ՊԵՏԱԿԱՆ ՏԵՌՈՐ․ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆԴԱՍԵՐԸ
Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։
Գիտե՞ք՝ այս ամենում որն է ամենահետաքրքիրը։ Ո՛չ, նույնիսկ այն չէ, որ երկրում անօրինությունն ու կամայականությունն են ծաղկում։ Ամենահետաքրքիրն այն է, որ միջազգային գործընկերները՝ որոնց Փաշինյանն այդքան ջանասիրաբար գրկաբաց հրավիրում է Հայաստան, նախընտրում են լռել։ Լռում են, երբ օգոստոսի 25-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, ձերբակալում են մեղադրանքներով, որոնց մասին հայտարարվել էր դեռևս այն ժամանակ, երբ քննությունը չէր հասցրել նույնիսկ առաջին հարցը տալ։ Լռում են, երբ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարում է «իրավապահ և դատական համակարգերի վրա աննախադեպ ճնշման» մասին։ Լռում են, երբ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը խոսում է «ներքին ռասիզմի»՝ քաղաքացիներին «յուրայինների» և «օտարների» բաժանելու մասին։ Լռում են, երբ երբ ձերբակալվում են ընտանիքի երեք անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխաների մայրը։
Թերևս լռությունն է «եվրոպական ընտրության» գինը։ Բայց այդ գինը, ինչպես միշտ, չափազանց բարձր է։
Դաժանությունը՝ արդարադատության փոխարեն․ Քոչարյանի գործով անչափահաս երեխայի միայնակ մոր կալանավորումը
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում վեց մարդու ձերբակալեց։ Սակայն նրանց թվում միայն քաղաքական գործիչներ չէին։
Նախկին նախագահի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարության համաձայն, քննության անիվների տակ հայտնվեց Ոսկանյանների մի ամբողջ ընտանիք։ Ընտանիքի չորս անդամները՝ հայրը, մայրը և երկու դուստրերը, նույն օրը ձերբակալվեցին։ Ընտանիքի ղեկավար Արամայիս Ոսկանյանը, որը 1999-2009 թվականներին աշխատել է կառավարական ամառանոցների տնտեսվար, ենթարկվեց տնային կալանքի։ Իսկ նրա կնոջն ու երկու դուստրերին ուղիղ երկու ամսով ուղարկեցին կալանավայր։
Այս պատմության ամենասահմռկեցուցիչ հանգամանքն այն է, որ ձերբակալված դուստրերից մեկը միայնակ մայր է։ Նա երեք երեխա ունի, որոնցից երկուսը՝ անչափահաս։ «Ինչպե՞ս կարող էր քննիչն ընդհանրապես նման միջնորդություն ներկայացնել դատարան, իսկ դատարանն այն բավարարել, որպեսզի նա անպայման բանտում նստի։ Ես, օրինակ, չգիտեմ՝ ով պետք է պահի այդ երեխաներին։ Քույրն ու տատիկը կալանքի տակ են», — վրդովված հայտարարել է Լևոն Քոչարյանը։ Այսպիսով, մի ամբողջ ընտանիք հայտնվեց ճաղերի հետևում՝ երեք երեխաներին, որոնցից երկուսը դեռ չափահասության չեն հասել, թողնելով բախտի քմահաճույքին։
Քաղաքական տեռորի տեխնոլոգիան․ Նիկոլ Փաշինյանի հրահանգը
Եկեք հասկանանք, թե ինչպես է աշխատում այս մեքենան։ Այն պարզ է և, միաժամանակ, ցինիկ՝ մինչև այլանդակության աստիճան։
Առաջին քայլը։ Վարչապետը հրապարակավ հայտարարում է առաջիկա ձերբակալությունների մասին։ Ոչ թե ակնարկներով, ոչ թե կիսատ-պռատ ձևակերպումներով, այլ ուղիղ տեքստով։ Ինչպես նշել է IODA-ի՝ Հայաստանի ժողովրդավարության միջազգային դիտակետի գործադիր կոմիտեի անդամ Ֆիլիպ Կալֆայանը, «այս բոլոր ձերբակալությունների մասին Հայաստանի վարչապետը հայտարարել էր դեռևս նախքան դրանց տեղի ունենալը, երբ ասել էր, որ այդ բոլոր մարդիկ ձերբակալվելու և բանտարկվելու են»։
Երկրորդ քայլը։ Իրավապահ մարմինները գործում են հրահանգով։ Քննիչները, դատավորները, դատախազները՝ բոլորը վերածվել են մեկ մարդու կամքը կատարող հնազանդ գործիքների։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նշում է.«Վերևից հրահանգն արդեն իջեցված է։ Նրանք կփորձեն հնարավորինս արագ տեղավորվել սահմանված ժամկետների մեջ, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին նստեցնել» հավակնությունը և կատարեն տրված հանձնարարությունները»։
Երրորդ քայլը։ Մարդուն ձերբակալում են։ Մեղադրանքնե՞րը։ Դրանք՝ հետո։ Գլխավորը մեկուսացնելն է։ Իսկ եթե մեղադրանքներ այդպես էլ չգտնվե՞ն՝ ոչինչ։ Ինչպես Ավետիք Չալաբյանի դեպքում, որին ընտրություններից անմիջապես հետո ձերբակալեցին ընտրակաշառքի մեղադրանքով, իսկ մի քանի օր անց ազատ արձակեցին՝ առանց մեղադրանք առաջադրելու։ Մարդը մի քանի օր նստեց բանտում, նրա հեղինակությունը արատավորվեց, կողմնակիցները վախեցան՝ նպատակը կատարված է։
Չորրորդ քայլը։ Եթե ձերբակալվածը չափազանց ազդեցիկ կամ հայտնի դեմք է, նրան պարզապես հնարավորինս երկար պահում են կալանքի տակ։ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կալանավորված է պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Նրա փաստաբան Սերգեյ Մարաբյանը բացահայտ հայտարարում է, որ կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը «պայմանավորված չէ քրեական վարույթի հանգամանքներով»։ Դատարանը երկարաձգեց նրա կալանքը։Որովհետև այդպես է պետք։ Եվ վերջ։
Թվեր, որոնք ավելի խոսուն են
Արևմտյան քաղաքական գործիչները սիրում են վիճակագրություն վկայակոչել։ Դե ուրեմն, պարոնայք, լսեք Հայաստանի վիճակագրությունը։
2026 թվականի փետրվարի 7-ից Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ նախաձեռնել է 115 քրեական վարույթ։ Եվս 13 նյութ վերաբերում է «Հայաստան» դաշինքին։
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքից պատգամավորության վեց թեկնածու ձերբակալվել էր հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Ընդդիմության շուրջ 700 կողմնակիցներ ձերբակալվել էին դեռևս քվեարկության մեկնարկից առաջ։
2026 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանում կա 248 քաղբանտարկյալ։ Այս մարդիկ ընտրությունների հետ կապված գործերով զրկված են ազատությունից։ Ընդ որում, ինչպես նշում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, քրեակատարողական հիմնարկներում պայմանները չեն համապատասխանում միջազգային նվազագույն չափանիշներին, իսկ խցերը գերբեռնված են։
Սրանք պարզապես թվեր չեն։ Սրանք մարդկային ճակատագրեր են։ Ընտանիքներ են։ Մի ամբողջ երկիր է, որտեղ «օրենքի գերակայությունը» վերածվել է «մեկ մարդու գերակայության»։
Այլակարծությունը՝ որպես պետական հանցագործություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ասել է մի սարսափելի, բայց ճշմարտացի բան․ «Վարչապետը հրապարակավ այս կամ այն մարդկանց դավաճան է հայտարարում, թեև նրանց նկատմամբ անգամ պետական դավաճանության հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ իրավապահ համակարգը սկսում է նրանց հետապնդել»։
Մի պահ կանգ առեք ու մտածեք այս խոսքերի շուրջ։ Մարդուն կարելի է ժողովրդի թշնամի հայտարարել պարզապես այն պատճառով, որ վարչապետն այդպես է ցանկացել։ Իսկ դատական համակարգը՞։ Այն այլևս կարծես պետք էլ չէ։ Կա մեկ մարդու կամքը, և այդ կամքն ինքնին բավարար է որևէ մեկի կյանքը, կարիերան, բիզնեսն ու ընտանիքը կործանելու համար։
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը արձանագրում է․ «Յուրաքանչյուր ոք, ով այլ տեսակետ ունի, իշխանությունների կողմից ընկալվում է ոչ թե որպես ընդդիմախոս, այլ որպես թշնամի»։ Իսկ տիկին Ալավերդյանը, ի դեպ, գիտի, թե ինչի մասին է խոսում․ նա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն է ծավալում դեռևս 1990-ականներից։
Արդյունքում՝ ավերված ժողովրդավարություն
ՀՅԴ-ն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներին նվիրված իր հայտարարության մեջ տեղի ունեցածը բնութագրել է որպես «պետական տեռորի աննախադեպ պայմաններ»։ Եվ սա պարզապես խոսքի պատկերավոր ձև չէ։ Սա փաստի արձանագրում է։
«Ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում իշխող ռեժիմը գործել է առանց որևէ սահմանափակման՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։ Վարչական ռեսուրս, քարոզչություն, ճնշում, ահաբեկում, ձերբակալություններ, հետապնդումներ՝ գործի էր դրվել ամեն ինչ։
Բայց ամենասարսափելին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները չեն։ Ամենասարսափելին այն է, ինչ տեղի է ունենում դրանից հետո։ ՀՅԴ-ի մատնանշած հետընտրական քաղաքական հետապնդումների ալիքը համակարգային տեռոր է, որի նպատակը ցանկացած քաղաքական մրցակցության վերացումն է։
Եվ այս ամենն ուզում եմ ավարտել IODA-ի անդամ Ֆիլիպ Կալֆայանի խոսքերով։ Նա ասել է․ «Կառավարությունն ինքն է ապացուցել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ մարդկանց ձերբակալում են առանց մեղադրանք առաջադրելու... Ձերբակալությունների մասին հայտարարվում է դեռևս նախքան քննության անցկացումը կամ քրեական գործի հարուցումը, ինչը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե գործող դատաիրավական համակարգի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետ»։
Եվ սա, սիրելի՛ ընթերցողներ, ամենաճշգրիտ բնորոշումն է այն ամենի, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Ոչ թե բարեփոխումներ։ Ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար։ Ոչ թե ժողովրդավարություն։ Քաղաքական հաշվեհարդար։
Իսկ Փաշինյանն այդ ընթացքում շարունակում է հարցազրույցներ տալ ու պատմել, թե ինչպես է կառուցում «եվրոպական Հայաստանը»։ Միայն թե այս «եվրոպական Հայաստանում» ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ բանտերում հայտնվում են բացառապես ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչներ։ Իսկ Եվրոպան, նույնպես ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ, ձևացնում է, թե ոչինչ չի նկատում։


