Արա Վարդանյան․ «Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը տարիների քաղաքականության հետևանք է»

Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի առանցքում վերջին օրերին հայտնվել է ռուսական շուկա հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակման թեման։ Այս հարցին անդրադառնալով՝ հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ներկայացրել է իր գնահատականները՝ պնդելով, որ ստեղծված իրավիճակը նախընտրական գործընթացներով պայմանավորված չէ, այլ երկար տարիների ընթացքում կուտակված քաղաքական որոշումների հետևանք։

Վարդանյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը սկսվել է դեռևս 2018 թվականից հետո։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունների մի շարք քայլեր բացասաբար են ընկալվել Մոսկվայում և աստիճանաբար խորացրել անվստահությունը երկու երկրների միջև։

«Այս ամենը ունի շատ ավելի խոր արմատներ և սկսվել է շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա արդեն հասել է իր ամենաբարձր կետին», – հայտարարել է նա։

Վերլուծելով վերջին զարգացումները՝ Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները առաջին հերթին հարվածում են ոչ թե իշխանություններին, այլ շարքային քաղաքացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին և արտահանողներին։ Նրա խոսքով՝ հազարավոր գյուղացիներ և գործարարներ կանգնել են լուրջ տնտեսական խնդիրների առաջ, քանի որ հայկական գյուղմթերքի հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։

Նա հատկապես քննադատել է իշխանությունների եվրոպական ինտեգրման քաղաքականությունը՝ պնդելով, որ այն հակասության մեջ է գտնվում ԵԱՏՄ անդամակցության հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն հստակ ազդակներ է ուղարկում Երևանին՝ պահանջելով վերջնական կողմնորոշում։

«Ռուսաստանը կարելի է ասել վերջնագիր է ներկայացրել և ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ կամ Եվրամիություն, կամ ԵԱՏՄ», – նշել է Վարդանյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները սխալ հաշվարկ են կատարել՝ փորձելով միաժամանակ պահպանել ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական առավելությունները և զարգացնել եվրոպական ինտեգրման օրակարգը։ Վարդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի արտահանման զգալի մասը կապված է ռուսական շուկայի հետ, և այդ կապերի խզումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար։

Առանձին անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նա պնդել է, որ Հայաստանը դարձել է խոշոր ուժերի մրցակցության թիրախ, իսկ արևմտյան դերակատարների հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության սահմանափակումն է։

«Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միակ երկիրն է, որտեղ ռուսական փողերով ֆինանսավորվում է հակառուսական պայքարը», – ասել է Վարդանյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ անդամակցության և եվրոպական ուղղության միջև առկա հակասությունները։

Խոսելով առաջիկա քաղաքական գործընթացների մասին՝ նա ընդգծել է, որ երկրում տեղի ունեցող ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար և կրկնել է իր աջակցությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ընտրելով Նիկոլին՝ ընտրում եք Ալիևին», – հայտարարել է Արա Վարդանյանը՝ ներկայացնելով իր քաղաքական դիրքորոշումը և կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են արտաքին քաղաքականության վերանայում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և տնտեսական ռիսկերի նվազեցում՝ երկրի անվտանգության և կայուն զարգացման ապահովման նպատակով։