ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ
«Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Նիկոլ Փաշինյանի այս նախադասությունը նրա քաղաքական ուղու ամենախոսուն բնութագրումն է։ 2019-ին Ստեփանակերտում նա հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ 2020-ին խոստովանում էր, որ սխալ ռազմավարություն է ընտրել։ Իսկ 2025-ին ասում էր, որ պարտության միջով Հայաստանն անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն է ստացել։ Այս հայտարարությունների արանքում Արցախի կորուստն է, հազարավոր զոհված զինվորների ճակատագիրը և պետության անվտանգության փլուզումը։
Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի 63 ՔՊ պատգամավորների ձայներով վավերացվեց TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսում է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցություն։
Այս ժամանակագրությունն է Փաշինյանի քաղաքական ուղու ամենածանր մեղադրանքի հիմքը։ Նրա իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքը, պատերազմի օրերին ընդունված որոշումներն ու Արցախի կորստից հետո Սյունիքով նոր երթուղու առաջմղումը ակնհայտորեն համընկնում են Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերի հետ, որոնց համար տասնամյակներ շարունակ քննարկվել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ստեղծումը Հայաստանի հարավով։ Այսօր արդեն պարզ է դառնում «թավշյա հեղափոխության» իրական նպատակը։ Արտաքին ուժերը Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ՝ Արցախին վերաբերող զիջումների ճանապարհը բացելու, իսկ պատերազմի ելքով այդ զիջումները հիմնավորելու համար։
Սյունիքով անցնող կապի գաղափարն էլ նոր չէ։ 1992 թվականի հունվարին ամերիկյան Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Փոլ Գոբլը ներկայացրեց տարածքների փոխանակման առաջարկը․ Հայաստանին պետք է անցներ Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանին՝ Զանգեզուրի հատվածը, որը կապ կապահովեր Նախիջևանի հետ։ Այսօր Գոբլի առաջարկը կյանքի կոչվեց TRIPP համաձայնագիրով։
Այս քաղաքական հաշվարկի կենտրոնում Ռուսաստանն էր։ Մոսկվայի ռազմական ներկայությունը Հայաստանում, դերը ՀԱՊԿ-ում և ազդեցությունը արցախյան հակամարտության կարգավորման վրա սահմանափակում էին տարածաշրջանում արևմտյան ու թուրք-ադրբեջանական ծրագրերի առաջխաղացման հնարավորությունները։ Եվ Փաշինյանը իշխանությունը ստանալուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ այդ խոչնդոտը վերացնելու։
2018 թվականի հուլիսին քրեական մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի գործով։ Մի քանի օր անց Երևանն առաջարկեց սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Խաչատուրովի դեմ մեղադրանքի մասին՝ Armenpress-ում, փոխարինման նախաձեռնության մասին՝ Armenpress-ում։ Մարտի 1-ի գործը Հայաստանի ներքին իրավական վարույթն էր, սակայն դրա ընթացքը շուտով հանգեցրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական լարվածության։ Հայաստանի նոր իշխանությունը հենց սկզբից բախման մեջ մտավ իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ՝ այն ժամանակ, երբ երկրի անվտանգության համար վճռորոշ էր արտաքին հարաբերությունների սթափ հաշվարկը։
Այնուհետև սկսեց 44-օրյա պատերազմի հրահրման նախապատրաստությունը։
2019-ի մարտին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, իսկ Փաշինյանը պաշտպանեց նրա մոտեցումը։ Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում վարչապետը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ խոսքերը հնչում էին որպես Արցախը պաշտպանելու երդում։ Մեկ տարի անց հայկական կողմը կորցրեց Շուշին, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվեց հայկական ուժերի դուրսբերումը Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջաններից։
Այս հակադրությունն է Փաշինյանի քաղաքական պատմության գլխավոր հանգույցը։ Նա ստանձնեց առավելագույն պարտավորություն, բայց երկիրը տարավ մի ճանապարհով, որի ավարտը դարձավ Արցախի մեծ մասի կորուստը։ Պատերազմը սանձազերծեց Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, սակայն Հայաստանի ղեկավարի պարտականությունն էր ճիշտ գնահատել վտանգը, պատրաստել բանակը և չկորցնել հնարավորությունները՝ կանխելու աղետը։
2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանը սկսեց արդարանալ։ Նա խոստովանում էր, որ դեռ 2018-ին, ծանոթանալով Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, հասկացել էր՝ Հայաստանը կանգնած է ծանր ընտրության առաջ․ վերադարձնել հինգ շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակը թողնելով չլուծված, կամ գնալ պատերազմի վտանգավոր ճանապարհով։ Բայց նա լռել էր։ Իր բացատրությամբ՝ հույս ուներ փոխել բանակցությունների ընթացքը և ռազմական պայքարով ավելի լավ պայմաններ կորզել։ Նոյեմբերի 16-ին արդեն ընդունում էր, որ պատերազմը հնարավոր էր կանխել՝ համաձայնելով տարածքների վերադարձին։
Ելքը տեսնում էր, վտանգը գիտակցում էր, բայց վճռական քայլի չգնաց։ Ինչո՞ւ։ Նրա խոստովանություններից այնպիսի պատկեր է բացվում, որ սեփական քաղաքական վարկանիշը փրկելու մտավախությունը գերադասվեց ազգային աղետը կանխելու պարտականությունից։ Նա իբրև չուզեց կրել զիջման քաղաքական պատասխանատվությունը, և այդ ընտրության համար վճարվեց հազարավոր զինվորների կյանքերով, Արցախի կորստով ու Հայաստանի անվտանգության փլուզմամբ։ Զավեշտալին այն է, որ դավադրություը պատրաստողը և իրագործողը վախենում էր, որ ժողովուրդը իրեն դավաճան կհայտարարի։
Պատերազմի վերջին օրերի մասին Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը հատկապես ծանր վկայություն է։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակված խոսակցության մեջ Արցախի նախագահն ասում էր. «Տասը օր ա՝ ասում եմ՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում»։ Զրույցի մյուս մասնակիցը՝ Արցախի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, հաստատել էր խոսակցության իսկությունը։
Տասը օր շարունակ Արայիկ Հարությունյանը օգնություն էր աղերսում՝ Ստեփանակերտը փրկելու համար։ Մայրաքաղաքը վտանգի տակ էր, Արցախի պաշտպանության գիծը փլուզվում էր, իսկ Հայաստանից անհրաժեշտ ուժեր օգնության չէին հասնում։ «Մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահեմ»․ այս աղաղակի մեջ մի ամբողջ պետության ողբերգություն է։ Որտե՞ղ էր այդ ժամանակ Հայաստանի վարչապետը, ի՞նչ հրամաններ էր տալիս, և ինչո՞ւ անհրաժեշտ ուժերը չէին հասնում։ Այս ձայնագրությունը ծանր մեղադրանք է Փաշինյանի իշխանության դեմ․ այն հիմք է տալիս կասկածելու, որ Ստեփանակերտի և Շուշիի պաշտպանության ձախողումը ռազմական անհաջողություն չէր, և Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր մեզ տարել է պարտության։
Բանակի սպառազինության մասին հայտնի դարձած տեղեկությունները Փաշինյանի դավաճանությունը ապացուցող լրացուչիչ փաստեր են հանդիսանում։ 2021 թվականի մարտին նա ընդունեց, որ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան էին հասել 2020 թվականի մայիսին, բայց մինչև պատերազմը դրանց համար հրթիռներ չէին գնվել։ Այսինքն՝ երկիրը թանկարժեք կործանիչներ էր ձեռք բերել, բայց պատերազմի մեկնարկին դրանք անհրաժեշտ զինամթերքով ապահովված չէին։
Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին, հայտարարեց, որ նախատեսված սպառազինության գնումների ծրագիրը փոխվել էր։ Հակոբյանը պնդում էր նաև, որ անձամբ զգուշացրել էր Փաշինյանին այդ գնումների աննպատակահարմարության մասին, իսկ վարչապետի պատասխանը եղել էր՝ «արդեն արել ենք»։
Արայիկ Հարությունյանի օգնության ահազանգն ու բանակի սպառազինության բացերը նկարագրում են պատերազմի ողբերգական կողմը։ Բայց Փաշինյանի պատասխանատվությունը միայն ռազմաճակատում կատարվածով չի սահմանափակվում։ Պետք է նայել նաև այն ժամանակվա բանակցություններին և այն հնարավորություններին, որոնց մասին վարչապետը հետագայում խոսեց։ Պատերազմի օրերին կայացված որոշումների իրական պատկերը հասկանալու համար կարևոր է համադրել նրա բացատրությունները մյուս մասնակիցների հրապարակային հայտարարությունների հետ։ Եվ հենց այստեղ Փաշինյանի պատմության մեջ ի հայտ է գալիս ևս մեկ լուրջ հակասություն։
2023 թվականին Փաշինյանը փորձեց ներկայացնել 2020 թվականի հոկտեմբերյան բանակցությունները՝ պնդելով, որ մերժել էր առաջարկը, որն իր գնահատմամբ հանգեցնելու էր Շուշիի հանձնմանը և Մեղրիով միջանցքի ստեղծմանը։ Սակայն Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հրապարակային հայտարարությունը այլ պատկեր էր ներկայացնում։ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ քննարկվել էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և պնդել էր, որ քաղաքի հանձնումը բանակցային պայման չէր։
Այս հակասությունն է՛լ ավելի է ծանրացնում Փաշինյանի պատասխանատվության գնահատականը։ Ռազմաճակատում Ստեփանակերտի պաշտպանության համար օգնություն էին խնդրում, բանակը անհրաժեշտ զինամթերքի պակաս ուներ, իսկ բանակցությունների սեղանի շուրջ Փաշինյանը մերժել էր հրադադարի առաջարկները։
2025 թվականի փետրվարի 3-ին՝ ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի պարտության միջով Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն է ստացել։ Նա նաև ասաց, որ զոհված զինվորների զոհողությունը Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար էր, և այժմ պետք է կենտրոնանալ այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա։
Եվ, իհարկե, «ինքնիշխանություն» ասելով՝ Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի ազդեցության նվազումը։ Փաստացի, գործող վարչապետն այս խոսքերով խոստովանեց, որ պատերազմը հրահրել է և հազարավոր զոհերի գնով միտումնավոր պարտության է տարել Հայաստանն ու Արցախը, որպեսզի «ինքնիշխանություն» ստանա։
Եվ վերջապես՝ 2026 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շրջանակային համաձայնագիրը։ ՔՊ խմբակցության պատգամավորներն ամբողջությամբ պաշտպանեցին փաստաթուղթը։ Քվեարկության մասին՝ Armenpress-ում։ Համաձայնագիրը նախատեսում է համատեղ զարգացման ընկերություն, որտեղ ամերիկյան կողմին պատկանում է 74 տոկոսը, Հայաստանին՝ 26 տոկոսը։ Նախնական ժամկետը 49 տարի է, և նախագծով նախատեսվող տարածքներում ընկերությանը պետք է տրամադրվեն բացառիկ օգտագործման ու զարգացման իրավունքներ։
Այսպես Արցախի կորստից հետո Սյունիքով անցնող հաղորդակցությունը ստացավ խորհրդարանական ամրագրում։ TRIPP-ի պաշտոնական փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքային ինքնիշխանության և իրավազորության պահպանում, սակայն երկարաժամկետ զարգացման իրավունքների ու ամերիկյան ընկերության վերահսկիչ մասնակցության պայմանները Հայաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից լուրջ քննության են արժանի։
63 ՔՊ պատգամավորների ձայներով Ազգային ժողովը լեգիտիմացրեց 2018 թվականից սկսած պետական դավաճանության եզրափակիչ փուլը։ Այն սկսվեց Արցախը պաշտպանելու խոստումներով, անցավ պատերազմի ու տարածքների կորստի միջով և հասավ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նախագծի իրականացմանը։ Պետական դավաճանության մեղադրանքն այսուհետ ուղղվում է նաև այդ 63 պատգամավորներից յուրաքանչյուրին։ Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։ Վաղ թե ուշ նրանք բոլորը՝ առանց բացառության, կանգնելու են ազգային տրիբունալի առջև։


