«ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնել է մի հարց, որը լուրջ կասկածներ է առաջացնում պետական մարմինների քաղաքական չեզոքության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետում տեղադրված տեսախցիկով արված տեսագրությունը հայտնվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի տելեգրամյան հարթակում։
Մանուկյանը հարցում է ուղղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչ ճանապարհով է հատուկ վերահսկվող տարածքի տեսագրությունը փոխանցվել մասնավոր լրատվամիջոցին։
Հատկանշական է, որ ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ անցել է հայկական կառույցներին։ Այդ ֆոնին ընդդիմությունը պնդում է, որ պետական համակարգի վերահսկողության ներքո գտնվող տեսանյութերի արտահոսքը պատահականություն է, այլ իշխանության քաղաքական շահերին ծառայեցվող գործելակերպ։ Մանուկյանի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը սպասարկող կառույցներ, իսկ հատուկ պահպանվող տարածքներից տեսագրությունների հրապարակումը պարբերական բնույթ է ստացել։
Իրավական տեսանկյունից հարցը նույնպես լուրջ է։ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, սահմանում են, որ անձի տեղաշարժի, դեմքի պատկերի և նույնականացման հնարավորությամբ տեսանյութերի մշակումը և փոխանցումը կարող է իրականացվել միայն օրենքով նախատեսված հիմքերով։
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե հանրային վայրում պատահական նկարահանման, այլ պետական մարմնի կողմից իրականացվող պաշտոնական տեսանկարահանմանը, որի նպատակն անվտանգության և սահմանային վերահսկողության ապահովումն է։
Օրենքի տրամաբանությունը պարզ է. պետական մարմինը կարող է հավաքել նման տվյալներ միայն այն նպատակով, որի համար դրանք հավաքվել են։ Սա կոչվում է տվյալների մշակման նպատակի սկզբունք։ Եթե տվյալները հավաքվել են սահմանային հսկողության նպատակով, ապա դրանց հետագա օգտագործումը քաղաքական կամ տեղեկատվական նպատակներով պահանջում է առանձին իրավական հիմք։
Եթե սահմանապահ մարմինների կողմից տեսագրությունները տրամադրվել են ԶԼՄ-ին առանց դատարանի որոշման, քրեական վարույթի անհրաժեշտության կամ տվյալ անձանց համաձայնության, ապա այստեղ առաջանում է անձնական տվյալների պաշտպանության իրավական խախտման հարց։
Միաժամանակ, անկախ նրանից, թե ով է եղել տեսանյութի փոխանցողը, ինչ իրավական հիմքով է այն տրամադրվել և արդյոք պահպանվել են տվյալների պաշտպանության պահանջները, եթե պետական վերահսկողության տակ գտնվող տեսանյութերը ընտրովի կերպով հայտնվում են իշխանամետ լրատվամիջոցների տրամադրության տակ, դա արդեն իսկ լուրջ հարցեր է առաջացնում պետական ինստիտուտների անկախության և օրենքի առջև հավասարության սկզբունքի պահպանման վերաբերյալ։


