ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ․ ՀԱԵ-Ի ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ «ԱՂՎԱՆԱՑՄԱՆ» ՎՏԱՆԳԸ
Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող հակամարտությունը կարող է շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ունենալ, քան եկեղեցական ներքին վեճը։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրել Եկեղեցու դեմ պայքարի և Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Աղվանական եկեղեցու» թեզի միջև հնարավոր կապի վրա։
Մարուքյանի գնահատականները համընկնում են «Հանրային տրիբունալի»՝ հոկտեմբերի 7-ին հրապարակված «Մշակութային կողոպուտ և քաղաքական քողարկում․ Ադրբեջանի կողմից Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացման» և Փաշինյանի՝ ՀԱԵ-ի դեմ արշավի միջև կապը»հոդվածի հիմնական դրույթների հետ։ Վերլուծության մեջ ներկայացվել էր, թե ինչպես կարող են Ադրբեջանի մշակութային յուրացման քաղաքականությունն ու Հայաստանի իշխանությունների ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ փոխադարձաբար նպաստել հայկական պատմական ժառանգության պաշտպանության թուլացմանը։
Մարուքյանի զգուշացումը․ եկեղեցական ճգնաժամից մինչև պետականության դեմ սպառնալիք
Մարուքյանի խոսքով՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն այլևս չի սահմանափակվում ներքաղաքական պայքարով։ Որքան ուժեղանում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը, այնքան ակտիվորեն է շրջանառվում «Աղվանական եկեղեցու» թեման։
«Եկեղեցու դեմ ինչքան իրանք պայքարում են, էնքան աղվանական եկեղեցու թեման առաջ է գալիս, այնքան աղվանական եկեղեցու թեմայի հետ արևմտյան Ադրբեջանի խոսույթն էլ ա առաջ գալիս»,– հայտարարել է նա։
Մարուքյանը հիշեցրել է նաև Ադրբեջանի կողմից շրջանառվող աշխարհագրական անվանումները՝ Սևանա լիճը «Գյոյչա» ներկայացնելը և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններն արտահայտող «Արևելյան Զանգեզուր» ու «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումները։
Նրա գնահատմամբ՝ Եկեղեցու թուլացումը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ ավելի ակտիվորեն առաջ մղելու հայկական պատմական ժառանգությունը յուրացնելու և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունները հիմնավորելու փորձերը։
Մարուքյանը քննադատել է նաև իշխանության՝ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու մտադրությունը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քննիչ հանձնաժողովի ստեղծման դեպքում այդ գործընթացին կմիանա նաև օրենսդիր իշխանությունը։
«Շարունակվելու է, պնդում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազդեցությունը աշխարհում նվազեցնելու պրոցես է և թուլացնելու, որի արդյունքում Ադրբեջանը բնականաբար այդ վակուումը օգտագործելու է և օգտագործելու է ընդդեմ հայ ժողովրդի, հայ ազգի և հայկական պետականության»,– հայտարարել է նա։
Էդմոն Մարուքյանի ահազանգը վերահաստատում է այն մտահոգությունները, որոնք բարձրացրել էր «Հանրային տրիբունալը»․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի մշակութային կողոպուտը և Փաշինյանի ճնշումը ՀԱԵ-ի նկատմամբ գործառութային առումով կազմում են մեկ պատերազմի երկու կողմերը՝ հայկական պատմական շարունակականության դեմ։


