«ՊՈՂՊԱՏՅԱ ՄԱՆԴԱՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՆՈՐ ԱՂԵՏ

«Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ-ի կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Բայց դա ես չեմ որոշելու։ Դա որոշելու է Հայաստանի քաղաքացին, որոշելու եք դուք։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այդ այլընտրանքները։ Մեր գործընկերները, ովքեր սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե հայ ժողովուրդը պետք է «այլընտրանք ունենա»՝ լինել ԵԱՏՄ-ի՞, թե՞ Եվրամիության կազմում, պետք է ցանկացած բանականություն ու տարրական հիշողություն ունեցող մարդու համար հնչի որպես հերթական սպասվող ազգային աղետի ազդանշան։ Որովհետև նույն մարդը 2018 թվականին հրապարակներում ճղճղում էր, թե Արցախի հարցում ժողովրդի թիկունքում ոչ մի որոշում չի ընդունելու, ոչ մի գաղտնի բանակցություն չի վարելու, ոչ մի թիզ հող չի զիջվելու։ Իսկ հետո ի՞նչ եղավ։ Գիշերով, ժողովրդի աչքից հեռու, ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թուղթը, հետո էլ առանց հանրաքվեի ու առանց ժողովրդի կարծիքը հարցնելու ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա նույն մարդն է, որը երդվում էր, թե «միջանցք» չի լինելու, բայց հետո գնաց Վաշինգտոն ու ստորագրեց TRIPP-ի մասին հռչակագիրը։ Այսինքն՝ հերթական անգամ ստեց, հերթական անգամ խաբեց, հերթական անգամ սեփական քաղաքական ապիկարությունն ու հակապետականությունը փաթաթեց ժողովրդի վզին՝ «պողպատյա մանդատի» անվան տակ։

Փաստ է, որ հայ ժողովուրդը վերջին տարիներին ապրում է քաղաքական մոլախոտերի ու բարոյական աղբակույտերի միջավայրում, որտեղ ցանկացած տգետ ու անպատասխանատու մարդ կարող է ներկայանալ որպես «ժողովրդավարության պաշտպան»։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ վարչապետական կենսագրությունը կառուցված է մեկ սկզբունքի վրա՝ նախ ստել, հետո պարտությունը ներկայացնել որպես ժողովրդի ընտրություն։ Հիմա էլ նույն ձեռագիրն է։ Ասում է՝ ժողովուրդը պետք է որոշի՝ լինել ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Բայց հարց է առաջանում. իսկ ո՞ր ժողովուրդը։ Այն նույն ժողովուրդը, որի անունից Արցախը հանձնվեց, որի անունից հայկական բանակը կազմալուծվեց, որի անունից ամեն օր ոչնչացվում է պատմական հիշողությունը, ազգային արժեհամակարգը, նույնիսկ պետականության գաղափարը։

Երբ լսում ես Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները, ակամայից հիշում ես 90-ականների ռուսական լիբերալ աղբակույտը՝ Գորբաչովի ու Ելցինի ժամանակաշրջանը, երբ «ազատության», «ժողովրդավարության» ու «եվրոպական արժեքների» անվան տակ ոչնչացվեց պետությունը, բանակը, կրթությունը, պատմական հիշողությունը։ Հիմա նույն սցենարն իրականացվում է Հայաստանում։ Տարբերությունն այն է, որ Ռուսաստանը ուներ մարդկային, տարածքային ու ռազմական ռեսուրս՝ ուշքի գալու համար, իսկ Հայաստանը նման շքեղություն չունի։ Հայաստանի պետականությունը կարող է չդիմանալ ևս մեկ նման «ժողովրդավարական ընտրության»։

Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում է իրեն ներկայացնել որպես «ժողովրդի կամքի կատարող»։ Այսինքն՝ եթե վաղը Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, եթե տնտեսությունը վերջնականապես փլուզվի, եթե անվտանգային համակարգը ամբողջությամբ քանդվի, եթե Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական նախագծերի խամաճիկ տարածքի, ապա մեղավորը դարձյալ ժողովուրդն է լինելու։ Կասեն՝ ժողովուրդն ընտրեց։ Նույն ձևով ասացին Արցախի դեպքում, նույն ձևով արդարացրին բոլոր կապիտուլյացիաները։ Այս անգամ նույնպես արդյունքը կլինի կործանարար՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական ծանր հետևանքներ ունեցող այդ հնարավոր քայլը կարող է դառնալ հայկական պետականության դագաղի վերջին մեխը։ Ներեցեք, բայց սա արդեն սեփական դավաճանության պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու հիվանդագին մոլուծք է։

Այս ամենի ֆոնին հատկապես զզվելի է այն, թե ինչպես են տարբեր արևմտամետ աղանդավորներ՝ տիգրան խզմալյանները, արման բաբաջյանները, ստյոպա սաֆարյանները, դանիել իոաննիսյանները, ֆեյսբուքյան լայվերով ապրող քաղաքական թափթփուկները, եվրոպական դրոշներով նկարվող սորոսական մուրացկանները, փորձում ներկայացնել ԵԱՏՄ-ից դուրս գալը որպես «քաղաքակրթական ընտրություն»։ Այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայ ժողովրդին համոզում էին, թե Ռուսաստանն է բոլոր դժբախտությունների պատճառը, թե պետք է «կտրել պորտալարը», թե Արևմուտքը գալու է ու փրկի Հայաստանին։ Իսկ արդյունքում ի՞նչ ստացանք։ Արցախը չկա, բանակ չկա, անվտանգություն չկա, բայց, փոխարենը, կան տիկտոկյան լայվեր, սրտիկներ, եվրոպական ֆորումներ ու անիմաստ փիառային նկարահանումներ։

Փաստ է, որ Փաշինյանի իշխանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է հակահայկականության վրա։ Ոչնչացնել պատմական հիշողությունը, արժեզրկել հաղթանակները, ծաղրել ազգային արժեհամակարգը, հայ մարդուն վերածել սպառողական զանգվածի, որը մտածում է միայն սերիալների, տիկտոկի, բլոգերների ու քաղաքական կրկեսների մասին։ Որովհետև տգետ զանգվածին կառավարելն ավելի հեշտ է։ Կրթված, մտածող ու հիշողություն ունեցող հասարակությունը երբեք չէր հանդուրժի այն ամենը, ինչ կատարվեց վերջին տարիներին։

Հետևաբար հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հասկանալ մի պարզ ճշմարտություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված յուրաքանչյուր քվե ոչ թե սովորական քաղաքական ընտրություն է, այլ քվե Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդման օգտին։ Իսկ նրանք, ովքեր որոշեն չգնալ ընտրատեղամաս, նույնպես փաստացի աջակցելու են այս կործանարար ընթացքին։