծում է լիարժեք խորհրդարանական ներկայացվածության պատրանք։ Իշխանությունը հղում է անում գործող և լեգիտիմ խորհրդարանին, որտեղ ներկայացված են նաև ընտրությունների արդյունքները վիճարկած ուժերը։ Ընդդիմությունն իր աջակիցներին համոզում է, թե պայքարը շարունակվում է՝ այս անգամ Ազգային ժողովի պատերի ներսում։ Բոլորն իրենց գործով են զբաղված։
TRIPP-ի դեպքում հենց դա տեղի ունեցավ։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ «Քաղաքացիական պայմանագիրն» ապահովեց 63 կողմ ձայն։ Փաստաթուղթն ընդունվեց։ Ընդդիմությունն իր մասնակցությամբ պաշտոնական լեգիտիմություն հաղորդեց ամբողջ գործընթացին։ Ցուցադրական «դեմ» քվեարկությունը չի ազատում նրան այդ պատասխանատվությունից։
Նախորդ հրապարակումներում մենք անդրադարձել ենք TRIPP-ի վավերացմանը կողմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագրի» 63 պատգամավորների պատասխանատվությանը։ Այդ պատասխանատվությունն անմիջական է։ Սակայն արդարության համար պետք է ասել՝ պակաս պատասխանատվություն չունի նաև ընդդիմությունը։ Որովհետև ընտրության հնարավորություն ուներ։ Կարող էր հրաժարվել մանդատներից՝ ստեղծելով քաղաքական-սահմանադրական ճգնաժամ և իշխանությանը զրկելով խորհրդարանական մրցակցության հարմարավետ պատկերը ցուցադրելու հնարավորությունից։ Կարող էր մարդկանց դուրս բերել փողոց, հասնել քաղաքական դասավորության վերանայման, գործի դնել սահմանադրական մեխանիզմները։
Իսկ հիմա բացենք Սահմանադրությունը։
89-րդ հոդված․ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից։ 104-րդ հոդված․ խորհրդարանն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկը պարտադիր պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թվից։ 8-րդ հոդված․ գաղափարական բազմակարծություն, բազմակուսակցական համակարգ։Սա բարի ցանկություն կամ խորհրդատվական դրույթ չէ, այլ սահմանադրական պահանջ։ Այսինքն՝ առանց ընդդիմության խորհրդարանը դադարում է լինել Սահմանադրությամբ նախատեսված լիարժեք օրենսդիր մարմին։ Առանց ընդդիմության այդ ամբողջ կառույցը կորցնում է իր լեգիտիմությունը նաև ուղղակի իրավական իմաստով։
Եվ այստեղ ամեն ինչ հատկապես հետաքրքիր է դառնում։ Որովհետև խորհրդարանն ընդդիմությանը չէր պետք։ Ընդդիմությունն էր պետք խորհրդարանին։ Ընդդիմությունն էր պետք իշխանությանը։ Առանց նրա Փաշինյանի ամբողջ համակարգը իրավական առումով թերի է, քաղաքական առումով՝ ոչ լիարժեք, իսկ արտաքին գործընկերների տեսանկյունից՝ պարզապես անհարմար։ Գեղեցիկ տեսարան չէ, երբ խորհրդարանում նույն դեմքերն ամեն ինչի օգտին են քվեարկում։
Մինչդեռ ընդդիմությունը կարող էր օգտվել այդ հանգամանքից։ Կարող էր հետևողականորեն հրաժարվել մանդատներից՝ դրանք ցուցակներով հաջորդ թեկնածուներին փոխանցելով մինչև ցուցակների սպառվելը։ Կարող էր ստեղծել քաղաքական-սահմանադրական ճգնաժամ, որը իշխանությանը կզրկեր խորհրդարանական մրցակցության պատկերը պահպանելու հնարավորությունից։ Կարող էր Փաշինյանին ստիպել աշխատել մի իրավիճակում, երբ նրա որոշումներն այլևս հնարավոր չէր ծածկել ընդդիմության ներկայության ձևքկան թղթով։
Փոխարենը՝ պատգամավորական վկայականներ, խմբակցությունների աշխատասենյակներ և ամբիոնից ելույթ ունենալու իրավունք։ Փոխարենը՝ TRIPP-ի դեմ քվեարկություն, որը ոչինչ չի փոխում, բայց պայքարի պատրանք է ստեղծում։ Փոխարենը՝ ծեծկռտուք խորհրդարանում, որտեղ անձնական վիրավորանքը երկրի ճակատագրից կարևոր է դառնում։
Եվ ահա արդյունքը․ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, գործող և լեգիտիմ ինստիտուտներ, ինչպես նաև ընդդիմություն, որը նրա հետ վիճում է ընտրությունների արդյունքներով ձևավորված համակարգի ներսում։ Ամերիկացիները 49 տարով ստացան TRIPP-ի 74 տոկոսը։ Թուրքիան, ինչպես կանխատեսում էին տարածաշրջանը լավ իմացող մարդիկ, այսօր Հայաստանի վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում՝ հասկանալով, որ լավագույն դեպքում նրան վիճակված է դառնալ թուրքական վիլայեթ։ Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է։ Արցախում հայեր այլևս չկան։
Իսկ ընդդիմությունը ստացավ այն, ինչի հետևից եկել էր՝ մանդատները։ Եվ խորհրդարանում ծեծկռտուք կազմակերպեց։ Տարոն Չախոյան, Նարեկ Կարապետյան, բռունցքներ, աթոռներ, փոխադարձ վիրավորանքներ։ Երկրի ճակատագիրը, տարածքների հանձնումը, Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումը, TRIPP-ը, կես դար ամերիկյան ընկերության վերահսկիչ փաթեթը՝ այս ամենը ագրեսիայի պատճառ չդարձավ։ Իսկ երկու պատգամավորների անձնական վեճը դարձավ։ Ահա քաղաքական սկզբունքայնության ամբողջական պատկերը․ Հայաստանի ապագան տասնամյակներով կանխորոշող ռազմավարական որոշումները քննարկվում են բարձրագոչ ելույթներով, ճոռոմ հայտարարություններով, բայց խստորեն՝ ըստ արարողակարգի, իսկ Նարեկ Կարապետյանի հասցեին հնչած անձնական վիրավորանքը բռունցքների գործի դնելու առիթ է դառնում։ Մինչ երկիրը դեռ ուշքի չի եկել TRIPP-ի շրջանակային համաձայնագրի վավերացումից, պատգամավորները հարաբերություններ են պարզում բռունցքներով ու աթոռներով։ Օրակարգը փոխելու ինչպիսի հարմար միջոց։
Ծեծկռտուքից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն սկսեցին քննարկել, թե ով ավելի ուժեղ գտնվեց և ով ում ինչպես պատասխանեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական պատգամավորների գործողությունները համարժեք որակեց։ Նարեկ Կարապետյանն էլ կատարվածը ներկայացրեց որպես «հայկական տղամարդկային ռազբորկա»։ Երևում է՝ խորհրդարանականները բավական ժամանակ են ունեցել հարաբերություններ պարզելու և հետո սեփական մարտական հաջողությունները քննարկելու համար։ Իսկ TRIPP-ի պայմանները քննարկելուն, չգիտես ինչու, այդ քաղաքական եռանդը չբավարարեց։
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Ակամայից հիշվում են մեծն Հովհաննես Թումանյանի խոսքերը․ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»։
Հայաստանի խորհրդարանը բեմ է։ Վատ, գավառական բեմ՝ միջակ դերասաններով։ Իսկ իրական կյանքը խորհրդարանի շենքի պատերից այն կողմ է։ Այնտեղ է TRIPP-ը։ Այնտեղ են ամերիկացիներն իրենց 74 տոկոսով։ Այնտեղ է Արցախը, որը մնացել է ադրբեջանական գերության մեջ։
Փաշինյանն իր քաղաքականության համար խորհրդարանական ծածկույթ ստացավ։ Ընդդիմությունը՝ պատգամավորական աթոռներ, խոսափողներ և անհաշտ պայքար ձևացնելու հնարավորություն։ Իսկ Հայաստանը շարունակում է վերածվել աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմի, որտեղ բախվում են արտաքին ուժերի շահերը և վճռվում սեփական ճակատագիրը։ Կատարվածի պատասխանատվությունը կրում են ոչ միայն TRIPP-ի օգտին քվեարկած «Քաղաքացիական պայմանագրի» 63 պատգամավորները։ Այն նաև այն ընդդիմադիրների ուսերին է, որոնք ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարելուց հետո հաճույքով զբաղեցրին իրենց հատկացված տեղերը խորհրդարանում։ Մի մասը երկիրը հանձնեց մեծամասնության ծափահարությունների ներքո, մյուսները այդ ներկայացման համար ապահովեցին լեգիտիմության դեկորացիաները։


