ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ, ԱՊԱՏԻԱ ԵՎ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄ
«Հանրային տրիբունալը» բազմիցս է գրել Հայաստանի գործող իշխանության կործանարար քաղաքականության մասին։ Սակայն այսօր մենք ստիպված ենք անդրադառնալ մի թեմայի, որը, չնայած իր ողջ սարսափելիությանը, մինչ օրս չի դարձել իրական հանրային տագնապի առարկա։ Մինչդեռ այս երևույթի հետևանքները կարող են շատ ավելի սարսափելի լինել, քան 44-օրյա պատերազմի հետևանքները։ Խոսքը Հայաստանում, հատկապես՝ հայ երիտասարդության շրջանում, թմրամոլության արագ տարածման մասին է։
ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ՉԷ, ՈՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ բառացիորեն հեղեղում են երկիրը։ Ամենասարսափելին տեղի ունեցողի հանդեպ իշխանության գրեթե կատարյալ անտարբերությունն է։ Իսկ գուցե՝ ամենևին էլ ոչ անտարբերությունը։
Դեռևս 2023 թվականին այն ժամանակվա ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հրապարակավ խոստովանում էր, որ Հայաստանում թմրանյութերի տարածման տեմպերը «սպառնալից բնույթ են ստանում»։ Նա խոսում էր համալիր պայքարի անհրաժեշտության, համակարգային միջոցառումների և թմրաբիզնեսին հակազդելու կարևորության մասին։
Այսօր Արփինե Սարգսյանն արդեն ներքին գործերի նախարարն է։
ԵՎ Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ։ ՈՉԻՆՉ։
Ավելի ճիշտ՝ շատ բան է փոխվել, բայց բացառապես դեպի վատը։ Թմրանյութերը վերջնականապես դուրս են եկել քրեական միջավայրի սահմաններից և դարձել հայկական առօրյա իրականության մի մասը։ Դպրոցականները «զակլադկաներ» են փնտրում։ Դեռահասները ներքաշվում են սինթետիկ թույնի տարածման մեջ։Երևանի բակերում, պուրակներում, լքված շինությունների մոտ ամեն օր կարելի է ականատես լինել տեսարանների, որոնք դեռ մի քանի տարի առաջ ուղղակի անհավանական կթվային։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեռևս 2024 թվականին բացահայտ ասում էր, որ թմրանյութերի տարածումը հասել է անգամ «Եռաբլուրի» տարածք։
«Եռաբլուրի»․․․
Վայրի, որտեղ հանգչում են զոհված հայ զինվորները։
Ազգային ցավի և արժանապատվության խորհրդանիշի։
Սակայն, ըստ ամենայնի, Արցախը հանձնած և հայկական պետականության հետ կապված ամեն ինչ հետևողականորեն ոչնչացնող իշխանությունը վաղուց այլևս չի զգում ո՛չ խորհրդանիշների արժեքը, ո՛չ էլ բարոյական անկման սահմանները։
Այս պայմաններում առավել քան խոսուն է իրավապահ համակարգի պահվածքը։ Տպավորություն է, թե Հայաստանի ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն ուղղակի ժամանակ չունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։ Որովհետև ողջ ներուժն ուղղված է լիովին այլ նպատակի՝ ընդդիմության հետապնդումներին, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների նկատմամբ շինծու գործերի հարուցմանը, այլախոհներին հետևելուն և իշխանության քաղաքական քմահաճույքները սպասարկելուն։
Եվ իրոք․ եթե ոստիկանությունը կարող է մի քանի ժամում գտնել Facebook-ում քննադատական գրառման հեղինակին, ինչո՞ւ տարիներ շարունակ «չի նկատում» թմրավաճառության ընդլայնվող ցանցը։ Եթե հատուկ ծառայությունները կարողանում են ցուցադրական խուզարկություններ կազմակերպել ընդդիմադիրների տներում, ինչպե՞ս է ստացվում, որ նրանք անզոր են դառնում գրեթե բացահայտ տարածվող թմրանյութերի դեմ։
Պատասխանն ակնհայտ է։
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՐՄԱՐ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Ժողովուրդ, որը կորցրել է ներքին ողնաշարը, որը զրկված է դիմադրելու, հիշելու, մտածելու կարողությունից։ Ժողովուրդ, որը զբաղված է ոչ թե երկրի փրկության համար պայքարով, այլ թմրանյութի հերթական չափաբաժինը փնտրելով կամ իրականությունից փախչելով։
Պատմությանը հայտնի են նմանօրինակ տեխնոլոգիաներ։
XIX դարում Բրիտանական կայսրությունն օփիումը վերածեց Չինաստանին հպատակեցնելու գործիքի։ Միլիոնավոր մարդիկ ներքաշվեցին թմրակախվածության մեջ։ Քայքայվում էր պետական ապարատը։ Ոչնչանում էր հասարակական կամքը։ Ժողովուրդը դանդաղ վերածում էր կառավարելի, կամազուրկ զանգվածի։
Եվ այսօր կարծես Հայաստանը տանում են հենց նույն կործանարար ուղիով։
Չափից ավելի շատ են համընկնումները։
Արցախը հանձնելուց, բանակը հետևողականորեն կազմալուծելուց, Եկեղեցին, ավանդական արժեքներն ու ազգային դիմադրության բուն գաղափարը վարկաբեկելու արշավից հետո երկիրը թմրակախվածության մեջ գցելն արդեն ոչ թե պատահականություն է, այլ հայկական պետականության ապամոնտաժման ընդհանուր գործընթացի տրամաբանական շարունակություն։
Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել «իրական Հայաստանի», «խաղաղության», «ժողովրդավարության» ու «նոր դարաշրջանի» մասին։ Բայց Փաշինյանի «իրական Հայաստանի» հակառակ կողմը երկիր է, որտեղ դեռահասները թմրանյութի թաքստոցներ են փնտրում դպրոցների մոտակայքում, որտեղ աճում է բռնությունը, որտեղ երիտասարդությունը հայտնվում է կատարյալ անտարբերության ու բարոյալքման ճիրաններում, իսկ իշխանությունը ձևացնում է, թե արտառոց ոչինչ չի կատարվում։
Եվ այստեղ արդեն առաջ է գալիս ոչ միայն քաղաքական, այլև բարոյական հարցը։
Արդյո՞ք նման բարոյալքում թույլ տված իշխանությունն իրավունք ունի շարունակել կառավարել երկիրը։
ՄԻՆՉԴԵՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ։ Այդ պատճառով հունիսի 7-ը հերթական քաղաքական ամսաթիվ չի լինելու․ այն լինելու է վճռորոշ ընտրություն՝ դեպի համազգային աղետ վերջնական գահավիժման և պետության կործանումը կասեցնելու վերջին փորձի միջև։
Քանի որ ժողովուրդը, որն անկարող է պաշտպանել սեփական երեխաներին թմրանյութի թույնից, վաղ թե ուշ դադարում է լինել ժողովուրդ։
Ուստի այսօր լռությունն արդեն հավասարազոր է հանցակցության։
Եվ եթե հայ հասարակության մեջ դեռ պահպանվել է գոնե ինքնապահպանման բնազդը, եթե դեռ վերջնականապես չի ոչնչացվել ազգային արժանապատվության զգացումը, ապա հունիսի 7-ին մարդիկ պարտավոր են այս իշխանությանն ասել իրենց վճռական «ոչ»-ը։
Հասարակության առողջ հատվածը, որը դեռ չի կորցրել Հայրենիքի ու գալիք սերունդների հանդեպ պարտքի զգացումը, իրողությունները սթափ գնահատելու և ազգային շահերը պարտադրված քաղաքական դեմագոգիայից տարբերելու ունակությունը, այսօր պարտավոր է առավելագույնս համախմբվել։ Պարտավոր է անել հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու հակազգային համակարգի հերթական վերարտադրությունը, որը քայլ առ քայլ տանում է Հայաստանը դեպի ներքին բարոյալքում և ինքնիշխանության կորուստ։
Որովհետև հաջորդ հնարավորությունը Հայաստանն արդեն կարող է և չունենալ։


