ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ․ ԿԱՐՈ՞Ղ Է ԵՎՐՈՊԱՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Պատմությունը կրկնվելու վտանգ ունի, երբ հասարակությունը մոռանում է անցյալի դասերը։
90-ականներին հայ հասարակությանը համոզում էին, որ հանուն էկոլոգիական անվտանգության անհրաժեշտ է փակել Մեծամորի ատոմակայանը։ Այդ գաղափարը ներկայացվում էր որպես առաջադեմ և անվտանգ ճանապարհ, և շատերը հավատացին դրան։ Արդյունքը բոլորս հիշում ենք՝ տարիներ շարունակ ցուրտ, խավար, տնտեսական կաթված և սոցիալական ծանր ճգնաժամ։
Այսօր նույն մեթոդաբանությամբ հանրությանը փորձում են համոզել, թե հանուն «ինքնիշխանության» Հայաստանը պետք է խզի հարաբերությունները այն երկրի հետ, որի հետ տնտեսական կապերից այսօր կախված է հազարավոր ընտանիքների գոյությունը։
Խոսքը ներկայացվում է զգացմունքային և գաղափարական փաթեթավորմամբ, բայց դրա տնտեսական հետևանքներն արդեն տեսանելի են։
Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև հանքային ջրերի նկատմամբ սահմանափակումները դեռ ամբողջական բնույթ չեն ստացել, բայց անգամ այս փուլում ներքին շուկայում ելակի և լոլիկի գների կտրուկ անկումը լուրջ հարված է տնտեսությանը (մեկ օրում ելակի և լոլիկի գինը ներքին մեծածախ շուկայում 70% անկում է ապրել)։ Երբ մեկ օրում գները ընկնում են շուրջ 70 տոկոսով, դրա հետևանքը զգում են ոչ թե քաղաքական կենտրոնները, այլ սովորական մարդիկ։
Միևնույն ժամանակ, արևմտյան քարոզչամեքենան վաղուց աշխատում է հասարակությանը էմոցիոնալ մթնոլորտում պահելու ուղղությամբ։ Մի կողմից մարդկանց համոզում են, թե տնտեսական կորուստները «ինքնիշխանության գինն» են, մյուս կողմից խոստանում են, թե հայկական արտադրանքը հեշտությամբ կմտնի եվրոպական շուկա։
Բավական է դիտարկել Վրաստանի օրինակը՝ հասկանալու համար, որ մեզ եվրոպական սին հույսեր են տալիս։
Վրաստանը, ունենալով ծովային ուղիղ ելք դեպի Եվրոպա և ավելի լայն արտահանման հնարավորություններ, անգամ այդ պայմաններում չի կարողացել իր գյուղմթերքն ու արտադրանքը դարձնել եվրոպական շուկաներում պահանջարկ ունեցող և մրցունակ ապրանք։
Այս ֆոնին առավել քան հարցական է, թե ինչպես պետք է Հայաստանը, ավելի սահմանափակ ռեսուրսներով և լոգիստիկ հնարավորություններով, կարճ ժամանակում հասնի այդ արդյունքին։
Իրական քաղաքականությունն ու տնտեսությունը պահանջում են ոչ թե էմոցիաներով առաջնորդվել, այլ սթափ հաշվարկ կատարել։
Խոսենք փաստերով՝ եվրոպական ստանդարտներին լիովին համապատասխանող «Բորժոմի» հանքային ջուրը եվրոպական շուկայում շարունակում է ունենալ բավական սահմանափակ ներկայություն։ Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվությունը հստակ ցույց է տալիս, որ նրա հիմնական եկամտի աղբյուրը շարունակում է մնալ ռուսական շուկան։
2023 թվականի ընթացքում ընկերության ընդհանուր եկամուտը հասել է 436 միլիոն դոլարի, որից շուրջ 300 միլիոն դոլարը ստացվել է հենց Ռուսաստանից։ Սա փաստում է, որ նույնիսկ միջազգային ճանաչում ունեցող և եվրոպական չափանիշներին համապատասխանող ապրանքանիշերի համար ռուսական շուկան շարունակում է մնալ առանցքային։
Վաճառքների ծավալով երկրորդ տեղում Վրաստանն է՝ 35 միլիոն դոլար ցուցանիշով, երրորդում՝ Ղազախստանը՝ 33.5 միլիոն դոլար։ Նրանց հաջորդում են Բելառուսը՝ 19.2 միլիոն դոլար և Ուկրաինան՝ 13.9 միլիոն դոլար վաճառքով։
Դեպի եվրոպական երկրներ իրականացված արտահանումը կազմել է ընդամենը 36 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ այդ ծավալի շուրջ 20 միլիոն դոլարը բաժին է ընկնում Մերձբալթյան երկրներին, որտեղ «Բորժոմի»-ն հայտնի է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից։ Այսինքն՝ եվրոպական մնացած շուկաներում ընդհանուր առմամբ վաճառվել է ընդամենը 16 միլիոն դոլարի «Բորժոմի»։
Նույն պատկերը ընդհանուր արտահանման մեջ է նաև։
2025 թվականին Վրաստանը արտահանել է ընդհանուր առմամբ 89.8 հազար տոննա գինի՝ 267.9 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վրացական գինու հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։
Միայն դեպի Ռուսաստան արտահանվել է 60.8 հազար տոննա գինի՝ 170.7 միլիոն դոլար արժողությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանի բաժին է ընկնում Վրաստանի գինու ամբողջ արտահանման շուրջ 67.8 տոկոսը։
Եվրոպայի ավելի քան 30 երկրներ մատակարարվել է ընդամենը 11.5 միլիոն լիտր գինի՝ 38.7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Փաստացի ռուսական շուկան շարունակում է բազմակի անգամ գերազանցել եվրոպական ուղղությանը՝ մնալով վրացական գինեգործության գլխավոր սպառողը և եկամտի հիմնական աղբյուրը։
2025-ին Վրաստանի ընդհանուր արտահանումը Ռուսաստան կազմել է 749,3 մլն դոլար։ Գյուղմթերքը և ագրոարդյունաբերական ապրանքները (գինի, ջրեր, պտուղ-բանջարեղեն) կազմում են այս ծավալի զգալի մասը, ինչը ցույց է տալիս Վրաստանի ագրոսեկտորի բարձր կախվածությունը ռուսական շուկայից։
2025 թվականի ամփոփիչ տվյալներով՝ Վրաստանը դեպի Եվրամիություն արտահանել է ընդամենը 180-200 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք։ Սա կազմում է Վրաստանի ընդհանուր գյուղմթերքի արտահանման ընդամենը 11%-ը։
Չհաշված, որ Վրաստանից Եվրոպա արտահանվող գյուղմթերքի մոտ 46%-ը կազմում է ընկուզեղենը, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը ընկուզեղեն չի արտահանում, քանի որ ներքին շուկան լրացնում է ներմուծելով։
Վրաստանի օրինակը մեզ ցույց է տալիս, որ սին հույսեր են, թե մենք կարող ենք եվրոպական շուկայի հաշվին տնտեսություն ունենալ, քանի որ մեր դեպքում, նախ, երկար ժամանակ է անհրաժեշտ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել հայկական արտադրանքը և գյուղմթերքը, երկրորդ՝ ի տարբերություն Վրաստանի, մենք ծովային ելք չունենք դեպի Եվրոպա, հետևաբար մեր ապրանքները չեն կարող մրցունակ լինել լրացուցիչ լոգիստիկ ծախսերի պատճառով, և երրորդ՝ ամենակարևոր փաստը՝ Վրաստանը, արդեն ունենալով այդ երկու առավելությունները, չի կարողանում իր տեղը գտնել եվրոպական շուկաներում և ստիպված է Ռուսաստանին տարբեր զիջումներ անել, որպեսզի հնարավորություն ունենա Ռուսաստան արտահանել իր ապրանքները։
Հայաստանը միայն 2025 թվականին դեպի Ռուսաստան արտահանել է 1.2 միլիարդ դոլարի գյուղմթերք։ Թե ինչ ճակատագրի է արժանանալու հայկական գյուղմթերքը այս տարի, կախված է լինելու նրանից, թե հունիսի 7-ին իր քվեն ում է տալու հայ ժողովուրդը։
Ռուսական կողմը ոչ միայն հստակ մեսիջ է տվել, այլ արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկել։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում Հայաստանը կզրկվի Ռուսաստանի կողմից տրված հնարավորություններից։


