ՄԱՆԴԱՏՆԵՐ ԹԵ՞ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ընտրություններն ավարտվեցին։ Իշխանությունն արդեն տոնում է հերթական հաղթանակը, օտարերկրյա մայրաքաղաքները շտապում են շնորհավորել, իսկ հասարակությանը կրկին փորձում են համոզել, թե ամեն ինչ տեղի է ունեցել բացառապես ժողովրդի կամքով։ Սակայն այսօր խոսքը տոկոսների կամ մանդատների քանակի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչ հաշիվ է ներկայացվելու Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական վերարտադրության դիմաց։
Ողջ քարոզարշավի ընթացքում մեզ համոզում էին, որ միայն գործող իշխանությունն է ունակ ապահովել խաղաղություն, անվտանգություն և կայունություն։ Փաշինյանն առաջարկեց պարզ բանաձև՝ «կա՛մ ես, կա՛մ պատերազմ»։ Այս կարգախոսի ներքո մոբիլիզացվեցին պետական ռեսուրսները, վարչական ապարատը և ողջ քարոզչամեքենան։ Հիմա, երբ ընտրություններն անցյալում են, արդիական է դառնում մեկ այլ թեմա՝ ինչպե՞ս է իշխանությունը տնօրինելու ստացած «վստահության մանդատը»։
Վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին իշխանությունների ամեն մի բարձրագոչ հայտարարությանը հաջորդել են նոր զիջումներ։ Անվտանգությունն ապահովելու ամեն մի խոստումից հետո Հայաստանը բախվել է նոր մարտահրավերների։ Ազգային շահերի պաշտպանության մասին ամեն մի հայտարարությունից հետո հայ ժողովուրդն իմանում էր փոխզիջումների մասին, որոնք դեռ երեկ անհնարին էին համարվում։ Ինչո՞ւ պետք է այս անգամ այլ կերպ լինի։
Արդեն այսօր ակնհայտ է, որ գլխավոր քաղաքական գործընթացները ծավալվելու են խորհրդարանի դահլիճից դուրս։ Դրանք կապված են լինելու հայ-ադրբեջանական բանակցությունների, սահմանների, հաղորդակցությունների հարցերի և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության հետագա տրանսֆորմացիայի հետ։ Սրանով է պայմանավորված ընտրությունների թեման օր առաջ փակելու և այն վերջանականապես հանգուցալուծված ներկայացնելու իշխանության ակնառու ձգտումը:
Հայաստանյան ընդդիմությունն այսօր կանգնած է ընտրության առաջ, որը մեծապես կորոշի նրա քաղաքական ապագան։ Խոսքն արդեն ստացած մանդատների քանակի կամ խորհրդարանական հանձնաժողովներում տեղերի բաշխման մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է ընդունել խաղի սահմանված կանոնները, թե՞ կփորձի իշխանությանը պարտադրել սեփական օրակարգը։
Այս առումով ուշագրավ է «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատրաստակամության մասին, բայց միայն այն պայմանով, եթե նմանատիպ որոշում կայացնեն խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր ուժերը։ Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե անհատական դեմարշի, այլ ընտրությունների արդյունքների լեգիտիմացման դեմ միասնական ճակատ ձևավորելու փորձի մասին է։
Իսկ «Ուժեղ Հայաստանի» ճամբարում, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, միասնություն դեռևս չի նկատվում։ Թիմի մի մասը հակված է խորհրդարանի աշխատանքներին մասնակցելուն, մյուս մասը համարում է, որ խախտումների և չարաշահումների մասին նման կոշտ հայտարարություններից հետո Ազգային ժողով մտնելը կնշանակեր իմաստազրկել սեփական նախընտրական հռետորաբանությունը։
Խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու կողմնակիցները պնդում են, որ նույնիսկ ներկա պայմաններում ընդդիմությունը պարտավոր է օգտագործել ցանկացած քաղաքական հարթակ իշխանության դեմ պայքարելու համար։ Սակայն վերջին տարիների փորձը հակառակն է ցույց տալիս։ 2021 թվականի ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը նույնպես մտան խորհրդարան՝ խոստանալով կոշտ դիմակայություն։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը պահպանեց լիակատար վերահսկողությունը պետական ապարատի նկատմամբ, իսկ խորհրդարանական պայքարն աստիճանաբար վերածվեց աղմկահարույց հայտարարությունների շարքի, որոնք էական ազդեցություն չունեցան քաղաքական գործընթացների վրա։
Այսօր իրավիճակն էլ ավելի խոսուն է: Կան բազմաթիվ անհերքելի վկայություններ, որ ընտրություններն անցել են զանգվածային կեղծիքների, ահռելի վարչական ճնշումների, պետական ռեսուրսների օգտագործման և քարոզարշավի մասնակիցների համար անհավասար հնարավորությունների պայմաններում։ Նման պայմաններում մանդատների ստացումը շատ քաղաքացիների կողմից անխուսափելիորեն կընկալվի որպես փաստացի համաձայնություն քվեարկության արդյունքներին և Նիկոլ Փաշինյանի ձևավորած իշխանության լեգիտիմության ճանաչում:
Ահա թե ինչու մանդատներից հրաժարվելը դիտարկում ենք ոչ թե որպես հուսահատության դրսևորում, այլ որպես քաղաքական գործիք։ Տրամաբանությունը պարզ է. եթե ընդդիմությունն իսկապես անարդար է համարում ընտրությունները, ապա պետք է հաստատի իր հայտարարությունները ոչ միայն մամուլի ասուլիսներով և դատական բողոքներով, այլև քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում՝ աղմկահարույց մեղադրանքները կման սոսկ նախընտրական քարոզարշավի մի մաս։
Անշուշտ, մանդատներից հրաժարվելն ինքնին չի կարող փոխել իրավիճակը։ Այն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դառնում է հանրային մոբիլիզացիայի ավելի լայն ռազմավարության մաս։ Քաղաքական ճգնաժամ առաջանում է ոչ թե խորհրդարանում դատարկ մնացած աթոռների պատճառով, այլ այն ժամանակ, երբ հասարակության զգալի մասը հրաժարվում է գոյություն ունեցող կարգն արդարացի համարել և սկսում է հետամուտ լինել փոփոխությունների։
Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի ընտրություն չի ավարտվել ընդդիմության հաղթանակով, և Հայաստանում ոչ մի իշխանություն չի բախվել լուրջ մարտահրավերների բացառապես խորհրդարանի պատերի ներսում։ Հենց քաղաքացիների զանգվածային ճնշումն է ունակ դառնալ այնպիսի գործոն, որը կարող է փոխել քաղաքական իրականությունը։
Այդ պատճառով էլ այսօր ընդդիմության համար գլխավորը ոչ թե դատական վեճերի մեջ մտնելն է, այլ հայ ժողովրդին հասկանալի նպատակ, գործողությունների ծրագիր և փոփոխությունների հասնելու մեխանիզմ առաջարկելու կարողությունը։ Առանց դրա մանդատներից հրաժարվելը կդառնա սոսկ խորհրդանշական քայլ։ Սակայն եթե դրան հաջորդի կազմակերպված հանրային շարժում, որն ունակ կլինի միավորել դժգոհներին և այլընտրանք առաջարկել ներկայիս ընթացքին, իրավիճակը կարող է բոլորովին այլ բնույթ ստանալ։
Հեղափոխություն չի լինում քաղաքական գործիչների հրամանով կամ մեկ որոշման արդյունքում։ Այն հնարավոր է դառնում, երբ հասարակության զգալի մասը գալիս է այն եզրակացության, որ գոյություն ունեցող համակարգն այլևս ունակ չէ ապահովել երկրի արդարությունը, անվտանգությունը և զարգացումը։ Ահա թե ինչու մանդատներից հրաժարվելը ընդդիմության համար կարող է դառնալ ոչ թե քաղաքական պայքարի ավարտ, այլ՝ դիմադրության նոր փուլի սկիզբը։
Ուստի այսօր գլխավոր խնդիրը ամենևին մանդատները վերցնելու կամ չվերցնելու մեջ չէ։ Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է իշխանության համար իրական պայքարի, թե՞ կգերադասի ինտեգրվել այն համակարգին, որի դեմ դեռ երեկ պայքարելու կոչ էր անում իր կողմնակիցներին։ Եթե կեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրությունների անարդարության մասին բոլոր հայտարարություններից հետո ընդդիմությունը սահմանափակվի խորհրդարանական ընթացակարգերով ու հերթապահ ելույթներով, դա կընկալվի որպես հաստատված կարգի փաստացի ճանաչում։
Այդ դեպքում ընդդիմության կողմնակիցները դա կընկալեն որպես կապիտուլյացիա, իսկ հանուն փոփոխությունների քվեարկած հարյուր հազարավոր քաղաքացիներ վերջնականապես կկորցնեն հավատը ներկայիս առաջնորդների՝ այդ փոփոխություններին հասնելու ունակության հանդեպ։ Մանդատներից հրաժարվելն ինքնին ոչինչ չի փոխի, բայց կարող է դառնալ հանրային լայն դիմադրության և փողոցային պայքարի մեկնակետ, որը կարող է ժողովրդական դժգոհությունը վերածել իրական քաղաքական ուժի։
Իրական պայքարի բացակայությունը դատավճիռ կդառնա ոչ միայն Փաշինյանի ռեժիմի հակառակորդի դերին հավակնող քաղաքական ուժերի, այլև՝ երկրի ապագայի համար:


